Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 7

Ազգերը «կիմանան, որ ես Եհովան եմ»

Ազգերը «կիմանան, որ ես Եհովան եմ»

ԵԶԵԿԻԵԼ 25։17

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. ինչ դաս ենք քաղում՝ ուսումնասիրելով Աստծու անունը արատավորած ազգերի հետ Իսրայելի ունեցած հարաբերությունների մասին

1, 2. ա) Ի՞նչ առումով էր Իսրայելը նման գայլերի ոհմակով շրջապատված միայնակ գառնուկի (տես առաջին նկարը)։ բ) Ի՞նչ սխալ էին թույլ տալիս Իսրայելի թագավորներն ու ժողովուրդը։

 ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ տարիներ շարունակ Իսրայելն ասես միայնակ գառնուկ լիներ՝ շրջապատված գայլերի ոհմակով։ Արևելքում իսրայելացիներին սպառնում էին ամմոնացիները, մովաբացիներն ու եդոմացիները, իսկ արևմուտքում՝ փղշտացիները՝ Իսրայելի դարավոր թշնամիները։ Հյուսիսում Տյուրոսն էր՝ հարուստ և հզոր քաղաք, որը զարգացած առևտրային կենտրոն էր։ Իսկ հարավում հին Եգիպտոսն էր։ Այնտեղ իշխում էր փարավոնը, որին աստվածացնում էին։

2 Երբ իսրայելացիները ապավինում էին Եհովային, նա պաշտպանում էր նրանց իրենց թշնամիներից։ Սակայն, ցավոք, նրանք և նրանց թագավորները նորից ու նորից ընկնում էին շրջակա ազգերի ապականիչ ազդեցության տակ։ Այդ թագավորներից էր թուլամորթ Աքաաբը։ Նա Հուդայի Հովսափատ թագավորի ժամանակակիցն էր և իշխում էր Իսրայելի տասցեղ թագավորության վրա։ Նա ամուսնացավ սիդոնացիների թագավորի՝ բարգավաճ Տյուրոս քաղաքի ղեկավարի դստեր հետ։ Այդ կինը, որի անունը Հեզաբել էր, Իսրայելում մոլեռանդորեն առաջ էր տանում Բահաղի պաշտամունքը, և նրա ամուսինը, լինելով նրա ազդեցության տակ, պղծեց մաքուր երկրպագությունը այնպես, ինչպես ոչ ոք չէր արել (1 Թագ. 16։30-33; 18։4, 19

3, 4. ա) Եզեկիելն ո՞ւմ վերաբերյալ սկսեց դատավճիռներ հայտնել։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու։

3 Եհովան բազմիցս իր ժողովրդին նախազգուշացրել էր իրեն անհավատարիմ լինելու հետևանքների մասին։ Սակայն այժմ նրա համբերության բաժակը լցվել էր (Երեմ. 21։7, 10; Եզեկ. 5։7-9)։ Մ. թ. ա. 609 թ.-ին բաբելոնական զորքը երրորդ անգամ ներխուժեց Խոստացված երկիր։ Նախորդ հարձակումից անցել էր գրեթե տասը տարի։ Այս անգամ նրանք քանդելու էին Երուսաղեմի պարիսպը և պատժելու նրանց, ովքեր ըմբոստացել էին Նաբուգոդոնոսորի դեմ։ Երբ քաղաքը պաշարվեց, և Աստծու ներշնչմամբ Եզեկիելի գրած մարգարեությունները սկսեցին կատարվել բոլոր սարսափելի մանրամասնություններով, մարգարեն սկսեց դատավճիռներ հայտնել Խոստացված երկրի շրջակա ազգերի վերաբերյալ։

Այն ազգերը, որոնք ծաղրում էին Եհովային, պատասխան էին տալու իրենց արարքների համար

4 Եհովան Եզեկիելին հայտնեց, որ Հուդայի թշնամիները ուրախանալու էին Երուսաղեմի կործանման վրա և կեղեքելու էին փրկվածներին։ Բայց այն ազգերը, որոնք ծաղրում էին Եհովային և հալածում ու ապականում էին նրա ժողովրդին, պատասխան էին տալու իրենց արարքների համար։ Ի՞նչ ենք սովորում այդ ազգերի հետ իսրայելացիների ունեցած հարաբերություններից։ Եվ այդ ազգերի մասին Եզեկիելի ասած մարգարեությունները ի՞նչ հույս են տալիս մեզ այսօր։

Եղբայրական ազգեր, որոնք «անզուսպ ծաղրել» են Իսրայելին

5, 6. Ի՞նչ ազգակցական կապ կար իսրայելացիների և ամմոնացիների միջև։

5 Ամմոնացիները, մովաբացիներն ու եդոմացիները արյունակցական կապ ունեին իսրայելացիների հետ։ Չնայած նրանց ազգակցական կապերին և պատմական անցյալին՝ նրանք դարերով թշնամություն են տածել Աստծու ժողովրդի հանդեպ և նրան «անզուսպ ծաղրել» են (Եզեկ. 25։6

6 Ամմոնացիները սերել էին Աբրահամի զարմիկ Ղովտի կրտսեր աղջկանից (Ծննդ. 19։38)։ Նրանց լեզուն այնքան մոտ էր եբրայերենին, որ Աստծու ժողովուրդը, ամենայն հավանականությամբ, հասկանում էր այն։ Հաշվի առնելով այս ազգակցական կապերը՝ Եհովան իսրայելացիներին կարգադրեց, որ պատերազմ չսկսեն ամմոնացիների դեմ (2 Օրենք 2։19)։ Սակայն դատավորների օրերում ամմոնացիները, միանալով մովաբացիների Եգլոն թագավորին, սկսեցին ճնշել Իսրայելին (Դատ. 3։12-15, 27-30)։ Հետագայում, երբ Սավուղը թագավոր դարձավ, ամմոնացիները հարձակվեցին Իսրայելի վրա (1 Սամ. 11։1-4)։ Հովսափատ թագավորի օրոք ամմոնացիները կրկին միացան մովաբացիներին և ներխուժեցին Խոստացված երկիր (2 Տար. 20։1, 2

7. Մովաբացիներն ինչպե՞ս վարվեցին իրենց եղբայրների՝ իսրայելացիների հետ։

7 Մովաբացիները սերել էին Ղովտի ավագ աղջկանից (Ծննդ. 19։36, 37)։ Եհովան իսրայելացիներին ասել էր, որ չպատերազմեն մովաբացիների դեմ (2 Օրենք 2։9)։ Բայց մովաբացիները բարուն չարով հատուցեցին։ Փոխանակ օգնելու իրենց եղբայրներին, որոնք փախչում էին Եգիպտոսի ստրկությունից՝ նրանք փորձեցին խանգարել նրանց մտնել Խոստացված երկիր։ Մովաբացիների թագավոր Բաղակը Բաղաամին վարձեց, որ նա անիծի իսրայելացիներին, և Բաղաամը Բաղակին սովորեցրեց, թե իսրայելացի տղամարդկանց ինչպես գցի անբարոյականության և կռապաշտության ծուղակը (Թվեր 22։1-8; 25։1-9; Հայտն. 2։14)։ Դարեր շարունակ, մինչև անգամ Եզեկիելի օրերը, մովաբացիները ճնշել են իրենց եղբայրներին (2 Թագ. 24։1, 2

8. Ինչո՞ւ Եհովան ասաց, որ եդոմացիները իսրայելացիների եղբայրներն են։ Եդոմացիներն ինչպե՞ս վարվեցին։

8 Եդոմացիները սերել էին Հակոբի երկվորյակ եղբորից՝ Եսավից։ Իսրայելացիների ու եդոմացիների միջև կապն այնքան սերտ էր, որ Եհովան նրանց եղբայրներ էր կոչում (2 Օրենք 2։1-5; 23։7, 8)։ Չնայած դրան՝ սկսած այն ժամանակվանից, երբ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից, մինչև մ. թ. ա. 607 թ.-ը՝ Երուսաղեմի կործանումը, եդոմացիները թշնամաբար էին վերաբերվում նրանց (Թվեր 20։14, 18; Եզեկ. 25։12)։ Եդոմացիները ոչ միայն ուրախանում էին՝ տեսնելով իսրայելացիների տառապանքը, և բաբելոնացիներին հորդորում ամայացնելու Երուսաղեմը, այլև խոչընդոտում էին նրանց փախուստը ու թշնամու ձեռքը հանձնում (Սաղ. 137։7; Աբդիա 11, 14

9, 10. ա) Ի՞նչ պատահեց ամմոնացիներին, մովաբացիներին ու եդոմացիներին։ բ) Այդ ազգերի մեջ կայի՞ն Իսրայելի հանդեպ բարեկամաբար տրամադրված մարդիկ։

9 Եհովան Իսրայելի ազգակից ժողովուրդներին պատասխանատվության կանչեց նրանց թշնամական վերաբերմունքի համար։ Նա ասաց. «Ամմոնացիների[ն].... որպես սեփականություն արևելցիներին կտամ, որպեսզի մյուս ազգերն այլևս չհիշեն ամմոնացիներին։ Ես դատաստան կտեսնեմ մովաբացիների նկատմամբ, և նրանք կիմանան, որ ես Եհովան եմ» (Եզեկ. 25։10, 11)։ Երուսաղեմի կործանումից մոտ հինգ տարի հետո, երբ բաբելոնացիները նվաճեցին Ամմոնն ու Մովաբը, այս մարգարեությունները սկսեցին կատարվել։ Իսկ Եդոմի մասին Եհովան ասաց. «Կվերացնեմ թե՛ մարդկանց, թե՛ անասուններին և կամայացնեմ Եդոմը» (Եզեկ. 25։13)։ Ինչպես և ասվել էր, Ամմոնը, Մովաբն ու Եդոմը պատմության գիրկն անցան (Երեմ. 9։25, 26; 48։42; 49։17, 18

10 Սակայն այդ ազգերի մեջ կային մարդիկ, ովքեր բարեկամաբար էին տրամադրված իսրայելացիների հանդեպ։ Նրանցից էին, օրինակ՝ ամմոնացի Սելեկը և մովաբացի Եթեման, որոնք Դավթի հզոր ռազմիկներից էին, և մովաբացի Հռութը, որը դարձավ Եհովային նվիրված ծառա (1 Տար. 11։26, 39, 46; 12։1; Հռութ 1։4, 16, 17

Գեթ մեկ փոխզիջումը կարող է կործանարար լինել

11. Ի՞նչ դաս ենք քաղում՝ ուսումնասիրելով Ամմոնի, Մովաբի ու Եդոմի հետ Իսրայելի ունեցած հարաբերությունների մասին։

11 Ի՞նչ դաս կարող ենք քաղել՝ ուսումնասիրելով այդ ազգերի հետ Իսրայելի ունեցած հարաբերությունների մասին։ Երբ իսրայելացիները թուլացնում էին իրենց զգոնությունը, նրանց կյանք էին սողոսկում հարևան ազգերի ապականիչ կրոնական սովորույթները։ Նրանք սկսում էին պաշտել, օրինակ՝ մովաբացիների Փեգորի Բահաղին և ամմոնացիների աստված Մողոքին (Թվեր 25։1-3; 1 Թագ. 11։7)։ Նմանատիպ բան կարող է մեզ էլ պատահել։ Գուցե Եհովային չպաշտող մեր հարազատները դրդեն մեզ փոխզիջումների գնալ։ Նրանք թերևս չհասկանան, թե ինչու չենք նշում Զատիկը, ինչու Ամանորին իրար նվերներ չենք տալիս և չենք պահում կեղծ կրոնական ծագում ունեցող մյուս ավանդույթները։ Լավ միտումներ ունենալով՝ նրանք հնարավոր է՝ փորձեն համոզել մեզ, որ աստվածաշնչյան չափանիշները պահելու հարցում գոնե փոքր փոխզիջումների գնանք։ Որքա՜ն կարևոր է, որ երբեք չենթարկվենք այդ ճնշմանը։ Ականապատ դաշտում մեկ սխալ քայլն անգամ կարող է աղետալի լինել, նմանապես՝ գեթ մեկ փոխզիջումը կարող է կործանարար լինել։ Իսրայելի պատմությունը սրա վառ ապացույցն է։

12, 13. Ի՞նչ հակառակության գուցե բախվենք, բայց ի՞նչ կլինի, եթե նվիրված մնանք Եհովային։

12 Ամմոնի, Մովաբի և Եդոմի հետ Իսրայելի ունեցած հարաբերություններից մի բան էլ ենք սովորում։ Եհովային չպաշտող մեր ընտանիքի անդամները գուցե խիստ հակառակվեն մեզ։ Հիսուսը նախազգուշացրեց, որ մեր քարոզած լուրը երբեմն կարող է բաժանել «տղային հորից, աղջկան՝ մորից» (Մատթ. 10։35, 36)։ Եհովան իսրայելացիներին կարգադրել էր կռիվ չսկսել բարեկամ ազգերի դեմ, ուստի այս պատվերն ի մտի ունենալով՝ մենք ջանում ենք չվիճել մեր ընտանիքի անդամների հետ, ովքեր Եհովային չեն երկրպագում։ Բայց միևնույն ժամանակ մենք չենք զարմանում, երբ նրանք հակառակվում են մեզ (2 Տիմոթ. 3։12

13 Նույնիսկ եթե մեր հարազատները ուղղակիորեն չեն խոչընդոտում մեր երկրպագությանը, մենք չպետք է թույլ տանք, որ նրանք ավելի մեծ ազդեցություն ունենան մեզ վրա, քան Եհովան։ Ինչո՞ւ։ Որովհետև Եհովան մեր սրտում գլխավոր տեղը պետք է զբաղեցնի (կարդա Մատթեոս 10։37)։ Ի վերջո եթե մենք նվիրված մնանք Եհովային, մեր հարազատներից ոմանք գուցե մեզ միանան ու մաքուր երկրպագություն մատուցեն նրան, ինչպես ժամանակին արել են Սելեկը, Եթեմանը և Հռութը (1 Տիմոթ. 4։16)։ Այդպիսով նրանք նույնպես կզգան միակ ճշմարիտ Աստծուն ծառայելու բերկրանքը, նրա սերն ու պաշտպանությունը։

Եհովան «ամենայն խստությամբ» պատժեց իր թշնամիներին

14, 15. Փղշտացիներն ինչպե՞ս էին վարվում իսրայելացիների հետ։

14 Փղշտացիները Կրետե կղզուց գաղթել էին մի երկիր, որը Եհովան հետագայում խոստացավ տալ Աբրահամին ու նրա սերունդներին։ Թե՛ Աբրահամը, թե՛ Իսահակը առնչություն են ունեցել այս ժողովրդի հետ (Ծննդ. 21։29-32; 26։1)։ Երբ իսրայելացիները եկան Խոստացված երկիր, փղշտացիներն արդեն ահեղ ռազմական ուժ ունեցող հզոր ազգ էին։ Նրանք պաշտում էին կեղծ աստվածների, որոնցից էին Բահաղ Զեբուղն ու Դագոնը (1 Սամ. 5։1-4; 2 Թագ. 1։2, 3)։ Ցավոք, լինում էին ժամանակներ, երբ իսրայելացիները նույնպես պաշտում էին այդ աստվածներին (Դատ. 10։6

15 Իսրայելի անհավատարմության պատճառով Եհովան թույլ տվեց, որ փղշտացիները տարիներ շարունակ իշխեն իր ժողովրդի վրա (Դատ. 10։7, 8; Եզեկ. 25։15)։ Փղշտացիները խիստ սահմանափակումներ էին դնում իսրայելացիների վրա a և շատ շատերին սպանում էին (1 Սամ. 4։10)։ Երբ իսրայելացիները զղջում էին ու վերադառնում Եհովայի մոտ, նա փրկում էր նրանց։ Իր ժողովրդին նա ազատել է, օրինակ՝ Սամսոնի, Սավուղի և Դավթի միջոցով (Դատ. 13։5, 24; 1 Սամ. 9։15-17; 18։6, 7)։ Երբ բաբելոնացիները, իսկ հետագայում հույները ներխուժեցին փղշտացիների երկիր, այդպիսով Աստված «ամենայն խստությամբ» պատժեց նրանց, ինչպես և Եզեկիելը մարգարեացել էր (Եզեկ. 25։15-17

16, 17. Ի՞նչ դաս ենք քաղում՝ ուսումնասիրելով փղշտացիների հետ իսրայելացիների ունեցած հարաբերությունների մասին։

16 Ի՞նչ դաս ենք քաղում՝ ուսումնասիրելով իսրայելացիների ու փղշտացիների հարաբերությունների մասին։ Մեր օրերում Եհովայի ժողովուրդը հակառակության է բախվում երբևէ գոյություն ունեցած գերհզոր տերությունների կողմից։ Բայց ի տարբերություն Իսրայելի՝ նա անշեղորեն նվիրված է մնում Եհովային։ Այնուամենայնիվ, երբեմն գուցե թվա, թե մաքուր երկրպագության թշնամիները հաջողության են հասնում։ Օրինակ՝ 20-րդ դարի սկզբին Միացյալ Նահանգների կառավարությունը, ցանկանալով դադարեցնել Եհովայի ժողովրդի գործունեությունը, ձերբակալեց առաջնորդող եղբայրներին և տասնամյակների ազատազրկման դատապարտեց նրանց։ Իսկ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմանիայի իշխանությունը փորձեց վերացնել Աստծու ժողովրդին՝ հազարավորների ազատազրկելով և հարյուրավորների սպանելով։ Դրանից հետո Խորհրդային Միությունը երկարատև արշավ սկսեց ընդդեմ Եհովայի վկաների։ Նրանց ուղարկում էին աշխատանքային ճամբարներ կամ աքսորում էին Սիբիր։

17 Իշխանությունները գուցե այսօր էլ արգելեն քարոզչական գործը, բանտարկեն Աստծու ծառաներին և անգամ ոմանց մահապատժի ենթարկեն։ Արդյո՞ք այս ամենի պատճառով պետք է վախով համակվենք կամ կորցնենք մեր հավատը։ Իհա՛րկե ոչ։ Եհովան անշուշտ կպաշտպանի իրեն նվիրված ժողովրդին (կարդա Մատթեոս 10։28-31)։ Մենք արդեն իսկ տեսել ենք, թե ինչպես են զորեղ բռնակալ իշխանությունները վերացել, մինչդեռ Աստծու ժողովուրդը շարունակել է ծաղկել։ Շուտով բոլոր մարդկային կառավարությունները փղշտացիների օրը կընկնեն։ Նրանք ստիպված կլինեն իմանալ, թե ով է Եհովան, և փղշտացիների նման՝ այլևս գոյություն չեն ունենա։

«Մեծ ունեցվածքը» հարատև պաշտպանություն չտվեց

18. Ինչո՞վ էր հայտնի Տյուրոսը։

18 Տյուրոս քաղաքը b խոշոր առևտրային կենտրոն էր։ Արևմուտքում Տյուրոսի նավերը նավարկում էին առևտրային ուղիներով, որոնք տարածվում էին ողջ Միջերկրական ծովով։ Իսկ արևելքում նա իր ցամաքային առևտրային ուղիներով կապ էր ստեղծում հեռավոր տերությունների հետ։ Այս կապերի շնորհիվ Տյուրոսը դարեր շարունակ ահռելի հարստություն էր կուտակել։ Նրա առևտրականներն ու վաճառականները այնքան էին հարստացել, որ իրենց իշխաններ էին համարում (Ես. 23։8

19, 20. Ի՞նչ տարբերություն կար Տյուրոսի և Գաբաոնի բնակիչների միջև։

19 Դավիթ և Սողոմոն թագավորների իշխանության օրոք Իսրայելը սերտ կապեր ուներ Տյուրոսի հետ, որը շինանյութ և արհեստավորներ տրամադրեց Դավթի արքունական պալատի և հետագայում Սողոմոնի տաճարի շինարարության համար (2 Տար. 2։1, 3, 7-16)։ Դա Իսրայելի ամենաբարգավաճ շրջանն էր (1 Թագ. 3։10-12; 10։4-9)։ Հազարավոր տյուրոսցիների համար սա լավ ժամանակ էր իմանալու մաքուր երկրպագության մասին, ճանաչելու Եհովային և իրենց աչքերով տեսնելու, թե ինչ օրհնություններ է բերում ճշմարիտ Աստծուն ծառայելը։

20 Սակայն չնայած այդ հնարավորությանը՝ Տյուրոսի բնակիչները այդպես էլ չփոխվեցին և նյութապաշտ մնացին։ Նրանք չհետևեցին քանանական հզոր քաղաք Գաբաոնի բնակիչների օրինակին, ովքեր թեև ընդամենը լսել էին Եհովայի զորեղ գործերի մասին, բայց մղվեցին նրա ծառաները դառնալու (Հեսու 9։2, 3, 22-10։2)։ Ավելին՝ Տյուրոսի բնակիչները ընդդիմացան Աստծու ժողովրդին և անգամ իսրայելացիներից ոմանց ստրկության վաճառեցին (Սաղ. 83։2, 7; Հովել 3։4, 6; Ամոս 1։9

Երբեք մի՛ մտածիր, որ նյութական բաները պարսպի պես կարող են պաշտպանել քեզ

21, 22. Ի՞նչ պատահեց Տյուրոսին և ինչո՞ւ։

21 Եզեկիելի միջոցով Եհովան ասաց Տյուրոսին. «Ես քո դեմ եմ, ո՛վ Տյուրոս, և քո դեմ կհանեմ շատ ազգերի, ինչպես որ ծովն է վեր հանում իր ալիքները։ Նրանք կկործանեն քո պարիսպները, ո՛վ Տյուրոս, և կքանդեն քո աշտարակները։ Ես քո վրայից կքերեմ հողը և քեզ հարթ ու լերկ ժայռ կդարձնեմ» (Եզեկ. 26։1-5)։ Տյուրոսի բնակիչները իրենց հարստությունն էին պաշտպանություն համարում։ Այն նրանց տալիս էր ապահովության նույն զգացումը, ինչ քաղաք-կղզու 46 մետր (150 ֆուտ) բարձրություն ունեցող պարիսպը։ Լավ կլիներ, որ նրանք ուշադրություն դարձնեին Սողոմոնի հետևյալ խոսքերին. «Հարուստի ունեցվածքը նրա համար ամուր քաղաք է։ Նրա երևակայության մեջ այն բարձր պարիսպ է» (Առակ. 18։11

22 Երբ բաբելոնացիների, իսկ հետագայում հույների միջոցով Եզեկիելի մարգարեությունն իրականացավ, Տյուրոսի բնակիչները հասկացան, որ ապահովության զգացումը, որը նրանց ներշնչում էին իրենց քաղաքի պարիսպն ու հարստությունը, լոկ պատրանք էր։ Երուսաղեմը կործանելուց հետո բաբելոնացիները պատերազմ սկսեցին Տյուրոսի դեմ և 13 տարի պաշարման մեջ պահեցին քաղաքը (Եզեկ. 29։17, 18)։ Հետագայում՝ մ. թ. ա. 332 թ.-ին, Ալեքսանդր Մակեդոնացու միջոցով իրականացավ Եզեկիելի մարգարեություններում նշված մի կարևոր մանրամասնություն. c նրա զորքը ծովը նետեց Տյուրոս քաղաքի մայրցամաքային հատվածի ավերումից հետո մնացած քարերը, փայտերն ու հողը և դրանցով ճանապարհ գցեց, որպեսզի կարողանա հասնել քաղաքի կղզային մասը (Եզեկ. 26։4, 12)։ Մակեդոնացին ճեղքեց քաղաքի պարիսպը, ներխուժեց քաղաք և կողոպտեց այն։ Հազարավոր բնակիչներ ու զինվորներ սպանվեցին, և տասնյակ հազարավորներ ստրկության վաճառվեցին։ Տյուրոսի բնակիչները ստիպված եղան իմանալու, թե ով է Եհովան, երբ իրենց դառը փորձով հասկացան, որ «մեծ ունեցվածքը» հարատև պաշտպանություն չի տալիս (Եզեկ. 27։33, 34

Չնայած թվացյալ անհաղթելիությանը՝ Տյուրոսը տապալվեց, ինչպես որ Եզեկիելը մարգարեացել էր (տես պարբերություն 22)

23. Ի՞նչ դաս ենք քաղում՝ Տյուրոսի բնակիչների օրինակն ուսումնասիրելով։

23 Ի՞նչ դաս ենք քաղում՝ Տյուրոսի բնակիչների օրինակն ուսումնասիրելով։ Թող որ երբեք չտարվենք «հարստության մոլորեցնող հրապույրով». չմտածենք, որ նյութական բաները պարսպի պես կարող են պաշտպանել մեզ (Մատթ. 13։22)։ Մենք չենք կարող լինել «և՛ Աստծու ծառան, և՛ հարստության» (կարդա Մատթեոս 6։24)։ Փաստն այն է, որ իրական պաշտպանություն ունեն միայն նրանք, ովքեր ամբողջ սրտով են ծառայում Եհովային (Մատթ. 6։31-33; Հովհ. 10։27-29)։ Այս չար աշխարհի վերջի մասին մարգարեությունները կիրականանան ամենայն մանրամասնությամբ, ճիշտ ինչպես որ իրականացան Տյուրոսի մասին մարգարեությունները։ Շուտով Եհովան կվերացնի այս աշխարհի ագահ ու եսակենտրոն առևտրային համակարգը։ Այդ ժամանակ հարստությանը ապավինողները ստիպված կլինեն իմանալու, թե ով է Եհովան։

Հենարան, որն ընդամենը ծղոտ էր

24-26. ա) Ինչո՞ւ Եհովան ասաց, որ Եգիպտոսը «ծղոտից հենարան» է։ բ) Սեդեկիա թագավորն ինչպե՞ս արհամարհեց Եհովայի հորդորը, և դա ի՞նչ հետևանք ունեցավ։

24 Հովսեփի օրերից սկսած՝ մինչև այն օրը, երբ բաբելոնացիները արշավեցին Երուսաղեմ, Եգիպտոսը Խոստացված երկրի տարածաշրջանում քաղաքական գերակա ազդեցություն ուներ։ Եգիպտոսի բազմադարյան արմատներն այնքան խորն էին, որ թվում էր, թե նա հաստատուն, հինավուրց մի ծառ է։ Բայց Եհովայի հետ համեմատած՝ նա շատ փխրուն էր՝ ընդամենը ծղոտ (Եզեկ. 29։6

25 Հավատուրաց թագավոր Սեդեկիան չէր հասկանում դա։ Երեմիա մարգարեի միջոցով Եհովան հորդորում էր Սեդեկիային հնազանդվել Բաբելոնի թագավորին (Երեմ. 27։12)։ Սեդեկիան անգամ Եհովայի անունով երդվեց, որ չի ապստամբի Նաբուգոդոնոսորի դեմ, բայց հետո արհամարհեց Եհովայի հորդորը, դրժեց Նաբուգոդոնոսորին տված իր երդումը և Բաբելոնի դեմ կռվելու համար Եգիպտոսից օգնություն խնդրեց (2 Տար. 36։13; Եզեկ. 17։12-20)։ Սակայն իսրայելացիները Եգիպտոսի քաղաքական աջակցությանը ապավինելու պատճառով դառը հետևանքներ կրեցին (Եզեկ. 29։7)։ Եգիպտոսը մեծ «ծովահրեշի» նման գուցե ահասարսուռ թվար (Եզեկ. 29։3, 4)։ Բայց Եհովան ասաց, որ նրա հետ կվարվի այնպես, ինչպես ձկնորսներն են վարվում Նեղոսի կոկորդիլոսների հետ. կարթ կանցկացնի նրա ծնոտից և քարշ տալով կտանի դեպի կործանում։ Եհովան այդպես էլ արեց, երբ բաբելոնացիներին ուղարկեց գրավելու այդ հնամենի երկիրը (Եզեկ. 29։9-12, 19

26 Իսկ ի՞նչ պատահեց անհավատարիմ Սեդեկիային։ Նա ըմբոստացավ Եհովայի դեմ, ուստի Եզեկիելը մարգարեացավ, որ այդ «չար առաջնորդը» գահընկեց կլինի, ու այդպիսով վերջ կդրվի նրա իշխանությանը։ Բայց Եզեկիելը նաև հուսադրող լուր հաղորդեց (Եզեկ. 21։25-27)։ Եհովան Եզեկիելի միջոցով հայտնեց, որ գահ է բարձրանալու արքայական սերնդից մի թագավոր, ով «իրավունք ունի» ստանձնելու թագավորական իշխանությունը։ Այս գրքի հաջորդ գլխում մենք կիմանանք, թե ով էր նա։

27. Ի՞նչ դաս ենք քաղում՝ ուսումնասիրելով Եգիպտոսի հետ Իսրայելի ունեցած հարաբերությունների մասին։

27 Ի՞նչ դաս ենք քաղում՝ ուսումնասիրելով Իսրայելի և Եգիպտոսի հարաբերությունների մասին։ Այսօր Եհովայի ժողովուրդը չպետք է իր հույսը դնի քաղաքական ուժերի վրա՝ կարծելով, թե դրանք մնայուն պաշտպանություն կտան։ Մենք չպետք է այս «աշխարհի մաս կազմենք» անգամ մեր մտքում (Հովհ. 15։19; Հակ. 4։4)։ Քաղաքական համակարգը գուցե զորեղ թվա, բայց այն ծղոտի պես փխրուն է, ինչպես որ հին Եգիպտոսն էր։ Որքա՜ն անհեռատեսական է ապավինել մահկանացու մարդկանց և ոչ թե տիեզերքի ամենակարող Գերիշխանին (կարդա Սաղմոս 146։3-6

Անգամ ընտանեկան միջավայրում չպետք է քաղաքական որևէ ուժի կողմը բռնենք (տես պարբերություն 27)

Ազգերը «կիմանան»

28-30. Ի՞նչ իմաստով ազգերը «կիմանան», թե ով է Եհովան, և ի՞նչ իմաստով մենք գիտենք, թե ով է նա։

28 Եզեկիելի միջոցով Եհովան բազմիցս ասել է. «[Ազգերը] կիմանան, որ ես Եհովան եմ» (Եզեկ. 25։17)։ Հին օրերում այս խոսքերն իրականացան, երբ Եհովան պատժեց իր ժողովրդի թշնամիներին։ Բայց դրանք ավելի մեծ մասշտաբով կիրականանան մեր օրերում։ Ինչպե՞ս է դա լինելու։

29 Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա Աստծու ժողովուրդը շրջապատված է ազգերով, որոնք նրան միայնակ գառնուկի պես անպաշտպան են համարում (Եզեկ. 38։10-13)։ Այս գրքի 17-րդ և 18-րդ գլուխներում կքննենք, որ շուտով ազգերը իրենց ողջ կատաղությամբ կհարձակվեն Աստծու ժողովրդի վրա։ Հենց այդ ժամանակ նրանք կիմանան, թե որն է իսկական զորությունը, կիմանան, թե ով է Եհովան, և ստիպված կլինեն ընդունելու նրա բարձրագույն իշխանությունը, երբ Արմագեդոն պատերազմի ժամանակ նա ջախջախի նրանց (Հայտն. 16։16; 19։17-21

30 Իսկ մենք Եհովայի ապահով ձեռքերում կլինենք, և նա կօրհնի մեզ։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք այսօր իսկ փաստում ենք, որ գիտենք, թե ով է Եհովան՝ վստահելով նրան, հնազանդվելով և մաքուր երկրպագություն մատուցելով, ինչին նա արժանի է (կարդա Եզեկիել 28։26

a Օրինակ՝ փղշտացիները արգելել էին Իսրայելում դարբնեգործությունը։ Իրենց գյուղատնտեսական գործիքները սրելու համար իսրայելացիները պետք է գնային փղշտացիների մոտ։ Դրա դիմաց փղշտացիները նրանցից մի քանի օրվա աշխատավարձի չափ գումար էին պահանջում (1 Սամ. 13։19-22

b Տյուրոս քաղաքը, ամենայն հավանականությամբ, կառուցվել է ծովափից ոչ հեռու՝ մի ժայռի վրա, որը Կարմեղոս լեռից մոտ 50 կմ (30 մղոն) դեպի հյուսիս էր գտնվում։ Հետագայում քաղաքն ընդարձակեցին՝ կառուցելով դրա մայրցամաքային մասը։ Քաղաքի սեմական անվանումը՝ Սուր, նշանակում է «ժայռ»։

c Եսայիան, Երեմիան, Հովելը, Ամոսը և Զաքարիան նույնպես մարգարեացել են Տյուրոսի կործանման մասին, և նրանց ասածները կատարվել են ամենայն մանրամասնությամբ (Ես. 23։1-8; Երեմ. 25։15, 22, 27; Հովել 3։4; Ամոս 1։10; Զաք. 9։3, 4