Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Պողոսը Բ Կորնթացիս 6։14–ում «անհավատներ» ասելով ո՞ւմ նկատի ունի։

Բ Կորնթացիս 6։14–ում կարդում ենք. «Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք»։ Եթե ուշադրություն դարձնենք համատեքստին, ապա պարզորոշ կտեսնենք, որ Պողոսը խոսում է այն անհատների մասին, ովքեր քրիստոնեական ժողովի անդամներ չեն։ Այս ըմբռնումը հաստատվում է նաև ուրիշ սուրբգրային համարներով, որտեղ Պողոսն օգտագործում է «անհավատ» կամ «անհավատներ» բառերը։

Օրինակ՝ Պողոսը հանդիմանում է քրիստոնյաներին այն բանի համար, որ նրանք գնում են «դատաստան», այսինքն՝ դատարան, «անհաւատների առաջին» (Ա Կորնթացիս 6։6)։ Այստեղ հիշատակված անհավատները այն դատավորներն են, որոնք ծառայում են Կորնթոսի դատական համակարգում։ Կորնթացիներին ուղղված իր երկրորդ նամակում Պողոսը հստակ ասում է, որ Սատանան «անհաւատների սրտերը կուրացրեց»։ Այդ անհավատների աչքերը, ծածկված լինելով ‘քողով’, չեն տեսնում բարի լուրը։ Նրանց չի հետաքրքրում Եհովային ծառայելը, ինչի մասին Պողոսը ավելի վաղ բացատրել էր. «Երբոր դէպի Տէրը կ’դառնան, այն քօղը վեր կ’առնուի» (Բ Կորնթացիս 3։16; 4։4

Որոշ անհավատներ զբաղվում են անօրենությամբ կամ կռապաշտությամբ (Բ Կորնթացիս 6։15, 16)։ Բայցևայնպես, բոլոր անհավատները չէ, որ Եհովայի ծառաներին ընդդիմանում են։ Ոմանք հետաքրքրվում են ճշմարտությամբ։ Շատերը քրիստոնյա կողակիցներ ունեն և ուրախ են նրանց հետ համատեղ ամուսնական կյանքով ապրելու (Ա Կորնթացիս 7։12–14; 10։27; 14։22–25; Ա Պետրոս 3։1, 2)։ Սակայն Պողոսը հետևողականորեն «անհավատ» բառն է օգտագործում նրանց համար, ովքեր, ինչպես վերևում նշվեց, մաս չեն կազմում քրիստոնեական ժողովի, որը բաղկացած է «Տիրոջ հաւատացեալներ[ից]» (Գործք 2։41; 5։14; 8։12, 13

Բ Կորնթացիս 6։14–ում ամփոփված սկզբունքը արժեքավոր առաջնորդություն է տալիս քրիստոնյաներին կյանքի բոլոր ասպարեզներում, և հաճախ այս համարը՝ որպես իմաստուն խորհուրդ, մեջբերում են այն քրիստոնյաների համար, ովքեր ամուսնական կողակից են փնտրում (Մատթէոս 19։4–6)։ Նվիրված ու մկրտված քրիստոնյաները, իմաստություն դրսևորելով, անհավատների մեջ չեն փնտրում ամուսնական կողակից, քանի որ վերջիններիս արժեքները, նպատակները և համոզմունքները խիստ տարբերվում են ճշմարիտ քրիստոնյաների արժեքներից, նպատակներից և համոզմունքներից։

Իսկ ի՞նչ կարելի է ասել այն անհատների մասին, որոնք Աստվածաշունչ են ուսումնասիրում և շփվում են քրիստոնեական ժողովի հետ։ Ի՞նչ կարելի է ասել չմկրտված քարոզիչների մասին։ Անհավատնե՞ր են նրանք։ Ոչ։ Այն անհատները, ովքեր ընդունել են բարի լուրի ճշմարտությունը և հաստատ քայլերով առաջադիմում են դեպի մկրտություն, չպետք է համարվեն անհավատներ (Հռովմայեցիս 10։10; Բ Կորնթացիս 4։13)։ Նախքան իր մկրտությունը Կոռնելիոսը կոչվեց «բարեպաշտ եւ աստուածավախ» մարդ (Գործք 10։2

Ուրեմն իմաստուն կլինի՞, եթե նվիրված քրիստոնյան ամուսնանալու նպատակով ռոմանտիկ հետաքրքրություն ցուցաբերի չմկրտված քարոզչի հանդեպ՝ ելնելով այն բանից, որ Պողոսի՝ Բ Կորնթացիս 6։14–ում գրված խորհուրդը, խստորեն ասած, չի կարող կիրառվել նման դեպքում։ Ոչ, իմաստուն չի լինի։ Ինչո՞ւ։ Քանի որ Պողոսը քրիստոնյա այրիների առնչությամբ մի պարզ խորհուրդ էր տվել։ Նա գրել է. «Կինը.... ազատ է ում հետ որ կամենայ ամուսնանալու, միայն թէ Տէրով» (Ա Կորնթացիս 7։39)։ Այս խորհրդին ներդաշնակ՝ նվիրված քրիստոնյաներին հորդոր է տրվում ամուսնական կողակից փնտրել միայն նրանց մեջ, ովքեր «Տէրով» են։

Ի՞նչ է նշանակում «Տէրով» արտահայտությունը և դրա հետ կապված՝ «Քրիստոսումը» արտահայտությունը։ Հռովմայեցիս 16։8–10 և Կողոսացիս 4։7 համարներում Պողոսը խոսում է այն անհատների մասին, ովքեր «Քրիստոսում» կամ «Տէրում» էին։ Եթե կարդաք այդ խոսքերը, ապա կտեսնեք, որ այդ մարդիկ ‘գործակիցներ’ են, ‘ընտիրներ’, ‘սիրելի եղբայրներ’, ‘հավատարիմ պաշտոնյաներ’ և ‘ծառայակիցներ’։

Ե՞րբ է անհատը դառնում ‘ծառայակից Տերում’։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ նա պատրաստակամորեն անում է այն, ինչ որ ծառան է պարտավոր անել, և ուրանում է իր անձը։ Հիսուսը բացատրում է. «Եթէ մէկը կամենում է իմ ետեւից գալ, թող իր անձն ուրանայ եւ իր խաչն առնէ, եւ իմ ետեւից գայ» (Մատթէոս 16։24)։ Անհատը սկսում է Քրիստոսին հետևել ու լիովին ենթարկվել Աստծո կամքին, երբ իր անձը նվիրում է Աստծուն։ Դրանից հետո նա ցանկություն է հայտնում մկրտվելու ու դառնում է պաշտոնապես նշանակված ծառայող՝ ստանալով Եհովա Աստծո հավանությունը։ * Ուրեմն՝ ամուսնանալ «Տէրով» նշանակում է ամուսնանալ այն անձնավորության հետ, ով հստակ ցույց է տվել, որ ինքն իսկապես հավատացյալ է՝ «Աստուծոյ եւ Տէր Յիսուս Քրիստոսի [նվիրված] ծառայ» (Յակոբոս 1։1

Այն անհատը, որն Աստվածաշունչ է ուսումնասիրում Եհովայի վկաների հետ ու հոգևորապես առաջադիմում է, գովասանքի է արժանի։ Սակայն նա դեռևս իր անձը չի նվիրել Եհովային ու չի սկսել ապրել ծառայությամբ ու զոհողությամբ լեցուն կյանքով։ Նա դեռևս անհրաժեշտ փոփոխություններն է անում։ Նա կարիք ունի ավարտին հասցնելու այն կարևոր փոփոխությունները, որոնք անհրաժեշտ է անել նվիրված ու մկրտված քրիստոնյա դառնալու համար, նախքան կմտածի մեկ ուրիշ կարևոր փոփոխության մասին, ինչպիսին ամուսնությունն է։

Ճիշտ կլինե՞ր, եթե քրիստոնյան ռոմանտիկ հարաբերություններ զարգացներ անհատի հետ, որը, ինչպես երևում է, առաջադիմում է Աստվածաշնչի ուսումնասիրության մեջ, գուցե այն մտադրությամբ, որ կարող է սպասել, մինչև որ նա մկրտվի, ու հետո ամուսնանալ։ Ոչ։ Շատ հնարավոր է, որ Աստվածաշունչ ուսումնասիրող անհատի շարժառիթները հստակ չլինեն, եթե նա, փաստորեն, գիտի, որ նվիրված քրիստոնյան ցանկանում է ամուսնանալ իր հետ, բայց չի ամուսնանա մինչև իր մկրտությունը։

Սովորաբար անհատը չմկրտված քարոզիչ է լինում միայն մի որոշ ժամանակ, մինչև որ հասնում է մկրտության աստիճանի։ Ուստի վերոնշյալ խորհուրդը՝ ամուսնանալ միայն Տերով, անխոհեմ չէ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել այն անհատի մասին, որն արդեն հասել է ամուսնական տարիքի, մեծացել է քրիստոնեական ընտանիքում, արդեն մի քանի տարի է, ինչ ակտիվորեն համագործակցում է ժողովի հետ ու այժմ ծառայում է որպես չմկրտված քարոզիչ։ Այդ դեպքում ի՞նչն է ետ պահում նրան իր կյանքը Եհովային նվիրելուց։ Ինչո՞ւ է նա տատանվում։ Կասկածնե՞ր ունի։ Թեպետ նա անհավատ չէ, սակայն նրա մասին չի կարելի ասել, որ նա ‘Տերում’ է։

Ամուսնության վերաբերյալ Պողոսի տված խորհուրդը օգտակար է մեզ համար (Եսայիա 48։17)։ Եթե ապագա կողակիցներն իրենց անձը արդեն նվիրել են Եհովային, ապա դա ամուր, հոգևոր հիմք է ծառայում ամուսնական փոխադարձ պարտավորություններ վերցնելու համար։ Նրանք ունեն միևնույն արժեքներն ու նպատակները։ Այս ամենը մեծապես նպաստում է երջանիկ ամուսնությանը։ Ավելին, ‘ամուսնանալով Տերով’՝ անհատը նվիրվածություն է ցույց տալիս Եհովային, և դա հարատև օրհնություններ կբերի նրան, քանզի Եհովան իրեն նվիրված մարդու հանդեպ նվիրվածություն է դրսևորում (Սաղմոս 18։25, ՆԱ

[ծանոթագրություն]

^ պարբ. 10 Պողոսի նամակը առաջին հերթին ուղղված էր օծյալ քրիստոնյաներին, որոնց համար ‘Տերում ծառայակից’ լինել նաև նշանակում էր օծվել որպես Աստծո որդիներ ու Քրիստոսի եղբայրներ։

[նկար 31–րդ էջի վրա]

Նվիրված մարդու հանդեպ Եհովան նվիրվածություն է դրսևորում