Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 68

Եղիսաբեթը երեխա է ունենում

Եղիսաբեթը երեխա է ունենում

Երուսաղեմի պարիսպը վերականգնվելուց անցել էր ավելի քան 400 տարի։ Երուսաղեմից ոչ հեռու իր կնոջ հետ մի քահանա էր ապրում, որի անունը Զաքարիա էր։ Երկար տարիներ էր, ինչ նրանք ամուսնացած էին, բայց երեխաներ չունեին։ Մի անգամ, երբ Զաքարիան տաճարի սրբարանում խունկ էր ծխում, հայտնվեց Գաբրիել հրեշտակը։ Զաքարիան վախեցավ, երբ տեսավ նրան։ Սակայն հրեշտակն ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա։ Ես բարի լուր եմ բերել Եհովայից։ Քո կին Եղիսաբեթը մի որդի կծնի, և նրա անունը Հովհաննես կդնես։ Եհովան նրան ընտրել է մի հատուկ հանձնարարություն անելու համար»։ Զաքարիան հարցրեց հրեշտակին. «Ինչպե՞ս հավատամ քո խոսքերին։ Չէ՞ որ ես ու կինս շատ ծեր ենք և չենք կարող երեխա ունենալ»։ Գաբրիելն ասաց. «Աստված է ինձ ուղարկել, որ քեզ հայտնեմ այս լուրը։ Բայց քանի որ չհավատացիր ինձ, դու չես կարողանալու խոսել մինչև այն օրը, երբ երեխան ծնվի»։

Զաքարիա քահանան սովորականից ավելի երկար մնաց սրբարանում։ Երբ ի վերջո նա դուրս եկավ, նրան սպասող ժողովուրդը ուզեց իմանալ, թե ինչ էր եղել։ Զաքարիան չէր կարողանում խոսել։ Նա միայն ձեռքով նշաններ էր անում։ Այդ ժամանակ մարդիկ հասկացան, որ Զաքարիան Աստծուց պատգամ է ստացել։

Որոշ ժամանակ անց Եղիսաբեթը հղիացավ ու մի որդի ծնեց, ինչպես որ հրեշտակը ասել էր։ Նրա ընկերներն ու ազգականները եկան տեսնելու երեխային։ Նրանք շատ ուրախ էին Եղիսաբեթի համար։ Եղիսաբեթն ասաց. «Երեխայի անունը Հովհաննես պիտի լինի»։ Բայց նրանք ասացին. «Քո ազգականների մեջ Հովհաննես անունով մարդ չկա։ Երեխայի անունը Զաքարիա դիր, ինչպես որ նրա հոր անունն է»։ Սակայն Զաքարիան մի տախտակ խնդրեց ու վրան գրեց. «Նրա անունը Հովհաննես է»։ Այդ պահին Զաքարիան նորից կարողացավ խոսել։ Երեխայի մասին լուրը տարածվեց ողջ Հրեաստանում։ Բոլորը մտածում էին. «Տեսնես այդ երեխան ի՞նչ պիտի դառնա»։

Զաքարիան սուրբ ոգով լցվեց ու մարգարեացավ. «Օրհնյա՜լ լինի Եհովան։ Նա Աբրահամին խոստացել էր, որ կուղարկի մի փրկչի՝ Մեսիային, որպեսզի ազատագրում բերի մեզ։ Հովհաննեսը մարգարե կլինի և կպատրաստի Մեսիայի ճանապարհը»։

Մի առանձնահատուկ բան տեղի ունեցավ նաև Եղիսաբեթի ազգական Մարիամի կյանքում։ Հաջորդ գլխում կիմանանք այդ մասին։

«Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն բան հնարավոր է» (Մատթեոս 19։26)