Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 53

Հովիադայի քաջությունը

Հովիադայի քաջությունը

Հեզաբելը մի աղջիկ ուներ, որի անունը Գոթողիա էր։ Նա իր մոր պես չար էր։ Գոթողիան ամուսնացել էր Հուդայի թագավորի հետ։ Երբ նրա ամուսինը մահացավ, սկսեց թագավորել նրա որդին։ Սակայն երբ նրա որդին էլ մահացավ, նա սկսեց իշխել։ Այդ ժամանակ Գոթողիան փորձեց սպանել ամբողջ թագավորական սերնդին, այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր կարող էին իր փոխարեն թագավորել Հուդայում։ Գոթողիա թագուհին նույնիսկ իր թոռներին սպանեց։ Բոլորը վախենում էին նրանից։

Հովիադա քահանայապետն ու նրա կինը՝ Հովսաբեեն, գիտեին, որ այն, ինչ անում է Գոթողիան, շատ վատ է։ Նրանք, վտանգելով իրենց կյանքը, թաքցրին Գոթողիայի թոռներից մեկին՝ Հովասին, և նրան մեծացրին տաճարում։

Երբ Հովասը յոթ տարեկան էր, Հովիադան հավաքեց բոլոր տոհմապետներին ու ղևտացիներին և նրանց ասաց. «Պահպանեք տաճարի դռները և թույլ չտաք, որ որևէ մեկը ներս մտնի»։ Այնուհետև Հովիադան Հովասին դարձրեց Հուդայի թագավոր և նրա գլխին թագ դրեց։ Հուդայի ժողովուրդը բացականչեց. «Կեցցե՛ թագավորը»։

Գոթողիա թագուհին լսեց ժողովրդի ձայնը և անմիջապես գնաց տաճար։ Երբ նա տեսավ նոր թագավորին, բղավեց. «Դավադրությո՜ւն։ Դավադրությո՜ւն»։ Այդ ժամանակ տոհմապետները բռնեցին չար թագուհուն, տարան ուրիշ տեղ և սպանեցին նրան։ Իսկ ի՞նչ եղավ ժողովրդին, չէ՞ որ Գոթողիան վատ ազդեցություն էր թողել նրա վրա։

Հովիադան օգնեց ժողովրդին, որ ուխտ կապի Եհովայի հետ և խոստանա, որ միայն նրան կծառայի։ Քահանայապետը մարդկանց ասաց, որ քանդեն Բահաղի տաճարը և ջարդուփշուր անեն կուռքերը։ Նա քահանաներ ու ղևտացիներ նշանակեց, որ ծառայեն տաճարում, որպեսզի ժողովուրդը կրկին այնտեղ երկրպագի Եհովային։ Հովիադան նաև պահակներ կանգնեցրեց տաճարի դարպասների մոտ, որպեսզի որևէ անմաքուր մարդ չմտներ այնտեղ։ Հետո նա և տոհմապետները Հովասին տարան պալատ և նստեցրին թագավորական գահին։ Հուդայի ամբողջ ժողովուրդն ուրախացավ։ Վերջապես նրանք կարող էին Եհովային ծառայել՝ ազատված լինելով չար Գոթողիայից և Բահաղի պաշտամունքից։ Տեսնո՞ւմ ես, թե Հովիադայի քաջությունն ինչպես օգնեց շատ մարդկանց։

«Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը, բայց հոգին չեն կարող սպանել, այլ առավել վախեցեք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կործանել գեհենում» (Մատթեոս 10։28)