Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 8

«Ես մեկ հովիվ կնշանակեմ»

«Ես մեկ հովիվ կնշանակեմ»

ԵԶԵԿԻԵԼ 34։23

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. Մեսիային առնչվող չորս մարգարեություններն ու դրանց կատարումը

1-3. Ինչո՞ւ էր Եզեկիելի սիրտը կտոր-կտոր լինում, և Աստված նրան ի՞նչ ներշնչեց արձանագրել։

 ԱՐԴԵՆ վեց տարի է, ինչ Եզեկիելը գերության մեջ է։ a Մարգարեն իր սիրելի հայրենի քաղաքից դեռ հարյուրավոր կիլոմետրեր հեռու է։ Երբ նա մտածում է, թե ինչպես են Հուդայի թագավորները ղեկավարում երկիրը, նրա սիրտը կտոր-կտոր է լինում։ Նրա օրոք շատ թագավորներ են եկել ու գնացել։

2 Եզեկիելը ծնվել է հավատարիմ թագավոր Հովսիայի իշխանության օրոք։ Երբ նա իմացավ, թե Հովսիան ինչ արշավ է ձեռնարկել կուռքերը վերացնելու և մաքուր երկրպագությունը Հուդայում վերականգնելու համար, հավանաբար նրա սիրտը ցնծաց (2 Տար. 34։1-8)։ Սակայն Հովսիայի բարեփոխումները երկար կյանք չունեցան, քանի որ նրան հաջորդող թագավորները հիմնականում կուռքեր էին պաշտում։ Բնավ զարմանալի չէ, որ այդ չար թագավորների պատճառով ազգը ավելի քան երբևէ մխրճվեց հոգևոր ու բարոյական ապականության ճահճի մեջ։ Մի՞թե հույսի վերջին շողը մարել էր։ Բոլորովի՛ն։

3 Եհովան ներշնչում է իր հավատարիմ մարգարեին արձանագրել մի շարք մարգարեություններ Մեսիայի՝ ապագա Ղեկավարի ու Հովվի մասին, ով մեկընդմիշտ կվերականգնի մաքուր երկրպագությունը և քնքշությամբ հոգ կտանի Եհովայի գառների համար։ Այս մարգարեությունները լուրջ ուշադրության են արժանի, քանի որ դրանց կատարումը սերտ կապված է մեր հավիտենական ապագայի հետ։ Դե ինչ, քննենք «Եզեկիել» գրքում տեղ գտած Մեսիային առնչվող չորս մարգարեությունները։

«Մատղաշ ոստը» դառնում է «փառահեղ մայրի»

4. Եզեկիելի միջոցով Եհովան ի՞նչ մարգարեություն հայտնեց և նախքան այդ մարգարեությունը հայտնելը ի՞նչ նախաբան արեց։

4 Մ. թ. ա. մոտ 612 թ.-ին «Եհովան.... խոսեց» Եզեկիելի հետ և մի մարգարեություն հաղորդեց, որից պարզ է դառնում, թե ինչ մասշտաբների է հասնելու մեսիական իշխանությունը, և թե ինչու պետք է վստահենք նրա Թագավորությանը։ Սակայն մինչ Եհովան կհայտներ մարգարեությունը, նա Եզեկիելին կարգադրեց գերության մեջ գտնվող իր ազգակիցներին մի մարգարեական հանելուկ ասել, որը պատկերավոր կերպով նկարագրում էր Հուդայի ղեկավարների անհավատարմությունը և ընդգծում այն միտքը, թե ինչու Աստծու կողմից նշանակված արդար ղեկավարի կարիք կար (Եզեկ. 17։1, 2

5. Եզեկիելն ի՞նչ հանելուկ ասաց։

5 Կարդա Եզեկիել 17։3-10։ Ահա հանելուկը։ «Մի մեծ արծիվ» պոկում է մայրու «ամենավերևի մատղաշ ճյուղը» և այն տնկում «առևտրականների.... քաղաքում»։ Հետո արծիվը «վերցնում է այդ երկրի սերմից ու ցանում պտղաբեր արտում»՝ առատ ջրերի մոտ։ Սերմը աճում է ու դառնում «փարթամ որթատունկ»։ Ապա երկրորդ «մեծ արծիվն» է գալիս։ «Խաղողի վազը իր արմատներն ագահորեն տարածում է դեպի [երկրորդ] արծիվը», որպեսզի վերջինիս կողմից փոխատնկվի մեկ այլ լավ ոռոգվող տարածքում։ Եհովան դատապարտում է այդ արարքը և ասում, որ այդ խաղողի վազը արմատախիլ կլինի ու «ամբողջությամբ [կ]չորանա»։

Առաջին մեծ արծիվը ներկայացնում էր Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին (տես պարբերություն 6)

6. Բացատրիր հանելուկի նշանակությունը։

6 Ո՞րն էր այս հանելուկի նշանակությունը (կարդա Եզեկիել 17։11-15)։ Մ. թ. ա. 617 թ.-ին Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը (առաջին «մեծ արծիվ») պաշարեց Երուսաղեմը։ Նա Հուդայի թագավոր Հովաքինին («ամենավերևի մատղաշ ճյուղ»), այսպես ասած, պոկեց իր գահից ու տարավ Բաբելոն («առևտրականների.... քաղաք»)։ Նաբուգոդոնոսորը Երուսաղեմի գահին նստեցրեց թագավորական սերնդից մեկին՝ Սեդեկիային («երկրի սերմ»)։ Նա Հուդայի նոր թագավորին երդվել տվեց Աստծու անունով, որ իր վասալը կլինի և հավատարիմ կմնա (2 Տար. 36։13)։ Բայց Սեդեկիան դրժեց երդումը. նա ապստամբեց Բաբելոնի դեմ և ռազմական օգնության համար դիմեց Եգիպտոսի փարավոնին (երկրորդ «մեծ արծիվ»), բայց ապարդյուն։ Այդ պատճառով Եհովան դատապարտեց ուխտադրուժ Սեդեկիայի անհավատարմությունը (Եզեկ. 17։16-21)։ Ի վերջո Սեդեկիան գահընկեց եղավ և Բաբելոնում բանտարկության մեջ մահացավ (Երեմ. 52։6-11

7. Ինչո՞վ է ուսանելի Եզեկիելի ասած մարգարեական հանելուկը։

7 Ինչո՞վ է այս մարգարեական հանելուկը ուսանելի մեզ համար։ Որպես Աստծու հավատարիմ ծառաներ՝ մենք պետք է մեր խոսքի տերը լինենք և հետևենք Հիսուսի հորդորին. «Թող ձեր «այո»-ն այո լինի, և «ոչ»-ը՝ ոչ» (Մատթ. 5։37)։ Եթե Աստծու առաջ երդվում ենք ճշմարտությունը խոսել, օրինակ, երբ դատարանում ցուցմունք ենք տալիս, պետք է շատ լուրջ վերաբերվենք այդ երդմանը։ Բացի այդ՝ չպետք է անտեղի վստահենք մարդկանց։ Աստվածաշունչը նախազգուշացնում է. «Մի՛ ապավինեք իշխանավորներին, մարդ արարածին, որը չի կարող փրկություն բերել» (Սաղ. 146։3

8-10. Եհովան ինչպե՞ս է նկարագրել ապագա Մեսիական Թագավորին, և այդ մարգարեությունն ինչպե՞ս կատարվեց (տես նաև «Մեսիայի վերաբերյալ մարգարեություն. փառահեղ մայրին» շրջանակը)։

8 Սակայն կա մի ղեկավար, որը միանգամայն արժանի է մեր վստահությանը։ Փոխատնկված ոստի մասին մարգարեական հանելուկը ներկայացնելուց հետո Եհովան նույն պատկերավոր ոճով նկարագրում է ապագա Մեսիական Թագավորին։

9 Մարգարեություն (կարդա Եզեկիել 17։22-24)։ Այս մարգարեությունում գլխավոր դերակատարը Եհովան է, ոչ թե մեծ արծիվները։ Նա «վեհաշուք մայրու գագաթից.... մատղաշ ճյուղ կպոկի.... ու կտնկի մի բարձր ու վսեմ լեռան վրա»։ Այդ ճյուղը կաճի ու «փառահեղ մայրի կդառնա» ու «ամեն տեսակ թռչունների» համար հանգրվան կլինի, «և դաշտի բոլոր ծառերը կիմանան», որ Եհովան է «ծաղկեցրել» այդ փառահեղ ծառը։

10 Կատարում։ Եհովան իր որդուն՝ Հիսուս Քրիստոսին, փոխաբերական իմաստով պոկեց Դավթի արքայական սերնդից («փառահեղ մայրի») և տնկեց երկնային Սիոն լեռան վրա («բարձր ու վսեմ լեռան վրա») (Սաղ. 2։6; Երեմ. 23։5; Հայտն. 14։1)։ Եհովան իր որդուն, որն իր թշնամիների աչքին «մարդկանցից ամենաաննշանն» էր, բարձրացրեց՝ նստեցնելով «նրա նախահայր Դավթի գահին» (Դան. 4։17; Ղուկ. 1։32, 33)։ Փառահեղ մայրու պես՝ Մեսիական Թագավոր Հիսուս Քրիստոսը կիշխի ողջ երկրի վրա և օրհնության աղբյուր կլինի իր հպատակների համար։ Հիսուսի իշխանությունը, մեծ ծառի ստվերի պես, հանգրվան կլինի, որի ներքո հնազանդ մարդիկ ողջ երկրի վրա «ապահով կբնակվեն և փորձանքից չեն սարսափի» (Առակ. 1։33)։ Ահա՛ այն Ղեկավարը, որին արժե վստահել։

11. Ի՞նչ կարևոր բան ենք սովորում՝ ուսումնասիրելով «փառահեղ մայրի» դարձած «մատղաշ ոստի» մասին մարգարեությունը։

11 Ի՞նչ ենք սովորում։ Եզեկիելի ցնցող մարգարեությունն այն մասին, թե «մատղաշ ոստն» ինչպես է դառնում «փառահեղ մայրի», սպառիչ պատասխան է տալիս հետևյալ հարցին. «Ո՞ւմ պետք է վստահենք»։ Խելամիտ չէ հույս դնել մարդկային կառավարությունների և դրանց ռազմական ուժի վրա։ Իրական ապահովություն ունենալու համար իմաստուն կլինի լիարժեքորեն վստահել Մեսիական Թագավորին՝ Հիսուս Քրիստոսին։ Երկնային թագավորությունը նրա կարողունակ ձեռքերում մարդկության միակ հույսն է (Հայտն. 11։15

«Նա, ով իրավունք ունի այն ստանձնելու»

12. Եհովան ինչպե՞ս ցույց տվեց, որ չի դրժել Դավթի հետ կապած իր ուխտը։

12 Այն բանից հետո, երբ Աստված Եզեկիելին բացատրեց երկու արծիվների մասին մարգարեական հանելուկը, վերջինս հասկացավ, որ Դավթի արքայական տոհմից սերած անհավատարիմ թագավոր Սեդեկիան գահընկեց է լինելու և գերեվարվելու է Բաբելոն։ Սակայն մարգարեն գուցե մտածեր. «Բա Դավթի հետ Աստծու կապած ո՞ւխտը. չէ՞ որ նա խոստացել է, որ Դավթի սերնդից մի թագավոր իշխելու է հավիտյան» (2 Սամ. 7։12, 16)։ Եվ եթե Եզեկիելն իրականում մտածել է այս մասին, ապա պատասխանը երկար սպասել չի տվել։ Մ. թ. ա. մոտ 611 թ.-ին՝ գերության յոթերորդ տարում, երբ Սեդեկիան դեռ իշխում էր Հուդայում, Եհովան խոսեց Եզեկիելի հետ (Եզեկ. 20։2)։ Եհովան նրա միջոցով Մեսիայի մասին մեկ այլ մարգարեություն հայտնեց, որն ընդգծում էր այն միտքը, որ Աստված չի դրժել Դավթի հետ կապած իր ուխտը։ Ավելին՝ այդ մարգարեությունից պարզ դարձավ, որ ապագա Մեսիական Ղեկավարը իրավունք կունենա իշխելու որպես Դավթի ժառանգ։

13, 14. Ինչի՞ մասին է Եզեկիել 21։25-27 համարներում արձանագրված մարգարեությունը, և ինչպե՞ս այն իրականացավ։

13 Մարգարեություն (կարդա Եզեկիել 21։25-27)։ Եհովան Եզեկիելի միջոցով բացեիբաց ասաց «Իսրայելի չար առաջնորդին», որ շատ շուտով պատժելու է նրան։ Եհովան այդ չար ղեկավարին հայտնեց, որ նրա «գլխափաթթոցը և թագը» (արքայական իշխանության խորհրդանիշներ) վերցվելու են իրենից։ Եվ ապա այն իշխանությունները, որոնք «ցածր» են, կբարձրացվեն, և որոնք «բարձր» են, կցածրացվեն։ Սակայն նրանք կիշխեն այնքան ժամանակ, «մինչև որ գա նա, ով իրավունք ունի [իշխանությունը] ստանձնելու», և Եհովան կտա նրան Թագավորությունը։

14 Կատարում։ «Բարձր» իշխանությունը Հուդայի թագավորությունն էր իր աթոռանիստ Երուսաղեմ քաղաքով։ Այն ցածրացվեց, երբ մ. թ. ա. 607 թ.-ին բաբելոնացիները կործանեցին Երուսաղեմը, գահընկեց արեցին Սեդեկիա թագավորին և գերի տարան նրան։ Այնուհետև, երբ Երուսաղեմում Դավթի արքայական սերնդից թագավոր չկար, «ցածր»՝ հեթանոս ազգերին թույլ տրվեց իշխանության գալ և ղեկավարել ողջ աշխարհը։ Սակայն նրանց իշխանության ժամանակը սահմանափակ էր։ Հեթանոսների, կամ՝ «ազգերի համար սահմանված ժամանակը» լրացավ 1914 թ.-ին, երբ Եհովան Հիսուս Քրիստոսին գահ բարձրացրեց (Ղուկ. 21։24)։ Սերելով Դավիթ թագավորից՝ Հիսուսն, անկասկած, «իրավունք ուներ» նստելու Մեսիական թագավորության գահին b (Ծննդ. 49։10)։ Եվ այսպես՝ Եհովան Հիսուսի միջոցով իրականացրեց իր այն խոստումը, համաձայն որի՝ Դավթի սերնդից մի ժառանգ անգահընկեց թագավոր է լինելու, և նրա իշխանությունը վերջ չի ունենալու (Ղուկ. 1։32, 33

Հիսուսը իրավունք ունի նստելու Աստծու Թագավորության գահին (տես պարբերություն 15)

15. Ինչո՞ւ կարող ենք լիարժեքորեն վստահել մեր Թագավոր Հիսուս Քրիստոսին։

15 Ի՞նչ ենք սովորում։ Մենք կարող ենք լիարժեքորեն վստահել մեր թագավորին՝ Հիսուս Քրիստոսին։ Ինչո՞ւ։ Քանի որ, ի տարբերություն մարդկային ղեկավարների, ովքեր ընտրվում են մարդկանց կողմից կամ բռնի ուժով են իշխանության գալիս, Հիսուսն ընտրվել է Եհովայի կողմից, և նրան «տրվել.... [է] թագավորություն», որի թագավորը նա իրավո՛ւնք ունի լինելու (Դան. 7։13, 14)։ Ինչ խոսք, Թագավորը, որին ընտրել է հենց Եհովան, արժանի է մեր վստահությանը։

«Իմ ծառա Դավիթը.... կդառնա նրանց հովիվը»

16. Եհովան ինչպե՞ս է վերաբերվում իր հոտի գառներին, և Եզեկիելի օրոք «Իսրայելի հովիվները» ինչպե՞ս էին վերաբերվում հոտին։

16 Եհովան՝ Մեծագույն Հովիվը, հոգ է տանում իր գառների՝ իր երկրային ծառաների բարօրության համար (Սաղ. 100։3)։ Նա իր գառներին հանձնել է մարդկային հովիվների հոգածությանը և ուշադրությամբ դիտում է, թե նրանք ինչպես են վերաբերվում իր հոտին՝ ինչպես են գործադրում իրենց տրված իշխանությունը։ Կարող ենք պատկերացնել, թե Եհովան ինչ էր զգում, երբ Եզեկիելի օրերում «Իսրայելի հովիվները» անամոթաբար «կոպտությամբ ու բռնությամբ էին առաջնորդում նրանց»։ Արդյունքում Եհովայի ժողովուրդը տառապանքներ կրեց, և շատերը դադարեցին մաքուր երկրպագություն մատուցել Աստծուն (Եզեկ. 34։1-6

17. Եհովան ինչպե՞ս ազատեց իր գառներին։

17 Ի՞նչ էր անելու Եհովան։ Իսրայելի դաժան ղեկավարների մասին նա ասաց. «Նրանցից հաշիվ կպահանջեմ»։ Ապա խոստացավ. «Ես.... կազատեմ իմ ոչխարներին» (Եզեկ. 34։10)։ Եհովան միշտ իր խոսքի տերն է (Հեսու 21։45)։ Մ. թ. ա. 607 թ.-ին Եհովան ազատեց իր հոտի գառներին, երբ բաբելոնացիների ձեռքով այդ եսասեր հովիվներին զրկեց իշխանությունից։ Իսկ 70 տարի անց նա իր գառնանման ծառաներին ազատեց Բաբելոնի գերությունից և վերադարձրեց հայրենիք, որպեսզի նրանք այնտեղ վերականգնեն մաքուր երկրպագությունը։ Սակայն Եհովայի գառնուկները դեռ խոցելի էին, քանի որ գտնվում էին ուրիշ ազգերի տիրապետության տակ։ «Ազգերի համար սահմանված ժամանակի լրանալու» համար դեռ շատ դարեր պետք է անցնեին (Ղուկ. 21։24

18, 19. Մ. թ. ա. 606 թ.-ին Եզեկիելն ի՞նչ մարգարեություն հայտնեց (տես առաջին նկարը)։

18 Մ. թ. ա. 606 թ.-ին՝ Երուսաղեմի կործանումից մոտ մեկ տարի անց և բաբելոնյան գերության ազատագրումից տասնամյակներ առաջ, Եհովան Եզեկիելին ներշնչեց մի մարգարեություն հայտնել, որից երևում է, թե Մեծագույն Հովիվը որքան շատ է մտածում իր հոտի գառների հավիտենական երջանկության մասին։ Այս մարգարեությունը նկարագրում է, թե Մեսիական Թագավորը ինչպես է հովվելու Եհովայի հոտը։

19 Մարգարեություն (կարդա Եզեկիել 34։22-24)։ Աստված «մեկ հովիվ կնշանակի», որին նա կոչում է «իմ ծառա Դավիթ»։ «Մեկ հովիվ» արտահայտությունը, ինչպես նաև «ծառա» բառի եզակի թվով գործածությունը ցույց են տալիս, որ խոստացված Ղեկավարը ոչ թե վերականգնելու է Դավթի թագավորական դինաստիան, այլ լինելու է Դավթի սերնդից միակ ժառանգը, որի իշխանությունը հավերժական է լինելու։ Եհովան «խաղաղության ուխտ կկապի» իր հոտի գառների հետ։ «Օրհնությունները անձրևի պես կթափվեն» նրանց վրա, նրանք ապահով կլինեն և ոչ մի բանի կարիք չեն ունենա։ Ավելին՝ խաղաղություն կլինի ոչ միայն մարդկանց միջև, այլ նաև մարդկանց ու կենդանիների միջև (Եզեկ. 34։25-28

20, 21. ա) Ինչպե՞ս իրականացավ «իմ ծառա Դավթի» մասին մարգարեությունը։ բ) «Խաղաղության ուխտի» մասին Եզեկիելի խոսքերն ինչպե՞ս են կատարվելու ապագայում։

20 Կատարում։ Այս Ղեկավարին կոչելով «իմ ծառա Դավիթ»՝ Աստված մարգարեական ակնարկ արեց՝ մատնանշելով Հիսուսին՝ Դավթի ժառանգին, որն իշխելու իրավունք ունի (Սաղ. 89։35, 36)։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը փաստեց, որ «լավ հովիվ» է, երբ «իր կյանքը տվեց ոչխարների համար» (Հովհ. 10։14, 15)։ Այժմ նա երկնային հովիվ է (Եբր. 13։20)։ 1914 թ.-ին Աստված Հիսուսին թագավոր նշանակեց ու նրան վստահեց երկրի վրա իր հոտը հովվելու և կերակրելու պատասխանատվությունը։ Շատ չանցած՝ 1919 թ.-ին, նորանշանակ թագավորը մի խումբ մարդկանց կարգեց «հավատարիմ և իմաստուն ծառա» ու նրանց հանձնարարեց «իր տան ծառաներին»՝ երկնային կամ երկրային հույս ունեցող հավատարիմ ծառաներին կերակրելու գործը (Մատթ. 24։45-47)։ Քրիստոսի առաջնորդության ներքո «հավատարիմ ծառան» Աստծու հոտի գառներին տեղը տեղին կերակրել է հոգևոր սննդով։ Այս սննդի շնորհիվ Աստծու ժողովուրդը ապրում է խաղաղության և ապահովության մեջ հոգևոր դրախտում, որն օր օրի ավելի չքնաղ է դառնում։

21 Իսկ «խաղաղության ուխտի» և «օրհնությունների անձրևի» մասին Եզեկիելի խոսքերն ինչպե՞ս են կատարվելու ապագայում։ Գալիք նոր աշխարհում Եհովային մաքուր երկրպագություն մատուցողները լիարժեքորեն կվայելեն «խաղաղության ուխտի» բերած օրհնությունները։ Բառացի դրախտ դարձած ողջ երկրի վրա հավատարիմ մարդկանց այլևս չեն սպառնա պատերազմը, հանցագործությունը, սովը, հիվանդությունը կամ վայրի կենդանիները (Ես. 11։6-9; 35։5, 6; 65։21-23)։ Մի՞թե սիրտդ ուրախությունից չի թրթռում, երբ մտածում ես դրախտում հավիտյան ապրելու մասին, որտեղ Աստծու հոտի գառները «ապահով կբնակվեն, ու ոչ ոք չի վախեցնի նրանց» (Եզեկ. 34։28

Լինելով երկնային Հովիվ՝ Հիսուսը դիտում է, թե երեցներն ինչպես են վերաբերվում Աստծու գառներին (տես պարբերություն 22)

22. Հիսուսն ինչպե՞ս է վերաբերվում իր Հոր գառներին, և երեցներն ինչպե՞ս կարող են արտացոլել նրա հոգատարությունը։

22 Ի՞նչ ենք սովորում։ Իր Հոր պես՝ Հիսուսը ջերմորեն հոգ է տանում Նրա գառների համար։ Հովիվ-Թագավորը հոգ է տանում, որ իր Հոր հոտի գառները հոգևորապես կուշտ լինեն և վայելեն հոգևոր դրախտի խաղաղ և ապահով միջավայրը։ Որքան հուսադրող է ունենալ նման հոգատար Ղեկավար։ Երեցները, ովքեր ծառայում են որպես հովիվներ, պետք է արտացոլեն Աստծու հոտի հանդեպ Հիսուսի ունեցած հոգատարությունը։ Նրանք հոտը պետք է հովվեն «պատրաստակամությամբ» ու «ջանասիրությամբ» և հոտին օրինակ լինեն (1 Պետ. 5։2, 3)։ Երեցը երբեք չի ցանկանա վատ վերաբերվել Եհովայի գառներից որևէ մեկին։ Հիշենք, որ Եզեկիելի օրերում ապրած Իսրայելի դաժան հովիվների մասին Եհովան ասաց. «Նրանցից հաշիվ կպահանջեմ» (Եզեկ. 34։10)։ Մեծագույն Հովիվը Որդու հետ ուշի-ուշով հետևում է, թե երեցներն ինչպես են վերաբերվում իր հոտի գառներին։

«Իմ ծառա Դավիթը նրանց առաջնորդը կլինի հավիտյան»

23. Եհովան ի՞նչ խոստացավ Իսրայելի ազգին միավորելու վերաբերյալ և ինչպե՞ս իրագործեց դա։

23 Եհովան ցանկանում է, որ իր ծառաները միասնության մեջ լինեն և ուս-ուսի ծառայեն իրեն։ Վերականգնման մասին մարգարեություններից մեկում Աստված խոստացավ, որ իր ժողովրդին՝ թե՛ Հուդայի երկցեղ թագավորության և թե՛ Իսրայելի տասցեղ թագավորության ներկայացուցիչներին, կհավաքի և կվերամիավորի՝ դարձնելով «մեկ ազգ», ինչպես որ իր ձեռքում երկու փայտերը դարձրեց «մեկ փայտ» (Եզեկ. 37։15-23)։ Այս մարգարեությունը կատարվեց մ. թ. ա. 537 թ.-ին, երբ Աստված Իսրայելի ժողովրդին որպես մեկ ազգ վերադարձրեց Խոստացված երկիր։ c Բայց այդ միասնությունը լոկ ստվերն էր գալիք ավելի մեծ ու հարատև միասնության։ Իսրայելին միավորելու խոստումը տալուց հետո Եհովան Եզեկիելի միջոցով մի մարգարեություն հայտնեց այն մասին, թե ինչպես է ապագա Ղեկավարը երկրի վրա մեկընդմիշտ միավորելու Եհովայի հավատարիմ ծառաներին։

24. Եհովան ինչպե՞ս է նկարագրում Մեսիական Ղեկավարին, և ինչպիսի՞ն է լինելու այդ Թագավորի իշխանությունը։

24 Մարգարեություն (կարդա Եզեկիել 37։24-28)։ Եհովան Մեսիական Ղեկավարի մասին խոսելիս նորից օգտագործում է «իմ ծառա Դավիթ», «մեկ հովիվ» և «առաջնորդ» արտահայտությունները, բայց այս անգամ նա նրան կոչում է նաև «թագավոր» (Եզեկ. 37։22)։ Ինչպիսի՞ն է լինելու այս Թագավորի իշխանությունը։ Այն հավերժական է լինելու։ «Հավիտենական» և «առհավետ» բառերն ընդգծում են, որ Թագավորի իշխանության բերած օրհնությունները վերջ չեն ունենալու։ d Նրա իշխանության ներքո բոլորը միասնական են լինելու։ «Մեկ թագավորի» նվիրված հպատակները կենթարկվեն նույն օրենքներին և միասնականորեն կբնակվեն երկրի վրա։ Թագավորի իշխանությունը մարդկանց ավելի կմտերմացնի Եհովա Աստծու հետ։ Եհովան «խաղաղության ուխտ» կկապի նրանց հետ։ Այդ ժամանակ կիրականանան Եհովայի հետևյալ խոսքերը. «Ես կլինեմ նրանց Աստվածը, իսկ նրանք իմ ժողովուրդը կլինեն։ Իմ սրբարանը հավերժ նրանց մեջ կլինի»։

25. Ինչպե՞ս կատարվեց Մեսիական Թագավորի մասին մարգարեությունը։

25 Կատարում։ 1919 թ.-ին հավատարիմ օծյալ քրիստոնյաները միավորվեցին իրենց «մեկ հովվի»՝ Մեսիական Թագավոր Հիսուս Քրիստոսի հովանու ներքո։ Հետագայում «մարդկանց մի մեծ բազմություն՝ բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից ու լեզուներից», միացավ իր օծյալ եղբայրներին (Հայտն. 7։9)։ Միասին նրանք «մեկ հովիվ» ունեցող «մեկ հոտ» դարձան (Հովհ. 10։16)։ Ինչ հույս էլ նրանք ունենան՝ երկնքում ապրելու, թե երկրի վրա, բոլորը հնազանդվում են Եհովայի օրենքներին և արդյունքում, որպես միասնական համաշխարհային եղբայրություն, բնակվում են հոգևոր դրախտում։ Եհովան օրհնում է նրանց՝ տալով խաղաղություն, և մաքուր երկրպագությունը խորհրդանշող նրա «սրբարանը նրանց մեջ» է։ Եհովան նրանց Աստվածն է, և նրանք հպարտ են, որ նրան են երկրպագում այսօր և երկրպագելու են հավիտյան։

26. Ինչպե՞ս կարող ես նպաստել այն բանին, որ հոգևոր դրախտում միասնություն լինի։

26 Ի՞նչ ենք սովորում։ Մեզ համար մեծ պատիվ է Եհովային մաքուր երկրպագություն մատուցել միասնական, համաշխարհային եղբայրության հետ, բայց և հասկանում ենք, որ յուրաքանչյուրս պատասխանատվություն ունի նպաստելու միասնականությանը, որպեսզի միևնույն հավատալիքներն ունենանք և ներդաշնակ գործենք (1 Կորնթ. 1։10)։ Դրա համար մենք սնվում ենք նույն հոգևոր սեղանից, ապրում ենք աստվածաշնչյան նույն չափանիշներով և նույն կենսատու գործն ենք անում՝ քարոզում ենք Թագավորության մասին լուրը և մարդկանց օգնում ենք դառնալ Քրիստոսի աշակերտ։ Սակայն մեր միասնության բանալին սերն է։ Երբ ձգտում ենք սեր զարգացնել ու դրսևորել դրա բոլոր երանգները, այդ թվում՝ ապրումակցումը, կարեկցանքն ու ներողամտությունը, նպաստում ենք այդ միասնությանը։ Ինչպես Աստվածաշունչն է ասում, «սերը բոլորին կատարելապես միավորող կապն է» (Կող. 3։12-14; 1 Կորնթ. 13։4-7

Եհովան օրհնում է իրեն երկրպագողներին, որոնք համաշխարհային սիրառատ եղբայրություն են (տես պարբերություն 26)

27. ա) Ի՞նչ ես զգում, երբ խորհում ես Մեսիային առնչվող այն մարգարեությունների մասին, որոնք արձանագրված են «Եզեկիել» գրքում։ բ) Ի՞նչ ենք ուսումնասիրելու հաջորդող գլուխներում։

27 Որքա՜ն երախտապարտ ենք Եհովային, որ «Եզեկիել» գրքում Մեսիային վերաբերող մարգարեություններ է գրել տվել։ Այդ մարգարեություններն ընթերցելով և դրանց շուրջ խորհրդածելով՝ հասկանում ենք, որ մեր սիրելի Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, արժանի է, որ վստահենք նրան, իրավունք ունի իշխելու, քնքշորեն հովվում է մեզ և ապագայում կմիավորի մեզ հավերժական միասնության կապով։ Ի՜նչ մեծ պատիվ է Մեսիական Թագավորի հպատակները լինել։ Հիշենք. Մեսիային առնչվող այս մարգարեությունները «Եզեկիել» գրքում արծարծվող վերականգնման թեմայի մաս են կազմում։ Հիսուսի միջոցով է Եհովան համախմբում իր ժողովրդին և վերականգնում մաքուր երկրպագությունը (Եզեկ. 20։41)։ Հաջորդող գլուխներում կշարունակենք քննել մաքուր երկրպագության վերականգնման մասին թեման և կտեսնենք, թե այն ինչպես է զարգանում «Եզեկիել» գրքում։

a Գերության առաջին տարին մ. թ. ա. 617 թ.-ն էր, երբ հրեաների առաջին խումբը գերեվարվեց Բաբելոն։ Ուստի գերության վեցերորդ տարին համարվում է մ. թ. ա. 612 թ.։

b Այն, որ Հիսուսը Դավթի սերնդից է, վավերագրված է Աստծու ներշնչմամբ գրված Ավետարաններում (Մատթ. 1։1-16; Ղուկ. 3։23-31

c Երկու փայտերի վերաբերյալ Եզեկիելի մարգարեության և դրա կատարման մասին խոսվում է այս գրքի 12-րդ գլխում։

d «Հավիտենական» և «առհավետ» թարգմանված եբրայերեն բառի վերաբերյալ մի աշխատություն հետևյալն է ասում. «Բացի երկարատևության իմաստ կրելուց՝ այն նաև ունի մնայուն ու անչեղարկելի լինելու, դիմացկունության, անձեռնմխելիության և անփոփոխելիության նրբերանգներ»։