Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 101

Պողոսին ուղարկում են Հռոմ

Պողոսին ուղարկում են Հռոմ

Պողոսի երրորդ քարոզչական շրջագայությունը ավարտվեց Երուսաղեմում։ Այնտեղ նրան ձերբակալեցին ու բանտ գցեցին։ Գիշերը տեսիլքում Հիսուսը նրան ասաց. «Դու կգնաս Հռոմ և այնտեղ կքարոզես»։ Դրանից հետո Պողոսին Երուսաղեմից տարան Կեսարիա, որտեղ նա երկու տարի մնաց բանտում։ Ֆեստոս կառավարչի առաջ իր դատավարության ժամանակ Պողոսն ասաց. «Ես ուզում եմ, որ կայսրը ինձ դատի Հռոմում»։ Ֆեստոսը պատասխանեց. «Կայսրին բողոքեցիր, կայսրի մոտ էլ կգնաս»։ Պողոսին նստեցրին Հռոմ գնացող մի նավ։ Նրա հետ գնացին Ղուկաս և Արիստարքոս անունով նրա երկու հավատակիցները։

Ծովի վրա ուժգին փոթորիկ սկսվեց, որը շատ օրեր տևեց։ Բոլորը մտածում էին, թե կմեռնեն։ Բայց Պողոսը ասաց. «Մարդի՛կ, այս գիշեր մի հրեշտակ երազում ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, Պողո՛ս։ Դու կհասնես Հռոմ, և նավում քեզ հետ եղող մարդկանց ոչինչ չի պատահի»։ Ուստի քա՛ջ եղեք։ Մենք չենք մեռնելու»։

Փոթորիկը տևեց 14 օր։ Ի վերջո, երևաց ցամաքը։ Դա Մալթա կղզին էր։ Նավը ընկավ մի ծանծաղուտի մեջ և ալիքների հարվածներից ջարդուփշուր եղավ։ Բայց նրա վրա եղող բոլոր 276 մարդիկ ապահով ցամաք հասան։ Ոմանք լողալով ափ հասան, ոմանք էլ նավի տախտակներից բռնած։ Մալթայի բնակիչները հոգ տարան նրանց մասին և կրակ վառեցին, որ նրանք տաքանան։

Երեք ամիս անց զինվորները մեկ ուրիշ նավով Պողոսին տարան Հռոմ։ Երբ նա տեղ հասավ, եղբայրները եկան դիմավորելու նրան։ Տեսնելով նրանց՝ Պողոսը շնորհակալություն հայտնեց Աստծուն և քաջություն առավ։ Թեև նա բանտարկյալ էր, նրան թույլ տրվեց վարձված տանը մնալ՝ զինվորի հսկողության տակ։ Նա այնտեղ մնաց երկու տարի։ Մարդիկ գալիս էին Պողոսին տեսնելու, և նա քարոզում էր նրանց Աստծու Թագավորության մասին ու սովորեցնում էր Հիսուսի մասին։ Պողոսը նաև նամակներ էր գրում Փոքր Ասիայի ու Հրեաստանի ժողովներին։ Իսկապես, Եհովան նրա միջոցով բարի լուրը հասցրեց տարբեր ազգերի։

«Բոլոր առումներով մեզ երաշխավորում ենք իբրև Աստծու ծառաների՝ համբերությամբ հանձն առնելով շատ փորձություններ՝ նեղությունները, կարիքի մեջ լինելը, դժվարությունները» (2 Կորնթացիներ 6։4)