Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 45

Թագավորությունը բաժանվում է

Թագավորությունը բաժանվում է

Քանի դեռ Սողոմոնը ծառայում էր Եհովային, Իսրայելում խաղաղություն էր տիրում։ Սակայն նա ամուսնացավ շատ կանանց հետ, որոնք օտար երկրներից էին։ Այդ կանայք կուռքեր էին պաշտում։ Կամաց-կամաց Սողոմոնը փոխվեց, ու նա էլ սկսեց կուռքերի առաջ խոնարհվել։ Եհովան բարկացավ նրա վրա և ասաց. «Թագավորությունը կխլեմ քո սերունդներից, և այն երկու մասի կբաժանվի։ Դրա մեծ մասը քո ծառային կտամ, իսկ քո սերունդները միայն մի փոքր մասի վրա կթագավորեն»։

Եհովան մեկ այլ ձևով էլ հստակ ցույց տվեց իր որոշումը։ Սողոմոնի ծառաներից մեկը՝ Հերոբովամը, մի անգամ ճանապարհով գնալիս հանդիպեց Աքիա մարգարեին։ Աքիան, իր վրայի հանդերձը պատռելով, 12 կտոր արեց այն և ասաց Հերոբովամին. «Եհովան Սողոմոնի սերունդներից խլելու է թագավորությունը և այն երկու մասի է բաժանելու։ Տասը կտորը քեզ վերցրու, որովհետև դու ես թագավորելու տասը ցեղերի վրա»։ Երբ Սողոմոն թագավորը լսեց այդ մասին, որոշեց սպանել Հերոբովամին։ Այդ պատճառով Հերոբովամը փախավ Եգիպտոս։ Անցավ որոշ ժամանակ, և Սողոմոնը մահացավ։ Նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Ռոբովամը։ Այդ ժամանակ Հերոբովամը մտածեց, որ արդեն կարող է վերադառնալ Իսրայել, քանի որ իր կյանքին այլևս վտանգ չէր սպառնում։

Մի անգամ Իսրայելի երեցները եկան Ռոբովամի մոտ և ասացին. «Եթե դու ժողովրդին լավ վերաբերվես, նա քեզ հավատարիմ կլինի»։ Սակայն Ռոբովամի երիտասարդ ընկերներն ասացին նրան. «Դու պետք է խիստ լինես ժողովրդի հանդեպ։ Ստիպիր մարդկանց, որ ավելի շատ աշխատեն»։ Ռոբովամը հետևեց նրանց խորհրդին։ Նա դաժանաբար էր վերաբերվում մարդկանց։ Այդ պատճառով նրանք ըմբոստացան նրա դեմ։ Իսրայելացիները Հերոբովամին թագավոր նշանակեցին տասը ցեղերի վրա, որոնք հայտնի դարձան որպես Իսրայելի թագավորություն։ Մյուս երկու ցեղերը, որոնք հայտնի դարձան որպես Հուդայի թագավորություն, հավատարիմ մնացին Ռոբովամին։ Այդպիսով՝ Իսրայելի 12 ցեղերը բաժանվեցին։

Հերոբովամը չէր ուզում, որ ժողովուրդը գնա Երուսաղեմ և այնտեղ Եհովային երկրպագի։ Իսկ գիտե՞ս, թե ինչու։ Քանի որ Երուսաղեմը Ռոբովամի թագավորության կազմում էր, և Հերոբովամը վախենում էր, որ մարդիկ երես կթեքեն իրենից ու Ռոբովամի կողմը կանցնեն։ Այդ պատճառով թագավորը երկու ոսկե հորթ պատրաստեց և իր ժողովրդին ասաց. «Երուսաղեմը շատ հեռու է։ Դուք կարող եք այստեղ երկրպագություն անել»։ Եվ ժողովուրդը սկսեց ոսկե հորթերին պաշտել ու կրկին մոռացավ Եհովային։

«Անհավատների հետ անհավասար լծակից մի՛ եղեք, որովհետև ի՞նչ ընկերակցություն ունի արդարությունը անօրենության հետ.... Կամ ի՞նչ բաժին ունի հավատացյալը անհավատի հետ» (2 Կորնթացիներ 6։14, 15)