Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ներողություն խնդրելը նպաստում է համերաշխությանը

Ներողություն խնդրելը նպաստում է համերաշխությանը

Ներողություն խնդրելը նպաստում է համերաշխությանը

«ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ խնդրելը շատ մեծ ազդեցություն կարող է գործել. այն կարող է կանխել բռնությունը, վերջ դնել ազգամիջյան բախումներին, նպաստել խզված հարաբերությունների վերականգմանը և հնարավորություն ստեղծել, որ կառավարական օղակներն ընդունեն իրենց մեղքը քաղաքացիներին տառապանք պատճառելու հարցում»։ Այս խոսքերը գրել է Դեբորա Թանենը՝ մեծ հեղինակություն վայելող գրող ու լեզվագետ–​սոցիոլոգ (Ջորջթաունի Համալսարան, Վաշինգտոն)։

Աստվածաշունչը հավաստիացնում է, որ անկեղծորեն ներողություն խնդրելը հաճախ նպաստում է խզված հարաբերությունների վերականգնմանը։ Վերցնենք անառակ որդու մասին Հիսուսի առակը. երբ որդին վերադարձավ տուն և անկեղծորեն ներողություն խնդրեց, հայրը պատրաստակամորեն ետ ընդունեց նրան (Ղուկաս 15։17–24)։ Այո՛, երբեք չպետք է լինի այնպես, որ չկարողանանք կոտրել մեր հպարտությունը և ներողություն խնդրել։ Իսկապես խոնարհ անհատի համար ներողություն խնդրելը դժվարություն չի ներկայացնի։

Ներողություն խնդրելու ուժը

Ներողություն խնդրելու զորությունը լավ է երևում հին Իսրայելում ապրած մի խելացի կնոջ՝ Աբիգեայի օրինակից, թեև պետք է նշել, որ նա ներողություն էր խնդրել իր ամուսնու կատարած սխալի համար։ Երբ վերջինիս հոտը անապատում էր, հետագայում Իսրայելի թագավոր դարձած Դավիթն ու նրա մարդիկ պաշտպանում էին այն։ Սակայն, երբ Դավիթին ծառայող երիտասարդները Նաբաղից (Աբիգեայի ամուսնուց) հաց և ջուր խնդրեցին, վերջինս կոպտեց նրանց ու ձեռնունայն ետ ուղարկեց։ Բարկացած՝ Դավիթը մոտ 400 մարդկանցով ոտքի ելավ ընդդեմ Նաբաղի ու նրա տան անդամների։ Իմանալով այն մասին, թե ինչ է տեղի ունեցել՝ Աբիգեան միջոցներ ձեռնարկեց Դավիթի հետ հանդիպելու։ Նրան տեսնելուն պես Աբիգեան խոնարհվեց և հետո ասաց. «Ով տէր իմ, յանցանքը ինձ վերայ լինի. բայց հրաման տուր՝ որ աղախինդ քո առաջին խօսէ, եւ քո աղախնի խօսքերը լսիր»։ Այնուհետև Աբիգեան բացատրեց, թե որն է տեղի ունեցածի պատճառը, և սնունդ ու գինի տվեց նրան։ Դրանից հետո Դավիթն ասաց. «Խաղաղութիւնով տունդ գնա. ահա խօսքիդ լսեցի եւ քո խնդիրքն ընդունեցի» (Ա Թագաւորաց 25։2–35

Աբիգեայի խոնարհությունը, ինչպես նաև իր ամուսնու գռեհիկ արարքի համար ներողություն խնդրելը փրկեց նրա տան անդամներին։ Դավիթն անգամ շնորհակալություն հայտնեց այդ կնոջը՝ իրեն արյուն թափելուց ետ պահելու համար։ Թեև Դավիթի ու նրա մարդկանց նկատմամբ սխալ վարվողը անձամբ Աբիգեան չէր, սակայն ընդունելով, որ իրենց ընտանիքն ընդհանուր առմամբ մեղավոր է՝ նա կարողացավ խաղաղ փոխհարաբերություններ հաստատել Դավիթի հետ։

Պողոս առաքյալը նույնպես գիտեր, թե երբ է պետք ներողություն խնդրել։ Մի առիթով նա պետք է պաշտպաներ իրեն Սինեդրիոնի՝ հրեական գերագույն ատյանի առջև։ Նրա ազնիվ խոսքերից զայրացած՝ Անանիա քահանայապետը հրամայեց Պողոսի մոտ կանգնած մարդկանց հարվածել նրա բերանին։ Ի պատասխան դրա՝ Պողոսն ասաց. «Աստուած պիտի քեզ զարկէ՝ ծեփած պատ. եւ դու նստել ես ինձ օրէնքի համեմատ դատելու, եւ օրէնքի հակառակ հրամայում ես՝ որ ես զարկուի՞մ»։ Երբ ներկա գտնվողները մեղադրեցին նրան քահանայապետին հայհոյելու մեջ, առաքյալը անմիջապես ընդունեց իր սխալն՝ ասելով. «Եղբարք, ես չ’գիտէի՝ որ քահանայապետ է. որովհետեւ գրուած է՝ թէ Քո ժողովրդի իշխանին չ’հայհոյես» (Գործք 23։1–5

Պողոսն իրավացի էր՝ ասելով, որ դատավոր նշանակված անհատը չպետք է դիմի բռնության։ Բայց նա ներողություն խնդրեց այն բանի համար, որ առանց իմանալու՝ քահանայապետի հետ խոսեց մի ձևով, որ կարող էր անարգալից համարվել։ * Ներողություն խնդրելը հնարավորություն ստեղծեց, որ Ատյանի անդամները լսեին նրան։ Իմանալով, որ Սինեդրիոնի անդամների միջև տարաձայնություններ կան հարության գաղափարի վերաբերյալ՝ Պողոսն ասաց, որ դատվում է հարությանը հավատալու համար։ Արդյունքում մեծ վեճ առաջացավ (Գործք 23։6–10

Ի՞նչ կարող ենք սովորել աստվածաշնչյան այս օրինակներից։ Երկու դեպքում էլ անկեղծորեն ներողություն խնդրելը հանգեցրեց իրար հակառակ կողմերի միջև որոշակի հարաբերությունների հաստատմանը։ Ուստի ներողություն խնդրելը կարող է նպաստել համերաշխությանը։ Այո՛, մեր սխալն ընդունելը կարող է հնարավորություն ստեղծել օգտակար զրույց վարելու։

«Բայց ես ոչ մի վատ բան չեմ արել»

Երբ պարզվում է, որ խոսքով կամ որևէ արարքով վիրավորել ենք ինչ–​որ մեկին, գուցե եզրակացնում ենք, որ այդ անհատը հիմքեր չունի նման ձևով մտածելու, կամ էլ՝ որ նա չափազանց զգայուն է։ Այնուամենայնիվ, Հիսուս Քրիստոսն իր աշակերտներին խորհուրդ է տվել հետևյալը. «Արդ՝ եթէ սեղանի վերայ մատուցանես քո ընծան, եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քեզ դէմ մէկ բան ունի, թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին. եւ գնա առաջ հաշտուիր քո եղբօր հետ. եւ յետոյ եկ ընծադ մատուցրու» (Մատթէոս 5։23, 24

Ասենք՝ եղբորը թվում է, թե դու մեղք ես գործել նրա դեմ։ Հիսուսն ասել էր, որ նման դեպքում պետք է գնաս ու «հաշտ[վես] քո եղբօր հետ», անկախ այն բանից՝ քո կարծիքով դու նրան ինչ–​որ բան արել ես, թե՝ ոչ։ Հիսուսի օգտագործած բառը հունարենում կրում է «երկկողմանի փոխզիջման իմաստ» («Vine’s Expository Dictionary of Old and New Testament Words»)։ Իրականում, երբ երկու անհատների միջև բախում է տեղի ունենում, երկուսն էլ ինչ–​որ չափով մեղավոր են, քանի որ անկատար են ու սխալական։ Իսկ դա սովորաբար ենթադրում է, որ զիջումները պետք է լինեն երկկողմանի։

Գլխավորն այն չէ, թե ով էր ճիշտ, և ով՝ սխալ, այլ՝ թե ով իր ձեռքը կվերցնի հաշտվելու նախաձեռնությունը։ Երբ Պողոս առաքյալն իմացավ, որ Կորնթոսի քրիստոնյաները իրենց ծառայակիցներին կանգնեցնում էին աշխարհիկ դատարանների առջև անձնական տարաձայնությունների պատճառով, օրինակ՝ ֆինանսական հարցերի հետ կապված, նա ուղղեց այդ քրիստոնյաների տեսակետը՝ ասելով. «Ինչո՞ւ ինքներդ զրկանք չէք կրում եւ առաւել եւս ինքներդ նեղութիւն չէք քաշում» (Ա Կորնթացիս 6։7, ԷԹ)։ Թեև Պողոսն ասում էր սա իր հավատակիցներին, որ նրանք իրենց անձնական խնդիրները չդարձնեն աշխարհիկ դատարանների քննարկման առարկա, այստեղից մի պարզ սկզբունք է երևան գալիս. խաղաղությունը հավատակիցների միջև ավելի կարևոր է, քան որևէ մեկի ճիշտ կամ սխալ լինելն ապացուցելը։ Այս սկզբունքը մեր մտքում պահելով՝ չենք դժվարանա ներողություն խնդրել, եթե ինչ–​որ մեկի կարծիքով՝ նրա դեմ որևէ բան ենք արել։

Անկեղծության անհրաժեշտությունը

Ոմանք, սակայն, չափից շատ են ներողություն խնդրում։ Օրինակ՝ Ճապոնիայում օրվա մեջ հազար անգամ կարելի է լսել «սյումիմասեն» բառը, որ կրում է ներողություն խնդրելու իմաստ։ Այդ բառը նույնիսկ օգտագործվում է երախտագիտություն արտահայտելու համար՝ փոխանցելով այն միտքը, թե հնարավոր չէ փոխհատուցել ցուցաբերված բարությունը։ Փաստորեն՝ այն բազում կիրառություններ ունի. մարդ կարող է մտածել, թե այն չափազանց շատ է օգտագործվում։ Բացի այդ, նա կկասկածի այդ խոսքն օգտագործողի անկեղծությանը։ Նման երևույթը նկատելի է նաև ուրիշ մշակույթներում։

Անկախ այն բանից, թե ինչ լեզվով ենք խոսում՝ հարկավոր է ներողություն խնդրելիս անկեղծություն ցուցաբերել։ Մեր ձայնից ու խոսքերից պետք է երևա, որ անկեղծորեն զղջում ենք։ Լեռան քարոզում Հիսուսն իր աշակերտներին ասել էր. «Ձեր խօսքը լինի, Այոն՝ այո, եւ Ոչն՝ ոչ. եւ սորանից աւելին չարիցն է» (Մատթէոս 5։37)։ Եթե ներողություն եք խնդրում, դա արեք անկեղծորեն։ Քննենք մի օրինակ. օդանավակայանում ուղևորների գրանցման ժամանակ մի մարդ ներողություն խնդրեց իրենից հետո կանգնած կնոջից ճամպրուկով նրան հրելու համար։ Քիչ անց, երբ բոլորը մի քանի քայլ առաջ գնացին, ճամպրուկը նորից կպավ այդ կնոջը։ Տղամարդը նորից շատ քաղաքավարի ներողություն խնդրեց։ Երբ նույնը տեղի ունեցավ երրորդ անգամ, այդ կնոջ հետ ճանապարհորդող տղամարդն ասաց. «Եթե իսկապես զղջում եք դրա համար, ապա այնպես արեք, որ ճամպրուկն այլևս չդիպչի կնոջը»։ Եվ իրոք, եթե ներողություն խնդրելիս անկեղծ ենք, ապա կաշխատենք չկրկնել սխալը։

Եթե անկեղծ ենք, ապա ոչ միայն ներողություն կխնդրենք, այլև կընդունենք մեր սխալը և ջանք կթափենք հնարավորության սահմաններում հասցված վնասը փոխհատուցելու։ Մյուս կողմից՝ վիրավորված անհատը պետք է պատրաստակամորեն ների իր սխալն ընդունած մարդուն (Մատթէոս 18։21, 22; Մարկոս 11։25; Եփեսացիս 4։32; Կողոսացիս 3։13)։ Անկատարության պատճառով գուցե միշտ չէ, որ հեշտ լինի հասնել համերաշխության։ Այնուամենայնիվ, ներողություն խնդրելով՝ մեծապես կնպաստենք դրան։

Երբ ներողություն խնդրելը տեղին չէ

Թեև ներողություն խնդրելը կարող է հանգստացնել կրքերն ու նպաստել համերաշխությանը, խոհեմ անհատը անտեղի չի խնդրի այն։ Ասենք՝ խնդիրը առնչվում է Աստծո հանդեպ անարատ մնալուն։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուս Քրիստոսը «իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ՝ եւ այն էլ խաչի մահ» (Փիլիպպեցիս 2։8)։ Տառապանքը մեղմելու նպատակով, սակայն, նա իր համոզմունքների համար ներողություն չէր խնդրում։ Նա ներողություն չխնդրեց նաև այն ժամանակ, երբ քահանայապետը պահանջեց հետևյալը. «Երդում եմ տալիս քեզ կենդանի Աստուծովը որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը Աստուծոյ որդին»։ Երկչոտություն ցուցաբերելու և ներողություն խնդրելու փոխարեն՝ Հիսուսը համարձակորեն ասաց. «Դու ասեցիր. սակայն ասում եմ ձեզ, որ հիմիկուց յետոյ կ’տեսնէք մարդի Որդին Զօրութեան աջ կողմը նստած՝ եւ երկնքի ամպերի վերայ գալիս» (Մատթէոս 26։63, 64)։ Հիսուսի մտքով անգամ չէր անցնի Եհովա Աստծո առջև իր անարատությունը կորցնելու գնով խաղաղ փոխհարաբերություններ պահպանել քահանայապետի հետ։

Քրիստոնյաները պատիվ և հարգանք են ցուցաբերում իշխանություն ունեցող անհատների հանդեպ։ Սակայն երբ հարցը վերաբերում է Աստծո նկատմամբ իրենց հնազանդությանն ու եղբայրների հանդեպ իրենց սիրուն, ապա կարիք չկա, որ նրանք ներողություն խնդրեն (Մատթէոս 28։19, 20; Հռովմայեցիս 13։5–7

Երբ ոչինչ չի խոչընդոտի խաղաղությանը

Մեր նախահայր Ադամից անկատարություն ենք ժառանգել. դա է պատճառը, որ սխալներ ենք գործում (Հռովմայեցիս 5։12; Ա Յովհաննէս 1։10)։ Մեղքը հետևանք էր Արարչի դեմ Ադամի ըմբոստության։ Ի սկզբանե, սակայն, Ադամն ու Եվան կատարյալ էին ու անմեղ։ Աստված խոստացել է վերականգնել մարդկանց կատարելությունը։ Եհովան վերացնելու է մեղքը և նրա բոլոր հետևանքները (Ա Կորնթացիս 15։56, 57

Փորձեք պատկերացնել, թե ինչ է դա նշանակում։ Խոսելու պարգևը ճիշտ ձևով օգտագործելու վերաբերյալ խորհուրդ տալիս Հիսուսի արյունակից եղբայր Հակոբոսն ասել էր. «Եթէ մէկը խօսքով չէ մեղանչում նա կատարեալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարել» (Յակոբոս 3։2)։ Կատարյալ մարդը կարողանում է իշխել իր լեզվի վրա, այնպես որ ստիպված չի լինում սխալ բան ասելու համար ներողություն խնդրել։ Նա ի վիճակի է «իր բոլոր մարմինը սանձահարել»։ Որքա՜ն հրաշալի կլինի դառնալ կատարյալ։ Այդ ժամանակ այլևս ոչինչ չի խոչընդոտի համերաշխությանը։ Իսկ այսօր համերաշխությանը մեծապես կնպաստի սխալի համար անկեղծ սրտով ներողություն խնդրելը։

[ծանոթագրություն]

^ պարբ. 8 Հավանաբար Պողոսն իր վատ տեսողության պատճառով չճանաչեց քահանայապետին։

[նկար 5–րդ էջի վրա]

Ի՞նչ կարող ենք սովորել Պողոսի օրինակից

[նկար 7–րդ էջի վրա]

Երբ բոլորը հասնեն կատարելության, ոչինչ չի խոչընդոտի խաղաղությանը