Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովա. Աստված, որին արժե ճանաչել

Եհովա. Աստված, որին արժե ճանաչել

Եհովա. Աստված, որին արժե ճանաչել

ՀՆԱՐԱՎՈ՞Ր է, որ հենց այս պահին դուք ձեռքից բաց եք թողնում մի շատ կարևոր բան։ Եթե Աստծո մասին քիչ բան գիտեք, ապա, ամենայն հավանականությամբ՝ այո՛։ Ինչո՞ւ ենք այսպես ասում։ Ինչպես միլիոնավոր մարդիկ են համոզվել, Աստվածաշնչի Աստծուն ճանաչելը շատ մեծ օգուտներ է բերում։ Դրանք անմիջապես են ի հայտ գալիս և չեն վերջանում։

Եհովա Աստված՝ Աստվածաշնչի Հեղինակը, ուզում է, որ մենք իրեն ճանաչենք։ Սաղմոսերգուն գրեց. «Եւ իմանան, որ դու կաս, քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ»։ Աստված ասում է, որ մեր իսկ շահերից է բխում իրեն ճանաչելը։ «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը»։ Ինչպե՞ս ենք օգուտներ ստանում Եհովա Աստծուն՝ Բարձրյալին ճանաչելուց (Սաղմոս 83։18; Եսայիա 48։17

Օրինակ՝ Աստծուն ճանաչելով՝ մենք ստանում ենք առաջնորդություն՝ ամենօրյա խնդիրները լուծելու համար, ապագայի հաստատուն հույս, հոգեկան անդորր։ Նաև երբ Եհովային ավելի լավ ենք ճանաչում, մեր սիրտը մղում է մեզ փոխել մեր կարծիքը որոշ հարցերի վերաբերյալ. հարցեր, որոնք ամենուրեք մարդկանց շատ ու շատ են հուզում։ Որո՞նք են այդ հարցերը։

Ձեր կյանքը իմաստ ունի՞

Չնայած ապշեցուցիչ գիտատեխնիկական առաջընթացին՝ մարդիկ շարունակում են նույն հիմնական հարցերը տալ. «Ո՞րն է իմ գոյության նպատակը։ Ի՞նչ է ինձ սպասում ապագայում։ Ի՞նչ է կյանքը»։ Եթե մարդը գոհացուցիչ պատասխան չի գտնում, ապա նրա կյանքը զրկվում է իրական իմաստից։ Իսկ շատե՞րն են զգում, որ իրենց կյանքը իմաստ չունի։ 1990–ականների վերջում Գերմանիայում անցկացված մի հետազոտության արդյունքներով պարզվեց, որ հարցման ենթարկվածների կեսը հաճախ կամ երբեմն զգացել է, որ կյանքն իմաստ չունի։ Հնարավոր է՝ նման իրավիճակ է տիրում նաև այնտեղ, որտեղ ապրում եք։

Եթե անհատը չի տեսնում, թե որն է իր կյանքի իմաստը, ապա նա չի ունենա ամուր հիմք, որի վրա կկարողանար «կառուցել» իր նպատակները։ Շատերը փորձում են այդ բացը լրացնել՝ ձգտելով կարիերա ստեղծել կամ էլ հարստություն կուտակել։ Բայց դատարկության զգացումը չի լքում նրանց։ Ոմանք նույնիսկ այլևս չեն ցանկանում ապրել՝ զգալով, որ իրենց կյանքն իմաստ չունի։ Այդպես պատահեց մի գեղեցիկ երիտասարդ կնոջ, որը, համաձայն «Ինթերնեշնլ հերալդ թրիբյուն» թերթի, մեծացել էր «առասպելական հարստության և անսահմանափակ հնարավորությունների պայմաններում»։ Թեև նա շքեղության մեջ էր ապրում, իրեն միայնակ էր զգում. զգում էր, որ իր կյանքը իմաստ չունի։ Այդ կինը քնաբեր ընդունեց, և նրան մեռած գտան։ Թերևս դուք էլ եք ճանաչում միայնակ անձանց, որոնց կյանքը ողբերգական վախճան է ունեցել։

Սակայն լսե՞լ եք, որ մարդիկ պնդում են, թե գիտությունը կարող է պատասխանել կյանքին վերաբերող բոլոր հարցերին։ Գերմանական «Վոխե» շաբաթաթերթը գրում է. «Ինչքան էլ որ գիտությունը ճիշտ լինի, նա հոգևոր տեսակետից թույլ է։ Էվոլյուցիոն տեսությունը կոպիտ է, իսկ քվանտային ֆիզիկան՝ իր բոլոր անկանխատեսելի վայրիվերումներով, առաջարկում է ամեն ինչ, բացի մխիթարությունից և ապահովությունից»։ Գիտական հայտնագործությունները շատ բան են արել նկարագրելու կյանքի տարբեր ձևերը և բացատրելու բնության շրջապտույտներն ու պրոցեսները, որոնց շնորհիվ կյանքը պահպանվում է։ Այդուհանդերձ, գիտությունը չի կարողանում ասել մեզ, թե որն է մեր գոյության նպատակը և թե ինչ է մեզ սպասում ապագայում։ Եթե մենք բացառապես կախում ենք ունենում գիտությունից, ապա կյանքի նպատակի վերաբերյալ մեր հարցերը անպատասխան են մնում։ Արդյունքը լինում է այն, որ, ինչպես «Զյուդդոյչե ցայտունգ» թերթն է ասում, մարդիկ «առաջնորդության խիստ մեծ կարիք են զգում»։

Ո՞վ ավելի լավ առաջնորդություն կտա, եթե ոչ Արարիչը։ Քանի որ նա է մարդկանց կյանք տվել, ուրեմն նա էլ կարող է պատասխանել, թե որն է մեր գոյության նպատակը։ Աստվածաշունչը բացատրում է, որ Եհովան մարդկանց ստեղծել էր, որպեսզի նրանք զավակներ ունենային ու լցնեին երկիրը, ինչպես նաև մոլորակին հոգ տանեին։ Իրենց բոլոր գործերում մարդիկ պետք է արտացոլեին նրա հատկությունները, ինչպես օրինակ՝ արդարություն, իմաստություն, սեր։ Հասկանալով, թե ինչու է Եհովան մեզ ստեղծել՝ հասկանում ենք մեր գոյության նպատակը (Ծննդոց 1։26–28

Ինչ կարող եք անել

Ի՞նչ կարող եք անել, եթե մինչև հիմա չեք գտել գոհացուցիչ պատասխաններ այնպիսի հարցերի համար, ինչպիսիք են՝ «ո՞րն է իմ գոյության նպատակը», «ի՞նչ է ինձ սպասում ապագայում», «ի՞նչ է կյանքը»։ Աստվածաշունչը ձեզ խորհուրդ է տալիս մոտիկից ճանաչել Եհովային։ Հիսուսն ասաց. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին»։ Գրությունները ձեզ հորդորում են նաև մշակել աստվածային հատկությունները, մասնավորապես՝ սերը, և նպատակ դնել ապրելու Աստծո գալիք Մեսիական Թագավորության ներքո։ Եթե այսպես վարվեք, ապա ձեր կյանքը իմաստ կստանա, և դուք կունենաք ապագայի առնչությամբ մի գեղեցիկ, հաստատուն հույս։ Ձեզ անհանգստացնող հարցերը, ամենայն հավանականությամբ, պատասխան կգտնեն (Յովհաննէս 17։3; Ժողովող 12։13

Այդ հարցերի պատասխաններն իմանալը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ձեր կյանքի վրա։ Ահա Հանս անունով մի մարդու օրինակը։ * Տարիներ առաջ նա Աստծո վերաբերյալ ընդհանուր պատկերացում ուներ, բայց նրա հավատը ոչ մի ազդեցություն չէր գործում նրա կյանքի վրա։ Հանսը մանր գողությամբ էր զբաղվում, թմրանյութեր էր օգտագործում, շրջում էր թեթևաբարո կանանց հետ և սիրում էր մոտոցիկլետ քշել։ «Սակայն կյանքը դատարկ էր և իրականում բավականություն չէր պատճառում»,— բացատրում է նա։ Մոտ 25 տարեկանում նա որոշեց անձամբ ճանաչել Աստծուն. սկսեց ուշադիր կարդալ Աստվածաշունչը։ Եհովային մոտիկից ճանաչելով և հասկանալով, թե իրականում ինչ է կյանքը՝ Հանսը փոխեց իր կենսաձևը։ Նա մկրտվեց ու դարձավ Եհովայի վկա։ Արդեն տասը տարի է, ինչ նա լիաժամ ծառայության մեջ է։ Հանսն անկեղծորեն ասում է. «Եհովային ծառայելը լավագույն ապրելակերպն է։ Ոչինչ չի կարող համեմատվել դրա հետ։ Աստծուն ճանաչելը իմաստ է հաղորդել իմ կյանքին»։

Իհարկե, կյանքի իմաստի վերաբերյալ հարցը միակը չէ, որ անհանգստացնում է շատերին։ Կա մեկ այլ կարևոր հարց, և որքան աշխարհի վիճակն ավելի է բարդանում, այնքան ավելի շատ մարդկանց է անհանգստացնում այդ հարցը։

Ինչո՞ւ դա պատահեց

Երբ ինչ–​որ չարիք է տեղի ունենում, մարդու մտքում հաճախ միայն մի հարց է պտտվում. «Ինչո՞ւ դա պատահեց»։ Թե որքանով անհատը կկարողանա տանել այդ ծանր իրավիճակը, մեծամասամբ կախված է այն բանից, թե արդյոք նա կգտնի այս հարցի ճիշտ պատասխանը։ Եթե պատասխանը նրան չի բավարարում, ապա նրա տառապանքները չեն թեթևանում, դեռ ավելին՝ ուժեղանում են։ Ահա թե ինչ պատահեց Բրունի անունով մի կնոջ։

«Մի քանի տարի առաջ իմ երեխան մահացավ,— պատմում է միջին տարիքի այս կինը։— Ես հավատում էի Աստծուն, ուստի մխիթարություն ստանալու համար դիմեցի մեր քահանային։ Նա ասաց, որ Աստված աղջկաս տարել է երկինք, և Զուզանն այժմ հրեշտակ է։ Քիչ էր, որ կյանքս տակնուվրա էր եղել երեխայիս մահվան պատճառով, հիմա էլ սկսեցի ատել Աստծուն, որ իմ աղջկան տարել էր»։ Բրունիի վիշտը մի քանի տարի շարունակ չէր մեղմանում։ «Հետո մի Եհովայի վկա ինձ Աստվածաշնչից ցույց տվեց, որ հիմքեր չունեմ ատելու Աստծուն։ Եհովան Զուզանին չէր տարել երկինք, և իմ երեխան հրեշտակ չէ։ Այն, որ նա հիվանդ էր, մարդկային անկատարության պատճառով էր։ Զուզանը քնել է մահվան քնով և «սպասում» է այն օրվան, երբ Եհովան հարություն կտա իրեն։ Նաև իմացա, որ նա մարդկանց ստեղծել է, որ հավիտյան ապրեն երկրային դրախտում, և նրա այդ նպատակը շուտով կիրագործվի։ Հասկանալով, թե իրականում ինչպիսի Աստված է Եհովան՝ ես ինձ ավելի մոտ զգացի նրան։ Ցավս սկսեց մեղմանալ» (Սաղմոս 37։29; Գործք 24։15; Հռովմայեցիս 5։12

Միլիոնավոր մարդիկ այս կամ այն կերպ զոհ են դառնում դժբախտությունների՝ անձնական ողբերգություն, պատերազմ, սով, բնական աղետ։ Բրունիի սիրտը հանգստացավ, երբ նա Աստվածաշնչի օգնությամբ հասկացավ, որ Եհովան չէ չարիքի պատճառը, որ նա երբեք իր մտքով չի էլ անցկացրել տանջել մարդկանց և որ նա շուտով ամեն տեսակի չարիքի վերջ կդնի։ Իսկ հենց այն փաստը, որ չարությունը գնալով շատանում է, նշան է, որ մենք ապրում ենք իրերի այս համակարգի վերջին օրերում։ Մոտ ապագայում տեղի կունենան այնքան սպասված մեծ փոփոխություններ, որոնք հիմնովին կբարելավեն մարդկանց կյանքը (Բ Տիմոթէոս 3։1–5; Մատթէոս 24։7, 8

Ճանաչենք Աստծուն

Հանսն ու Բրունին մի ժամանակ ընդամենը աղոտ պատկերացում ունեին Աստծո մասին։ Նրանք հավատում էին Աստծուն, բայց առանձնապես գիտելիքներ չունեին նրա վերաբերյալ։ Բայց երբ նրանք սկսեցին ժամանակ տրամադրել, որ Եհովային ավելի լավ ճանաչեն, նրանց ջանքերը պարգևատրվեցին։ Հանսն ու Բրունին ստացան մեր ժամանակներին վերաբերող կարևոր հարցերի պատասխանները։ Դա նրանց տվեց հոգեկան անդորր և ապագայի հաստատուն հույս։ Նույնը տեղի է ունեցել միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր այժմ Եհովայի ծառաներ են։

Եհովային ճանաչելու համար հարկավոր է ուշադիր ուսումնասիրել Աստվածաշունչը, որը պատմում է Աստծո մասին, ու թե ինչ է նա պահանջում մեզանից։ Առաջին դարում ոմանք այդպես էին վարվում։ Պատմագիր և բժիշկ Ղուկասը հայտնում է, որ Բերիայի (Հունաստան) հրեական ժողովի անդամները «[Պողոսի և Շիղայի կողմից ասված] խօսքը բոլոր յոժարութեամբ ընդունեցին. ամեն օր Գրքերը քննում էին, թէ այս այսպէ՞ս է» (Գործք 17։10, 11

Առաջին դարի քրիստոնյաները նաև միավորված էին ժողովների մեջ (Գործք 2։41, 42, 46; Ա Կորնթացիս 1։1, 2; Գաղատացիս 1։1, 2; Բ Թեսաղոնիկեցիս 1։1)։ Նույնը տեղի է ունենում այսօր։ Եհովայի վկաները միավորված են ժողովների մեջ, և նրանք անց են կացնում հանդիպումներ, որոնք նախատեսված են օգնելու մարդկանց մոտենալ Եհովային և ուրախություն գտնել նրան ծառայելու մեջ։ Տեղի Վկաների հետ շփվելը ուրիշ օգուտներ էլ է բերում։ Քանի որ մարդ աստիճանաբար սկսում է նմանվել այն Աստծուն, որին պաշտում է, Եհովայի վկաները, ինչքան որ հնարավոր է անկատար մարդու համար, դրսևորում են հատկություններ, որոնք հենց ինքը Եհովան է ցուցաբերում։ Ուստի Եհովայի վկաների հետ հավաքվելն օգնում է մեզ է՛լ ավելի լավ ճանաչել Աստծուն (Եբրայեցիս 10։24, 25

Արդյոք մեզանից շատ ջանք չի՞ պահանջվում՝ ընդամենը մեկ Անձնավորության ճանաչելու համար։ Ջանքեր, անշուշտ, պահանջվում են։ Բայց մի՞թե կյանքի շատ հարցերի հետ կապված հենց այդպես չէ։ Խորհեք, թե ինչպիսի ջանքեր է թափում աշխարհահռչակ մարզիկը պարապմունքների ժամանակ։ Օրինակ՝ Ֆրանսիայում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերի՝ դահուկային սպորտի գծով ոսկե մեդալակիր Ժան Կլոդ Կիլին ասում է, թե ինչ է իրենից պահանջվել, որպեսզի կարողանա հաջողությամբ մրցել միջազգային ասպարեզում. «Դու պետք է խաղերին պատրաստվես այդ իրադարձությունից դեռ տասը տարի առաջ, տարիներ շարունակ պլաններ կազմես և ամեն օր մտածես դրա մասին.... Դա նման է տարվա բոլոր 365 օրերին էլ աշխատելուն, ընդ որում՝ թե՛ մտավոր և թե՛ ֆիզիկական առումով»։ Եվ այս ամենը մի մրցավազքի համար, որը կարող է տևել... ընդամենը տասը րոպե։ Որքա՜ն ավելի շատ և ավելի տևական օգուտներ կարելի է ստանալ՝ ճանաչելով Եհովային։

Հարաբերություններ, որոնք գնալով ավելի են սերտանում

Ո՞վ կուզենար իր ձեռքից բաց թողնել մի ինչ–​որ կարևոր բան։ Ոչ ոք։ Ուստի, եթե զգում եք, որ ձեր կյանքը զուրկ է իրական իմաստից կամ ցանկանում եք իմանալ, թե ինչու են դժբախտություններ պատահում, հաստատապես վճռեք ճանաչել Եհովային՝ Աստվածաշնչի Աստծուն։ Նրա մասին իմանալը կարող է ձեր կյանքն անհամեմատ ավելի լավ դարձնել, ընդ որում՝ օգուտները տևական կլինեն։

Կգա՞ ժամանակ, որ մենք այլևս կարիք չենք ունենա սովորելու Եհովայի մասին։ Նրանք, ովքեր արդեն տասնյակ տարիներ է, ինչ ծառայում են Եհովային, չեն դադարում հիանալ այն ամենով, ինչ իրենք սովորել և դեռ սովորում են նրա մասին։ Աստծո վերաբերյալ նոր բաներ սովորելն ավելացնում է մեր ուրախությունը և մեզ ավելի է մոտեցնում նրան։ Եկեք արձագանքենք Պողոս առաքյալի հետևյալ խոսքերին. «Ո՜վ Աստուծոյ մեծութեան եւ իմաստութեան եւ գիտութեան խորութիւնը. ինչպէ՜ս անքննելի են նորա դատաստանները, եւ անհասկանալի են նորա ճանապարհները։ Որովհետեւ ո՞վ գիտաց Տիրոջ միտքը, կամ ո՞վ եղաւ նորա խորհրդակից» (Հռովմայեցիս 11։33, 34

[Ծանոթագրություն]

^ պարբ. 12 Անունները փոխված են։

[մեջբերում 5–րդ էջի վրա]

Մարդիկ շարունակում են նույն հիմնական հարցերը տալ. «Ո՞րն է իմ գոյության նպատակը։ Ի՞նչ է ինձ սպասում ապագայում։ Ի՞նչ է կյանքը»

[մեջբերում 6–րդ էջի վրա]

«Հասկանալով, թե իրականում ինչպիսի Աստված է Եհովան՝ ես ինձ ավելի մոտ զգացի նրան»

[մեջբերում 7–րդ էջի վրա]

«Եհովային ծառայելը լավագույն ապրելակերպն է։ Ոչինչ չի կարող համեմատվել դրա հետ։ Աստծուն ճանաչելը իմաստ է հաղորդել իմ կյանքին»