Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 98

Քրիստոնեությունը տարածվում է շատ երկրներում

Քրիստոնեությունը տարածվում է շատ երկրներում

Առաքյալները հնազանդվեցին ամբողջ երկրով մեկ բարի լուրը քարոզելու Հիսուսի պատվերին։ Մ. թ. 47 թ.-ին Անտիոքի եղբայրները Պողոսին ու Բառնաբասին ուղարկեցին քարոզչական շրջագայության։ Այդ երկու եռանդուն քարոզիչները շրջեցին ողջ Փոքր Ասիայում ու եղան այնպիսի վայրերում ինչպիսիք են Դերբեն, Լյուստրան և Իկոնիոնը։

Պողոսն ու Բառնաբասը քարոզում էին բոլորին՝ թե՛ հարուստներին, թե՛ աղքատներին, թե՛ երիտասարդներին, թե՛ տարեցներին։ Շատ մարդիկ ընդունում էին Քրիստոսի մասին ճշմարտությունը։ Երբ Պողոսն ու Բառնաբասը քարոզեցին Սերգիոս Պողոսին՝ Կիպրոսի կառավարչին, մի կախարդ փորձեց խանգարել նրանց։ Այդ ժամանակ Պողոսն ասաց նրան. «Եհովան կպատժի քեզ»։ Այդ պահին կախարդը կուրացավ։ Տեսնելով պատահածը՝ կառավարիչը հավատացյալ դարձավ։

Պողոսն ու Բառնաբասը քարոզում էին ամենուրեք՝ տնից տուն, հրապարակներում, ճանապարհներին և ժողովարաններում։ Լյուստրայում նրանք մի կաղ մարդու բուժեցին, և այն մարդիկ, ովքեր տեսան այդ հրաշքը, կարծեցին, թե Պողոսն ու Բառնաբասը աստվածներ են, և ուզեցին երկրպագել նրանց։ Բայց Պողոսն ու Բառնաբասը թույլ չտվեցին նրանց դա անել և ասացին. «Մենք պարզապես մարդ ենք։ Միայն Աստծո՛ւն երկրպագեք»։ Հետո որոշ հրեաներ եկան ու ժողովրդին Պողոսի դեմ հանեցին։ Ամբոխը քարկոծեց նրան, քարշ տվեց քաղաքից դուրս և թողեց այնտեղ՝ կարծելով, թե մեռած է։ Սակայն Պողոսը ողջ էր։ Եղբայրները իսկույն օգնության հասան նրան ու հետ տարան քաղաք։ Ավելի ուշ նա վերադարձավ Անտիոք։

Մ. թ. 49 թ.-ին Պողոսը մեկ ուրիշ շրջագայության գնաց։ Նա վերադարձավ Փոքր Ասիա, որ տեսնի եղբայրներին, և հետո բարի լուրը քարոզեց ավելի հեռու վայրերում՝ հասնելով մինչև Եվրոպա։ Նա գնաց Աթենք, Եփեսոս, Փիլիպպե, Թեսաղոնիկե և ուրիշ տեղեր։ Շիղան, Ղուկասը ու Տիմոթեոս անունով մի երիտասարդ միացան Պողոսին։ Նրանք միասին համագործակցում էին, որ ժողովներ հիմնեին և ամրացնեին դրանք։ Պողոսը մնաց Կորնթոսում մեկուկես տարի և զորացրեց այնտեղի եղբայրներին։ Նա քարոզում էր, ուսուցանում և նամակներ էր գրում բազմաթիվ ժողովների։ Նա նաև աշխատում էր. նրա գործը վրաններ պատրաստելն էր։ Որոշ ժամանակ անց Պողոսը վերադարձավ Անտիոք։

Ավելի ուշ՝ մ. թ. 52 թ.-ին, Պողոսը կատարեց իր երրորդ շրջագայությունը՝ այն սկսելով Փոքր Ասիայից։ Նա գնաց հյուսիս՝ հասնելով մինչև Փիլիպպե, իսկ հետո գնաց Կորնթոս։ Առաքյալը մի քանի տարի անցկացրեց նաև Եփեսոսում՝ սովորեցնելով, բուժումներ անելով և օգնելով ժողովին։ Նա ամեն օր ելույթներ էր ունենում մի դպրոցում։ Շատերն էին լսում նրան և փոխում իրենց կյանքը։ Ի վերջո, շատ երկրներում բարի լուրը քարոզելուց հետո Պողոսը գնաց Երուսաղեմ։

«Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք» (Մատթեոս 28։19)