Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 69

Գաբրիելը այցելում է Մարիամին

Գաբրիելը այցելում է Մարիամին

Եղիսաբեթը Մարիամ անունով մի ազգականուհի ուներ, որն իրենից ավելի երիտասարդ էր և ապրում էր Գալիլեայի Նազարեթ քաղաքում։ Մարիամը նշանված էր ատաղձագործ Հովսեփի հետ։ Եղիսաբեթի հղիության վեցերորդ ամսում Գաբրիել հրեշտակը հայտնվեց Մարիամին և ասաց. «Ողջո՛ւյն, Մարիա՛մ։ Եհովան մեծ բարեհաճություն է ցույց տվել քո հանդեպ»։ Բայց Մարիամը չհասկացավ, թե նա ինչ էր ուզում ասել։ Ուստի հրեշտակն ասաց նրան. «Դու կհղիանաս և մի որդի կծնես ու նրա անունը Հիսուս կդնես։ Նա Թագավոր կլինի, և նրա Թագավորությունը հավիտյան կմնա»։

Մարիամը ասաց հրեշտակին. «Բայց ես կույս եմ։ Ինչպե՞ս կարող եմ երեխա ունենալ»։ Գաբրիելը պատասխանեց. «Եհովայի համար անհնարին բան չկա։ Սուրբ ոգին կգա քեզ վրա, և դու որդի կունենաս։ Ահա քո ազգական Եղիսաբեթը նույնպես հղի է»։ Այդ ժամանակ Մարիամն ասաց. «Ես Եհովայի ծառան եմ։ Թող լինի այնպես, ինչպես որ դու ասացիր»։

Դրանից հետո Մարիամը գնաց՝ այցելելու Եղիսաբեթին, որն ապրում էր լեռնային շրջանում գտնվող մի քաղաքում։ Երբ Եղիսաբեթը լսեց Մարիամի ողջույնը, երեխան նրա ներսում խաղաց։ Եղիսաբեթը սուրբ ոգով լցվեց ու ասաց. «Մարիա՛մ, Եհովան օրհնել է քեզ։ Ի՜նչ մեծ պատիվ է, որ Մեսիայի մայրը եկել է իմ տուն»։ Մարիամն ասաց. «Իմ ողջ սրտով ես մեծարում եմ Եհովային»։ Նա երեք ամիս մնաց Եղիսաբեթի մոտ և հետո վերադարձավ իր տուն՝ Նազարեթ։

Երբ Հովսեփը իմացավ, որ Մարիամը հղի է, որոշեց բաժանվել նրանից։ Բայց երազում մի հրեշտակ երևաց նրան ու ասաց. «Մի՛ վախեցիր Մարիամի հետ ամուսնանալուց։ Նա ոչ մի վատ բան չի արել»։ Հովսեփը ամուսնացավ Մարիամի հետ և նրան տարավ իր տուն։

«Ինչը Եհովային հաճելի է, նա այն է անում երկնքում ու երկրի վրա» (Սաղմոս 135։6)