Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 64

Դանիելին գցում են առյուծների գուբը

Դանիելին գցում են առյուծների գուբը

Բաբելոնում իշխում էր մարաց Դարեհ թագավորը։ Նա տեսավ, որ Դանիելը յուրահատուկ մարդ է, և նրան նշանակեց երկրի թագավորության ամենակարևոր մարդկանց վրա։ Սակայն այդ մարդիկ նախանձում էին Դանիելին և ուզում էին ազատվել նրանից։ Նրանք գիտեին, որ Դանիելը օրը երեք անգամ աղոթում է Եհովային, ուստի ասացին Դարեհին. «Ո՛վ թագավոր, թող օրենք սահմանվի, որի համաձայն՝ ամեն մարդ պետք է միայն քեզ աղոթի։ Իսկ ով որ չհնազանդվի այդ օրենքին, թող գցվի առյուծների գուբը»։ Դարեհին դուր եկավ այդ միտքը, և նա ստորագրեց օրենքը։

Հենց որ Դանիելը իմացավ այդ օրենքի մասին, գնաց իր տուն, ծնկի եկավ բաց պատուհանի առաջ և աղոթեց Եհովային։ Այդ ժամանակ այն մարդիկ, ովքեր նախանձում էին նրան, մտան նրա տուն և տեսան, որ նա աղոթում է։ Այնուհետև նրանք վազեցին Դարեհի մոտ ու ասացին. «Դանիելը չի հնազանդվում քեզ։ Նա օրը երեք անգամ իր Աստծուն է աղոթում»։ Դարեհը սիրում էր Դանիելին և չէր ուզում, որ նա մեռնի։ Թագավորը ողջ օրը միջոցներ փնտրեց, որ ազատի նրան։ Բայց անգամ նա չէր կարող փոխել իր ստորագրած օրենքը։ Դրա համար ստիպված եղավ հրամայել, որ Դանիելին գցեն սարսափելի առյուծների գուբը։

Այդ գիշեր Դարեհն այնքան անհանգիստ էր Դանիելի համար, որ չկարողացավ քնել։ Առավոտյան նա վազելով գնաց առյուծների գուբի մոտ, ձայն տվեց Դանիելին ու հարցրեց. «Քո Աստվածը փրկե՞ց քեզ»։

Դարեհը լսեց Դանիելի ձայնը։ Նա ասաց թագավորին. «Եհովայի հրեշտակը փակեց առյուծների երախը, և նրանք ոչ մի վնաս չհասցրին ինձ»։ Դարեհը շատ ուրախացավ և հրամայեց, որ Դանիելին հանեն գուբից։ Նրա վրա մի քերծվածք էլ չկար։ Հետո թագավորը հրամայեց. «Դանիելին մեղադրող մարդկանց գցե՛ք առյուծների գուբը»։ Երբ այդ մարդկանց գցեցին գուբը, առյուծները հարձակվեցին նրանց վրա ու հոշոտեցին։

Հետո Դարեհ թագավորը իր ժողովրդին հրաման տվեց. «Թող բոլորը վախենան Դանիելի Աստծուց։ Նա փրկեց Դանիելին առյուծների ճանկից»։

Իսկ դու Դանիելի նման ամեն օր աղոթո՞ւմ ես Եհովային։

«Եհովան գիտի, թե ինչպես աստվածանվեր մարդկանց ազատի փորձությունից» (2 Պետրոս 2։9)