Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 54

Եհովան համբերություն է դրսևորում Հովնանի հանդեպ

Եհովան համբերություն է դրսևորում Հովնանի հանդեպ

Ասորեստանի Նինվե քաղաքում ապրող մարդիկ չար էին։ Եհովան իր մարգարե Հովնանին պատվիրեց գնալ այնտեղ և զգուշացնել մարդկանց, որ փոխվեն։ Բայց Հովնանը փախավ հակառակ ուղղությամբ։ Նա նստեց մի նավ, որը Թարսիս էր գնում։

Երբ նավը ծովում էր, մի մեծ փոթորիկ բարձրացավ, և ծովայինները շատ վախեցան։ Նրանք սկսեցին աղոթել իրենց աստվածներին և ասել. «Ինչո՞ւ է այսպիսի բան տեղի ունենում»։ Ի վերջո, Հովնանն ասաց նրանց. «Ես եմ մեղավորը։ Ես փախչում եմ Եհովայից, որ նրա ասածը չանեմ։ Ինձ ծովը գցեք, և փոթորիկը կհանդարտվի»։ Ծովայինները չէին ուզում Հովնանին ծովը նետել, բայց նա պնդեց, որ դա անեն։ Երբ նրան ծովը գցեցին, փոթորիկը հանդարտվեց։

Հովնանը մտածեց, որ կմեռնի։ Երբ նա սկսեց ավելի ու ավելի խորը սուզվել, աղոթեց Եհովային։ Այդ ժամանակ Եհովան մի մեծ ձուկ ուղարկեց։ Այն կուլ տվեց Հովնանին, բայց չսպանեց։ Ձկան փորում Հովնանը աղոթեց. «Ո՛վ Եհովա, խոստանում եմ միշտ հնազանդվել քեզ»։ Եհովան երեք օր Հովնանին ապահով պահեց ձկան փորում և հետո այնպես արեց, որ ձուկը նրան փսխի ցամաք։

Եհովան փրկեց Հովնանին, բայց արդյո՞ք դա նշանակում էր, որ նա այլևս չէր գնալու Նինվե։ Ո՛չ։ Եհովան Հովնանին կրկին պատվիրեց գնալ այնտեղ։ Այս անգամ Հովնանը հնազանդվեց։ Նա գնաց Նինվե և այնտեղ ապրող չար մարդկանց ասաց. «40 օրից Նինվեն կկործանվի»։ Այդ ժամանակ մի անսպասելի բան եղավ. նինվեցիները լսեցին Աստծուն և դադարեցին չար բաներ անելուց։ Նինվեի թագավորն ասաց ժողովրդին. «Սրտանց աղոթեք Աստծուն և զղջացեք։ Գուցե նա չկործանի մեզ»։ Երբ Եհովան տեսավ, որ ժողովուրդը զղջում է, չկործանեց Նինվեն։

Հովնանը բարկացավ, երբ իմացավ, որ քաղաքը չի կործանվելու։ Պատկերացնո՞ւմ ես, Եհովան համբերություն և ողորմություն դրսևորեց Հովնանի հանդեպ, բայց Հովնանը չխղճաց Նինվեի բնակիչներին։ Փոխարենը՝ նա գնաց քաղաքից դուրս և քիթը կախ նստեց մի դդմենու ստվերի տակ։ Շուտով դդմենին չորացավ, և Հովնանը բարկացավ։ Այդ ժամանակ Եհովան ասաց նրան. «Դու ափսոսում ես բույսի համար, բայց նինվեցիներին չես խղճում։ Ես ողորմություն դրսևորեցի նրանց հանդեպ ու չկործանեցի»։ Ի՞նչ ենք հասկանում այս խոսքերից. Աստծու համար Նինվեի բնակիչները ցանկացած բույսից շատ ավելի թանկ էին։

«Եհովան.... համբերատար է ձեր հանդեպ, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ որ բոլորը զղջան» (2 Պետրոս 3։9)