Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 39

Իսրայելի առաջին թագավորը

Իսրայելի առաջին թագավորը

Եհովան դատավորներ էր տվել իսրայելացիներին, որ առաջնորդեին նրանց։ Սակայն նրանք ուզում էին թագավոր ունենալ, այդ պատճառով Սամուելին ասացին. «Մեր շուրջը եղող բոլոր ազգերը թագավոր ունեն։ Մենք էլ ենք ուզում թագավոր ունենալ»։ Սամուելը հասկանում էր, որ նրանք սխալ բան էին խնդրում, ուստի աղոթեց Եհովային դրա մասին։ Այդ ժամանակ Եհովան ասաց նրան. «Ժողովուրդը ոչ թե քեզ է մերժում, այլ ինձ։ Ասա նրանց, որ կարող են թագավոր ունենալ, բայց նաև զգուշացրու, որ թագավորը շատ բաներ կպահանջի նրանցից»։ Երբ Սամուելը Եհովայի խոսքերը հաղորդեց իսրայելացիներին, նրանք ասացին. «Ոչինչ, մենք թագավոր ենք ուզում»։

Եհովան Սամուելին ասաց, որ Իսրայելի առաջին թագավորը լինելու է Սավուղ անունով մի մարդ։ Այդ պատճառով մի անգամ, երբ Սավուղը եկավ Սամուելի մոտ՝ Ռամա, մարգարեն նրա գլխին յուղ լցրեց ու թագավոր օծեց նրան։

Հետո Սամուելը հավաքեց իսրայելացիներին, որ նրանց ցույց տա նոր թագավորին։ Սակայն նրանք ոչ մի տեղ չէին կարողանում գտնել նրան։ Գիտե՞ս, թե ինչու. քանի որ Սավուղը թաքնվել էր բեռների մեջ։ Երբ, վերջիվերջո, նրանք գտան Սավուղին, հանեցին այնտեղից ու կանգնեցրին ժողովրդի մեջ։ Սավուղը մի գլուխ բարձր էր մնացած բոլոր մարդկանցից և արտաքնապես շատ գեղեցիկ էր։ Այդ ժամանակ Սամուելն ասաց ժողովրդին. «Տեսե՛ք, թե ում է ընտրել Եհովան»։ Եվ բոլորը բղավեցին. «Կեցցե՛ թագավորը»։

Սկզբում Սավուղը լսում էր Սամուելին ու հնազանդվում էր Եհովային։ Բայց հետո նա փոխվեց։ Օրինակ՝ մի անգամ Սամուելը Սավուղին ասաց, որ սպասի իրեն, մինչև որ ինքը գա և զոհ մատուցի։ Սավուղը չպետք է մատուցեր զոհը։ Բայց երբ նա տեսավ, որ Սամուելը ուշանում է, մատուցեց այն։ Ի՞նչ ասաց Սամուելը, երբ իմացավ այդ մասին։ Նա Սավուղին ասաց. «Դու պետք է հնազանդվեիր Եհովային»։ Արդյոք Սավուղը դաս քաղե՞ց իր սխալից։

Ավելի ուշ, երբ Սավուղը պատերազմում էր ամաղեկացիների դեմ, Սամուելը Սավուղին ասաց, որ նրանցից ոչ մեկին ողջ չթողնի։ Բայց Սավուղը որոշեց չսպանել Ագագ թագավորին։ Այդ ժամանակ Եհովան Սամուելին ասաց. «Սավուղը թողել է ինձ և այլևս չի անում իմ ասածները»։ Սամուելը շատ տխրեց և Սավուղին ասաց. «Քանի որ դու այլևս չես հնազանդվում Եհովային, նա ուրիշ թագավոր կընտրի»։ Երբ Սամուելը շրջվեց, որ գնա, Սավուղը բռնեց նրա վերնահագուստի փեշից, և այն պատռվեց։ Սամուելն ասաց նրան. «Այսօր Եհովան թագավորությունը վերցրեց քեզնից»։ Եհովան պատրաստվում էր թագավորությունը տալ ուրիշ մարդու՝ նրան, ով կսիրեր ու կհնազանդվեր իրեն։

«Հնազանդությունը զոհից լավ է» (1 Սամուել 15։22)