Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 47

Եհովան զորացնում է Եղիային

Եհովան զորացնում է Եղիային

Երբ Հեզաբելը լսեց, թե ինչ է պատահել Բահաղի մարգարեներին, շատ բարկացավ։ Նա մարդ ուղարկեց Եղիայի մոտ՝ ասելով. «Վաղը դու կմեռնես, ինչպես որ մեռան Բահաղի մարգարեները»։ Եղիան շատ վախեցավ ու փախավ անապատ։ Նա աղոթեց. «Ո՛վ Եհովա, էլ չեմ դիմանում։ Մեռնել եմ ուզում»։ Նա ուժասպառ պառկեց մի ծառի տակ ու քնեց։

Հանկարծ մի հրեշտակ արթնացրեց նրան ու մեղմորեն ասաց. «Վե՛ր կաց ու կե՛ր»։ Եղիան շիկացած քարերի վրա մի կլոր հաց տեսավ և կողքին՝ ջրով լի կուժ։ Նա կերավ, խմեց ու նորից քնեց։ Որոշ ժամանակ անց հրեշտակը նորից արթնացրեց նրան ու ասաց. «Կե՛ր, որ ուժ հավաքես և գնաս ճանապարհդ»։ Եղիան վեր կացավ ու կերավ։ Հետո նա 40 օր ու 40 գիշեր գնաց մինչև Քորեբ լեռը։ Այնտեղ նա մտավ մի քարայր, որ քնի։ Բայց Եհովան խոսեց նրա հետ ու ասաց. «Ի՞նչ ես անում այստեղ, Եղիա՛»։ Նա պատասխանեց. «Իսրայելացիները խախտել են քեզ տված խոստումը։ Նրանք քանդել են քո զոհասեղանները և սպանել են քո մարգարեներին։ Եվ հիմա ուզում են ինձ սպանել»։

Եհովան ասաց նրան. «Դո՛ւրս գնա ու կանգնի՛ր լեռան վրա»։ Սկզբում ուժգին քամի բարձրացավ։ Հետո երկրաշարժ եղավ, ապա՝ կրակ։ Ի վերջո, Եղիան մի մեղմ, ցածր ձայն լսեց։ Նա իր հագուստով ծածկեց երեսը, դուրս գնաց ու կանգնեց քարայրի մուտքի մոտ։ Այդ ժամանակ Եհովան հարցրեց նրան, թե ինչու է փախել։ Եղիան էլ պատասխանեց. «Միայն ես եմ մնացել»։ Եհովան ասաց նրան. «Դու մենակ չես։ Իսրայելում 7 000 մարդ կա, ովքեր ինձ են ծառայում։ Գնա՛ ու Եղիսեին քո փոխարեն մարգարե օծիր»։ Եղիան անմիջապես գնաց, որ անի Եհովայի ասածը։ Ի՞նչ ես կարծում՝ մի՞թե Եհովան քեզ էլ չի օգնի, եթե անես այն, ինչ նա ուզում է։ Անշուշտ, կօգնի։ Հիմա արի տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ երաշտի ժամանակ։

«Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպպեցիներ 4։6)