Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 92

Հիսուսը հայտնվում է ձկնորսներին

Հիսուսը հայտնվում է ձկնորսներին

Որոշ ժամանակ անց այն բանից հետո, երբ Հիսուսը հայտնվեց առաքյալներին, Պետրոսը որոշեց գնալ Գալիլեայի ծով՝ ձուկ որսալու։ Թովմասը, Հակոբոսը, Հովհաննեսն ու մի քանի ուրիշ աշակերտներ գնացին նրա հետ։ Բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։

Վաղ առավոտյան նրանք տեսան, որ ծովափին մի մարդ է կանգնած։ Նա ձայն տվեց նրանց. «Տղանե՛ր, ձուկ բռնեցի՞ք»։ Նրանք պատասխանեցին՝ ո՛չ։ Նա ասաց. «Ցանցը նավակի աջ կողմը գցեք»։ Երբ նրանք այդպես արեցին, այնքան շատ ձուկ լցվեց ցանցի մեջ, որ չէին կարողանում այն դուրս քաշել։ Հանկարծ Հովհաննեսը հասկացավ, որ այդ մարդը Հիսուսն է, և ասաց՝ Տե՛րն է։ Դա լսելով՝ Պետրոսը անմիջապես ծովը նետվեց և լողալով ափ հասավ։ Իսկ մյուս աշակերտները նավակով հասան ափ։

Ափին նրանք կրակի վրա եփվող ձկներ ու հաց տեսան։ Հիսուսը նրանց ասաց, որ բերեն նաև այն ձկներից, որ նոր էին բռնել։ Ապա ասաց. «Եկեք նախաճաշեք»։

Նախաճաշելուց հետո Հիսուսը Պետրոսին հարցրեց. «Սիրո՞ւմ ես ինձ ձկնորսությունից ավելի շատ»։ Պետրոսը պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նա ասաց նրան. «Կերակրի՛ր իմ գառներին»։ Հիսուսը նորից հարցրեց. «Պետրո՛ս, սիրո՞ւմ ես ինձ»։ Նա պատասխանեց. «Տե՛ր, դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Հիսուսը ասաց. «Հովվի՛ր իմ գառնուկներին»։ Ապա նույն բանը երրորդ անգամ հարցրեց նրան։ Պետրոսը շատ տխրեց և պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն բան գիտես։ Դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Հիսուսը ասաց. «Կերակրի՛ր իմ գառնուկներին»։ Այնուհետև ավելացրեց. «Շարունակիր հետևել ինձ»։

«[Հիսուսը] ասաց նրանց. «Իմ հետևի՛ց եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ»։ Նրանք էլ իսկույն թողեցին ցանցերն ու գնացին նրա հետևից» (Մատթեոս 4։19, 20)