Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հոգևոր նպատակների միջոցով փառաբանիր քո Արարչին

Հոգևոր նպատակների միջոցով փառաբանիր քո Արարչին

Հոգևոր նպատակների միջոցով փառաբանիր քո Արարչին

«ԵԹԵ մարդ չգիտի, թե որ նավահանգիստն է ուզում հասնել, ապա խնդիրը քամու ուղղությունը չէ»։ Այս խոսքերը, որ վերագրվում են առաջին դարի հռոմեացի մի փիլիսոփայի, փաստում են մի հանրահայտ ճշմարտություն. որպեսզի մեր կյանքը ուղղվածություն ունենա, անհրաժեշտ է նպատակներ ունենալ։

Աստվածաշնչում կան այնպիսի անձանց օրինակներ, ովքեր միշտ նպատակներ են դրել իրենց առջև։ Նոյը, տապան «շինեց.... իր տան փրկութեան համար»՝ մոտ 50 տարի աշխատելով։ Մովսես մարգարեն «աչք դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը» (Եբրայեցիս 11։7, 26)։ Հեսուն, որ փոխարինեց Մովսեսին, Աստծուց առաջադրանք ստացավ նվաճել Քանանի երկիրը (Բ Օրինաց 3։21, 22, 28; Յեսու 12։7–24

Մ.թ. առաջին դարում Պողոս առաքյալի հոգևոր նպատակների վրա, անկասկած, մեծ ազդեցություն թողեցին Հիսուսի հետևյալ խոսքերը. «Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի» (Մատթէոս 24։14)։ Տեր Հիսուսի կողմից տրված պատգամներն ու տեսիլքները, ինչպես նաև Հիսուսի ‘անունը հեթանոսներին տանելու’ նշանակումը ոգևորել են Պողոսին և նա կարևոր դեր է խաղացել Փոքր Ասիայում ու Եվրոպայում բազմաթիվ քրիստոնեական ժողովներ հիմնելու գործում (Գործք 9։15; Կողոսացիս 1։23

Իսկապես, Եհովայի ծառաները միշտ էլ վեհ նպատակներ են դրել իրենց առջև ու Աստծո փառքի համար իրականացրել դրանք։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք հոգևոր նպատակներ դնել մեր առջև։ Ի՞նչ նպատակների կարող ենք ձգտել և ի՞նչ գործնական քայլեր կարող ենք ձեռնարկել դրանց հասնելու համար։

Կարևոր է ճիշտ մղումներ ունենալ

Նպատակներ կարելի է դնել կյանքի ցանկացած բնագավառում։ Այսօր աշխարհում էլ կան շատ մարդիկ, ովքեր իրենց առջև նպատակներ են դնում։ Սակայն աստվածապետական նպատակները և աշխարհիկ ձգտումները նույնը չեն։ Ընդհանրապես աշխարհում մարդկանց նպատակների հիմքում առաջին հերթին ընկած են հարստանալու և դիրք ու իշխանություն ձեռք բերելու անհագ ցանկությունը։ Որքա՜ն սխալ կլինի այդպիսի նպատակներ հետապնդել։ Այն նպատակները, որոնք փառք են բերում Եհովա Աստծուն, ուղղակիորեն կապված են նրա երկրպագության և Թագավորության շահերին ծառայելու հետ (Մատթէոս 6։33)։ Անհատը այդպիսի նպատակներ հետապնդում է Աստծո և մերձավորի հանդեպ սիրուց մղված, և դրանց հիմքում ընկած է Աստծո հանդեպ նվիրվածությունը (Մատթէոս 22։37–39; Ա Տիմոթէոս 4։7

Եկեք ճիշտ մղումներ ունենանք մեր առջև հոգևոր նպատակներ դնելիս ու դրանք հետապնդելիս՝ անկախ այն բանից՝ ծառայության մեջ ավելի մեծ առանձնաշնորհումներ ստանալու համար ենք դա անում, թե մեր հոգևոր առաջադիմության։ Սակայն նույնիսկ ճիշտ մղումներով դրված նպատակները երբեմն չեն իրականանում։ Ինչպե՞ս կարող ենք նպատակներ դնել մեր առջև ու ամեն բան անել, որպեսզի դրանց հասնելու հավանականությունը մեծանա։

Անհրաժեշտ է ունենալ մեծ ցանկություն

Քննենք, թե Եհովան ինչպես ավարտին հասցրեց տիեզերքի արարման գործը։ «Իրիկուն եւ առաւօտ եղաւ» խոսքերով Եհովան նշում էր արարչագործության հաջորդական ժամանակահատվածները (Ծննդոց 1։5, 8, 13, 19, 23, 31)։ Արարչագործական յուրաքանչյուր ժամանակահատվածի սկզբում նա հստակ գիտեր, թե որն է իր նպատակը այդ օրվա համար։ Եվ Աստված իրականացրեց արարչության իր նպատակը (Յայտնութիւն 4։11)։ Հոբ նահապետի խոսքերով՝ «[Եհովան] սրտին ուզածն անում է», այսինքն՝ նա ցանկություն ունի և կատարում է իր այդ ցանկությունը (Յոբ 23։13)։ Ինչպիսի՜ բավականություն պետք է որ ապրած լիներ Եհովան՝ տեսնելով ‘բոլորն, ինչ որ արել էր’, և դրանց մասին ասելով, որ «շատ բարի» է (Ծննդոց 1։31

Որպեսզի մեր նպատակներն իրականանան, մենք նույնպես պետք է շատ ցանկանանք հասնել դրանց։ Ի՞նչը մեզ կօգնի զարգացնել այդպիսի ուժեղ ցանկություն։ Նույնիսկ երբ դեռ երկիրն անձև ու դատարկ էր, Եհովան կարողացավ կանխատեսել վերջնական արդյունքը՝ այն, որ երկիրը կդառնա տիեզերքի «մարգարիտը», որը փառք ու պատիվ կբերի նրան։ Նմանապես, մեր նպատակն իրականացնելու ցանկությունը կմեծանա, եթե մտածենք դրան հասնելու արդյունքում ստացած օգուտների մասին։ 19 տարեկան Տոնին հենց այդպես էլ վարվեց։ Նա չէր մոռանում այն առաջին տպավորությունը, որ ստացել էր՝ այցելելով Եհովայի վկաների՝ Արևմտյան Եվրոպայի մասնաճյուղերից մեկը։ Այդ պահից սկսած՝ Տոնիի միտքը մի հարց էր զբաղեցնում. «Ի՜նչ լավ կլիներ, եթե ապրեի ու ծառայեի այդպիսի վայրում»։ Տոնին երբեք չէր դադարում մտածել մասնաճյուղում ծառայելու հնարավորության մասին և շարունակում էր ձգտել այդ նպատակին։ Որքա՜ն ուրախացավ նա, երբ մի քանի տարի հետո ստացավ մասնաճյուղում ծառայելու իր դիմումի պատասխանը։

Եթե շփվենք այնպիսի անհատների հետ, ովքեր արդեն հասել են որոշակի նպատակի, ապա դա նույնպես կարող է ցանկություն առաջացնել մեր մեջ այդպիսի նպատակ հետապնդել։ 30–​ամյա Ջեյսոնը պատանեկան հասակում հաճույքով չէր մասնակցում քարոզչական ծառայությանը։ Բայց դպրոցն ավարտելուց հետո նա սիրով անցավ ռահվիրայական ծառայության ու դարձավ Թագավորության լիաժամ քարոզիչ։ Ի՞նչը օգնեց Ջեյսոնին զարգացնել ռահվիրա ծառայելու ցանկություն։ Նա պատասխանում է. «Ինձ վրա մեծ ազդեցություն թողեցին ռահվիրա ծառայողների հետ զրույցներն ու նրանց հետ համագործակցելը»։

Նպատակները գրի առնելը կարող է օգնել

Վերացական գաղափարը դառնում է պարզ ու հստակ, երբ մենք բացատրում ենք այն։ Սողոմոնը նշել է, որ ճիշտ ընտրված բառերը խթանի պես զորավոր կարող են լինել կյանքում առաջնորդություն տալու համար (Ժողովող 12։11)։ Գրի առնված խոսքերը խորապես տպավորվում են անհատի մտքում ու սրտում։ Այլապես ինչո՞ւ Եհովան կպատվիրեր Իսրայելի թագավորներին անձամբ արտագրել Օրենքը և ունենալ Օրենքի օրինակը (Բ Օրինաց 17։18)։ Ուստի մենք գուցե ցանկանանք գրի առնել մեր նպատակները և դրանց հասնելու եղանակները, ինչպես նաև հնարավոր խոչընդոտները և դրանք հաղթահարելու միջոցները։ Նաև օգտակար կլինի որոշել, թե ինչ հարցերում պետք է գիտելիքներ ստանանք, ինչ հմտություններ ձեռք բերելու կարիք ունենք, և թե ովքեր կարող են մեզ օգնել ու թիկունք կանգնել։

Հոգևոր նպատակների ձգտելը օգնել է Ջեֆրիին, որ չկորցնի իր հավասարակշռությունը։ Նա արդեն երկար ժամանակ է, ինչ ծառայում է ասիական երկրներից մեկի հեռավոր տարածքներում որպես հատուկ ռահվիրա։ Ցավոք, նրա կինը անսպասելիորեն մահացավ։ Որոշ ժամանակ անց, երբ Ջեֆրին համակերպվեց դրան, նա որոշեց ամբողջովին նվիրվել ռահվիրայական ծառայությանը՝ իր առջև նպատակներ դնելով։ Իր ծրագրերը գրի առնելուց հետո նա աղոթքով նպատակ դրեց մինչև ամսվա վերջ Աստվածաշնչի երեք ուսումնասիրություն սկսել։ Ամեն օր նա վերանայում էր իր ծառայությունը և տասը օրը մեկ ստուգում, թե ինչ հաջողության է հասել։ Հասա՞վ նա իր նպատակին։ Այո՛, և այդ մասին է վկայում այն, որ նա Աստվածաշնչյան չորս ուսումնասիրություններ է գրանցել իր հաշվետվության մեջ։

Միջանկյալ նպատակներ դիր քո առջև

Որոշ նպատակների հասնելը սկզբում կարող է շատ դժվար թվալ։ Վերը հիշատակված Տոնիի համար Եհովայի վկաների մասնաճյուղում ծառայելը երազ էր թվում, քանի որ նա ապրում էր, ինչպես ցանկանար, և նույնիսկ չէր նվիրվել Աստծուն։ Բայց Տոնին որոշեց ներդաշնակեցնել իր կյանքը Եհովայի չափանիշներին ու նպատակ դրեց համապատասխանել մկրտության պահանջներին։ Այդ նպատակին հասնելուց հետո նա ձգտեց ծառայել որպես ենթառահվիրա, այնուհետև ընդհանուր ռահվիրա։ Տոնին օրացույցի վրա նշել էր, թե երբ է պատրաստվում սկսել ծառայության այդ ձևերը։ Որոշ ժամանակ ռահվիրա ծառայելուց հետո մասնաճյուղում ծառայելը նրա համար այլևս անիրական նպատակ չէր։

Լավ կլինի, եթե մենք էլ մեր հեռակա նպատակներին հասնելու համար մեր առջև դնենք միջանկյալ նպատակներ։ Դրանց օգնությամբ մենք աստիճանաբար կհասնենք մեր գլխավոր նպատակին։ Եթե կանոնավորաբար քննենք, թե ինչպես ենք առաջադիմում միջանկյալ նպատակներին հասնելու հարցում, չենք շեղվի մեր գլխավոր նպատակից։ Մեր ծրագրերի մասին Եհովային կրկին ու կրկին աղոթելը նույնպես կօգնի, որ չհանձնվենք։ «Անդադար աղօթք արէք»,— հորդորեց Պողոս առաքյալը (Ա Թեսաղոնիկեցիս 5։17

Վճռականություն և հաստատակամություն է անհրաժեշտ

Որոշ նպատակներ մնում են անկատար՝ անկախ այն բանից, թե որքան լավ ենք ծրագրել դրանք և իրականացնելու համար որքան մեծ ցանկություն ունենք։ Ինչպիսի՜ հիասթափություն պետք է որ ապրած լիներ Հովհաննես Մարկոս աշակերտը, երբ Պողոս առաքյալը միսիոներական իր երկրորդ շրջագայության ժամանակ չցանկացավ նրան իր հետ տանել (Գործք 15։37–40)։ Մարկոսը պետք է դաս քաղեր դրանից և փոխեր ծառայությունը ընդարձակելու հետ կապված իր նպատակը։ Ըստ ամենայնի՝ նա այդպես էլ վարվեց։ Հետագայում Պողոսը Մարկոսի մասին դրականորեն արտահայտվեց. Մարկոսը նաև սերտորեն համագործակցեց Պետրոս առաքյալի հետ Բաբելոնում (Բ Տիմոթէոս 4։11; Ա Պետրոս 5։13)։ Մարկոսի ամենամեծ առանձնաշնորհումը հավանաբար եղել է Հիսուսի կյանքի և ծառայության մասին Աստծուց ներշնչված տեղեկությունները գրի առնելը։

Հոգևոր նպատակներ հետապնդելիս մենք նույնպես գուցե խոչընդոտների հանդիպենք։ Հանձնվելու փոխարեն՝ պետք է վերանայենք ու վերագնահատենք մեր նպատակը և անհրաժեշտության դեպքում այն փոխենք։ Երբ խոչընդոտներ են առաջանում, հարկավոր է վճռականությամբ և հաստատակամորեն ջանքեր գործադրել։ Իմաստուն Սողոմոն թագավորը հավաստիացնում է. «Գցիր Տիրոջ վերայ քո գործերը, եւ կ’հաստատուին քո խորհուրդները» (Առակաց 16։3

Այնուամենայնիվ, երբեմն մեր հանգամանքների պատճառով որոշ նպատակների հասնելը անիրական է դառնում։ Օրինակ՝ վատ առողջությունը կամ ընտանեկան պարտականությունները գուցե անհասանելի դարձնեն որոշ նպատակներ։ Եկեք երբեք չմոռանանք այն փաստը, որ վերջնական մրցանակը հավիտենական կյանքն է կա՛մ երկնքում, կա՛մ դրախտ–​երկրի վրա (Սաղմոս 37։29; Փիլիպպեցիս 3։13, 14)։ Ինչպե՞ս կարելի է դրան հասնել։ Հովհաննես առաքյալը գրեց. «Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։17)։ Թեև մեր հանգամանքները գուցե թույլ չտան հասնել որոշակի նպատակի, համենայն դեպս, մենք կարող ենք ‘Աստծուց վախենալ և նրա պատվիրանները պահել’ (Ժողովող 12։13)։ Հոգևոր նպատակները մեզ օգնում են կենտրոնացած մնալ Աստծո կամքը կատարելու վրա։ Ուրեմն եկեք մեր առջև դրված նպատակների միջոցով փառաբանենք Արարչին։

[շրջանակ 22–րդ էջի վրա]

Մտածեք հետևյալ հոգևոր նպատակների շուրջ

○ Ամեն օր կարդալ Աստվածաշունչը

○ Կարդալ «Դիտարանի» և «Արթնացե՛ք»–ի յուրաքանչյուր համարը

○ Բարելավել աղոթքների որակը

○ Դրսևորել ոգու պտուղը

○ Ձգտել ընդարձակել ծառայությունը

○ Քարոզելու և ուսուցանելու մեջ դառնալ ավելի արդյունավետ

○ Զարգացնել հեռախոսով և ոչ պաշտոնական վկայություն տալու, ինչպես նաև գործարար տարածքներում քարոզելու հմտությունները