Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ուշագրավ մտքեր «Յոբ» գրքից

Ուշագրավ մտքեր «Յոբ» գրքից

Եհովայի Խոսքը կենդանի է

Ուշագրավ մտքեր «Յոբ» գրքից

ՀՈԲ նահապետը բնակվում է Հուս երկրում՝ ներկայիս Արաբիայի տարածքում։ Սա այն ժամանակն է, երբ մեծաթիվ իսրայելացիներ ապրում են Եգիպտոսում։ Հոբը Եհովա Աստծու երկրպագու է, թեև ազգությամբ իսրայելացի չէ։ Աստվածաշունչը նրա մասին ասում է. «Նորա նմանը չկայ երկրի վերայ՝ կատարեալ եւ ուղիղ մարդ, աստուածավախ եւ չարութիւնից հեռացող» (Յոբ 1։8)։ Հոբը թերևս ապրել է այն ժամանակահատվածում, երբ Աստծու ծառաներից մեկը՝ Հակոբի որդի Հովսեփը, արդեն մահացել էր, իսկ մյուսը՝ Մովսեսը, դեռևս չէր դարձել Աստծու մարգարե։

Ենթադրվում է, որ «Յոբ» գիրքը գրել է Մովսեսը։ Հավանաբար, նա Հոբի մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ գտնվում էր Մադիամի երկրում (որը մոտ է Հուս երկրին), որտեղ ապրեց 40 տարի։ Մովսեսը Հոբի կյանքի վերջին տարիների մասին կարող էր լսել, երբ իսրայելացիները Հուս երկրի մոտ էին, և նրանց 40–ամյա անապատային դեգերումները մոտենում էին ավարտին։ * Հոբի հետ պատահածը այնքան գեղեցիկ է շարադրված, որ այն գրական գլուխգործոց է համարվում։ Սակայն, բացի գրական արժեք ներկայացնելուց, «Յոբ» գիրքը պատասխանում է այսպիսի հարցերի. «Ինչո՞ւ են բարի մարդիկ տառապում։ Ինչո՞ւ է Եհովան թույլատրում ամբարշտությունը։ Կարո՞ղ է անկատար մարդը պահել իր անարատությունը Աստծու հանդեպ»։ «Յոբ» գիրքը Աստծու Խոսքի մի մասն է, ուստի նրա պատգամը կենդանի է և զորավոր նաև մեր օրերում (Եբրայեցիս 4։12

«ԿՈՐՉԻ ԱՅՆ ՕՐԸ ՈՐ ԵՍ ԾՆՈՒԵՑԻ»

(Յոբ 1։1–3։26)

Մի օր Սատանան Աստծու մոտ Հոբի անարատությունը կասկածի է ենթարկում։ Եհովան Սատանային թույլ է տալիս, որ փորձի Հոբին և մեկը մյուսի ետևից չարիքներ բերի նրա վրա։ Բայց Հոբը հրաժարվում է ‘հայհոյել Աստծուն’ (Յոբ 2։9

Հոբի երեք բարեկամները գալիս են ‘ցավակցելու’ (Յոբ 2։11)։ Նրանք նստում են նրա կողքին և ոչինչ չեն խոսում, մինչև որ Հոբը խախտում է լռությունը՝ ասելով. «Կորչի այն օրը որ ես ծնուեցի» (Յոբ 3։3)։ Նա ուզում է լինել «այն մանուկների նման, որոնք լույս չ’տեսան», այսինքն՝ մահացած ծնվեցին (Յոբ 3։11, 16

Սուրբգրային հարցեր և պատասխաններ

1։4 — Նշո՞ւմ էին արդյոք Հոբի երեխաները ծննդյան տոներ։ Ոչ, չէին նշում։ Բնագրի «օր» և «ծննդյան օր» թարգմանված բառերը տարբեր են, և յուրաքանչյուրն ունի իր ուրույն իմաստը (Ծննդոց 40։20Յոբ 1։4–ում օգտագործված է «օր» բառը, որը ցույց է տալիս արևածագից մինչև արևամուտ ընկած ժամանակահատվածը։ Ըստ երևույթին, Հոբի յոթ որդիները տարին մեկ անգամ կազմակերպում էին յոթնօրյա ընտանեկան հավաքույթ։ Ամեն տարի նրանցից մեկը՝ յուրաքանչյուրն «իր օրին», իր տանը հյուրընկալում էր մյուսներին։

1։6; 2։1 — Ովքե՞ր կարող էին կանգնել Եհովայի առաջ։ Եհովայի առաջ կանգնում էին նրա միածին Որդին՝ Բանը, հավատարիմ հրեշտակները և Աստծու անհնազանդ «որդիք»՝ անհնազանդ հրեշտակները, որոնց թվում էր Բանսարկու Սատանան (Յովհաննէս 1։1, 18)։ Սատանան և նրա դևերը երկնքից վտարվեցին միայն կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ 1914 թ.–ին հաստատվեց Աստծու Թագավորությունը (Յայտնութիւն 12։1–12)։ Վերջիններիս թույլ տալով կանգնել իր առաջ՝ Եհովան Սատանայի մարտահրավերը և դրանից բխող հարցերը ներկայացրեց բոլոր ոգեղեն արարածներին։

1։7; 2։2 — Եհովան անձա՞մբ խոսեց Սատանայի հետ։ Աստվածաշունչը շատ մանրամասնություններ չի տալիս այն մասին, թե ինչպես է Եհովան հաղորդակցվում ոգեղեն էակների հետ։ Բայց Միքիա մարգարեն տեսավ մի տեսիլք, որտեղ հրեշտակը անմիջապես հաղորդակցվում էր Եհովայի հետ (Գ Թագաւորաց 22։14, 19–23)։ Այստեղից կարելի է ենթադրել, որ Եհովան Սատանայի հետ խոսեց առանց որևէ միջնորդի։

1։21 — Ինչպե՞ս կարող էր Հոբը վերադառնալ իր ‘մոր արգանդը’։ Քանի որ Եհովա Աստված «հողի փոշուցը շինեց մարդը», ուստի այս համարում «մայր» բառը օգտագործված է փոխաբերական իմաստով և վերաբերում է հողին (Ծննդոց 2։7

2։9 — Ինչպիսի՞ մտավիճակում էր Հոբի կինը, երբ իր ամուսնուն ասաց, որ անիծի Աստծուն և մեռնի։ Հոբի կինը կրեց նույն կորուստները, ինչ և իր ամուսինը։ Ըստ ամենայնի, նրա համար ցավալի էր տեսնել, թե ինչպես է իր ամուսինը՝ մի ժամանակ առողջ և աշխույժ, տառապում նողկալի հիվանդությամբ։ Նա կորցրել էր իր սիրելի երեխաներին։ Այս ամենի պատճառով նա թերևս այն աստիճան էր կորցրել իր հոգեկան հավասարակշռությունը, որ ի վիճակի չէր տեսնելու ավելի կարևորը՝ իրենց փոխհարաբերությունները Աստծու հետ։

Դասեր մեզ համար

1։8–11; 2։3–5. Ինչպես երևաց Հոբի պարագայում, անարատություն պահելու համար, բացի ճիշտ խոսքերից և գործերից, անհրաժեշտ է նաև Եհովային ծառայելու ճիշտ մղումներ ունենալ։

1։21, 22. Թե՛ բարենպաստ և թե՛ անբարենպաստ հանգամանքներում Եհովային նվիրված մնալով՝ մենք կարող ենք ապացուցել, որ Սատանան ստախոս է (Առակաց 27։11

2։9, 10. Հոբի պես՝ մենք պետք է հավատի մեջ ամուր մնանք, նույնիսկ եթե ընտանիքի անդամները չեն գնահատում մեր հոգևոր արժեքները կամ ճնշում են բանեցնում մեզ վրա, որպեսզի զիջումների գնանք և հրաժարվենք մեր հավատից։

2։13. Հոբի բարեկամները ոչ մի մխիթարական խոսք չունեին ասելու Աստծու և նրա նպատակների մասին, քանի որ հոգևոր մարդիկ չէին։

‘ԻՆՁԱՆԻՑ ՉԵՄ ՁԳԵԼՈՒ ԻՄ ԱՆԱՐԱՏՈՒԹՅՈՒՆԸ’

(Յոբ 4։1–31։40)

Հոբի երեք բարեկամներն իրենց խոսքում, ըստ էության, ուզում են ասել, որ նա թերևս ինչ–​որ շատ վատ բան է արել, որ Աստծու կողմից այդպիսի խիստ պատժի է արժանացել։ Առաջինը սկսում է Եղիփազը։ Նրանից հետո խոսում է Բաղդատը՝ ավելի կծու խոսքեր ասելով։ Բայց Սոփարը կծու խոսքեր ասելու մեջ գերազանցում է մյուս երկուսին։

Հոբը չի ընդունում իրեն այցելած մարդկանց կեղծ դատողությունները։ Ի վիճակի չլինելով հասկանալ, թե ինչու է Աստված թույլ տվել իր տառապանքները՝ նա սկսում է չափից ավելի կենտրոնանալ իր անձն արդարացնելու վրա։ Բայցևայնպես, Հոբը սիրում է Աստծուն։ Նա բացականչում է. «Մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը [«անարատությունը», ՆԱ]» (Յոբ 27։5

Սուրբգրային հարցեր և պատասխաններ

7։1; 14։14 — Ի՞նչ իմաստով են օգտագործված «զինուորութիւն» և «պատերազմ» բառերը այս համարներում։ «Զինուորութիւն» և «պատերազմ» թարգմանված եբրայերեն բառը կարող է նաև թարգմանվել «հարկադիր աշխատանք» կամ «հարկադիր ծառայություն»։ Հոբի ցավն այնքան մեծ էր, որ նա կյանքը համարեց ծանր, հարկադիր աշխատանք։ Յոբ 10։17–ում «փոփոխութիւններ եւ պատերազմ» արտահայտությունը կարող է նաև թարգմանվել՝ «մեկը մյուսին հաջորդող հարկադիր աշխատանք»։ Քանի որ մահացածի՝ շեոլում եղած ժամանակը՝ մահվան պահից մինչև հարություն առնելը, հարկադրական ժամանակահատված է, Հոբը այդ ժամանակամիջոցը նմանեցրեց հարկադիր ծառայության։

7։9, 10; 10։21; 16։22 — Արդյո՞ք այս խոսքերից կարելի է եզրակացնել, որ Հոբը չէր հավատում հարությանը։ Այդ խոսքերը վերաբերում էին Հոբի անմիջական ապագային։ Ի՞նչ ի նկատի ուներ Հոբը։ Հնարավոր է, նա նկատի ուներ այն, որ եթե ինքը մահանար, ապա իր ժամանակակիցներից ոչ մեկն այլևս չէր տեսնելու իրեն։ Վերջիններիս տեսանկյունից՝ Հոբը ‘ետ չէր դառնալու իր տունը, և իր տեղը իրեն չէր ճանաչելու’, մինչև որ գար Աստծու նշանակած ժամանակը։ Նաև, Հոբը գուցե նկատի ուներ, որ ոչ ոք ինքնուրույն չի կարող վերադառնալ «շեոլից» (ՆԱ)՝ մարդկության ընդհանուր գերեզմանից։ Այն, որ Հոբը հավատում էր ապագա հարությանը, պարզ երևում է Յոբ 14։13–15-ից։

10։10 — Ինչպե՞ս Եհովան ‘Հոբին թափեց կաթի պես և պանրի պես թանձրացրեց’։ Սա բանաստեղծական նկարագրություն է, թե ինչպես է Հոբը կազմավորվել իր մոր արգանդում։

19։20 — Ի՞նչ ի նկատի ուներ Հոբը՝ ասելով՝ «մինակ ատամներիս կաշիովն եմ պրծել»։ Ասելով, որ ինքը պրծել է իր ատամների կաշվով (մի բան, որ իրականում գոյություն չունի)՝ նա գուցե ուզում էր ասել, որ մնացել է առանց որևէ բանի։

Դասեր մեզ համար

4։7, 8; 8։5, 6; 11։13–15. Մենք չպետք է իսկույն մտածենք, որ եթե անհատը դժվարությունների մեջ է, ուրեմն հնձում է իր ցանածը և չի վայելում Աստծու հավանությունը։

4։18, 19; 22։2, 3. Մեր խորհուրդը պետք է Աստծու Խոսքի վրա հիմնված լինի և ոչ թե անձնական տեսակետի (Բ Տիմոթէոս 3։16

10։1. Դառնությունն այնպես էր կուրացրել Հոբին, որ նա ուրիշ ոչ մի պատճառ չէր գտնում իր տառապանքների համար։ Երբ տառապում ենք, չպետք է լցվենք դառնությամբ, առավել ևս այն պատճառով, որ շատ լավ հասկանում ենք, թե ինչ վիճաբանական հարցեր են առաջ քաշված։

14։7, 13–15; 19։25; 33։24. Ինչպիսի փորձություն էլ Սատանան մեզ վրա բերի, հարության հույսը կարող է զորացնել մեզ։

16։5; 19։2. Մեր խոսքերը պետք է քաջալերեն ու զորացնեն մարդկանց և ոչ թե վշտացնեն (Առակաց 18։21

22։5–7. Խորհուրդը, որ անհատը տալիս է՝ ելնելով անհիմն մեղադրանքներից, անօգուտ է և վնասակար։

27։2; 30։20, 21. Անարատություն պահելու համար կատարելություն չի պահանջվում։ Հոբը սխալ վարվեց՝ քննադատելով Աստծուն։

27։5. Միայն Հոբը կարող էր պղծել կամ պահպանել իր անարատությունը, քանի որ այդ հատկությունը հիմնված է Աստծու հանդեպ անհատի ունեցած սիրո վրա։ Ուստի մենք պետք է Եհովայի հանդեպ խոր սեր զարգացնենք։

28։1–28. Մարդը գիտի, թե երկրի գանձերը որտեղ են։ Նա իր հնարագիտությամբ կարողանում է հասնել ստորերկրյա ճանապարհներին, որոնք ոչ մի սրատես թռչուն չի կարող տեսնել։ Բայց ինչ վերաբերում է աստվածային իմաստություն ստանալուն, ապա այն հնարավոր է ձեռք բերել, եթե ակնածալից վախ ունենանք Եհովայի հանդեպ։

29։12–15. Մենք պետք է պատրաստակամորեն սիրառատ բարություն դրսևորենք կարիքավորների նկատմամբ։

31։1, 9–28. Հոբը օրինակ է թողել մեզ ֆլիրտից, շնությունից, անարդար և անողորմ վերաբերմունք դրսևորելուց, նյութապաշտությունից և կռապաշտությունից խուսափելու հարցում։

‘ԶՂՋՈՒՄ ԵՄ ՀՈՂԻ ԵՎ ՄՈԽՐԻ ՎՐԱ’

(Յոբ 32։1–42։17)

Եղիուս անունով մի երիտասարդ կողքից համբերատար կերպով ունկնդրում է նրանց։ Այժմ խոսում է նա։ Եղիուսն իր խոսքերն ուղղում է Հոբին և նրա երեք կեղեքիչներին։

Հենց որ Եղիուսը վերջացնում է, Եհովան սկսում է խոսել փոթորկի միջից։ Նա ոչ մի բացատրություն չի տալիս Հոբի տառապանքների առնչությամբ։ Մի շարք հարցեր տալով՝ Ամենակարողը Հոբին տեղեկացնում է իր պատկառազդու զորության և մեծ իմաստության մասին։ Հոբն ընդունում է, որ խոսել է առանց հասկանալու, և ասում է. «Նուաստանում եմ եւ զղջում հողի եւ մոխիրի վերայ» (Յոբ 42։6)։ Հոբի փորձությունները վերջանում են, և նա պարգևատրվում է իր անարատության համար։

Սուրբգրային հարցեր և պատասխաններ

32։1–3 — Ե՞րբ Եղիուսը եկավ նրանց մոտ։ Քանի որ Եղիուսը լսել էր բոլորին, ուրեմն նա, ըստ ամենայնի, նստած է եղել բավականաչափ մոտ, որպեսզի կարողանար լսել։ Ուստի Եղիուսը եկել էր նրանց մոտ այն ժամանակ, երբ Հոբը դեռ չէր սկսել իր խոսքը՝ վերջ դնելով իր երեք բարեկամների յոթնօրյա լռությանը (Յոբ 3։1, 2

34։7 — Ինչպե՞ս էր Հոբը նման մի մարդու, որը «հայհոյութիւնը խմում է ջրի պէս»։ Գտնվելով ծանր իրավիճակում՝ Հոբը հակված էր իր երեք այցելուների ծաղրանքը վերագրել իրեն, չնայած որ նրանք իրականում Աստծու դեմ էին խոսում (Յոբ 42։7)։ Կարելի է ասել, որ Հոբը այդ ծաղրուծանակն ընդունեց այնպես, ինչպես որ մեկը հաճույքով ջուր կխմեր։

Դասեր մեզ համար

32։8, 9. Այն, որ մարդը տարիքով է, դեռ չի նշանակում, որ նա իմաստուն է։ Իմաստուն լինելու համար հարկավոր է հասկանալ Աստվածաշունչը և առաջնորդվել Աստծու ոգով։

34։36. Անարատ ենք, թե՝ ոչ՝ դա կերևա այն ժամանակ, երբ «իսպառ», կամ՝ ‘մինչև վերջ փորձվենք’ (ԱԱ)։

35։2. Եղիուսը ուշադիր լսեց և նախքան խոսելը իր մտքում հստակեցրեց, թե որն է խնդրո առարկան (Յոբ 10։7; 16։7; 34։5)։ Նախքան խորհուրդ տալը քրիստոնյա երեցները պետք է ուշադիր լսեն, տեղեկանան փաստերին և հստակորեն հասկանան գործին վերաբերող հարցերը (Առակաց 18։13

37։14; 38։1–39։30. Եհովայի հրաշալի գործերի՝ նրա զորության և իմաստության արտահայտումների շուրջ խորհրդածելը խոնարհեցնում է մեզ և օգնում տեսնել, որ նրա գերիշխանության արդարացումը անձնական որևէ հարցից ավելի կարևոր է (Մատթէոս 6։9, 10

40։​1–4. Եթե հակված ենք գանգատվելու Ամենակարողից, ապա պետք է ‘մեր ձեռքը մեր բերանին դնենք’։

40։15–41։34. Բեհեմովթը (գետաձին) և լևիաթանը (կոկորդիլոսը) իրոք շատ մեծ զորություն ունեն։ Աստծու ծառայության մեջ տոկալու համար մենք կարիք ունենք, որ այս զորեղ կենդանիների Արարիչը՝ ‘մեզ զորացնողը’, ուժ տա նաև մեզ (Փիլիպպեցիս 4։13, ԱԱ

42։1–6. Եհովայի խոսքը լսելով և նրա զորության մասին հիշեցում ստանալով՝ Հոբը ի վիճակի եղավ «տեսնելու.... Աստուծուն», այսինքն՝ հասկանալ ճշմարտությունը նրա մասին (Յոբ 19։26)։ Այդպիսով նրա մտածելակերպը շտկվեց։ Եթե մեզ ուղղում են Աստվածաշնչի հիման վրա, ապա պետք է մեծ պատրաստակամությամբ ընդունենք մեր սխալը և շտկումներ կատարենք։

Մեր մեջ զարգացնենք «Յոբի համբերութիւնը»

«Յոբ» գիրքը հստակորեն ցույց է տալիս, որ Աստված պատասխանատու չէ մարդկանց տառապանքների համար։ Պատասխանատու է Սատանան։ Այն, որ Աստված թույլ է տվել ամբարշտության գոյությունը երկրի վրա, մեզ հնարավորություն է տալիս փաստելու, թե անձամբ մենք Եհովայի գերիշխանության հարցում ինչ դիրքորոշում ունենք և թե արդյոք կպահենք մեր անարատությունը նրա հանդեպ։

Հոբի պես՝ Եհովային սիրող բոլոր մարդիկ պիտի փորձվեն։ Հոբի մասին պատմությունը մեզ վստահեցնում է, որ մենք կարո՛ղ ենք տոկալ։ Այն հիշեցնում է, որ մեր խնդիրները հավերժ չեն մնա։ «Յոբի համբերութիւնը լսել էք, եւ Տիրոջ նորա համար արած վախճանը տեսաք»,— ասվում է Յակոբոս 5։11–ում։ Եհովան պարգևատրեց Հոբին անարատություն պահելու համար (Յոբ 42։10–17)։ Մենք երկրային Դրախտում հավիտյան ապրելու չքնաղ հույս ունենք։ Ուստի, թող որ Հոբի նման վճռենք պահել մեր անարատությունը (Եբրայեցիս 11։6

[ծանոթագրություն]

^ պարբ. 4 «Յոբ» գիրքն ընդգրկում է ավելի քան 140 տարվա պատմություն մ. թ. ա. 1657–1473 թթ.-ին ընկած ժամանակահատվածում։

[նկարներ 16-րդ էջի վրա]

Ի՞նչ կարող ենք սովորել ‘Հոբի համբերությունից’