Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 70

Հրեշտակները հայտնում են, որ Հիսուսը ծնվել է

Հրեշտակները հայտնում են, որ Հիսուսը ծնվել է

Հռոմեական կայսրության կառավարիչ Օգոստոս կայսրը հրաման տվեց, որ բոլոր հրեաները վերադառնան իրենց հայրենի քաղաք՝ գրանցվելու։ Քանի որ Հովսեփի ազգատոհմը Բեթլեհեմից էր, նա և Մարիամը ճանապարհ ընկան դեպի այդ քաղաք։ Կարճ ժամանակ անց Մարիամը պետք է ծննդաբերեր։

Երբ նրանք հասան Բեթլեհեմ, մնալու տեղ չգտան և ստիպված էին մնալ ախոռում։ Այնտեղ էր, որ Մարիամը ունեցավ իր որդուն՝ Հիսուսին։ Նա նուրբ կտորներով բարուրեց իր փոքրիկին և զգուշորեն դրեց մսուրի մեջ։

Բեթլեհեմի մոտակայքում հովիվներ կային, որոնք գիշերը դրսում էին անցկացնում, որպեսզի պահպանեին իրենց հոտերը։ Հանկարծ մի հրեշտակ կանգնեց նրանց առաջ, ու Եհովայի փառքը լուսավորեց նրանց շուրջը։ Հովիվները շատ վախեցան։ Բայց հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ուրախալի լուր պետք է հայտնեմ ձեզ։ Այսօր Բեթլեհեմում ծնվեց Մեսիան»։ Այդ պահին երկնքում շատ հրեշտակներ հայտնվեցին, որոնք ասում էին. «Փա՜ռք Աստծուն երկնքում, և խաղաղությո՜ւն երկրի վրա»։ Հետո հրեշտակները հեռացան։ Իսկ ի՞նչ արեցին հովիվները։

Հովիվները իրար ասացին. «Եկեք շտապ Բեթլեհեմ գնանք»։ Նրանք շտապելով գնացին Բեթլեհեմ և ախոռում գտան Մարիամին ու Հովսեփին իրենց նորածին երեխայի հետ։

Նրանք, ովքեր իմանում էին, թե ինչ էր ասել հրեշտակը հովիվներին, շատ էին զարմանում։ Իսկ Մարիամը մտածում էր հրեշտակի խոսքերի մասին։ Նա երբեք չմոռացավ դրանք։ Այնուհետև հովիվները վերադարձան իրենց հոտերի մոտ՝ շնորհակալություն հայտնելով Եհովային այն բոլոր բաների համար, որ լսել ու տեսել էին։

«Աստծու կողմից ուղարկվեցի և հիմա այստեղ եմ։ Ոչ էլ իմ նախաձեռնությամբ եկա, այլ նա ուղարկեց ինձ» (Հովհաննես 8։42)