Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 62

Թագավորություն, որը նման է մեծ ծառի

Թագավորություն, որը նման է մեծ ծառի

Մի գիշեր Նաբուգոդոնոսորը սարսափելի երազ տեսավ։ Նա հրամայեց, որ իր մոտ բերեն բոլոր իմաստուններին, որպեսզի հայտնեն իր երազի նշանակությունը։ Բայց նրանցից ոչ ոք չկարողացավ բացատրել նրա երազը։ Ի վերջո, թագավորի առաջ ներկայացավ Դանիելը, ու թագավորը նրան պատմեց երազը։

Նաբուգոդոնոսորը Դանիելին ասաց. «Երազումս մի ծառ տեսա։ Ծառը այնքան մեծացավ, որ հասավ երկնքին, և այն երևում էր երկրի բոլոր ծայրերից։ Դրա տերևները շատ գեղեցիկ էին, իսկ պտուղները՝ առատ։ Գազանները հանգստանում էին դրա ստվերում, և թռչունները ճյուղերի վրա բույն էին հյուսում։ Հետո մի հրեշտակ իջավ երկնքից։ Նա բարձրաձայն ասաց. «Կտրե՛ք ծառը և ճյուղերը։ Սակայն դրա կոճղը թողեք երկրում և երկաթե ու պղնձե կապանքներ դրեք վրան։ Թող ծառի մարդկային սիրտը փոխարինվի գազանի սրտով և այդպես մնա յոթ ժամանակ։ Բոլոր մարդիկ կիմանան, որ Աստված է Իշխանը, և որ թագավորությունը տալիս է նրան, ում ուզում է»»։

Եհովան Դանիելին հայտնեց երազի նշանակությունը։ Դանիելը շատ վախեցավ։ Նա թագավորին ասաց. «Ո՛վ թագավոր, կուզեի, որ այդ երազը քո հակառակորդների մասին լիներ, բայց այն քո մասին է։ Մեծ ծառը, որը կտրվեց, դու ես։ Դու կկորցնես քո թագավորությունը և գազանների պես դաշտում խոտ կուտես։ Բայց քանի որ հրեշտակն ասաց, որ ծառի կոճղը մնա, նշանակում է, որ դու նորից թագավոր կլինես»։

Անցավ մեկ տարի։ Մի օր Նաբուգոդոնոսորը քայլում էր իր արքայական պալատի հարթ տանիքի վրա և հիանում էր Բաբելոնով։ Նա ասաց. «Ա՜խ, այս ի՜նչ փառահեղ քաղաք եմ շինել։ Որքա՜ն մեծ ու փառավոր եմ ես»։ Նա դեռ խոսում էր, երբ երկնքից մի ձայն լսվեց. «Ո՛վ Նաբուգոդոնոսոր, դու կորցրիր քո թագավորությունը»։

Հենց նույն պահին Նաբուգոդոնոսորը խելագարվեց ու նմանվեց գազանի։ Նա ստիպված էր հեռանալ իր պալատից և ապրել դաշտի գազանների հետ։ Նրա մազերը երկարեցին ու դարձան արծվի փետուրների պես, իսկ եղունգները՝ թռչունների ճանկերի պես։

Անցավ յոթ տարի, և Նաբուգոդոնոսորը կրկին սովորական մարդ դարձավ, ու Եհովան նրան Բաբելոնի թագավոր դարձրեց։ Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորն ասաց. «Ես փառաբանում եմ Եհովային՝ երկնքի Թագավորին։ Հիմա գիտեմ, որ Եհովան է Իշխանը։ Նա խոնարհեցնում է հպարտներին և թագավորությունը տալիս է նրան, ում ուզում է»։

«Հպարտությունը նախորդում է կործանմանը, և ամբարտավան ոգին՝ վայր ընկնելուն» (Առակներ 16։18)