Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 63

Ձեռքը գրում է պատին

Ձեռքը գրում է պատին

Անցավ որոշ ժամանակ, և Բաբելոնում թագավոր դարձավ Բաղդասարը։ Մի երեկո նա հրավիրեց իր երկրի հազար մեծամեծների ու մեծ խնջույք արեց։ Բաղդասարն իր ծառաներին հրամայեց, որ բերեն այն ոսկե գավաթները, որոնք Նաբուգոդոնոսորը վերցրել էր Եհովայի տաճարից։ Թագավորն ու նրա հյուրերը դրանցով խմեցին ու գովաբանեցին իրենց աստվածներին։ Բայց հանկարծ մարդու ձեռք հայտնվեց ու սկսեց խորհրդավոր բառեր գրել արքայական պալատի ճաշասենյակի պատին։

Բաղդասարը սարսափեց։ Նա կանչեց իր մոգերին ու նրանց խոստացավ. «Նա, ով բացատրի այս խոսքերի նշանակությունը, Բաբելոնում երրորդ կարևոր մարդը կլինի»։ Մոգերը փորձեցին բացատրել գրվածը, սակայն չկարողացան։ Այնուհետև թագուհին եկավ խնջույքի սրահ ու ասաց. «Ո՛վ թագավոր, քո թագավորության մեջ Դանիել անունով մի մարդ կա, որը կարողանում էր Նաբուգոդոնոսորին բացատրել անհասկանալի բաները։ Նա քեզ կասի այս խոսքերի նշանակությունը»։

Դանիելին բերեցին թագավորի մոտ։ Բաղդասարն ասաց նրան. «Եթե կարողանաս կարդալ այս խոսքերը և բացատրել դրանց նշանակությունը, քեզ ոսկե վզնոց կտամ և Բաբելոնում երրորդ կարևոր մարդը կդարձնեմ»։ Այդ ժամանակ Դանիելն ասաց թագավորին. «Ես չեմ ուզում քո նվերները։ Բայց քեզ կհայտնեմ այս խոսքերի նշանակությունը։ Քո հայրը՝ Նաբուգոդոնոսորը, հպարտ մարդ էր, ու Եհովան խոնարհեցրեց նրան։ Բայց դու, թեև գիտեիր այդ մասին, միևնույնն է, հարգանք չդրսևորեցիր Եհովայի հանդեպ ու խմեցիր նրա տաճարից բերված ոսկե գավաթներով։ Այդ պատճառով Աստված այս բառերը գրեց՝ Մենե, Մենե, Թեկել ու Փարսին։ Դրանք նշանակում են, որ մարերն ու պարսիկները գրավելու են Բաբելոնը, և դու այլևս թագավոր չես լինելու»։

Թվում էր՝ ոչ ոք չէր կարող գրավել Բաբելոնը։ Քաղաքը պաշտպանված էր ամուր պարիսպներով և շրջապատված էր խոր գետով։ Բայց հենց այդ գիշեր մարերն ու պարսիկները հարձակվեցին Բաբելոնի վրա։ Պարսկաստանի Կյուրոս թագավորը փոխեց գետի հունը, որպեսզի իր զինվորները կարողանային մոտենալ քաղաքի դարպասներին։ Երբ նրանք հասան այնտեղ, տեսան, որ դարպասները բաց են։ Զորքը մտավ քաղաք, գրավեց այն ու սպանեց թագավորին։ Դրանից հետո Բաբելոնում սկսեց թագավորել Կյուրոսը։

Իր իշխանության առաջին տարում Կյուրոսը հայտարարեց. «Եհովան ինձ հանձնարարել է վերակառուցել իր տաճարը, որը Երուսաղեմում է։ Նրա ժողովրդից ով որ ուզի մասնակցել շինարարությանը, կարող է գնալ»։ Այսպիսով՝ ինչպես որ Եհովան խոստացել էր, Երուսաղեմը կործանվելուց 70 տարի հետո հրեաներից շատերը հետ դարձան հայրենիք։ Կյուրոսը վերադարձրեց այն ոսկե և արծաթե գավաթներն ու անոթները, որոնք Նաբուգոդոնոսորը վերցրել էր տաճարից։ Տեսնո՞ւմ ես, թե Եհովան ինչպես Կյուրոսի միջոցով օգնեց իր ժողովրդին։

«Ընկա՛վ, ընկա՛վ Մեծ Բաբելոնը։ Նա դարձավ դևերի բնակության վայր» (Հայտնություն 18։2)