Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 41

Դավիթ և Սավուղ

Դավիթ և Սավուղ

Այն բանից հետո, երբ Դավիթը սպանեց Գողիաթին, Սավուղ թագավորը նրան նշանակեց իր զորքի հրամանատար։ Դավիթը պատերազմներում շատ հաղթանակներ տարավ ու շատ հայտնի դարձավ։ Երբ նա պատերազմից տուն էր վերադառնում, կանայք պարելով դուրս էին գալիս ու երգում էին. «Սավուղը հազարավորների սպանեց, իսկ Դավիթը՝ տասնյակ հազարավորների»։ Սավուղը սկսեց նախանձել Դավթին և ուզեց սպանել նրան։

Դավիթը հմուտ քնար նվագող էր։ Մի օր, երբ նա Սավուղի համար քնար էր նվագում, թագավորը նրա վրա նետեց իր նիզակը։ Բայց Դավիթը ճիշտ ժամանակին խույս տվեց, և նիզակը պատի մեջ խրվեց։ Դրանից հետո Սավուղը շատ անգամ փորձեց սպանել Դավթին։ Ի վերջո, Դավիթը փախավ ու թաքնվեց անապատում։

Սավուղը 3 000 զինվորներով գնաց Դավթին փնտրելու։ Այնպես եղավ, որ նա մտավ հենց այն քարայրը, որտեղ Դավիթն իր մարդկանց հետ թաքնվել էր։ Դավթի մարդիկ շշնջացին նրա ականջին. «Սա լավ առիթ է, որ սպանես Սավուղին»։ Դավիթը թաքուն մոտեցավ թագավորին և կտրեց նրա վերնահագուստի ծայրը։ Սավուղը ոչինչ չնկատեց։ Բայց հետո Դավիթը շատ վատ զգաց, որ հարգանք ցույց չէր տվել Եհովայի օծյալ թագավորի հանդեպ։ Նա թույլ չտվեց իր հետ եղող մարդկանց, որ հարձակվեն Սավուղի վրա։ Երբ Սավուղը դուրս եկավ քարայրից, Դավիթը ձայն տվեց նրան և ասաց, որ կարող էր սպանել նրան, բայց չարեց դա։ Արդյոք Սավուղը փոխե՞ց իր վերաբերմունքը Դավթի հանդեպ։

Ո՛չ։ Սավուղը կրկին Դավթի հետևից ընկավ, որ սպանի նրան։ Մի անգամ Դավիթն ու նրա քրոջ որդի Աբեսսան գիշերով թաքուն մտան Սավուղի ճամբար։ Բոլորը, նույնիսկ Աբեները՝ Սավուղի թիկնապահը, քնած էին։ Աբեսսան ասաց Դավթին. «Սա հարմար առիթ է։ Թույլ տուր՝ սպանեմ նրան»։ Սակայն Դավիթը պատասխանեց. «Եհովան ինքը կհարվածի Սավուղին։ Արի միայն վերցնենք նրա նիզակն ու ջրի կուժը և գնանք»։

Դավիթը բարձրացավ մոտակա լեռան գագաթը, որտեղից երևում էր Սավուղի ճամբարը։ Նա բարձր ձայնով կանչեց. «Աբենե՛ր, ինչո՞ւ չես պահպանում քո թագավորին։ Ո՞ւր են Սավուղի նիզակն ու կուժը»։ Սավուղը ճանաչեց Դավթի ձայնն ու ասաց. «Դու կարող էիր սպանել ինձ, բայց չարեցիր այդ բանը։ Ես գիտեմ, որ դու ես լինելու Իսրայելի հաջորդ թագավորը»։ Դրանից հետո Սավուղը վերադարձավ իր պալատ։ Սակայն նրա ընտանիքում ոչ բոլորն էին ատում Դավթին։

«Եթե հնարավոր է, որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք բոլոր մարդկանց հետ։ Սիրելինե՛ր, վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար, այլ թողեք, որ ձեր փոխարեն Աստված արտահայտի իր ցասումը» (Հռոմեացիներ 12։18, 19)