Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 103

«Թող գա քո թագավորությունը»

«Թող գա քո թագավորությունը»

Եհովան խոստացավ. «Այլևս չեն լինի արտասուք, ցավ, հիվանդություն և մահ։ Ես կսրբեմ ամեն արտասուք մարդկանց աչքերից։ Անցյալում եղած բոլոր վատ բաները կմոռացվեն»։

Եհովան Ադամին ու Եվային բնակեցրեց Եդեմի պարտեզում, որպեսզի նրանք ապրեին խաղաղ ու երջանիկ։ Ադամն ու Եվան պետք է երկրպագեին իրենց երկնային Հորը, երեխաներ ունենային ու երկիրը լցնեին նրանցով։ Թեև նրանք չհնազանդվեցին Եհովային, բայց նրա նպատակը երբեք չփոխվեց։ Այս գրքում մենք տեսանք, որ Աստծու բոլոր խոստումները իրականանում են։ Նրա Թագավորությունը հրաշալի օրհնություններ է բերելու երկրի վրա, ինչպես որ Աստված խոստացել էր Աբրահամին։

Շուտով Սատանան, նրա դևերը և վատ մարդիկ կկործանվեն։ Բոլորը կերկրպագեն Եհովային։ Մենք չենք հիվանդանա ու չենք մահանա։ Ընդհակառակը՝ ամեն օր կարթնանանք նոր ուժերով լի և ուրախ կլինենք, որ ողջ ենք։ Ամբողջ երկիրը դրախտ կդառնա։ Յուրաքանչյուր մարդ առատ ու առողջ սնունդ և հարմարավետ տուն կունենա։ Մարդիկ ոչ թե դաժան ու բռնի կլինեն, այլ բարի։ Վայրի գազանները չեն վախենա մեզնից, և մենք էլ նրանցից չենք վախենա։

Որքա՜ն հուզիչ կլինի տեսնել, որ Եհովան հարություն է տալիս մարդկանց։ Մենք կդիմավորենք անցյալում ապրած նրա ծառաներին՝ Աբելին, Նոյին, Աբրահամին, Սառային, Մովսեսին, Հռութին, Եսթերին, Դավթին և ուրիշների։ Նրանք մեզ հետ երկիրը դրախտի կվերածեն։ Միշտ շատ հետաքրքիր գործեր կլինեն անելու։

Եհովան ուզում է, որ դու այդ աշխարհում ապրես։ Դու այնքա՜ն հետաքրքիր բաներ կիմանաս նրա մասին։ Ուստի ամեն օր ավելի ու ավելի մտերմացիր Եհովայի հետ և դա արա հիմա ու հավիտյան։

«Արժանի՛ ես, Եհո՛վա, Աստվա՛ծ մեր, առնելու փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դո՛ւ ստեղծեցիր բոլոր բաները» (Հայտնություն 4։11)