Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 59

Չորս տղաներ, որոնք հնազանդվում են Եհովային

Չորս տղաներ, որոնք հնազանդվում են Եհովային

Երբ Նաբուգոդոնոսորը Հուդայի իշխաններին տարավ Բաբելոն, իր պալատական Ասփանեզին կարգադրեց, որ հսկի նրանց։ Նաբուգոդոնոսորը Ասփանեզին ասաց, որ նրանց միջից ընտրի ամենաառողջ ու ամենախելացի պատանիներին։ Թագավորը հրամայեց երեք տարի կրթել նրանց։ Այդ կրթությունը կպատրաստեր պատանիներին, որ կարևոր պաշտոններ զբաղեցնեին Բաբելոնում։ Տղաները պետք է սովորեին գրել, կարդալ ու խոսել աքքադերենով՝ այն լեզվով, որով խոսում էին Բաբելոնում։ Բացի այդ, նրանք պետք է այնպիսի կերակուր ուտեին, ինչպիսին որ ուտում էին թագավորն ու նրա պալատականները։ Այդ տղաներից չորսի անուններն էին Դանիել, Հանանիա, Միսայել և Ազարիա։ Ասփանեզը նրանց նոր անուններ տվեց, որոնք տարածված էին Բաբելոնում՝ Բաղդասասար, Սեդրաք, Միսաք և Աբեդնագով։ Բայց մի՞թե նրանք այդպիսի կրթություն ստանալուց հետո այլևս չէին ծառայի Եհովային։

Այս չորս պատանիները վճռել էին հնազանդվել Եհովային։ Նրանք գիտեին, որ չպետք է ուտեն թագավորական կերակուրներից, որովհետև Եհովայի Օրենքն ասում էր, որ դրանցից մի քանիսը անմաքուր են։ Ուստի Ասփանեզին ասացին. «Խնդրում ենք, մի՛ ստիպիր մեզ, որ ուտենք թագավորական կերակուրներից»։ Ասփանեզը պատասխանեց. «Եթե չուտեք, ու թագավորը տեսնի, որ հիվանդ տեսք ունեք, կսպանի ինձ»։

Այդ ժամանակ Դանիելի գլխում մի միտք ծագեց։ Նա իրենց պահապանին ասաց. «Խնդրում եմ, տասը օր միայն բանջարեղեն և ջուր տուր մեզ։ Հետո համեմատիր մեր տեսքը այն տղաների տեսքի հետ, որոնք ուտում են թագավորական կերակուրները»։ Պահապանը համաձայնվեց։

Տասը օր հետո Դանիելն ու նրա երեք ընկերները ավելի առողջ տեսք ունեին, քան մյուս բոլոր տղաները։ Եհովային հաճելի էր, որ նրանք հնազանդվել էին իրեն։ Նա Դանիելին նույնիսկ իմաստություն տվեց, որ կարողանա հասկանալ տեսիլքներն ու երազները։

Երբ տղաների կրթություն ստանալու ժամանակը ավարտվեց, Ասփանեզը նրանց տարավ Նաբուգոդոնոսորի մոտ։ Թագավորը խոսեց նրանց հետ ու տեսավ, որ Դանիելը, Հանանիան, Միսայելը և Ազարիան մյուս բոլոր տղաներից ավելի խելացի ու հասկացող են։ Նա ընտրեց այդ չորսին, որ ծառայեն իր թագավորական պալատում։ Թագավորը հաճախ կարևոր հարցերի վերաբերյալ խորհուրդներ էր հարցնում նրանցից։ Եհովան այդ պատանիներին թագավորի բոլոր իմաստուններից ու մոգությամբ զբաղվող քրմերից ավելի իմաստուն էր դարձրել։

Թեև Դանիելը, Հանանիան, Միսայելը և Ազարիան օտար երկրում էին ապրում, սակայն նրանք միշտ հիշում էին, որ Եհովայի ժողովրդի մի մասն են։ Դու էլ միշտ կհիշե՞ս Եհովային, նույնիսկ եթե ծնողներդ կողքիդ չլինեն։

«Թող ոչ ոք չարհամարհի քո երիտասարդությունը։ Բայց դու օրինակ եղիր հավատարիմների համար՝ խոսելու, վարքի, սիրո, հավատի և մաքրության մեջ» (1 Տիմոթեոս 4։12)