Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ընդունո՞ւմ են արդյոք Եհովայի վկաները արյան ֆրակցիաներ։

Հարցի պատասխանը վերատպվում է 2000 թ. հունիսի 15–ի համարից։

Հիմնական պատասխանն այն է, որ Եհովայի վկաներն իրենց օրգանիզմ արյուն չեն ընդունում։ Մենք բոլոր հիմքերն ունենք համոզված լինելու, որ արյան վերաբերյալ Աստծո օրենքը հաստատուն է և փոփոխական կարծիքների հարմարեցնելու ենթակա չէ։ Սակայն այսօր նոր հարցեր են ծագում՝ կապված այն բանի հետ, որ հաջողվել է արյունից անջատել նրա չորս հիմնական բաղադրիչները և դրանց ֆրակցիաները։ Նախքան որևէ վճիռ կայացնելը, քրիստոնյան պետք է հաշվի առնի այդպիսի բուժման հետ կապված ոչ միայն հնարավոր օգուտներն ու վտանգները, այլև նրա համար առաջնային կարևորություն պետք է ներկայացնի Աստվածաշնչի տեսակետը, և թե իր կայացրած որոշումը ի՛նչ ազդեցություն կարող է ունենալ Ամենակարող Աստծո հետ իր փոխհարաբերություններում։

Հիմնական հարցերը բավականաչափ պարզ են, ինչը ակնհայտ կդառնա աստվածաշնչյան, պատմական և բժշկական որոշ փաստեր քննարկելուց հետո։

Եհովա Աստված մարդկության նախահայր Նոյին պատվիրեց առանձնահատուկ վերաբերմունք ունենալ արյան հանդեպ (Ծննդոց 9։3, 4)։ Հետագայում Աստված Իսրայելին օրենքներ տվեց, որոնք ընդգծում էին արյան սուրբ լինելը. «Եթէ Իսրայէլի տանիցը կամ նորանց մէջ պանդխտացող օտարականներից մէկ մարդ ինչ եւ իցէ արիւն ուտելու լինի, իմ երեսն այն արիւն ուտող անձի վերայ պիտի դարձնեմ»։ Քանի որ Աստծո օրենքը ոտնահարելու դեպքում իսրայելացին վատ օրինակ կարող էր հանդիսանալ մյուսների համար, ավելացվում էր. «Նորան [պիտի] կորցնեմ իր ժողովրդի միջիցը» (Ղեւտացոց 17։10)։ Հետագայում Երուսաղեմում կայացած մի հանդիպման ժամանակ առաքյալներն ու երեցները որոշեցին, որ պետք է «հեռու մնալ արիւնից»։ Դա այնքան կարևոր էր, որքան սեռային անբարոյությունից ու կռապաշտությունից հեռու մնալը (Գործք 15։28, 29

«Հեռու մնալ» արտահայտությունը այն օրերում ի՞նչ կարող էր նշանակել։ Քրիստոնյաները սննդի մեջ արյուն չէին օգտագործում՝ լիներ այն թարմ, թե մակարդված վիճակում, և արյունը չթափված անասունի միսը չէին ուտում։ Անթույլատրելի էին համարվում նաև արյուն պարունակող կերակուրները, ինչպես օրինակ՝ արյունից պատրաստված երշիկը։ Նման դեպքերում արյուն օգտագործելը դիտվում էր որպես Աստծո օրենքի խախտում (Ա Թագաւորաց 14։32, 33

Ինչպես երևում է Տերտուլիանոսի (մ.թ. երկրորդ և երրորդ դարեր) գրվածքներից, հնում մարդկանց մեծամասնությանը չէր անհանգստացնում այդ հարցը։ Տերտուլիանոսի գրություններում, որոնք նպատակ ունեին հերքել քրիստոնյաների դեմ հարուցված այն կեղծ մեղադրանքները՝ իբրև նրանք մարդկային արյուն էին օգտագործում, հիշատակվում են որոշ ցեղեր, որոնք դաշինքներ կնքելիս արյուն էին համտեսում։ Տերտուլիանոսը հիշատակում է նաև նրանց մասին, ովքեր «անհագորեն վերցնում ու տանում էին արենաներում պարտություն կրած ոճրագործների թարմ արյունը... որպես ընկնավորությունից բուժվելու միջոց»։

Նման սովորությունները (նույնիսկ եթե երբեմն հռոմեացիների կողմից դրանք ընդունվում էին որպես բուժամիջոց) քրիստոնյաների համար անթույլատրելի էին։ «Մենք անգամ անասունների արյունը չենք օգտագործում կերակրի մեջ»,— գրում է Տերտուլիանոսը։ Նշենք, որ հռոմեացիներն արյուն պարունակող կերակուրներով փորձում էին քրիստոնյաների հավատարմությունն առ Աստված։ Ուստի Տերտուլիանոսն ավելացնում է. «Այժմ ես ձեզ եմ հարցնում՝ ինչի՞ հիման վրա եք ենթադրում, թե [քրիստոնյաները] ծարավ են մարդու արյան, եթե վստահ եք, որ նրանք զզվանքով ետ էին քաշվում անասունի արյունից»։

Այսօր միայն քչերին է մտահոգում, թե արյուն ընդունելու մասին բժշկի առաջարկը որքանո՞վ է համատեղելի Ամենակարող Աստծո օրենքների հետ։ Ինչ խոսք, Եհովայի վկաները մեծապես արժեքավորում են կյանքը և, միաժամանակ, պարտավորվում են հնազանդվել արյան վերաբերյալ Եհովայի տված օրենքին։ Ի՞նչ է դա նշանակում ժամանակակից բժշկական պրակտիկայում։

Երբ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո ամբողջական արյան փոխներարկումը սկսեց կիրառության մեջ մտնել, Եհովայի վկաները հասկացան, որ այն հակասում է Աստծո օրենքին. այդ տեսակետն ունենք նաև այսօր։ Սակայն, այն օրերի հետ համեմատած, ներկայումս բժշկական պրակտիկայում շատ փոփոխություններ են կատարվել։ Այսօր մեծամասամբ ներարկում են ոչ թե ամբողջական արյուն, այլ նրա հիմնական բաղադրամասերը՝ 1) էրիթրոցիտները (կարմիր գնդիկներ), 2) լեյկոցիտները (սպիտակ գնդիկներ), 3) թրոմբոցիտները (թիթեղիկներ) և հեղուկ մասը՝ 4) պլազման (շիճուկը)։ Ելնելով հիվանդի վիճակից՝ նշանակվում են էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ կամ պլազմա։ Այսպիսով՝ արյան հիմնական բաղադրամասերի առանձին ներարկումը թույլ է տալիս, որ արյան մի որոշակի քանակից օգտվեն ավելի շատ թվով հիվանդներ։ Եհովայի վկաները արյունն ամբողջությամբ կամ միայն նրա չորս հիմնական բաղադրամասերը ներարկելը դիտում են որպես Աստծո օրենքի ոտնահարում։ Ուշադրության արժանի է, որ Եհովայի վկաների Աստվածաշնչով հիմնավորված այս դիրքորոշումը պաշտպանել է նրանց շատ հետևանքներից, որոնցից հարկ է նշել արյան միջոցով փոխանցվող լյարդաբորբը (հեպատիտ) և, իհարկե, ՁԻԱՀ–ը։

Սակայն, քանի որ կարելի է անջատել նաև արյան փոքր բաղադրամասերը, հարց է ծագում՝ ինչպե՞ս են օգտագործվում արյան հիմնական բաղադրամասերից անջատված այդ ֆրակցիաները, և դրանց վերաբերյալ որոշում կայացնելիս քրիստոնյան հատկապես ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնի։

Արյունը բավականին բարդ կազմություն ունի։ Նույնիսկ պլազման, որի 90 տոկոսը ջուր է, իր մեջ պարունակում է մեծաքանակ հորմոններ, հանքային աղեր, ֆերմենտներ (էնզիմներ) և այլ անօրգանական և օրգանական նյութեր, այդ թվում նաև միկրոտարրեր և գլյուկոզա։ Պլազմայի բաղադրության մեջ են մտնում նաև սպիտակուցներ, ինչպես օրինակ՝ ալբումին, մակարդման գործոններ և հիվանդությունների դեմ պայքարող հակամարմիններ։ Լաբորատոր պայմաններում պլազմայից շատ սպիտակուցներ են ստանում։ Օրինակ՝ հեմոֆիլիայով (արյան անմակարդելիություն) հիվանդներին տալիս են արյան մակարդման VIII գործոնը։ Կամ, օրինակ՝ որոշ հիվանդություններ կանխարգելու նպատակով բժիշկները նշանակում են իմունիտետ ունեցող մարդկանց արյան պլազմայից ստացված գամմա–​գլոբուլինի ներարկումներ։ Բժշկության մեջ օգտագործվում են նաև պլազմայի այլ սպիտակուցներ։ Այսպիսով, բերված օրինակները ցույց են տալիս, թե ինչպես է հնարավոր արյան հիմնական բաղադրամասերից մեկից (պլազմայից) անջատել ավելի փոքր բաղադրամասեր կամ ֆրակցիաներ։ *

Ինչպես արյան պլազմայից, այնպես էլ արյան մյուս հիմնական բաղադրամասերից՝ էրիթրոցիտներից, լեյկոցիտներից ու թրոմբոցիտներից է հնարավոր տարանջատել տարբեր փոքր բաղադրամասեր։ Օրինակ՝ լեյկոցիտները կարող են որոշ վիրուսային վարակների ու քաղցկեղի մի քանի տեսակների բուժման համար օգտագործվող ինտերֆերոնների և ինտերլեյկինների աղբյուր հանդիսանալ։ Թրոմբոցիտներից կարելի է վերք սպիացնող գործոններ ստանալ։ Կան նաև այլ դեղորայքներ, որոնք պատրաստելու համար (առնվազն սկզբնական փուլում) օգտագործում են արյան է՛լ ավելի փոքր բաղադրամասեր։ Այս մեթոդներով բուժման հիմքում ընկած է ոչ թե հիմնական բաղադրամասերի, այլ, սովորաբար, դրանց մասնիկների կամ ֆրակցիաների ներարկումը։ Իսկ թե քրիստոնյան կարո՞ղ է բուժման նպատակներով ընդունել այդ ֆրակցիաները, թե՝ ոչ, ոչինչ չենք կարող ասել։ Քանի որ Աստվածաշունչն այդ մասին մանրամասն չի տեղեկացնում, ուստի քրիստոնյան պետք է Աստծո առջև սեփական խղճի վրա հիմնված որոշում կայացնի։

Ոմանք գուցե հրաժարվեն արյունից ստացված բոլոր պատրաստուկներից (նույնիսկ ժամանակավոր պասսիվ իմունիտետով ապահովող փոքր բաղադրամասերից)։ Նրանք այդպես են հասկանում «արյունից հեռու մնալու» վերաբերյալ Աստծո տված պատվիրանը։ Բացի այդ, նրանք ելնում են այն բանից, որ Աստծո օրենքն իսրայելացիներից պահանջում էր մորթվող կենդանիների արյունը «գետնին թափել» (Բ Օրինաց 12։22–24)։ Այս օրենքն ի՞նչ կապ ունի քննարկվող հարցի հետ։ Բանն այն է, որ գամմա–​գլոբուլին, արյունից ստացված մակարդման գործոններ և այլ պատրաստուկներ ստանալը հնարավոր է միայն արյունը հավաքելու և այն վերամշակման ենթարկելու միջոցով։ Այդ է պատճառը, որ որոշ քրիստոնյաներ ամբողջական արյան կամ չորս հիմնական բաղադրամասերի ներարկումներից բացի նման պատրաստուկներից էլ են հրաժարվում։ Պետք է հարգել իրենց խղճի թելադրանքով կայացրած նրանց անկեղծ վճիռը։

Իսկ որոշ քրիստոնյաներ թեև հրաժարվում են ամբողջական արյան, էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների կամ պլազմայի ներարկումից, սակայն դեմ չեն արյան փոքր բաղադրամասերից ստացված պատրաստուկով բուժմանը։ Բայց այստեղ նույնպես որոշումները կարող են տարբեր լինել. քրիստոնյան թերևս համաձայնվի ընդունել գամմա–​գլոբուլինի ներարկումը, սակայն հրաժարվի կամ գուցեև չհրաժարվի էրիթրոցիտների կամ լեյկոցիտների բաղադրամասերից ստացված պատրաստուկից։ Այնուհանդերձ, ինչի՞ց ելնելով են որոշ քրիստոնյաներ եզրակացնում, որ կարող են արյան փոքր բաղադրամասերից ստացված պատրաստուկներ ընդունել։

«Դիտարանի» 1990 թ. հունիսի 1–ի համարում «Ընթերցողների հարցերը» խորագրի տակ նշվում է, որ հղի կնոջ արյան պլազմայից սպիտակուցներ (ֆրակցիաներ) են անցնում պտղի բոլորովին առանձին արյան համակարգի մեջ։ Դրանց թվում են իմունոգլոբուլինները, որոնք նպաստում են երեխայի իմունոհամակարգի գործունեությանը։ Դրանից անկախ, երբ պտղի մոտ ավարտվում է արյան կարմիր գնդիկների բնական զարգացման շրջանը, նրանցում մշակվում է թթվածնի փոխադրման ֆունկցիա կատարող մասը։ Վերջինիս որոշ մասը վերածվում է բիլիռուբինի։ Իսկ բիլիռուբինը անցնում է ընկերքով և հետագայում դուրս գալիս մոր արտաթորանքների հետ։ Նկատի ունենալով այն փաստը, որ արյան փոքր բաղադրամասերը կարող են այդ բնական ճանապարհով անցնել մեկ անհատից մյուսին՝ քրիստոնյաներից ոմանք թերևս եզրակացնեն, որ կարո՛ղ են արյան պլազմայից կամ մնացած բաղադրիչներից ստացված ֆրակցիաներ ընդունել։

Արդյո՞ք այն փաստը, որ կան տարբեր կարծիքներ, և որ խղճի թելադրանքից ելնելով կարելի է կայացնել տարբեր վճիռներ, խոսում է այն մասին, որ հարցը բոլորովին էլ էական չէ։ Ո՛չ, այն բավականին լուրջ է։ Սակայն բուն միտքը պարզ է. այս քննարկումը ցույց է տալիս, որ Եհովայի վկաները հրաժարվում են թե՛ ամբողջական արյան, և թե՛ նրա հիմնական բաղադրիչների ներարկումներից։ Աստվածաշունչը պատվիրում է քրիստոնյաներին «հեռու մնալ կուռքերին զոհուած կերակուրներից եւ արիւնից.... ու պոռնկութիւնից» (Գործք 15։29)։ Իսկ ինչ վերաբերում է փոքր բաղադրամասերին կամ ֆրակցիաներին, յուրաքանչյուր քրիստոնյա այդ հարցի շուրջը պետք է մանրամասնորեն և աղոթքով խորհրդածի և ապա, խղճի թելադրանքից ելնելով, անձնական որոշում կայացնի։

Բուժման ընտրության հարցում շատ մարդիկ պատրաստ են ընդունել թվացյալ անմիջական օգուտներ տվող ցանկացած մեթոդ, անգամ եթե այն կապված է մեծ ռիսկի հետ, ինչպես օրինակ՝ արյան պատրաստուկներով բուժումը։ Իսկ լրջամիտ քրիստոնյաները ձգտում են ավելի լայն տեսանկյունից մոտենալ հարցին և հաշվի նստել ոչ միայն ֆիզիկական առողջության հետ։ Ինչ խոսք, Եհովայի վկաները գնահատում են այն ջանքերը, որոնք ներդրվում են մարդկանց որակյալ բուժումով ապահովելու ուղղությամբ՝ միաժամանակ ծանր ու թեթև անելով բուժման այս կամ այն մեթոդի ռիսկն ու օգուտները։ Սակայն, ինչ վերաբերում է արյունից ստացված պատրաստուկներով բուժմանը, նրանց համար մեծ կշիռ ունեն Աստծո՝ մեզ կյանք պարգևողի խոսքերը, ինչպես նաև նրա հետ ունեցած իրենց փոխհարաբերությունը (Սաղմոս 36։9

Ի՜նչ մեծ օրհնություն է քրիստոնյայի համար ունենալ այնպիսի վստահություն, ինչպիսին ուներ սաղմոսերգուն, երբ գրեց. «Տէր Աստուածն արեւ եւ վահան է. Տէրը շնորհք եւ փառք է տալիս. նա ոչ մի բարիք չէ խնայում անարատութիւնով գնացողներից։ Ով.... Տէր, երանի այն մարդին որ քեզ է յուսացած» (Սաղմոս 84։11, 12

[ծանոթագրություններ]

^ պարբ. 13 Տե՛ս «Դիտարանի» 1978 թ. հունիսի 15–ի (անգլ.) և 1994 թ. հոկտեմբերի 1–ի (ռուս.) համարները «Ընթերցողների հարցերը» խորագրի տակ։ Ներկայումս դեղագործական ֆիրմաները սինթետիկ պատրաստուկներ են մշակում, որոնք արյունից ստացված չեն և կարող են փոխարինել նախկինում կիրառվող արյան փոքր բաղադրամասերին կամ ֆրակցիաներին։

[31րդ էջի վրայի շրջանակը]

Ինչի մասին կարելի է հարցնել բժշկին

Եթե պետք է վիրահատվես կամ բժիշկը քեզ առաջարկում է այնպիսի բուժում, որը կարող է կապված լինել արյունից ստացված պատրաստուկի հետ, ապա հարցրու.

Տեղյա՞կ են արդյոք բոլոր բուժաշխատողները, որ ես, լինելով Եհովայի վկա, պահանջում եմ, որ ինձ ոչ մի հանգամանքի ներքո արյուն չներարկվի (լինի դա ամբողջական արյուն, էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, թրոմբոցիտներ կամ պլազմա)։

Եթե քեզ թվում է, թե նշանակված դեղորայքներից որևէ մեկը կարող է ստացված լինել արյան պլազմայից, էրիթրոցիտներից, լեյկոցիտներից կամ թրոմբոցիտներից, հարցրու.

Այս դեղորայքը պատրաստվե՞լ է արյան չորս հիմնական բաղադրիչներից որևէ մեկից։ Եթե այո, ապա կցանկանայի իմանալ դրա բաղադրությունը։

Արյան բաղադրամասերից ստացված այս պատրաստուկը ի՞նչ քանակությամբ է նշանակվելու և ինչպե՞ս է ընդունվելու։

Եթե խիղճս թույլ տա համաձայնվել այդ ֆրակցիայի օգնությամբ բուժմանը, ի՞նչ վտանգների հետ կարող ենք բախվել։

Բուժման ուրիշ ի՞նչ մեթոդներ կան, եթե, ելնելով խղճիս թելադրանքից, համաձայն չլինեմ այդ ֆրակցիան ընդունել։

Պետք է խորհրդածեմ դրա շուրջը։ Ե՞րբ պետք է ձեզ տեղյակ պահեմ իմ որոշման մասին։