Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 90

Հիսուսը մահանում է Գողգոթայում

Հիսուսը մահանում է Գողգոթայում

Ավագ քահանաները Հիսուսին տարան կառավարչի պալատ։ Պիղատոսը հարցրեց նրանց. «Ի՞նչ մեղադրանք եք ներկայացնում այս մարդու դեմ»։ Նրանք ասացին. «Նա ասում է, թե թագավոր է»։ Պիղատոսը Հիսուսին հարցրեց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը պատասխանեց. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ»։

Հետո Պիղատոսը Հիսուսին ուղարկեց Գալիլեայի կառավարիչ Հերովդեսի մոտ, որ վերջինս տեսնի, թե արդյոք նա որևէ բանում մեղավոր է։ Հերովդեսը տեսավ, որ Հիսուսը ոչ մի հանցանք չունի, և նրան հետ ուղարկեց Պիղատոսի մոտ։ Այդ ժամանակ Պիղատոսը ժողովրդին ասաց. «Ո՛չ ես, ո՛չ Հերովդեսը այս մարդուն որևէ բանում մեղավոր չենք համարում։ Ես ազատ կարձակեմ նրան»։ Բայց ողջ բազմությունը աղաղակեց. «Սպանի՛ր նրան։ Սպանի՛ր նրան»։ Զինվորները մտրակներով ծեծեցին Հիսուսին, թքեցին նրա վրա ու խփեցին նրան։ Հետո փշերից մի պսակ հյուսեցին, դրեցին նրա գլխին և ծաղրելով ասացին. «Ողջո՜ւյն, ո՛վ հրեաների Թագավոր»։ Պիղատոսը նորից ամբոխին ասաց. «Չեմ կարծում, որ այս մարդը ինչ-որ վատ բան է արել»։ Բայց ժողովուրդը բղավեց. «Ցցի՛ն գամիր նրան»։ Ի վերջո, Պիղատոսը Հիսուսին հանձնեց նրանց ձեռքը, որ ցցին գամեն։

Հիսուսին տարան Գողգոթա կոչված վայրը, նրան գամեցին ցցին և այն ուղիղ կանգնեցրին։ Հիսուսը աղոթեց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետև չեն հասկանում, թե ինչ են անում»։ Մարդիկ ծաղրում էին Հիսուսին և ասում. «Եթե Աստծու Որդի ես, ցա՛ծ իջիր ցցից։ Փրկիր ինքդ քեզ»։

Նրա կողքին ցցին գամված հանցագործներից մեկը ասաց. «Հիսո՛ւս, հիշի՛ր ինձ, երբ մտնես քո թագավորություն»։ Հիսուսը խոստացավ նրան. «Դու ինձ հետ Դրախտում կլինես»։ Կեսօրին խավար իջավ ամբողջ երկրի վրա, որը տևեց երեք ժամ։ Աշակերտներից ոմանք, այդ թվում՝ Հիսուսի մայր Մարիամը, կանգնած էին տանջանքի ցցի մոտ։ Հիսուսը Հովհաննեսին ասաց, որ հոգ տանի Մարիամին, ինչպես իր մորը։

Ի վերջո, Հիսուսն ասաց՝ կատարվե՛ց, և գլուխը խոնարհելով՝ տվեց իր վերջին շունչը։ Այդ պահին ուժգին երկրաշարժ եղավ։ Տաճարում Սրբության և Սրբությունների Սրբության միջև եղող ծանր վարագույրը վերից վար պատռվեց՝ բաժանվելով երկու մասի։ Այդ ժամանակ մի հարյուրապետ ասաց. «Իսկապես որ, այս մարդը Աստծու Որդի էր»։

«Եվ որքան որ Աստծու խոստումներ կան, նրա միջոցով «այո» եղան» (2 Կորնթացիներ 1։20)