Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 96

Հիսուսը ընտրում է Սողոսին

Հիսուսը ընտրում է Սողոսին

Սողոսը ծնվել էր Տարսոնում և Հռոմի քաղաքացի էր։ Նա փարիսեցի էր և լավ գիտեր հրեական Օրենքը։ Սողոսը ատում էր քրիստոնյաներին։ Նա քրիստոնյա տղամարդկանց ու կանանց ստիպելով դուրս էր հանում իրենց տներից և բանտ գցում։ Իսկ երբ բարկացած ամբոխը քարերով հարվածելով սպանեց Ստեփանոս աշակերտին, նա կանգնած նայում էր։

Սակայն Սողոսը չբավարարվեց միայն Երուսաղեմում եղող քրիստոնյաներին ձերբակալելով։ Նա քահանայապետին խնդրեց, որ իրեն ուղարկի Դամասկոս, որպեսզի բռնի այնտեղի քրիստոնյաներին։ Երբ Սողոսը մոտենում էր քաղաքին, հանկարծ մի պայծառ լույս փայլեց նրա շուրջը, և նա գետին ընկավ։ Նա մի ձայն լսեց. «Սողո՛ս, ինչո՞ւ ես ինձ հալածում»։ Սողոսը հարցրեց. «Ո՞վ ես դու»։ Ձայնը պատասխանեց. «Ես Հիսուսն եմ։ Գնա՛ Դամասկոս, և քեզ կասվի, թե դու ինչ պիտի անես»։ Սողոսը մի ակնթարթում կուրացել էր, այդ պատճառով ուրիշ մարդիկ, նրա ձեռքից բռնած, նրան ուղեկցեցին քաղաք։

Դամասկոսում Անանիա անունով մի հավատարիմ քրիստոնյա կար։ Նա տեսիլք տեսավ, որում Հիսուսը նրան ասաց. «Գնա՛ Հուդայի տուն, որը «Ուղիղ» կոչվող փողոցի վրա է, և փնտրիր Սողոսին»։ Սակայն Անանիան պատասխանեց. «Տե՛ր, այդ մարդու մասին ես ամեն ինչ գիտեմ։ Նա քո աշակերտներին բանտ է գցում»։ Հիսուսն ասաց նրան. «Գնա՛ նրա մոտ։ Ես ընտրել եմ Սողոսին, որ բարի լուրը քարոզի շատ ազգերի»։

Անանիան գտավ Սողոսին և նրան ասաց. «Սողո՛ս, եղբա՛յր, Հիսուսը ինձ ուղարկել է, որպեսզի բացեմ քո աչքերը»։ Հենց այդ պահին Սողոսը կրկին սկսեց տեսնել։ Նա սովորեց Հիսուսի մասին ու դարձավ նրա հետևորդը։ Սողոսը մկրտվեց՝ դառնալով քրիստոնյա, և իր հավատակիցների հետ սկսեց քարոզել ժողովարաններում։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան ապշեցին հրեաները՝ տեսնելով, որ նա մարդկանց սովորեցնում է Հիսուսի մասին։ Նրանք ասում էին. «Սա այն մարդը չէ՞, որ հալածում էր Հիսուսի աշակերտներին»։

Երեք տարի Սողոսը քարոզեց Դամասկոսում բնակվող մարդկանց։ Հրեաները ատում էին նրան և որոշեցին սպանել։ Բայց երբ Սողոսի հավատակիցները իմացան նրանց դավադրության մասին, նրան օգնեցին, որ փախչի։ Նրանք Սողոսին քաղաքի պարսպի մեջ եղած անցքից զամբյուղով ցած իջեցրին։

Երբ Սողոսը գնաց Երուսաղեմ, փորձեց միանալ այնտեղի եղբայրներին։ Սակայն բոլորը վախենում էին նրանից։ Հետո Բառնաբաս անունով մի բարի աշակերտ Սողոսին տարավ առաքյալների մոտ և վստահեցրեց նրանց, որ նա իսկապես փոխվել է։ Սողոսը Երուսաղեմում եղող ժողովի հետ սկսեց եռանդորեն քարոզել բարի լուրը։ Հետագայում նա հայտնի դարձավ որպես Պողոս։

«Քրիստոս Հիսուսը եկավ աշխարհ՝ մեղավորներին փրկելու, որոնց մեջ առաջինը ես եմ» (1 Տիմոթեոս 1։15)