Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 78

Հիսուսը քարոզում է Թագավորության մասին լուրը

Հիսուսը քարոզում է Թագավորության մասին լուրը

Մկրտվելուց կարճ ժամանակ անց Հիսուսը սկսեց քարոզել, որ «մոտեցել է Աստծու թագավորությունը»։ Աշակերտները նրա հետ շրջում էին Գալիլեայով ու Հրեաստանով։ Երբ Հիսուսը վերադարձավ իր հայրենի քաղաք՝ Նազարեթ, մտավ ժողովարան, բացեց Եսայիայի գիրքը և բարձրաձայն կարդաց. «Եհովան ինձ տվել է իր սուրբ ոգին, որ քարոզեմ բարի լուրը»։ Ի՞նչ էր դա նշանակում։ Դա նշանակում էր, որ թեև մարդիկ ուզում էին, որ Հիսուսը հրաշքներ գործեր, սակայն գլխավոր պատճառը, որ նա սուրբ ոգի էր ստացել, բարի լուրը քարոզելն էր։ Ապա նա իրեն լսողներին ասաց. «Այսօր այս մարգարեությունը կատարվեց»։

Հետո Հիսուսը գնաց Գալիլեայի ծով, որտեղ հանդիպեց իր աշակերտներից չորսին, որոնք ձկնորսներ էին։ Նա նրանց ասաց. «Ինձ հետ եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ»։ Այդ աշակերտներն էին Պետրոսը, Անդրեասը, Հակոբոսն ու Հովհաննեսը։ Նրանք անմիջապես թողեցին ձկնորսական գործը ու գնացին նրա հետևից։ Նրանք շրջում էին ողջ Գալիլեայով՝ քարոզելով Եհովայի Թագավորության մասին։ Հիսուսը և նրա աշակերտները քարոզում էին ժողովարաններում, հրապարակներում և փողոցներում։ Մարդկանց մի մեծ բազմություն նրանց հետևից էր գնում։ Հիսուսի համբավը տարածվեց ամենուրեք, անգամ Ասորիքում։

Որոշ ժամանակ անց Հիսուսը իր հետևորդներից ոմանց զորություն տվեց բուժելու մարդկանց և հանելու դևերին։ Նա իր աշակերտների հետ գնում էր քաղաքից քաղաք և գյուղից գյուղ ու քարոզում էր։ Որոշ հավատարիմ կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հովհաննան, Սուսաննան և ուրիշներ, հոգ էին տանում Հիսուսի և նրա աշակերտների մասին։

Իր աշակերտներին կրթելուց հետո Հիսուսը նրանց ուղարկեց քարոզելու։ Երբ նրանք շրջում էին Գալիլեայում, շատերը աշակերտ դարձան ու մկրտվեցին։ Այնքան շատ մարդիկ էին ցանկանում դառնալ Հիսուսի աշակերտը, որ նա նրանց համեմատեց արտի հետ, որը պատրաստ է հնձվելու։ Նա ասաց. «Աղոթեք Եհովային, որ ավելի շատ աշխատողներ ուղարկի հնձի համար»։ Ավելի ուշ նա ընտրեց 70 աշակերտի և երկու-երկու ուղարկեց քարոզելու ողջ Հրեաստանում։ Նրանք բոլորին սովորեցնում էին Թագավորության մասին։ Երբ աշակերտները վերադարձան, ուրախ-ուրախ պատմեցին Հիսուսին այն, ինչ տեղի էր ունեցել իրենց հետ։ Սատանան ոչ մի կերպ չէր կարողացել կանգնեցնել քարոզչական գործը։

Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց, որ շարունակեն կատարել այդ կարևոր գործը նաև այն ժամանակ, երբ նա երկինք վերադառնա։ Նա ասաց. «Բարի լուրը քարոզեք ողջ երկրով մեկ։ Սովորեցրեք մարդկանց Աստծու Խոսքը և մկրտեք նրանց»։

«Աստծու թագավորության բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (Ղուկաս 4։43)