Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 99

Բանտապահը իմանում է ճշմարտությունը

Բանտապահը իմանում է ճշմարտությունը

Փիլիպպեում մի դիվահար աղջիկ կար։ Այդ աղջիկը գուշակություն էր անում և իր տերերին մեծ շահ էր բերում։ Երբ Պողոսն ու Շիղան եկան Փիլիպպե, այդ աղջիկը սկսեց նրանց հետևից գնալ։ Դա տևեց շատ օրեր։ Դևն այնպես էր անում, որ նա բղավեր ու ասեր. «Այս մարդիկ Բարձրյալ Աստծու ծառաներ են»։ Ի վերջո, Պողոսը դևին ասաց. «Հիսուսի անունով հրամայում եմ քեզ, դո՛ւրս արի նրա միջից»։ Եվ նա դուրս եկավ։

Երբ աղջկա տերերը հասկացան, որ այլևս չեն կարող նրա միջոցով շահ ստանալ, շատ բարկացան։ Նրանք Պողոսին ու Շիղային քարշ տվեցին քաղաքի պաշտոնյաների մոտ և ասացին. «Այս մարդիկ խախտում են օրենքը և շատ անհանգստություն են պատճառում մեր քաղաքին»։ Այդ ժամանակ քաղաքի պաշտոնյաները հրամայեցին, որ Պողոսին ու Շիղային ծեծեն ու բանտ գցեն։ Բանտապահը նրանց բանտի ամենամութ մասը գցեց՝ փակելով ներքին խցերից մեկում, և նրանց ոտքերը կոճղի մեջ դրեց։

Պողոսն ու Շիղան երգով սկսեցին գովաբանել Եհովային, իսկ մյուս բանտարկյալները լսում էին։ Հանկարծ կեսգիշերին ուժգին երկրաշարժ եղավ, այնպես որ բանտը ցնցվեց։ Բանտի դռները բացվեցին, և բանտարկյալների շղթաներն ու կոճղերը ընկան։ Բանտապահը վազեց դեպի բանտի ներքին խցերը և տեսավ, որ դռները բացվել են։ Վստահ լինելով, որ բոլոր բանտարկյալները փախել են՝ նա քաշեց իր սուրը, որ սպանի իրեն։

Հենց այդ պահին Պողոսը բղավեց. «Քեզ մի՛ վնասիր։ Բոլորս այստեղ ենք»։ Բանտապահը մտավ բանտախուց և ընկավ Պողոսի ու Շիղայի առաջ։ Նա հարցրեց նրանց. «Ի՞նչ պիտի անեմ, որ փրկվեմ»։ Նրանք պատասխանեցին. «Դու և քո տունը պետք է հավատաք Հիսուսին»։ Հետո Պողոսն ու Շիղան նրանց սովորեցրին Եհովայի խոսքը։ Եվ բանտապահն ու նրա տնեցիները մկրտվեցին։

«Մարդիկ ձեզ կբռնեն ու կհալածեն՝ իմ անվան պատճառով մատնելով ձեզ ժողովարաններին ու բանտերին, քարշ տալով թագավորների ու կառավարիչների առաջ։ Դա ձեզ համար վկայություն տալու հնարավորություն կստեղծի» (Ղուկաս 21։12, 13)