Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 97

Կոռնելիոսը սուրբ ոգի է ստանում

Կոռնելիոսը սուրբ ոգի է ստանում

Կեսարիայում հռոմեական բանակում ծառայող մի հարյուրապետ կար, որի անունը Կոռնելիոս էր։ Թեև նա հրեա չէր, սակայն հրեաները հարգում էին նրան։ Կոռնելիոսը շատ էր օգնում աղքատ և կարիքավոր մարդկանց։ Նա հավատում էր Եհովային ու միշտ աղոթում էր նրան։ Մի օր Եհովայի հրեշտակը հայտնվեց Կոռնելիոսին և ասաց. «Աստված լսել է քո աղոթքները։ Մարդ ուղարկիր Հոպպե քաղաք, որտեղ մնում է Պետրոսը, և խնդրիր նրան, որ քեզ մոտ գա»։ Կոռնելիոսը անմիջապես երեք մարդ ուղարկեց Հոպպե, որը Կեսարիայից մոտ 50 կիլոմետր [մոտ 30 մղոն] դեպի հարավ էր գտնվում։

Մինչ նրանք կհասնեին Հոպպե, Պետրոսը մի տեսիլք ստացավ։ Նա տեսավ այնպիսի կենդանիներ, որոնք հրեաներին թույլ չէր տրվում ուտել, և մի ձայն լսեց, որը պատվիրում էր նրան ուտել դրանք։ Բայց Պետրոսը հրաժարվեց՝ ասելով. «Ես իմ կյանքում երբեք անմաքուր կենդանի չեմ կերել»։ Այդ ժամանակ ձայնն ասաց նրան. «Մի՛ ասա, որ այս կենդանիները անմաքուր են, որովհետև Աստված մաքրել է դրանք»։ Բացի այդ, ձայնը Պետրոսին ասաց. «Ահա երեք մարդիկ են կանգնած քո դռան մոտ։ Գնա՛ նրանց հետ»։ Պետրոսը գնաց դռան մոտ ու այդ մարդկանց հարցրեց, թե ինչու են նրանք եկել։ Նրանք պատասխանեցին. «Մեզ ուղարկել է Կոռնելիոսը՝ հռոմեական բանակի հարյուրապետը։ Նա խնդրում է, որ դու գնաս իր տուն, որը Կեսարիայում է»։ Այդ ժամանակ Պետրոսը ներս հրավիրեց նրանց և գիշերը հյուրընկալեց։ Հաջորդ օրը նա, ինչպես նաև Հոպպեից որոշ եղբայրներ այդ մարդկանց հետ գնացին Կեսարիա։

Երբ Կոռնելիոսը վերջապես տեսավ Պետրոսին, խոնարհվեց նրա առաջ։ Բայց Պետրոսը ասաց. «Վե՛ր կաց, ես ինքս էլ մարդ եմ։ Աստված ինձ ասաց, որ գամ քո տուն, թեև հրեաները հեթանոսների տուն չեն գնում։ Հիմա, խնդրում եմ, ասա ինձ, թե ինչու ես մարդ ուղարկել իմ հետևից»։

Կոռնելիոսը պատասխանեց. «Չորս օր առաջ ես աղոթում էի Աստծուն, և մի հրեշտակ ասաց ինձ, որ մարդ ուղարկեմ քո հետևից։ Խնդրում եմ, հայտնիր մեզ Եհովայի խոսքերը»։ Պետրոսը ասաց. «Ես հասկացա, որ Աստված կողմնակալ չէ։ Նա ընդունում է բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են երկրպագել իրեն»։ Պետրոսը նրանց շատ բաներ սովորեցրեց Հիսուսի մասին։ Հետո սուրբ ոգին իջավ Կոռնելիոսի ու նրա հետ եղողների վրա, և բոլորը մկրտվեցին։

«Բոլոր ազգերի մեջ, ով վախենում է [Աստծուց] և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործեր 10։35)