Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 61

Նրանք չեն խոնարհվում արձանի առաջ

Նրանք չեն խոնարհվում արձանի առաջ

Որոշ ժամանակ անց այն բանից հետո, երբ Նաբուգոդոնոսոր թագավորը տեսավ արձանի մասին երազը, մի հսկա ոսկե արձան շինեց։ Նա կանգնեցրեց այն Դուրա հովտում և կանչեց երկրի հայտնի մարդկանց, այդ թվում՝ Սեդրաքին, Միսաքին ու Աբեդնագովին, որպեսզի նրանք գան արձանի հանդիսավոր բացմանը։ Այնուհետև թագավորը հրամայեց. «Երբ լսեք փողի, քնարի և սրնգի ձայնը, խոնարհվե՛ք արձանի առաջ։ Ով որ չխոնարհվի, կգցվի կրակով բորբոքված վառարանը»։ Արդյոք երեք եբրայեցիները խոնարհվեցի՞ն արձանի առաջ, թե՞ նրանք միայն Եհովային էին երկրպագում։

Երբ թագավորը հրամայեց հնչեցնել երաժշտական գործիքները, բոլորը, բացի Սեդրաքից, Միսաքից և Աբեդնագովից, երեսի վրա ընկան ու երկրպագեցին արձանին։ Որոշ մարդիկ նկատեցին դա և թագավորին ասացին. «Այդ երեք եբրայեցիները չեն երկրպագում քո կանգնեցրած արձանին»։ Նաբուգոդոնոսորը բարկացավ և հրամայեց, որ իր մոտ բերեն Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին, ու ասաց նրանց. «Ես մի հնարավորություն էլ եմ տալիս ձեզ, որ երկրպագեք արձանին։ Բայց եթե այս անգամ էլ չերկրպագեք, կգցվեք վառարանը։ Ոչ մի աստված չի կարող ազատել ձեզ իմ ձեռքից»։ Սակայն երեք եբրայեցիները պատասխանեցին թագավորին. «Կարիք չկա, որ մեզ ուրիշ հնարավորություն տաս։ Մեր Աստվածը կարող է փրկել մեզ։ Բայց եթե չփրկի էլ, ո՛վ թագավոր, միևնույնն է, մենք քո կանգնեցրած արձանին չենք երկրպագի»։

Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը շատ բարկացավ։ Նա իր ծառաներին հրամայեց. «Վառարանը սովորականից յոթ անգամ ավելի ուժեղ վառեք»։ Հետո իր զինվորներին կարգադրեց. «Կապե՛ք այդ մարդկանց ու գցե՛ք վառարանը»։ Վառարանը այնքան շիկացած էր, որ, երբ զինվորները մոտեցան դրան, միանգամից մեռան կրակի բոցերից։ Երեք եբրայեցիները ընկան կրակով բորբոքված վառարանը։ Բայց երբ Նաբուգոդոնոսորը նայեց դրա մեջ, տեսավ, որ այնտեղ երեքի փոխարեն՝ չորս մարդ կա, որոնք ազատ քայլում են կրակի մեջ։ Նա շատ վախեցավ ու իր պաշտոնյաներին հարցրեց. «Մի՞թե մենք երեք մարդ չգցեցինք կրակի մեջ։ Բայց ես չորս մարդ եմ տեսնում, և նրանցից մեկը հրեշտակի է նման»։

Հետո Նաբուգոդոնոսորը մոտեցավ վառարանին ու բարձր ձայնով կանչեց. «Ո՛վ Բարձրյալ Աստծու ծառանե՛ր, դո՛ւրս եկեք»։ Բոլորը ապշեցին, երբ տեսան, որ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը անվնաս դուրս եկան կրակի միջից։ Կրակը չէր վնասել նրանց մարմինները, նրանց մազերը չէին խանձվել, նրանց հանդերձները չէին վնասվել, և նրանցից նույնիսկ ծխի հոտ չէր գալիս։

Նաբուգոդոնոսորն ասաց. «Որքա՜ն փառավոր է Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստվածը։ Նա ուղարկեց իր հրեշտակին ու փրկեց իր ծառաներին։ Նրանց Աստծու պես աստված չկա»։

Իսկ դու վճռե՞լ ես այդ երեք եբրայեցիների պես հավատարիմ մնալ Եհովային, ինչ էլ որ լինի։

«Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես և միմիայն նրան սուրբ ծառայություն մատուցես» (Մատթեոս 4։10)