Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 65

Եսթերը փրկում է իր ժողովրդին

Եսթերը փրկում է իր ժողովրդին

Եսթերը մի հրեա աղջիկ էր, որն ապրում էր Պարսկաստանի Շուշան քաղաքում։ Շատ տարիներ առաջ Նաբուգոդոնոսորը նրա նախնիներին գերի էր տարել։ Եսթերին մեծացրել էր նրա հորեղբոր որդին՝ Մուրթքեն, որը Պարսկաստանի Ասուերոս թագավորի ծառան էր։

Ասուերոս թագավորը նոր թագուհի էր փնտրում։ Նրա ծառաները նրա մոտ բերեցին երկրի ամենագեղեցիկ կանանց, որոնց թվում էր Եսթերը։ Այդ բոլոր կանանցից Ասուերոս թագավորը նրան ընտրեց, որ թագուհի լինի։ Սակայն Մուրթքեն Եսթերին պատվիրեց ոչ ոքի չասել, որ նա հրեա է։

Թագավորի իշխանների գլուխը Համան անունով մի հպարտ մարդ էր։ Նա ուզում էր, որ բոլորը խոնարհվեն իր առաջ։ Սակայն քանի որ Մուրթքեն չէր խոնարհվում Համանի առաջ, նա բարկությամբ էր լցվում նրա հանդեպ և ուզում էր սպանել նրան։ Երբ Համանն իմացավ, որ Մուրթքեն հրեա է, որոշեց սպանել ողջ թագավորության մեջ ապրող բոլոր հրեաներին։ Համանը թագավորին ասաց. «Հրեաները վտանգավոր ժողովուրդ են։ Դու պետք է ազատվես նրանցից»։ Այդ ժամանակ Ասուերոսը պատասխանեց. «Նրանց արա այն, ինչ ուզում ես»։ Թագավորը նրան իրավունք տվեց, որ այդ մասին օրենք կազմի։ Ուստի Համանը մի օրենք կազմեց, որի համաձայն՝ ադար ամսի 13-րդ օրը մարդիկ պետք է սպանեին բոլոր հրեաներին։ Սակայն Եհովան ամեն ինչ տեսնում էր։

Եսթերը ոչինչ չգիտեր նոր օրենքի մասին։ Այդ պատճառով Մուրթքեն նրան ուղարկեց օրենքի պատճենը և ասաց. «Գնա թագավորի մոտ և խոսիր նրա հետ»։ Բայց Եսթերը պատասխանեց. «Այն մարդը, ով առանց կանչվելու գնա թագավորի մոտ, մահով կպատժվի։ Արդեն 30 օր է՝ թագավորը չի կանչել ինձ իր մոտ։ Բայց ես կգնամ։ Եթե նա մեկնի իր ոսկե գավազանը, ողջ կմնամ։ Իսկ եթե ոչ, կմեռնեմ»։

Եսթերը գնաց թագավորի գավիթ։ Հենց որ թագավորը տեսավ թագուհուն, նրան մեկնեց իր ձեռքի գավազանը։ Երբ Եսթերը մոտեցավ Ասուերոսին, նա հարցրեց. «Ի՞նչ ես ուզում, որ քեզ համար անեմ, ո՛վ Եսթեր թագուհի»։ Եսթերը պատասխանեց. «Ես ուզում եմ քեզ ու Համանին խնջույքի հրավիրել»։ Երբ նրանք գնացին այդ խնջույքին, Եսթերը երկրորդ անգամ նրանց հրավիրեց խնջույքի, որը կազմակերպելու էր հաջորդ օրը։ Երկրորդ խնջույքի ժամանակ թագավորը նորից հարցրեց Եսթերին. «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»։ Թագուհին պատասխանեց. «Խնդրում եմ, փրկիր ինձ ու իմ ժողովրդին, որովհետև մեզ ուզում են սպանել»։ Թագավորը հարցրեց. «Ո՞վ է ուզում սպանել ձեզ»։ Եսթերը պատասխանեց. «Այս մարդը, այս չար Համանը»։ Թագավորը այնքան զայրացավ, որ ուզեց անմիջապես սպանել Համանին։

Սակայն ոչ ոք, նույնիսկ թագավորը, չէր կարող չեղյալ համարել Համանի օրենքը, որն ինքը հաստատել էր։ Թագավորը Մուրթքեին իշխանների գլուխ նշանակեց և իրավունք տվեց, որ նոր օրենք գրի։ Այդ օրենքի համաձայն՝ հրեաներին թույլ էր տրվում պաշտպանվել, եթե նրանց վրա հարձակվեին։ Այսպիսով՝ ադարի 13-ին հրեաները հաղթեցին իրենց թշնամիներին։ Այդ օրվանից նրանք ամեն տարի նշում էին այդ հաղթանակը։

«Իմ պատճառով ձեզ քարշ կտան կառավարիչների ու թագավորների առաջ, որպեսզի վկայություն լինեք նրանց և ազգերին» (Մատթեոս 10։18)