Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 32

Նոր առաջնորդ և երկու խիզախ կանայք

Նոր առաջնորդ և երկու խիզախ կանայք

Հեսուն երկար տարիներ առաջնորդեց Եհովայի ժողովրդին։ Նա մահացավ 110 տարեկանում։ Քանի դեռ Հեսուն ողջ էր, իսրայելացիները ծառայում էին Եհովային։ Բայց նրա մահից հետո նրանք սկսեցին կուռքեր պաշտել, ինչպես որ անում էին քանանացիները։ Քանի որ իսրայելացիներն այլևս չէին հնազանդվում Եհովային, նա թույլ տվեց, որ Քանանի Հաբին թագավորն իշխի նրանց վրա և շատ դժվարացնի նրանց կյանքը։ Ժողովուրդը սկսեց օգնության կանչել Եհովային, և նա նոր առաջնորդ տվեց նրանց, որի անունը Բարակ էր։ Բարակը օգնելու էր իսրայելացիներին, որ վերադառնային Եհովայի մոտ։

Մի օր Դեբորա անունով մի մարգարեուհի մարդ ուղարկեց, որ կանչի Բարակին, որպեսզի նրան հայտնի Եհովայի խոսքերը։ Եհովան հրամայել էր. «10 000 մարդ վերցրու և գնա Կիսոն հեղեղատ Հաբինի զորքին ընդառաջ։ Այնտեղ դու կհաղթես նրա զորագլուխ Սիսարային»։ Բարակն ասաց Դեբորային. «Ես կգնամ միայն այն դեպքում, երբ դու ինձ հետ գաս»։ Նա էլ պատասխանեց. «Ես կգամ քեզ հետ։ Բայց իմացիր, որ դու չես սպանելու Սիսարային։ Եհովան ասել է, որ նրան կին է սպանելու»։

Դեբորան Բարակի ու նրա զորքի հետ բարձրացավ Թաբոր լեռը, որ պատրաստվեն պատերազմի։ Հենց որ Սիսարան լսեց այդ մասին, իր մարտակառքերն ու զորքը հավաքեց ներքևում գտնվող հովտում։ Դեբորան ասաց Բարակին. «Այսօր Եհովան հաղթանակ է տալու քեզ»։ Բարակն իր 10 000 մարդկանցով իջավ լեռան վրայից, որ հանդիպի Սիսարայի հզոր զորքին։

Եհովան այնպես արեց, որ Կիսոն հեղեղատը վարարի։ Սիսարայի մարտակառքերը ցեխի մեջ խրվեցին։ Այդ պատճառով նա իջավ իր կառքից ու փախավ։ Բարակն ու նրա զինվորները հաղթեցին Սիսարայի զորքին, բայց Սիսարան կարողացավ փախչել։ Նա թաքնվեց Հայել անունով մի կնոջ վրանում։ Հայելը կաթ տվեց նրան, որ խմի, հետո վերմակով ծածկեց։ Հոգնած զինվորը քնեց։ Այդ ժամանակ Հայելը կամացուկ մոտեցավ Սիսարային, վրանի ցիցը մեխեց նրա գլխի մեջ և նրան սպանեց։

Այդ ընթացքում Բարակը փնտրում էր Սիսարային։ Հայելը դուրս եկավ իր վրանից ու ասաց. «Ներս արի։ Ես քեզ ցույց կտամ այն մարդուն, որին փնտրում ես»։ Բարակը մտավ վրան և տեսավ, որ Սիսարան մեռած ընկած է։ Այդ օրը Բարակն ու Դեբորան երգով փառաբանեցին Եհովային, քանի որ նա օգնել էր իսրայելացիներին հաղթելու թշնամիներին։ Հաջորդ 40 տարիներին Իսրայելը խաղաղության մեջ ապրեց։

«Բարի լուրը պատմող կանայք մեծ բանակ են» (Սաղմոս 68։11)