Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նամակ՝ Կառավարիչ մարմնից

Նամակ՝ Կառավարիչ մարմնից

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

Սերը՝ Աստծու և մարդկանց հանդեպ, մղում է մեզ, որ «գնանք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստենք՝ նրանց մկրտելով» (Մատթ. 28։19, 20; Մարկ. 12։28-31)։ Անձնազոհ սերը մեծ ուժ ունի։ Այն կարող է զորեղ ազդեցություն ունենալ նրանց վրա, «ովքեր ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ» (Գործ. 13։48

Նախկինում մենք ձգտում էինք մատուցումներ անգիր հիշել և գրականություն տարածել։ Բայց այժմ մեր նպատակն է բարելավել զրույցներ վարելու մեր հմտությունները։ Մենք ցանկանում ենք սեր դրսևորել մարդկանց հանդեպ՝ նրանց հետ զրուցելով իրենց հետաքրքրող թեմաներից։ Դրա համար մենք պետք է լինենք ճկուն և հաշվի առնենք յուրաքանչյուրի մտահոգություններն ու հետաքրքրությունները։ Այս գրքույկը կօգնի մեզ հաջողության հասնել այդ հարցում։

Գրքույկը բաղկացած է 12 դասից, որոնցում քննարկվում են տարբեր հատկություններ, որոնք անհրաժեշտ են մարդկանց հանդեպ սեր դրսևորելու և աշակերտներ պատրաստելու համար։ Դասերից յուրաքանչյուրը հիմնված է աստվածաշնչյան մի դրվագի վրա, որում Հիսուսը կամ առաջին դարի մեկ այլ քարոզիչ ծառայության մեջ որևէ հատկություն է դրսևորում։ Թեև այս հատկություններից յուրաքանչյուրն էլ անհրաժեշտ է ծառայության բոլոր ձևերում, սակայն կխոսենք այն մասին, թե հատկապես որ հատկություններն են ավելի կարևոր զրույց սկսելու, վերայցելություն անելու և Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու համար։ Մեր նպատակը մատուցումներն անգիր հիշելը չէ, այլ մարդկանց հանդեպ սեր դրսևորելու կերպեր փնտրելը։

Յուրաքանչյուր դաս ուսումնասիրելիս խորությամբ մտածիր, թե ինչպես կարող ես դրսևորել տվյալ հատկությունը քո տարածքի մարդկանց հետ զրուցելիս։ Ձգտիր խորացնել Եհովայի և մարդկանց հանդեպ քո սերը։ Ցանկացած հմտությունից առավել այդ սերը կօգնի քեզ, որ կարողանաս աշակերտներ պատրաստել։

Ձեզ հետ ուս ուսի ծառայելը մեծ պատիվ է մեզ համար (Սոփ. 3։9)։ Թող Եհովան առատապես օրհնի ձեր ջանքերը, որ ներդնում եք մարդկանց սիրելու և աշակերտներ պատրաստելու համար։

Ձեր եղբայրներ՝

Եհովայի վկաների Կառավարիչ մարմին