Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նամակ Կառավարիչ մարմնից

Նամակ Կառավարիչ մարմնից

Սիրելի՛ հավատակիցներ,

Լինելով Եհովայի երկրպագուներ՝ մենք սիրում ենք նրա Խոսքը՝ Աստվածաշունչը։ Մենք վստահ ենք, որ այն պարունակում է ճշգրիտ պատմություններ, տալիս է վստահելի առաջնորդություն և մարդկային ընտանիքի հանդեպ Եհովայի՝ սիրտ ջերմացնող սիրո ապացույցն է (Սաղմոս 119։105; Ղուկաս 1։3; 1 Հովհաննես 4։19)։ Մեր մեծ ցանկությունն է օգնել ուրիշներին իմանալու Աստծու Խոսքում տեղ գտած թանկ ճշմարտությունները։ Այդ նպատակով ձեզ ենք ներկայացնում «Սովորում եմ Աստվածաշնչից» գիրքը։ Թույլ տվեք մի փոքր պատմել այս գրքի մասին։

Այս գիրքը նախատեսված է գլխավորապես երեխաների համար։ Բայց այն կարող է օգտակար լինել նաև չափահաս անհատների համար, ովքեր ցանկանում են ավելի շատ տեղեկություն ստանալ Աստվածաշնչից։ Եվ քանի որ Աստվածաշունչը գրվել է բոլոր մարդկանց համար, կասկած չկա, որ յուրաքանչյուրս օգուտ կստանա, եթե աչքի անցկացնի այս գրքի դասերը, որոնք կարող են օգնել երջանիկ լինելու։

Աստվածաշնչյան պատմությունների միջոցով այս գիրքը նկարագրում է մարդկային ընտանիքի պատմությունը՝ արարչագործությունից սկսած։ Մեծ ջանքեր են թափվել, որ աստվածաշնչյան պատմությունները ներկայացվեն հստակ և պարզ, ինչպես նաև հնարավորինս այն հաջորդականությամբ, որով դրանք տեղի են ունեցել։

Սակայն «Սովորում եմ Աստվածաշնչից» գիրքը ավելին է անում, քան պարզապես աստվածաշնչյան պատմություններ պատմելը։ Թե՛ տեքստը, թե՛ նկարները կենդանացնում են այդ պատմությունները և փոխանցում են մարդկանց զգացումները։

Այս հրատարակությունը օգնում է մեզ ծանոթանալու աստվածաշնչյան այն հերոսների հետ, ովքեր հնազանդվել են Եհովային, ինչպես նաև նրանց հետ, ովքեր չեն հնազանդվել նրան։ Այն մղում է մեզ դասեր քաղելու նրանց օրինակից (Հռոմեացիներ 15։4; 1 Կորնթացիներ 10։6)։ Գիրքը բաղկացած է 14 բաժիններից։ Յուրաքանչյուր բաժնի սկզբում ամփոփվում են այն դասերը, որոնք կարող ենք սովորել։

Եթե ծնող ես, կարող ես երեխայիդ հետ կարդալ դասը և քննարկել դրան առնչվող նկարները։ Հետո միասին կարող եք կարդալ այն աստվածաշնչյան համարները, որոնց վրա հիմնված է այդ դասը։ Երեխայիդ օգնիր տեսնելու նշված աստվածաշնչյան համարների և գրքի դասերի միջև կապը։ Նման մոտեցումը կարող է արդյունավետ լինել նաև այն դեպքում, երբ չափահաս անհատի ես օգնում ընդհանուր պատկերացում կազմելու այն մասին, ինչ գրված է Աստվածաշնչում։

Հուսով ենք, որ այս հրատարակությունը կօգնի բոլոր ազնվասիրտ մարդկանց՝ երիտասարդ թե տարեց, սովորելու Աստծու Խոսքից և սովորածը կիրառելու կյանքում։ Արդյունքում նրանք նույնպես կկարողանան Աստծուն երկրպագել և լինել նրա ընտանիքի անդամները։

Ձեր եղբայրներ՝

Եհովայի վկաների Կառավարիչ մարմին