Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աշխատանքներ «արտում»՝ հնձից առաջ

Աշխատանքներ «արտում»՝ հնձից առաջ

Աշխատանքներ «արտում»՝ հնձից առաջ

ՄԵԾ Ուսուցչի աշակերտները մտորումների մեջ էին։ Ընդամենը մի քանի վայրկյան առաջ Հիսուսը ցորենի ու որոմի մասին մի համառոտ պատմություն էր ներկայացրել։ Այդ օրը նրանք արդեն լսել էին նմանատիպ առակներ, իսկ այս մեկից հետո ունկնդիրների մեծամասնությունը հեռացավ։ Սակայն իր հետևորդները վստահ էին, որ այդ առակները պիտի որ հատուկ նշանակություն ունենային, հատկապես՝ ցորենի ու որոմի առակը։ Նրանք գիտեին, որ Հիսուսը հենց այնպես հետաքրքիր պատմություններ պատմող չէր։

Մաթևոսը ասում է, որ աշակերտները, մոտենալով Հիսուսին, խնդրեցին. «Մեկնի՛ր մեզ համար արտի որոմների առակը»։ Մեկնաբանելով այդ առակը՝ Հիսուսը նախազգուշացրեց մի մեծ ուրացության մասին, որը գալու էր իր հետագա կեղծ աշակերտների կողմից (Մատթէոս 13։24–30, 36–38, 43)։ Այդպես էլ եղավ, և Հովհաննես առաքյալի մահից անմիջապես հետո այդ ուրացումը մեծ տարածում գտավ (Գործք 20։29, 30; Բ Թեսաղոնիկեցիս 2։6–11)։ Ուրացումն այնպիսի մասշտաբ էր կրում, որ անմիջապես հիշեցնում էր Հիսուսի միանգամայն տեղին հարցը՝ արձանագրված Ղուկաս 18։8–ում. «Երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞»։

Հիսուսի գալուստը մատնանշելու էր որպես «ցորեն» հանդես եկող քրիստոնյաների «հնձի» ժամանակը։ Դա լինելու էր իրերի այս համակարգի վախճանի նշանը, որը 1914 թ.–ից ի վեր ուժի մեջ է արդեն։ Ուստի, զարմանալի չէ, որ հնձին նախորդող ժամանակահատվածում սուր հետաքրքրության ալիք է բարձրացած եղել Աստվածաշնչի ճշմարտության հանդեպ (Մատթէոս 13։39

Պատմական փաստերը ցույց են տալիս, որ հատկապես 15–րդ դարից ի վեր քրիստոնեական աշխարհում շատ մտածողներ առաջ եկան, որոնք իրականում «որոմներ» էին, այսինքն՝ կեղծ քրիստոնյաներ։ Բայց Աստվածաշնչի մատչելի դառնալու և Աստվածաշնչի համաբարբառներ ստեղծվելու հետ զուգահեռ անկեղծ մարդիկ սկսեցին ուշադրությամբ հետազոտել Գրությունները։

Լույսը պայծառանում է

19–րդ դարի վերջում նրանցից մեկը եղավ Հենրի Գրուն՝ Բիրմինգհեմից (Անգլիա, 1781–1862 թթ.)։ 1795–ի հուլիսի 8–ին տասներեքամյա Գրուն ընտանիքի հետ միասին, կտրելով Ատլանտյան օվկիանոսը, տեղափոխվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նրանք բնակություն են հաստատում Փրովիդենսում (Ռոդ Այլենդ)։ Գրուի ծնողները նրա մեջ մանուկ հասակից խոր սեր են արմատավորում դեպի Աստվածաշունչը։ 1807 թ.–ին քսանհինգ տարեկան հասակում նրան որպես պաստորի հրավիրում են Հարթֆորդ (Քոնեքթիքութ)՝ Բապտիստական եկեղեցի։

Գրուն լրջությամբ էր մոտենում իր պարտականություններին և փորձում էր օգնել իր խնամակալության տակ գտնվողներին՝ Գրությունների հետ ներդաշնակ կյանք վարելու։ Բացի այդ, նա վստահ էր, որ ժողովը հարկավոր է մաքուր պահել ու զտել այնպիսի անհատներից, որոնք գիտակցաբար մեղք են գործում։ Երբեմն եկեղեցու այլ պատասխանատու անձանց հետ միասին Գրուն ստիպված էր եկեղեցուց վտարել (ընկերակցությունից զրկել) պոռնկության և այլ անմաքուր գործերի մասնակից դարձած անհատներին։

Եկեղեցում նկատելի էին նաև այլ երևույթներ, որոնք խիստ անհանգստացնում էին նրան։ Կային մարդիկ, որոնք եկեղեցու անդամ չլինելով հանդերձ, եկեղեցու դրամական գործերն էին վարում և պատարագների ժամանակ ղեկավարում երգեցողությունը։ Այդ մարդիկ կարող էին նաև մասնակցել ժողովին վերաբերող հարցերի քվեարկությանը, ուստիև՝ որոշակի ազդեցություն ունենալ ժողովի գործերի վրա։ Աշխարհից անջատ մնալու սկզբունքի վրա հիմնվելով՝ Գրուն խորապես համոզված էր, որ միայն հավատի մեջ եղող մարդիկ պետք է զբաղվեն վերոհիշյալ գործերով (Բ Կորնթացիս 6։14–18; Յակոբոս 1։27)։ Նրա համոզմամբ, անհավատների շուրթերից լսվող փառաբանության երգերը հնչում են որպես անարգանք Աստծո հասցեին։ Իր բռնած դիրքի պատճառով Գրուն 1811 թ.–ին հեռացվեց եկեղեցուց։ Նույն ժամանակաընթացքում եկեղեցուց հեռացան նաև նման կարծիքների թիկունք կանգնող այլ ծառայողներ։

Անջատվել քրիստոնեական աշխարհից

Այս խումբը՝ Հենրի Գրուի հետ միասին, Աստվածաշնչի ուսումնասիրություն ձեռնարկեց՝ ձգտելով ապրել ու գործել այնտեղ պարունակված խորհուրդներին համապատասխան։ Այդ ուսումնասիրությունները գնալով ավելի ու ավելի էին ընդարձակում նրանց աստվածաշնչյան ըմբռնումը, ինչը իր հերթին մղում էր նրանց ջրի երես հանելու քրիստոնեական աշխարհի մեղքերը։ Օրինակ՝ 1824 թ.–ին Գրուն գրավոր ու լիովին հիմնավորված կերպով հերքեց երրորդության ուսմունքը։ Ահա մի հատված նրա աշխատությունից, որտեղ կարող եք ուշադրություն դարձնել նրա բերած տրամաբանական հետևություններին։ «‘Այդ օրվան ու ժամին ոչ մի մարդ տեղյակ չէ, այն չգիտեն երկնքի հրեշտակները, ոչ էլ Որդին, այլ միայն ՀԱՅՐԸ’ [Մարկոս 13։32]։ Տեսեք, թե ինչ հերթականությամբ են բերված վերոհիշյալ էակները՝ մարդ, հրեշտակներ, Որդի, Հայր.... Մեր Տերը սովորեցնում է մեզ, որ այդ օրվա մասին գիտի միայն Հայրը։ Սակայն սա ակնհայտորեն սխալ կլիներ, եթե, ինչպես ոմանք են կարծում, Հայրը, Խոսքը և Սուրբ Ոգին երեք անձ են մեկ Աստծո մեջ, քանզի այդ ուսմունքի [երրորդության] համաձայն.... Որդին Հոր հետ հավասարապես տեղյակ է դրանից»։

Գրուն մերկացնում էր իրենց Քրիստոսի ծառայողներ ձևացնող հոգևորականության և զինվորականների կեղծավորությունը։ 1828 թ.–ին Գրուն հայտարարեց. «Կարելի՞ է էլ ավելի մեծ անհեթեթություն պատկերացնել, քան այն, որ քրիստոնյան ծածուկ տեղում իր թշնամիների համար աղոթելուց հետո մարդկանց հրամայի զենք վերցնել ու կոչ անի ամենայն վայրագությամբ այդ իսկ թշնամիներին խոցել։ Առաջին արարքով նա նմանվում է իր Տիրոջը՝ նրա մահից առաջ, բայց ո՞ւմ է նմանվում երկրորդ դեպքում... Հիսուսն աղոթել էր իրեն սպանողների համար. քրիստոնյաները սպանում են նրանց, ում համար որ աղոթում են»։

Գրուն խիզախել էր նաև գրել. «Ե՞րբ ենք հավատալու Ամենակալին, որը վստահեցնում է մեզ, որ «չի ծաղրվում»։ Ե՞րբ ենք հասկանալու այն սուրբ կրոնի էությունն ու վեհությունը, որը պահանջում է մեզանից հեռու մնալ նույնիսկ ‘չարի կերպարանքից’.... Արդյոք Օրհնյալի Որդու հասցեին որպես զրպարտություն չի՞ հնչում այն կարծիքը, թե նրա կրոնը մարդուց պահանջում է մի դեպքում հրեշտակ լինել, իսկ մի ուրիշ դեպքում՝ դև»։

Հավիտենական կյանքը բնածին պարգև չէ

Այդ տարիներին դեռևս չկար ռադիո և հեռուստատեսություն. մարդիկ իրենց տեսակետները հայտնի էին դարձնում տպագիր թերթիկների օգնությամբ։ 1835 թ.–ին Գրուն լուրջ պամֆլետ է գրում հոգու անմահության և դժոխքի կրակի ուսմունքների ոչ սուրբգրային լինելու վերաբերյալ։ Այնտեղ ամփոփվում էր իր այն կարծիքը, որ նման ուսմունքները անարգում են Աստծուն։

Պամֆլետը առաջիկայում հզոր ազդեցություններ պիտի ունենար։ 1837 թ.–ին մի օրինակ ընկնում է քառասունամյա Ջորջ Սթորզի ձեռքը։ Ծնունդով Լեբանոնից (Նյու Հեմփշիր նահանգ)՝ նա այդ ժամանակ բնակվում էր Յուտիկայում (Նյու Յորք նահանգ)։

Սթորզը մեթոդիստ–​եպիսկոպոսական եկեղեցում հարգված ծառայող էր։ Պամֆլետն ընթերցելուց հետո նա զարմացած էր մնացել, որ այդ աստիճանի կտրուկ պատճառաբանություններ կարելի է բերել քրիստոնեական աշխարհի հիմնական ուսուցումների դեմ, որոնք մինչ այդ երբեք կասկածի չէր ենթարկել։ Քանի որ հեղինակի մասին ոչինչ ասված չէր, վերջինիս անունը նրա համար այդպես էլ անհայտ մնաց՝ մինչև Հենրի Գրուի հետ ծանոթությունը 1844 թ.–ին Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա նահանգ). այդ ժամանակ երկուսն էլ ապրում էին այնտեղ։ Սթորզը, սակայն, երեք տարվա ընթացքում անձամբ ուսումնասիրություններ էր կատարել, և այդ մասին խոսել էր միայն եկեղեցու այլ ծառայողների հետ։

Ի վերջո տեսնելով, որ ոչ ոք չի կարողանում ժխտել իր իմացածը, Սթորզը եկել էր այն եզրակացության, որ մեթոդիստական եկեղեցում իր հետագա գործունեությունը նշանակելու էր Աստծո հանդեպ անհավատարմություն։ Նա հրաժարվեց ծառայությունից և 1840–ին տեղափոխվեց Օլբանի (Նյու Յորք նահանգ)։

1842–ի վաղ գարնանը Սթորզը վեց շաբաթվա ընթացքում ներկայացրեց վեց դասախոսությունների մի շարք, որը վերնագրված էր՝ «Հարց՝ արդյո՞ք չարերը անմահ են»։ Դա այնպիսի արձագանք ունեցավ ու այնքան մեծ հետաքրքրության ալիք բարձրացրեց, որ Սթորզը դրանք վերանայելուց հետո վճռեց հանձնել տպագրության։ Հաջորդ քառասուն տարիների ընթացքում դրանց տպաքանակը Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում հասավ 200 000–ի։ Սթորզն ու Գրուն համագործակցում էին հոգու անմահության ուսմունքի դեմ վեճերի շուրջը։ Գրուն մինչև մահ (1862 թ. օգոստոսի 8, Ֆիլադելֆիա) շարունակում էր նախանձախնդրությամբ քարոզել։

Վերոհիշյալ դասախոսությունների շարքը ներկայացնելուց կարճ ժամանակ անց Սթորզի ուշադրությունը գրավեցին Ուիլյամ Միլլերի քարոզները. վերջինս սպասում էր Քրիստոսի տեսանելի վերադարձին՝ 1843 թ.–ին։ Շուրջ երկու տարի Սթորզը Միացյալ Նահանգների հյուսիս–​արևելքում ակտիվորեն քարոզում էր այդ լուրը։ 1844–ին՝ նա դադարեց որևէ թվական նշելուց, միևնույն ժամանակ չառարկելով, որ ուրիշները զբաղվեին ժամանակագրության հետազոտությամբ։ Սթորզի համոզմամբ Քրիստոսի վերադարձը մոտ էր և քրիստոնյաների արթուն մնալը՝ հոգևորապես թարմ վիճակում լինելը անչափ կարևոր էր այցելության օրվան պատրաստ լինելու համար։ Բայց շուտով նա հեռացավ Միլլերի խմբից՝ չհաշտվելով նրանց այնպիսի ոչ աստվածաշնչյան ուսմունքների հետ, ինչպիսիք էին, օրինակ, հոգու անմահության գաղափարը, աշխարհի՝ կրակով կործանումը և հավիտենական կյանքի հույսի բացակայությունը նրանց համար, ովքեր մահացել են առանց Աստծուն ճանաչելու։

Ինչի՞ էր հանգեցնելու Աստծո սերը

Սթորզին վանում էր ադվենտիստների այն տեսակետը, թե Աստված հարություն է տալու չարերին զուտ այն նպատակով, որպեսզի նրանց կրկին մահվան դատապարտի։ Նա այդ տեսակետը հաստատող ոչ մի ապացույց չէր գտնում Աստվածաշնչում և համարում էր, որ դա անիմաստ ու վրիժառական արարք կլիներ Աստծո կողմից։ Սակայն Սթորզն ու նրա ընկերներն ընկան մեկ այլ ծայրահեղության մեջ՝ եզրակացնելով, որ չարերից ոչ ոք հարություն չի առնելու։ Ու թեև դժվարանում էին բացատրել անարդարների հարությանը վերաբերող աստվածաշնչյան որոշ համարներ, սակայն կարծում էին, որ իրենց հետևություններն ավելի ներդաշնակ էին ու մոտ Աստծո սիրուն։ Առջևում Աստծո նպատակը հասկանալու հաջորդ փուլն էր։

1870 թ.–ին Սթորզը ծանր հիվանդացավ և մի քանի ամիս դժվարանում էր աշխատել։ Սակայն այդ ընթացքում նա ի վիճակի եղավ վերաքննելու այն ամենը, ինչ սովորել էր իր կյանքի 74 տարիների ընթացքում։ Սթորզը եկավ այն եզրակացության, որ անտեսել էր Աստծո նպատակի մասին մի շատ կարևոր հանգամանք՝ Աբրահամի հետ կապված ուխտի վերաբերյալ խոստումը, որ ‘երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեին, քանի որ Աբրահամը լսել էր Աստծո ձայնին’ (Ծննդոց 22։18; Գործք 3։25

Այսպիսով, մի նոր միտք է ծնվում. եթե «բոլոր ազգերը» պետք է օրհնվեն, մի՞թե, ուրեմն, բոլորն էլ չպետք է լսեն բարի լուրը։ Ինչպե՞ս են լսելու։ Մի՞թե միլիոնավորներ արդեն մահացած չեն։ Գրությունների հավելյալ ուսումնասիրությունները երևան բերեցին այն իրողությունը, որ գոյություն ունի մահացած «չար» անհատների երկու դասակարգ՝ նրանք, ովքեր վերջնականորեն մերժել են Աստծո սերը, և նրանք, ովքեր մահացել են ոչինչ չիմանալով այդ մասին։

Վերջիններս, ինչպես եզրակացրեց Սթորզը, պետք է հարություն առնեին և հնարավորություն ստանային օգտվելու Քրիստոս Հիսուսի քավիչ զոհաբերությունից։ Այդ զոհաբերությունն ընդունողները հավիտյան ապրելու էին երկրի վրա, իսկ մերժողները վերացվելու էին։ Այո՛, Սթորզը միանգամայն վստահ էր, որ Աստված ոչ ոքի հարություն չի տա առանց ապագայի հանդեպ հույսը նրանց տալու։ Ի վերջո, չէ՞ որ բացի Ադամից ոչ ոք պատասխանատու չէր իր գործած մեղքի համար։ Բայց ի՞նչ կարելի էր ասել նրանց մասին, ովքեր կենդանի էին լինելու Տեր Հիսուս Քրիստոսի վերադարձի ժամանակ։ Սթորզը հասկացավ, որ համաշխարհային քարոզչության հսկայական գործունեություն է ծավալվելու։ Նա գաղափար անգամ չուներ, թե ինչպես պիտի դա իրականանար, սակայն, հավատով լեցուն, գրել էր. «Այնուհանդերձ շատերը, չիմանալով, թե ինչպես կարելի է որևէ գաղափար իրականացնել, մերժում են այն. բայց մի՞թե Աստծո համար դա անհնարին է միայն այն պատճառով, որ այն անկարող են անել մարդիկ»։

Ջորջ Սթորզը մահացավ 1879 թ. դեկտեմբերին Բրուքլինում (Նյու Յորք)՝ իր տանը, ընդամենը մեկ–​երկու թաղամաս հեռու այն տեղից, որտեղ հետագայում լինելու էր իր համար անչափ ցանկալի համաշխարհային քարոզչական գործունեության կենտրոնը։

Հետագա լույսի կարիքը

Արդյո՞ք Հենրի Գրուն և Ջորջ Սթորզը նույնքան պարզ էին հասկանում ճշմարտությունը, որքան մենք այսօր։ Ոչ, բայց հասկանում էին, թե ի՛նչ պայքար են մղում. 1847 թ.–ին Սթորզը գրել էր. «Չպետք է մոռանանք, որ դեռ վերջերս ենք դուրս եկել եկեղեցու խավար դարերից, և զարմանալի չի լինի, եթե ‘բաբելոնյան հանդերձներից’ ինչ–​որ բան դեռ հայնտաբերենք մեզ վրա»։ Գրուն, օրինակ, գնահատում էր Հիսուսի տված փրկանքը, սակայն չէր հասկացել, որ դա «համապատասխան փրկանք» էր, այսինքն՝ Հիսուսի կատարյալ մարդկային կյանքը տրվել էր մարդ Ադամի կորցրած կատարյալ կյանքի փոխարեն (Ա Տիմոթէոս 2։6)։ Հենրի Գրուն նույնպես սխալվել էր՝ հավատալով, որ Հիսուսը վերադառնալու էր՝ տեսանելի կերպով իշխելու երկրի վրա։ Այնուամենայնիվ, Գրուին մտահոգել է Եհովայի անվան սրբացումը, մի բան, որ մ.թ. երկրորդ դարից ի վեր շատ քչերին է հետաքրքրել։

Ջորջ Սթորզը ճշգրտորեն չէր հասկացել նաև ուրիշ կարևոր հարցեր։ Նա կարողանում էր նկատել հոգևորականության առաջ քաշած կեղծիքները, սակայն երբեմն ծայրահեղության մեջ էր ընկնում։ Օրինակ՝ ըստ ամենայնի ծայրահեղաբար արձագանքելով Սատանայի վերաբերյալ ուղղափառ հոգևորականության ունեցած տեսակետին, Սթորզը հերքել էր Սատանայի գոյությունը՝ որպես անձնավորության։ Նա հերքել էր երրորդությունը, սակայն գրեթե մինչև իր մահը վստահ չէր եղել՝ արդյոք սուրբ ոգին անձնավորություն է, թե՝ ոչ։ Ու թեև սպասում էր, որ Քրիստոսի վերադարձը սկզբնապես լինելու է անտեսանելի, սակայն կարծում էր, որ հետագայում նա հայտնվելու է տեսանելի կերպով։ Այսուամենայնիվ, երևում է, որ նրանք երկուսն էլ եղել են ազնիվ ու անկեղծ մարդիկ, և որ շատ–​շատերից ավելի մոտ են եղել ճշմարտությանը։

Ցորենի և որոմի մասին առակում Հիսուսի հիշատակած «արտը» այդ ժամանակ դեռ պատրաստ չէր հնձի (Մատթէոս 13։38)։ Գրուն, Սթորզը և մյուսները աշխատում էին «արտում»՝ այն հնձի համար պատրաստելու։

1879 թ.–ին սույն պարբերականի հիմնադիր Չարլզ Թեյզ Ռասելը իր վաղ տարիների մասին գրել էր. «Տերը մեզ շատ օգնականներ տվեց Իր խոսքն ուսումնասիրելու համար, որոնցից մեկն, ինչ խոսք, մեր սիրելի ավագ եղբայր Ջորջ Սթորզն էր, որը խոսքով և գրչով մեծ աջակցություն ցույց տվեց մեզ։ Սակայն մենք երբեք չենք ձգտել մարդկանց հետևորդներ լինել, ինչքան էլ որ նրանք բարի ու իմաստուն լինեն, այլ՝ «որպես Աստծո սիրելի զավակներ», նրա՛ հետևորդներ»։ Աստվածաշնչի անկեղծ ուսումնասիրողները կարող էին օգուտ քաղել այնպիսի մարդկանց ներդրած ջանքերից, ինչպիսիք էին Գրուն և Սթորզը, սակայն, այնուամենայնիվ, այժմ էլ կարևոր է քննել Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը, որպես ճշմարտության միակ աղբյուր (Յովհաննէս 17։17

[26–րդ էջի վրայի շրջանակը]

Ինչին էր հավատում Հենրի Գրուն

Եհովայի անունը նախատինքի է ենթարկվել և հարկավոր է այն սրբացնել։

Երրորդության, հոգու անմահության և դժոխքի կրակի ուսմունքները կեղծիք են։

Քրիստոնեական ժողովը պետք է անջատ լինի աշխարհից։

Քրիստոնյաները չպետք է մասնակցեն պատերազմներին։

Քրիստոնյաները պարտավորված չեն շաբաթ–​կիրակի օրերին Շաբաթը պահելու։

Քրիստոնյաները չպետք է պատկանեն գաղտնի աղանդների, ինչպես օրինակ, ֆարմասոնականությանը։

Քրիստոնյաների մեջ չպետք է լինի հոգևորականների և աշխարհիկների դասակարգում։

Կրոնական տիտղոսները հակաքրիստոսից են։

Բոլոր ժողովներում պետք է գործի երեցների մարմին։

Երեցները պետք է լինեն սուրբ՝ իրենց վարքով անբասիր։

Քրիստոնյաներից յուրաքանչյուրը պետք է քարոզի բարի լուրը։

Լինելու են մարդիկ, ովքեր հավիտյան պետք է ապրեն Դրախտում՝ երկրի վրա։

Քրիստոնեական երգերով պետք է փառաբանել Եհովային և Քրիստոսին։

Ինչին էր հավատում Ջորջ Սթորզը

Հիսուսը իր կյանքը որպես փրկանք տվեց մարդկության համար։

Բարի լուրի քարոզչությունը դեռ տեղի չէր ունեցել (1871 թ.–ին)։

Հետևաբար՝ (1871 թ.–ին) վախճանը չէր կարող մոտ լինել։ Ապագայում լինելու էր մի ժամանակաշրջան, երբ տեղի էր ունենալու այդ քարոզչությունը։

Լինելու են մարդիկ, ովքեր երկրի վրա հավիտենական կյանք են ժառանգելու։

Բոլոր նրանք, ովքեր մահացել են առանց Աստծուն ճանաչելու, հարություն են առնելու. Քրիստոսի քավիչ զոհաբերությունն ընդունողները հավիտենական կյանք են ստանալու երկրի վրա, իսկ մերժողները՝ վերացվելու են։

Հոգու անմահության և դժոխքի կրակի գաղափարները կեղծ ուսմունքներ են, որոնք անարգանք են բերում Աստծո անվանը։

Տիրոջ Ընթրիքը ամեն տարի նիսանի 14–ին նշվող իրադարձություն է։

[նկար 26–րդ էջի վրա]

Photo: Collection of The New-York Historical Society/69288

[նկար 28–րդ էջի վրա]

Photo: SIX SERMONS, by George Storrs (1855)

[նկարներ 29–րդ էջի վրա]

1909 թ.–ին «Սիոնի Դիտարանի» խմբագիր Չ. Ռասելը տեղափոխվեց Բրուքլին (Նյու Յորք, ԱՄՆ)։