Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 16

«Նշան դիր.... ճակատներին»

«Նշան դիր.... ճակատներին»

ԵԶԵԿԻԵԼ 9։4

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ. ինչպես Եզեկիելի օրերում ապրած հավատարիմ մարդիկ փրկության նշան ստացան, և նշան ստանալը ինչ նշանակություն ունի մեր օրերում

1-3. ա) Ինչո՞ւ էր Եզեկիելը ցնցված, և նա ի՞նչ իմացավ Երուսաղեմի կործանման վերաբերյալ։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու։

 ԵԶԵԿԻԵԼԸ ցնցված է։ Նա հենց նոր տեսիլքում տեսել է, թե հավատուրաց հրեաները ինչ գարշելի բաներ են անում Երուսաղեմի տաճարում։ a Այդ ըմբոստները պղծել են մաքուր երկրպագության կենտրոնը։ Բայց միայն տաճարում չէ, որ սարսափելի բաներ են տեղի ունենում։ Ողջ Հուդան լի է բռնությամբ, և իրավիճակն անհույս է։ Իր ընտրյալ ժողովրդի արարքներից խորապես վիրավորված՝ Եհովան ասում է Եզեկիելին. «Ես ցասումս կթափեմ նրա վրա» (Եզեկ. 8։17, 18

2 Եզեկիելը մեծ ցավ է զգում՝ իմանալով, որ Երուսաղեմը և երբեմնի սուրբ տաճարը Եհովայի ցասմանն են արժանացել և կործանվելու են։ Անկասկած, նա մտածում է. «Իսկ ի՞նչ է լինելու քաղաքում ապրող հավատարիմ մարդկանց։ Նրանք կփրկվե՞ն։ Եթե այո, ապա ինչպե՞ս»։ Պատասխանը երկար սպասել չի տալիս։ Ահա նա մի բարձր ձայն է լսում, որը կանչում է այդ դատավճիռն իրագործողներին (Եզեկ. 9։1)։ Հետո մարգարեն իմանում է, որ Եհովան բոլորին անխտիր չի կործանելու. կպատժվեն միայն նրանք, ովքեր արժանի են դրան, իսկ հավատարիմները կփրկվեն։ Այս մտքից նա թեթևացած շունչ է քաշում։

3 Ապրելով այս չար աշխարհի վերջին օրերում՝ մենք նույնպես մտածում ենք այն մասին, թե ով կփրկվի մոտալուտ մեծ կործանումից։ Ուստի քննենք հետևյալ հարցերը. 1) Եզեկիելը հետո ի՞նչ տեսավ տեսիլքում, 2) տեսիլքն ինչպե՞ս կատարվեց նրա օրերում, 3) այդ մարգարեական տեսիլքն ի՞նչ նշանակություն ունի մեզ համար։

«Կանչե՛ք նրանց, ովքեր պատժելու են»

4. Նկարագրիր, թե Եզեկիելը հաջորդիվ ինչ տեսավ ու լսեց տեսիլքում։

4 Եզեկիելն այնուհետև ի՞նչ տեսավ ու լսեց տեսիլքում (կարդա Եզեկիել 9։1-11)։ Յոթ մարդ մոտեցավ «հյուսիսային վերին դարպասի կողմից», հավանաբար, որի մոտ դրված էր խանդի կուռքը, և որտեղ կանայք լաց էին լինում Թամուզ աստծու վրա (Եզեկ. 8։3, 14)։ Այդ յոթ մարդիկ մտան տաճարի ներսի գավիթ և կանգնեցին պղնձե զոհասեղանի կողքը։ Բայց նրանք չէին եկել զոհ մատուցելու։ Տաճարում մատուցվող զոհերն այլևս ընդունելի չէին։ Այդ մարդկանցից վեցի ձեռքին «կործանարար զենքեր» կային։ Յոթերորդ մարդը ակնհայտորեն տարբերվում էր նրանցից։ Նրա հագին կտավե հագուստ էր, և զենքի փոխարեն նա «քարտուղարի [կամ՝ գրագրի, Եզեկ. 9։2-ի ծնթ.] թանաքաման» ուներ։

5, 6. Ի՞նչ կարող ենք եզրակացնել նշանը ստացողների մասին (տես առաջին նկարը)։

5 Թանաքամանով մարդն ի՞նչ պետք է աներ։ Եհովան նրան կարևոր հանձնարարություն տվեց՝ ասելով. «Անցիր քաղաքի՝ Երուսաղեմի միջով ու նշան դիր այն մարդկանց ճակատներին, ովքեր հառաչում ու հեծեծում են քաղաքում կատարվող բոլոր գարշելի բաների պատճառով»։ Հավանաբար, Եզեկիելը այդ պահին հիշեց, թե հավատարիմ իսրայելացիները ինչպես էին արյուն ցողում դռան կողափայտերին և շեմքի վերին հատվածին, որպեսզի այն նշան լիներ, ու իրենց առաջնեկները ողջ մնային կործանման ժամանակ (Ելք 12։7, 22, 23)։ Իսկ արդյո՞ք Եզեկիելի տեսիլքում թանաքամանով մարդու դրած նշանը նույն նպատակին էր ծառայում։ Նրանք, ովքեր իրենց ճակատներին ունենային այդ նշանը, փրկվելո՞ւ էին Երուսաղեմի կործանումից։

6 Որպեսզի գտնենք այս հարցերի պատասխանները, տեսնենք, թե ինչն էր հիմք ծառայում այդ նշանը դնելու համար։ Այն դրվում էր նրանց ճակատներին, ովքեր «հառաչում ու հեծեծում էին քաղաքում կատարվող բոլոր գարշելի բաների պատճառով»։ Ի՞նչ կարող ենք եզրակացնել այդ նշանը ստացողների մասին։ Նախ այն, որ նրանք խորապես վշտացած էին ոչ միայն տաճարում տարածված կռապաշտության պատճառով, այլև Երուսաղեմում տիրող դաժանության, անբարոյականության և անարդարության պատճառով (Եզեկ. 22։9-12)։ Եվ ապա այն, որ նրանք, ակներևաբար, չէին թաքցնում իրենց վերաբերմունքը։ Այս ազնվասիրտ մարդկանց խոսքերն ու գործերը ակնհայտ ցույց էին տալիս նրանց զզվանքը երկրում տիրող իրավիճակի նկատմամբ և նվիրվածությունը մաքուր երկրպագության հանդեպ։ Եհովան գթալու էր փրկության արժանի մարդկանց ու պահպանելու էր նրանց կյանքը։

7, 8. Եհովան ի՞նչ հրահանգ տվեց կործանարար զենքեր ունեցող մարդկանց, և ինչպե՞ս ավարտվեց տեսիլքը։

7 Իսկ ի՞նչ հրահանգ տվեց Եհովան այն վեց մարդկանց, որոնց ձեռքներին կործանարար զենքեր կային։ Եզեկիելը լսեց, թե Եհովան ինչպես նրանց կարգադրեց հետևել թանաքամանով մարդուն և սպանել բոլորին՝ բացի նրանցից, ովքեր իրենց ճակատին նշան ունեին։ «Իմ սրբարանի՛ց սկսեք»,– ասաց Եհովան (Եզեկ. 9։6)։ Պատիժը հարկավոր էր սկսել Երուսաղեմի սրտից՝ տաճարից, որն այլևս սուրբ չէր Եհովայի համար։ Նախ պետք էր մահապատժել երեցներին, «որոնք տաճարի առաջ էին»։ Իսրայելի այս 70 երեցները տաճարում խունկ էին ծխեցնում կեղծ աստվածների պատվին (Եզեկ. 8։11, 12; 9։6

8 Ինչպե՞ս ավարտվեց տեսիլքը։ Եզեկիելը լսեց, որ թանաքամանով մարդը Եհովային ասաց. «Ես արեցի ճիշտ այնպես, ինչպես հրամայեցիր» (Եզեկ. 9։11)։ Սակայն հարցեր են ծագում. «Ի՞նչ պատահեց Երուսաղեմի բնակիչներին։ Քաղաքում կայի՞ն հավատարիմ մարդիկ, ովքեր փրկվեցին կործանումից»։

Տեսիլքն ինչպե՞ս կատարվեց Եզեկիելի օրերում

9, 10. Ովքե՞ր էին այն հավատարիմ մարդկանց թվում, որոնք փրկվեցին Երուսաղեմի կործանումից, և նրանց առնչությամբ ի՞նչ եզրահանգման կարող ենք գալ։

9 Կարդա 2 Տարեգրություն 36։17-20։ Եզեկիելի մարգարեությունը կատարվեց մ.թ.ա. 607 թ.-ին, երբ բաբելոնացիների զորքը կործանեց Երուսաղեմն ու դրա տաճարը։ Բաբելոնացիները «բաժակ էին Եհովայի ձեռքին»՝ գործիք, որով նա պատժեց անհավատարիմ Երուսաղեմին (Երեմ. 51։7)։ Արդյոք բոլո՞րը սպանվեցին։ Ո՛չ։ Եզեկիելի տեսիլքի համաձայն՝ որոշ հրեաներ ողջ մնացին (Ծննդ. 18։22-33; 2 Պետ. 2։9

10 Մի շարք հավատարիմ մարդիկ փրկվեցին, նրանց թվում էին Ռեքաբյանները, եթովպացի Աբդիմելեքը, Երեմիա մարգարեն և նրա քարտուղար Բարուքը (Երեմ. 35։1-19; 39։15-18; 45։1-5)։ Եզեկիելի տեսիլքից կարող ենք եզրակացնել, որ այս մարդիկ «հառաչում ու հեծեծում էին.... բոլոր գարշելի բաների պատճառով», որոնք տեղի էին ունենում Երուսաղեմում (Եզեկ. 9։4)։ Դեռևս կործանումից առաջ նրանք, անկասկած, ցույց էին տվել, որ ողջ սրտով մերժում են չարությունը և նվիրվածորեն մաքուր երկրպագություն են մատուցում, ինչի շնորհիվ Եհովան նրանց արժանի համարեց փրկության համար։

11. Ո՞ւմ էին ներկայացնում քարտուղարի թանաքաման ունեցող մարդը և կործանարար զենքերով վեց մարդիկ։

11 Արդյո՞ք այդ հավատարիմ մարդկանց ճակատին բառացի նշան էր դրվել։ Ոչ մի արձանագրություն չկա այն մասին, որ Եզեկիելը կամ որևէ այլ մարգարե անցել է Երուսաղեմով մեկ և հավատարիմների ճակատին նշան է դրել։ Ակներևաբար, Եզեկիելի մարգարեական տեսիլքը օգնում է պատկերացում կազմել, թե ինչ էր տեղի ունենում երկնային ոլորտում, ինչը անտեսանելի է մարդկանց համար։ Քարտուղարի թանաքաման ունեցող մարդը և կործանարար զենքերով վեց մարդիկ ներկայացնում էին Եհովային հավատարիմ ոգեղեն էակներին, ովքեր միշտ պատրաստ են կատարելու նրա կամքը (Սաղ. 103։20, 21)։ Եհովան, անշուշտ, իր հրեշտակների միջոցով է իրագործել անհավատարիմ Երուսաղեմի դատաստանը։ Նրանք փոխաբերական իմաստով նշան են դրել այն մարդկանց ճակատին, ովքեր փրկվելու էին, որպեսզի նրանց չոչնչացնեն մյուսների հետ։

Եզեկիելի տեսիլքն ի՞նչ նշանակություն ունի մեր օրերում

12, 13. ա) Եհովան ինչո՞ւ իր ցասումը թափեց Երուսաղեմի վրա, և ինչո՞ւ ենք ակնկալում, որ Եհովան մեր օրերում նույն կերպ կվարվի։ բ) Անհավատարիմ Երուսաղեմը քրիստոնյա աշխարհի նախապատկե՞րն է։ Բացատրիր (տես «Երուսաղեմը քրիստոնյա աշխարհի նախապատկե՞րն է» շրջանակը)։

12 Այսօր մենք մեծ նեղության շեմին ենք, «որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա և ոչ էլ երբևէ կլինի» (Մատթ. 24։21)։ Շուտով Եհովան նմանը չունեցող դատաստան է իրագործելու այս չար աշխարհի նկատմամբ։ Այս առնչությամբ գուցե որոշ հարցեր առաջանան։ Գալիք դատաստանի ժամանակ Եհովան պատահականության սկզբունքո՞վ է կործանելու մարդկանց, թե՞ ընտրելու է՝ ով ողջ մնա, ով՝ ոչ։ Եհովային մաքուր երկրպագություն մատուցողները փրկության նշան ստանալո՞ւ են։ Այլ խոսքով ասած՝ թանաքամանով մարդու մասին Եզեկիելի մարգարեական տեսիլքը մեր օրերում է՞լ է կատարվելու։ Երեք հարցերի պատասխանն է՝ այո՛։ Որպեսզի համոզվենք դրանում, եկեք նորից անդրադառնանք Եզեկիելի տեսիլքին։

13 Հիշո՞ւմ ես, թե Եհովան ինչու իր ցասումը թափեց Երուսաղեմի վրա։ Այդ մասին խոսվում է Եզեկիել 9։8-րդ և 9-րդ համարներում (կարդա)։ Երբ Եզեկիելը վախով համակվեց՝ իմանալով, թե գալիք կործանումը ինչ էր նշանակելու «բոլոր նրանց [համար], ովքեր մնացել են Իսրայելում», Եհովան նշեց չորս պատճառ, որոնց հիման վրա նա այդպիսի որոշում էր կայացրել. 1) ազգի «մեղքը անչափ մեծ էր», b 2) Հուդան «լի էր արյունահեղությամբ», 3) Հուդայի տասցեղ թագավորության մայրաքաղաք Երուսաղեմը «լի էր.... անարդարությամբ», և 4) մարդիկ շարունակում էին չար գործեր անել՝ իրենց համոզելով, որ «Եհովան չի տեսնում» այն, ինչ նրանք անում են։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այսօրվա աշխարհի մասին։ Այն նույնպես այլասերված է, բռնությամբ լի, անարդար և անհավատ։ Եհովան «չի փոխվում», ուստի տեսնելով այս աշխարհի բարոյազուրկ վիճակը՝ նա զգում է այն նույն արդարացի ցասումը, ինչ Եզեկիելի օրերում է զգացել (Հակ. 1։17; Մաղ. 3։6)։ Ուրեմն տեղին է եզրակացնել, որ կործանարար զենքեր ունեցող վեց մարդիկ և թանաքամանով մարդը մեր օրերում գործ ունեն անելու։

Կործանարար զենքեր ունեցող վեց մարդիկ շուտով գործի են անցնելու (տես պարբերություններ 12, 13)

14, 15. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան նախազգուշացնում է մարդկանց կործանման մասին։

14 Եզեկիելի մարգարեական տեսիլքը ինչպե՞ս է կատարվելու մեր օրերում։ Եթե հայացք նետենք ու տեսնենք, թե անցյալում այն ինչպես է իրագործվել, կիմանանք՝ ինչ է մեզ սպասում մոտ և հեռու ապագայում։ Այժմ քննենք, թե Եզեկիելի այս մարգարեությունն ինչպես է կատարվել և դեռ ինչպես է կատարվելու։

15 Եհովան կործանումից առաջ նախազգուշացնում է մարդկանց։ Ինչպես իմացանք 11-րդ գլխից, Եհովան Եզեկիելին «ժամապահ էր նշանակել Իսրայելի ժողովրդի համար» (Եզեկ. 3։17-19)։ Սկսած մ.թ.ա. 613 թ.-ից՝ Եզեկիելը հստակ նախազգուշացնում էր Իսրայելի ժողովրդին գալիք կործանման մասին։ Այլ մարգարեներ, որոնց թվում են Եսայիան ու Երեմիան, նույնպես ժողովրդին նախազգուշացրել են Երուսաղեմին սպասող աղետի մասին (Ես. 39։6, 7; Երեմ. 25։8, 9, 11)։ Մեր օրերում Եհովան Քրիստոսի միջոցով առաջնորդում է օծյալ քրիստոնյաների մի փոքր խմբի, որ վերջինս նրա «տան ծառաներին»՝ մաքուր երկրպագություն մատուցողներին կերակրելուց բացի՝ մարդկանց նախազգուշացնի արագահաս մեծ նեղության մասին (Մատթ. 24։45

16. Մենք, լինելով Եհովայի ժողովուրդը, նշան դնո՞ւմ ենք նրանց վրա, ովքեր փրկվելու են։ Բացատրիր։

16 Եհովայի ժողովուրդը նշան չի դնում նրանց վրա, ովքեր փրկվելու են։ Հիշենք, որ Եզեկիելին չէր հանձնարարվել շրջել Երուսաղեմով ու նշան դնել փրկության արժանի մարդկանց վրա։ Այսօր էլ Եհովայի ժողովուրդը նման հանձնարարություն չի ստացել։ Բայց, լինելով Քրիստոսի հոգևոր տան ծառաները, մենք քարոզելու պատվեր ենք ստացել։ Այդ հանձնարարության հանդեպ մեր լուրջ վերաբերմունքը երևում է նրանից, որ մարդկանց նախանձախնդրորեն պատմում ենք Աստծու թագավորության մասին բարի լուրը և նախազգուշացնում այս չար աշխարհի մոտալուտ վախճանի մասին (Մատթ. 24։14; 28։18-20)։ Այդպիսով մենք օգնում ենք ազնվասիրտ մարդկանց մաքուր երկրպագության կողմը բռնել (1 Տիմոթ. 4։16

17. Մարդիկ ի՞նչ պետք է անեն հիմա, որպեսզի ապագայում փրկության նշան ստանան։

17 Գալիք կործանումից փրկվելու համար մարդիկ այսօր իսկ պետք է փաստեն, որ հավատ ունեն։ Ինչպես արդեն իմացանք, մ.թ.ա. 607 թ.-ին Երուսաղեմի կործանումից փրկվածները նախապես էին փաստել, որ ողջ սրտով մերժել են չարությունը և որ նվիրվածորեն մաքուր երկրպագություն են մատուցում Եհովային։ Այս աշխարհի կործանումից առաջ մարդիկ նույնպես պետք է «հառաչեն ու հեծեծան»՝ ողջ սրտով վշտանան շուրջբոլորը տիրող չարության պատճառով։ Եվ իրենց վերաբերմունքը թաքցնելու փոխարեն նրանք պետք է խոսքերով ու գործերով ցույց տան, որ նվիրվածորեն մաքուր երկրպագություն են մատուցում։ Դրա համար նրանք պետք է դրական արձագանքեն քարոզվող լուրին, շարունակ քրիստոնյային վայել հատկություններ զարգացնեն, մկրտվեն՝ ի նշան այն բանի, որ նվիրվել են Եհովային, և հավատարմորեն աջակցեն Քրիստոսի եղբայրներին (Եզեկ. 9։4; Մատթ. 25։34-40; Եփես. 4։22-24; 1 Պետ. 3։21)։ Միայն այն մարդիկ կստանան փրկության նշանը, ովքեր այսօր իսկ քայլում են կյանքի այս ուղով, և ովքեր որպես մաքուր երկրպագություն մատուցողներ՝ կթևակոխեն մեծ նեղության ժամանակաշրջանը։

18. ա) Ե՞րբ և ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը նշան դնելու փրկության արժանի մարդկանց վրա։ բ) Հավատարիմ օծյալները փրկության նշանի կարիք ունե՞ն։ Բացատրիր։

18 Երկնքում է որոշվելու, թե ով է արժանի ստանալու փրկության նշանը։ Եզեկիելի օրերում հավատարիմների վրա փրկության նշանը դնելու գործը հրեշտակներին էր հանձնարարված։ Մարգարեության ժամանակակից կատարման մեջ քարտուղարի թանաքամանով մարդը ներկայացնում է Հիսուս Քրիստոսին, երբ նա «գա իր փառքով»՝ որպես բոլոր ազգերի Դատավոր (Մատթ. 25։31-33)։ Հիսուսի գալուստը տեղի է ունենալու մեծ նեղության ժամանակ՝ կեղծ կրոնի կործանումից հետո։ c Այդ վճռորոշ ժամանակ՝ Արմագեդոնից անմիջապես առաջ, Հիսուսը կդատի մարդկանց՝ ոչխարներին զատելով այծերից։ «Մեծ բազմության» մաս կազմող մարդիկ՝ «ոչխարները», կդատվեն, և նրանց վրա նշան կդրվի, ինչը կմատնանշի, որ նրանք «հավիտենական կյանք են ստանալու» (Հայտն. 7։9-14; Մատթ. 25։34-40, 46)։ Իսկ ի՞նչ է լինելու հավատարիմ օծյալներին։ Արմագեդոնից փրկվելու համար նրանք նշան ստանալու կարիք չունեն։ Փոխարենը նրանք կնիք կստանան, և այդ վերջին կնիքը կդրվի նրանց վրա կա՛մ նրանց մահանալուց առաջ, կա՛մ էլ մինչև մեծ նեղության սկիզբը։ Հետո՝ Արմագեդոնը սկսվելուց առաջ՝ ինչ-որ պահի, նրանք կվերցվեն երկինք (Հայտն. 7։1-3

19. Ովքե՞ր են Հիսուսի հետ դատաստան տեսնելու այս աշխարհի նկատմամբ (տես «Հառաչել ու հեծեծալ, նշան դնել, կործանել. ե՞րբ և ինչպե՞ս» շրջանակը)։

19 Թագավոր Հիսուս Քրիստոսը իր երկնային զորքի հետ դատաստան կտեսնի այս աշխարհի նկատմամբ։ Եզեկիելի տեսիլքում կործանարար զենքեր ունեցող վեց մարդիկ չսկսեցին կործանումը, մինչև որ կտավե հագուստ հագած մարդը չավարտեց նշան դնելու գործը (Եզեկ. 9։4-7)։ Նույն ձևով էլ Արմագեդոնը կսկսվի միայն այն բանից հետո, երբ Հիսուսը դատի բոլոր ազգերի մարդկանց և փրկության նշան դնի «ոչխարների» վրա։ Այս պատերազմի ժամանակ երկնային զորքը, այդ թվում՝ սուրբ հրեշտակներն ու Հիսուսի 144 000 թագավորակիցները, նրա առաջնորդությամբ դուրս կգան այս չար աշխարհի դեմ և կոչնչացնեն այն, իսկ մաքուր երկրպագություն մատուցողներին կփրկեն, որպեսզի նրանք ապրեն արդար նոր աշխարհում (Հայտն. 16։14-16; 19։11-21

20. Ի՞նչ արժեքավոր մտքեր ենք սովորում՝ քարտուղարի թանաքաման ունեցող մարդու մասին Եզեկիելի տեսիլքի շուրջ խորհելով։

20 Որքա՜ն շնորհակալ ենք Եհովային այն արժեքավոր մտքերի համար, որ սովորում ենք քարտուղարի թանաքաման ունեցող մարդու մասին Եզեկիելի տեսիլքից։ Խորհելով այդ տեսիլքի շուրջ՝ մենք համոզվում ենք, որ Եհովան արդարներին մեղավորների հետ չի կործանելու (Սաղ. 97։10)։ Մենք գիտենք, թե ինչ է հարկավոր այսօր իսկ անել, որպեսզի ապագայում մեզ վրա փրկության նշան դրվի։ Լինելով Եհովայի ծառաները՝ մենք վճռական ենք լիարժեքորե՛ն մասնակցելու բարի լուրի քարոզչությանը և նախազգուշացնելու նրանց, ովքեր հառաչում ու հեծեծում են Սատանայի աշխարհում տեղի ունեցող չար գործերի պատճառով։ Այդպես մենք կօգնենք նրանց, «ովքեր տրամադրված են ընդունելու հավիտենական կյանքի առաջնորդող ճշմարտությունը», որ մեզ հետ մաքուր երկրպագություն մատուցեն Աստծուն։ Դրա շնորհիվ նրանց վրա փրկության նշան կդրվի, և նրանք հնարավորություն կունենան ապրելու Աստծու արդար նոր աշխարհում (Գործ. 13։48

a Տաճարում տեղի ունեցած գարշելի բաների մասին Եզեկիելի տեսիլքը ուսումնասիրվում է այս գրքի 5-րդ գլխում։

b Համաձայն մի աշխատության՝ «մեղք» թարգմանված եբրայերեն գոյականը կարող է ունենալ «այլասերվածության» իմաստ։ Մեկ այլ աշխատության մեջ նշվում է, որ այդ գոյականը «խիստ կրոնական նշանակություն ունեցող բառ է, որը գրեթե միշտ կիրառվում է Աստծու առաջ գործված բարոյական մեղքի կամ օրինազանցության առնչությամբ»։

c Ակներևաբար, այն, որ Մեծ Բաբելոնը կործանվելու է, չի նշանակում, որ կեղծ կրոնի բոլոր անդամները մահանալու են։ Այդ ժամանակ նույնիսկ որոշ հոգևորականներ հնարավոր է՝ հեռանան կեղծ կրոնից և ասեն, որ իրենք երբեք դրա անդամ չեն եղել (Զաք. 13։3-6