Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 48

Այրու որդին հարություն է առնում

Այրու որդին հարություն է առնում

Երաշտի ընթացքում Եհովան ասաց Եղիային. «Գնա Սարեփթա։ Այնտեղ մի այրի կին կկերակրի քեզ»։ Ուստի Եղիան գնաց Սարեփթա և քաղաքի դարպասների մոտ տեսավ, որ մի այրի կին փայտ է հավաքում։ Նա մի բաժակ ջուր ուզեց նրանից։ Երբ կինը գնաց ջուր բերելու, Եղիան ձայն տվեց նրան ու ասաց. «Խնդրում եմ, մի կտոր հաց էլ բեր»։ Սակայն այրին ասաց. «Ես հաց չունեմ, որ քեզ տամ։ Միայն մի բուռ ալյուր ունեմ ու մի քիչ էլ յուղ, որ կերակուր պատրաստեմ ինձ ու տղայիս համար»։ Այդ ժամանակ Եղիան ասաց նրան. «Եհովան խոստացել է, որ եթե դու մի հաց թխես ինձ համար, քո ալյուրն ու յուղը չեն պակասի մինչև այն օրը, երբ նորից անձրև գա»։

Այրին գնաց տուն ու Եհովայի մարգարեի համար հաց թխեց։ Ինչպես և Եհովան խոստացել էր, նա ու նրա տղան միշտ ուտելու բան ունեին երաշտի ընթացքում։ Սափորից ալյուրը չէր վերջանում, և կժից յուղը չէր պակասում։

Հետագայում մի վատ բան պատահեց։ Այրու տղան հիվանդացավ։ Այդ հիվանդությունն այնքան ծանր էր, որ նա մահացավ։ Այրին Եղիայից օգնություն աղերսեց։ Եղիան տղային վերցրեց մոր գրկից ու տարավ նրա տան վերևի հարկի սենյակը։ Մարգարեն նրան պառկեցրեց անկողնու վրա և աղոթեց. «Ո՜վ Եհովա, խնդրում եմ, թող որ այս երեխան կենդանանա»։ Եթե Եհովան կատարեր նրա խնդրանքը, զարմանահրաշ բան կլիներ։ Գիտե՞ս, թե ինչու. քանի որ դրանից առաջ, ինչպես որ մեզ հայտնի է, ոչ ոք երբևէ հարություն չէր առել, իսկ այս այրի կինն ու նրա տղան նույնիսկ իսրայելացի չէին։

Սակայն երեխան կենդանացավ ու սկսեց շնչել։ Եղիան այրի կնոջն ասաց. «Տե՛ս, քո որդին կենդանի է»։ Կինն անչափ ուրախացավ և ասաց Եղիային. «Դու իրոք Աստծու մարդ ես։ Ես գիտեմ դա, քանի որ դու ասում ես միայն այն, ինչ Եհովան է քեզ ասում»։

«Նայեք ագռավներին, որ ո՛չ ցանում են, ո՛չ հնձում, ո՛չ շտեմարան ունեն, ո՛չ էլ ամբար, բայց Աստված կերակրում է նրանց։ Որքա՜ն ավելի թանկ եք դուք թռչուններից» (Ղուկաս 12։24)