Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 87

Վերջին ընթրիքը

Վերջին ընթրիքը

Ամեն տարի նիսանի 14-ին հրեաները նշում էին Պասեքը։ Դա հիշեցնում էր նրանց այն, թե ինչպես էր Եհովան ազատել իրենց Եգիպտոսի գերությունից և բերել Ավետյաց երկիր։ Մ. թ. 33-ին Երուսաղեմում Հիսուսն ու նրա առաքյալները նշում էին Պասեքը մի տան վերնասենյակում։ Ընթրիքի վերջում Հիսուսն ասաց. «Ձեզնից մեկը մատնելու է ինձ»։ Առաքյալները շատ զարմացան և սկսեցին հարցնել նրան. «Ո՞վ է մատնելու»։ Հիսուսը պատասխանեց. «Ում որ այս հացը տամ, նա է մատնելու»։ Հետո նա մի կտոր հաց տվեց Հուդա Իսկարիովտացուն։ Հուդան անմիջապես վեր կացավ և դուրս եկավ սենյակից։

Դրանից հետո Հիսուսը աղոթեց, հացը կտորների բաժանեց և տվեց իր մյուս առաքյալներին։ Նա ասաց. «Վերցրե՛ք, կերե՛ք. սա խորհրդանշում է իմ մարմինը, որը տրվելու է ձեզ համար»։ Ապա վերցրեց գինով բաժակը, աղոթեց և տալով իր առաքյալներին՝ ասաց. «Խմե՛ք այս գինուց։ Սա խորհրդանշում է իմ արյունը, որը թափվելու է շատերի մեղքերի ներման համար։ Խոստանում եմ, որ դուք ինձ հետ թագավորներ կլինեք երկնքում։ Այս բանն արեք ամեն տարի՝ ինձ հիշելու համար»։ Հիսուսի հետևորդները մինչև հիմա ամեն տարի այդ նույն երեկո միասին հավաքվում են, որ հիշեն Հիսուսի մահը։ Այդ արարողությունը կոչվում է Տիրոջ ընթրիք։

Ընթրիքից հետո առաքյալները սկսեցին վիճել, թե իրենցից ով է ամենակարևորը։ Բայց Հիսուսն ասաց. «Ձեր միջի մեծը թող լինի փոքրի պես, այսինքն՝ չհամարի իրեն կարևոր մարդ։

Դուք իմ ընկերներն եք։ Ես հայտնեցի ձեզ այն ամենը, ինչ իմ Հայրը ուզում է, որ իմանաք։ Շուտով ես կգնամ իմ Հոր մոտ՝ երկինք։ Դուք կմնաք այստեղ, և մարդիկ, տեսնելով միմյանց հանդեպ ունեցած ձեր սերը, կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք։ Ինչպես ես ձեզ սիրեցի, այնպես էլ դուք սիրեք իրար»։

Վերջում Հիսուսը աղոթեց՝ խնդրելով Եհովային պաշտպանել բոլոր աշակերտներին, օգնել նրանց խաղաղությամբ համագործակցելու իրար հետ, նաև խնդրեց, որ նրա անունը սրբացվի։ Դրանից հետո Հիսուսը և նրա առաքյալները գովաբանության երգեր երգեցին ու դուրս գնացին։ Մոտենում էր ժամը, երբ Հիսուսը ձերբակալվելու էր։

«Մի՛ վախեցիր, փո՛քր հոտ, որովհետև ձեր Հայրը հաճեց, որ թագավորությունը ձեզ տա» (Ղուկաս 12։32)