Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Իմաստալից նպատակներ դնենք կյանքում

Իմաստալից նպատակներ դնենք կյանքում

Իմաստալից նպատակներ դնենք կյանքում

«Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը» (ՍԱՂՄՈՍ 150։6

1. Պատմիր, թե մի երիտասարդ ինչպես էր ձգտում իր առջև իմաստալից նպատակներ դնել։

«ԵՍ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ էի ուսումնասիրում, քանի որ ուզում էի իմ ողջ կյանքում ուրիշներին օգտակար լինել։ Բացի այդ, ձգտում էի հեղինակություն և շատ փող ունենալ՝ կարծելով, որ այդպիսով երջանիկ կլինեմ,— պատմում է Սենգ Յինը, որը մեծացել է Կորեայում։ *— Երբ հասկացա, թե իրականում որքան քիչ բան կարող է բժիշկն անել ուրիշների համար, խորը հիասթափություն ապրեցի։ Հետո սկսեցի զբաղվել արվեստով։ Բայց տեսա, որ արվեստի գործերս քիչ օգուտ են տալիս մարդկանց։ Ինձ թվում էր, թե եսասեր եմ, քանի որ դրանք միայն ինձ էին ուրախություն պատճառում։ Որոշեցի դառնալ ուսուցիչ։ Սակայն շուտով հասկացա, որ կարող եմ աշակերտներին տալ ընդամենը փաստեր, բայց ոչ այնպիսի առաջնորդություն, որը նրանց իսկապես երջանիկ կդարձներ»։ Շատերի պես՝ Սենգ Յինը ձգտում էր իր առջև իմաստալից նպատակներ դնել։

2. ա) Ի՞նչ է նշանակում կյանքում նպատակ ունենալ։ բ) Որտեղի՞ց գիտենք, որ Արարիչը, մեզ բնակեցնելով երկրի վրա, որոշակի նպատակ է ունեցել։

2 Կյանքում իմաստալից նպատակ ունենալ նշանակում է իմանալ, թե ինչու ենք ապրում, ինչի ենք ձգտում և ուր ենք ուղղում մեր ջանքերը։ Կարո՞ղ են մարդիկ իրենց առջև այդպիսի նպատակ դնել։ Այո՛։ Մենք օժտված ենք բանականությամբ, խղճով ու տրամաբանելու կարողությամբ, և դա ցույց է տալիս, որ մեր Արարիչը, մեզ բնակեցնելով երկրի վրա, որոշակի նպատակ է ունեցել մեր առնչությամբ։ Հետևաբար, մենք իմաստալից նպատակներ կդնենք մեր առջև և կհասնենք դրանց միայն այն դեպքում, եթե ապրենք Արարչի նպատակի համաձայն։

3. Ինչպիսի՞ն է Աստծու նպատակը մեր առնչությամբ։

3 Աստվածաշնչից իմանում ենք, որ մեր առնչությամբ Աստծու նպատակը լի է սիրով։ Հենց միայն այն, որ մենք ստեղծված ենք հրաշալի կերպով, Աստծու անշահախնդիր սիրո արտահայտում է (Սաղմոս 40։5; 139։14)։ Ուստի ապրել Աստծու սիրառատ նպատակի համաձայն նշանակում է նրա պես անշահախնդիր սեր դրսևորել (1 Հովհաննես 4։7–11)։ Բացի այդ, դա նշանակում է հնազանդվել Աստծու պատվիրաններին (Ժողովող 12։13; 1 Հովհաննես 5։3

4. ա) Ի՞նչ է անհրաժեշտ իմաստալից կյանքով ապրելու համար։ բ) Ո՞րն է ամենամեծ նպատակը, որին ցանկացած մարդ կարող է ձգտել։

4 Աստված նպատակադրել է, որ մարդիկ երջանիկ ապրեն և խաղաղ հարաբերությունների մեջ լինեն ինչպես միմյանց, այնպես էլ մյուս ստեղծագործությունների հետ (Ծննդոց 1։26; 2։15)։ Սակայն ի՞նչ է անհրաժեշտ երջանիկ, ապահով ու խաղաղ կյանքով ապրելու համար։ Ինչպես որ երեխան իր ծնողի ներկայության կարիքն ունի, որպեսզի իրեն երջանիկ ու ապահով զգա, այնպես էլ մենք մեր երկնային Հոր հետ լավ փոխհարաբերություններ ունենալու կարիքն ունենք, որպեսզի իմաստալից կյանքով ապրենք (Եբրայեցիներ 12։9)։ Աստծու հետ այդպիսի փոխհարաբերությունները հնարավոր են, քանի որ նա թույլ է տալիս մեզ մոտենալ իրեն և լսում է մեր աղոթքները (Հակոբոս 4։8; 1 Հովհաննես 5։14, 15)։ Եթե հավատով «քայլենք Աստծու հետ» և դառնանք նրա ընկերը, ապա կկարողանանք ուրախացնել մեր երկնային Հոր սիրտը և փառք բերել նրան (Ծննդոց 6։9 ԱԱ; Առակաց 23։15, 16; Հակոբոս 2։23)։ Սա է ամենամեծ նպատակը, որին ցանկացած մարդ կարող է ձգտել։ Սաղմոսերգուն գրեց. «Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը» (Սաղմոս 150։6

Ո՞րն է քո նպատակը կյանքում

5. Նյութական բաները կյանքում առաջին տեղում դնելն ինչո՞ւ է անիմաստ։

5 Աստված ուզում է, որ մենք հոգանք մեր ընտանիքի ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր կարիքները։ Սակայն հարկավոր է հավասարակշռված լինել և թույլ չտալ, որ աշխարհիկ գործերն ու հոգսերը ստվեր գցեն ավելի կարևոր՝ հոգևոր բաների վրա (Մատթեոս 4։4; 6։33)։ Ցավոք, շատ մարդիկ իրենց կյանքը գրեթե լիովին կենտրոնացնում են նյութական բաներ ձեռք բերելու վրա։ Մինչդեռ անհատը չի կարող իր բոլոր կարիքները բավարարել զուտ նյութականով։ Դա անիրական է և անիմաստ։ Ասիայում միլիոնատերերի շրջանում կատարված մի հարցման արդյունքում պարզվեց, որ նրանցից շատերը «իրենց անապահով ու անհանգիստ են զգում, թեև իրենց հարստության շնորհիվ նրանք ունեն հասարակական դիրք և գոհունակության զգացում» (Ժողովող 5։11

6. Հարստության ձգտող մարդկանց ի՞նչ խորհուրդ տվեց Հիսուսը։

6 Հիսուսը խոսեց «հարստության խաբելու զորության» մասին (Մարկոս 4։19)։ Ինչպե՞ս է հարստությունը խաբում։ Թվում է՝ հարստությունը կարող է մարդուն երջանկացնել, բայց դա այդպես չէ։ «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանալ»,— ասաց իմաստուն Սողոմոն թագավորը (Ժողովող 5։10)։ Մի՞թե հնարավոր է նյութական շահեր հետապնդել և միաժամանակ ամբողջ սրտով ծառայել Աստծուն։ Ո՛չ, դա հնարավոր չէ։ Հիսուսը բացատրեց. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ էլ մեկին կհարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ Հարստությանը»։ Նա հորդորեց իր հետևորդներին դիզել ոչ թե նյութական բարիքներ երկրի վրա, այլ հոգևոր «գանձեր երկնքում», այսինքն՝ բարի անուն ստեղծել Աստծու մոտ, որը «նախքան մեր խնդրելը արդեն գիտի, թե ինչ է մեզ հարկավոր» (Մատթեոս 6։8, 19–25

7. Ինչպե՞ս կարող ենք «ամուր բռնել իսկական կյանքը»։

7 Իր համագործակից Տիմոթեոսին գրելիս Պողոսն այս առումով լուրջ խորհուրդ տվեց. «Հարուստներին պատվիրիր, որ.... իրենց հույսը չդնեն անկայուն հարստության վրա, այլ դնեն Աստծու վրա, որն առատապես ապահովում է մեզ ամեն ինչով, որ վայելենք.... [նրանք] լինեն առատաձեռն, ուրիշներին բաժին հանելու պատրաստ, որպես գանձ իրենց համար ապահով կերպով լավ հիմք պահպանեն ապագայի համար, որպեսզի ամուր բռնեն իսկական կյանքը» (1 Տիմոթեոս 6։17–19

Ի՞նչ է «իսկական կյանքը»

8. ա) Ինչո՞ւ են շատերը ձգտում հարստության և դիրքի։ բ) Ի՞նչ չեն հասկանում նրանք։

8 Մարդկանց մեծամասնության մտքում «իսկական կյանք» արտահայտությունը առաջացնում է ճոխության և հաճույքի պատկերներ։ Ասիական մի թերթում նշվում է. «Նրանք, ովքեր դիտում են ֆիլմեր կամ հեռուստացույց, սովորում են ցանկանալ այն ամենը, ինչ տեսնում են, և երազել այն մասին, թե ինչեր կարող էին ունենալ»։ Շատերը հարստություն և դիրք ձեռք բերելը դարձնում են իրենց կյանքի նպատակը։ Հանուն այդ նպատակի մարդիկ զոհում են իրենց երիտասարդությունը, առողջությունը, ընտանեկան կյանքը և հոգևոր արժեքները։ Քչերն են հասկանում, որ ճոխության ու հաճույքի այդ պատկերները ընդամենը «աշխարհի ոգու» արտացոլումն են։ Այդ «ոգին» այն մտածելակերպն է, որ գերիշխում է ամբողջ աշխարհում և ազդում է միլիարդավոր մարդկանց վրա՝ մղելով նրանց գործել Աստծու՝ մեր վերաբերյալ ունեցած նպատակին հակառակ (1 Կորնթացիներ 2։12; Եփեսացիներ 2։2)։ Ուստի զարմանալի չէ, որ այսօր դժբախտ մարդիկ շատ–շատ են (Առակաց 18։11; 23։4, 5

9. Մարդիկ ի՞նչ չեն կարող երբևէ անել և ինչո՞ւ։

9 Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր անձնուրացաբար աշխատում են ուրիշների բարօրության համար՝ ձգտելով արմատախիլ անել սովը, հիվանդությունը և անարդարությունը։ Նրանց վեհ և անձնազոհ ջանքերը հաճախ զգալի օգուտներ են բերում։ Այդուհանդերձ, նրանք երբևէ չեն կարող իրերի այս համակարգը փոխել և դարձնել արդար ու բարի։ Ինչո՞ւ։ Որովհետև իրականում «ամբողջ աշխարհը Չարի [Սատանայի] իշխանության տակ է», իսկ նա չի ցանկանում, որ այն փոխվի (1 Հովհաննես 5։19

10. Ե՞րբ հավատարիմ քրիստոնյաները կվայելեն «իսկական կյանքը»։

10 Որքա՜ն ցավալի է, որ անհատն իր հույսերը կապում է միայն ներկա աշխարհի հետ։ «Եթե մենք միայն այս կյանքում ենք հույս դրել Քրիստոսի վրա, ապա բոլոր մարդկանցից ամենախղճալին ենք»,— գրեց Պողոսը։ «Եկեք ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք». սա է այն մարդկանց նշանաբանը, ովքեր կարծում են, թե դա է կյանքի իմաստը (1 Կորնթացիներ 15։19, 32)։ Բայց «[Աստծու] խոստման համաձայն՝ մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, և նրանցում արդարություն պիտի բնակվի» (2 Պետրոս 3։13)։ Այդ ժամանակ քրիստոնյաները կվայելեն «իսկական կյանքը», այսինքն՝ «հավիտենական կյանքը» կատարյալ պայմաններում կա՛մ երկնքում, կա՛մ երկրի վրա՝ Աստծու սիրառատ Թագավորության ներքո (1 Տիմոթեոս 6։12

11. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Աստծու Թագավորության շահերի օգտին գործելն ամենաիմաստալից նպատակն է կյանքում։

11 Միայն Աստծու Թագավորությունը լիակատար հաջողության կհասնի մարդկության խնդիրները լուծելու հարցում։ Ուստի այդ Թագավորության շահերի օգտին գործելն ամենաիմաստալից նպատակն է, որին կարող է ձգտել ցանկացած մարդ (Հովհաննես 4։34)։ Այդ գործին մասնակցելը կնպաստի, որ մտերիմ փոխհարաբերություններ վայելենք մեր երկնային Հոր հետ։ Բացի այդ, ուրախություն կգտնենք՝ ծառայելով միլիոնավոր եղբայրների ու քույրերի հետ միասին, որոնք ունեն նույն նպատակը, ինչը և մենք։

Ճիշտ զոհողություններ անենք

12. Ինչո՞վ է տարբերվում ներկա համակարգում եղող կյանքը «իսկական կյանքից»։

12 Աստվածաշունչն ասում է. «Աշխարհն անցնում է, և նրա ցանկությունն էլ»։ Սատանայի աշխարհից և ոչ մի բան չի մնա, այդ թվում նաև այդ աշխարհի փառքն ու հարստությունը, բայց «նա, ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան» (1 Հովհաննես 2։15–17)։ Ի տարբերություն ներկա համակարգի անկայուն հարստության, վաղանցիկ փառքի ու անիմաստ հաճույքների՝ «իսկական կյանքը»՝ հավիտենական կյանքը Աստծու Թագավորության ներքո, մնայուն է, ուստի արժե զոհողություններ անել, եթե, իհարկե, դրանք ճիշտ զոհողություններ են։

13. Ինչպե՞ս մի ամուսնական զույգ ճիշտ զոհողություններ արեց։

13 Քննենք մի ամուսնական զույգի՝ Հենրիի և Սյուզանի օրինակը։ Նրանք ամբողջ սրտով հավատում են Աստծու այն խոստմանը, որ ցանկացած մարդ, ով Թագավորությունն իր կյանքում առաջին տեղում է դնում, Աստծուց օգնություն կստանա (Մատթեոս 6։33)։ Ուստի ամուսինները որոշեցին էժան տուն վարձել, որպեսզի տան վարձը վճարելու համար ստիպված չլինեն երկուսով աշխատելու և իրենց երկու աղջիկների հետ կարողանան ավելի շատ ժամանակ տրամադրել հոգևոր գործերին (Եբրայեցիներ 13։15, 16)։ Սյուզանի մտերիմ ընկերուհին չէր կարողանում հասկանալ, թե ինչու են նրանք այդպիսի որոշում կայացրել։ Նա, բարի միտումներ ունենալով, Սյուզանին ասաց. «Սիրելի՛ս, եթե ուզում ես ապրել ավելի լավ տան մեջ, պետք է գոնե ինչ–որ բան զոհես»։ Սակայն Հենրին և Սյուզանը գիտեին, որ Եհովային առաջին տեղում դնելը «ունի ինչպես ներկա, այնպես էլ գալիք կյանքի խոստումը» (1 Տիմոթեոս 4։8; Տիտոս 2։12)։ Նրանց աղջիկները մեծացան և դարձան եռանդուն լիաժամ ավետարանիչներ։ Նրանք գիտեն, որ իրենց ընտանիքը ոչ մի բանից չի զրկվել, ընդհակառակը՝ մեծ օգուտներ են քաղել՝ «իսկական կյանքը» դարձնելով իրենց նպատակը (Փիլիպպեցիներ 3։8; 1 Տիմոթեոս 6։6–8

«Լիովին չօգտվենք աշխարհից»

14. Նպատակը տեսադաշտից կորցնելն ի՞նչ ցավալի հետևանքների կհանգեցնի։

14 Շատ վտանգավոր կարող է լինել, եթե տեսադաշտից կորցնենք մեր նպատակը և ամուր չբռնենք «իսկական կյանքը». մենք «կտարվենք հոգսերից, հարստությունից և այս կյանքի հաճույքներից» (Ղուկաս 8։14)։ Չվերահսկվող ցանկությունների և «կյանքի հոգսերի» պատճառով գուցե չափից դուրս խորամուխ լինենք իրերի այս համակարգի մեջ (Ղուկաս 21։34)։ Ցավոք, ոմանք ընկել են հարստանալու մոլուցքի ծուղակը ու «շեղվել հավատից, ամեն կողմից իրենց խոցել շատ ցավերով» և նույնիսկ կորցրել են իրենց թանկագին փոխհարաբերությունները Եհովայի հետ։ Որքա՜ն թանկ են նրանք վճարում հավիտենական կյանքը ամուր չբռնելու համար (1 Տիմոթեոս 6։9, 10, 12; Առակաց 28։20

15. Ինչպե՞ս մի ընտանիք օգուտներ ստացավ «աշխարհից լիովին չօգտվելու» շնորհիվ։

15 Պողոսը խորհուրդ տվեց նրանց, «ովքեր օգտվում են աշխարհից, լինել ինչպես լիովին չօգտվողներ» (1 Կորնթացիներ 7։31)։ Քեյթը և Բոնին որոշեցին հետևել այս խորհրդին։ Քեյթը պատմում է. «Ատամնաբուժական դպրոցն ավարտելուց հետո դարձա Եհովայի վկա։ Ընտրության հնարավորություն ունեի. կարող էի շատ հիվանդներ ընդունել և շատ փող վաստակել, սակայն դա կխանգարեր մեր հոգևոր գործունեությանը։ Որոշեցի քիչ թվով հիվանդներ ընդունել, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենամ ընտանիքիս հոգևոր և էմոցիոնալ կարիքները բավարարելու համար։ Ժամանակի ընթացքում հինգ դուստր ունեցանք։ Թեև տանը լրացուցիչ գումար հազվադեպ էր լինում, մենք սովորեցինք տնտեսել, ուստի միշտ ունեինք ամեն անհրաժեշտ բաները։ Մեր ընտանիքում տիրում էր ուրախություն, ջերմություն և սեր։ Ի վերջո, մենք բոլորս սկսեցինք լիաժամ ծառայել։ Այժմ մեր դուստրերը ամուսնացել են, իսկ նրանցից երեքը երեխաներ ունեն։ Նրանք երջանիկ են, քանի որ շարունակում են Եհովայի նպատակը դնել առաջին տեղում»։

Աստծու նպատակը առաջին տեղում դնենք

16, 17. Աստվածաշնչում շնորհալի մարդկանց ի՞նչ օրինակներ կան, և ինչո՞վ են այդ մարդիկ հիշվում։

16 Աստվածաշնչում կան շատ օրինակներ այն մարդկանց մասին, ովքեր ապրել են Աստծու նպատակի համաձայն, ինչպես նաև այն մարդկանց մասին, ովքեր այդպես չեն ապրել։ Այդ օրինակներից դասեր կարող են քաղել բոլորը՝ անկախ տարիքից, մշակույթից և հանգամանքներից (Հռոմեացիներ 15։4; 1 Կորնթացիներ 10։6, 11)։ Նեբրովթը մեծ քաղաքներ կառուցեց, բայց դա Եհովայի կամքին հակառակ էր (Ծննդոց 10։8, 9)։ Իսկ շատ ուրիշ անհատներ լավ օրինակ են թողել։ Մովսեսի համար կյանքի նպատակն այն չէր, որ պահպաներ եգիպտական ազնվականի իր դիրքը։ Ընդհակառակը՝ նա իր հոգևոր առանձնաշնորհումները համարեց ավելի մեծ հարստություն, «քան Եգիպտոսի գանձերը» (Եբրայեցիներ 11։26)։ Բժիշկ Ղուկասը, հավանաբար, օգնեց Պողոսին և մյուսներին առողջական հարցերում։ Սակայն ամենամեծ բանը, որ նա արեց ուրիշների համար, բարի լուրը քարոզելն ու Աստվածաշնչի գիրք գրելն էր։ Իսկ Պողոսը հայտնի է ոչ թե որպես Օրենքի գիտակ, այլ միսիոներ, «առաքյալ՝ ազգերի համար» (Հռոմեացիներ 11։13

17 Դավթին գլխավորապես հիշում են ոչ թե նրա համար, որ զորավար էր, երաժիշտ և երգահան, այլ որ նա «[Աստծու] սրտի համեմատ մի մարդ» էր (Ա Թագաւորաց 13։14)։ Իսկ Դանիելին ճանաչում ենք ոչ թե որպես բաբելոնական արքունիքի պաշտոնյայի, այլ Եհովայի հավատարիմ մարգարեի, Եսթերին ոչ թե որպես Պարսկաստանի թագուհու, այլ հավատի ու քաջության օրինակի, Պետրոսին, Անդրեասին, Հակոբոսին և Հովհաննեսին ոչ թե որպես փորձառու ձկնորսների, այլ Հիսուսի առաքյալների։ Վերջապես, Հիսուսին ճանաչում ենք ոչ թե որպես «ատաղձագործի», այլ «Քրիստոսի» (Մարկոս 6։3; Մատթեոս 16։16)։ Այս բոլոր մարդիկ լավ հասկանում էին, որ ինչ հմտություններ, հնարավորություններ ու դիրք էլ ունենային, իրենց կյանքը պետք է պտտվեր ոչ թե այդ ամենի, այլ Աստծու ծառայության շուրջ։ Նրանք գիտեին, որ ամենավեհ և ամենաարժեքավոր նպատակը Աստծուն հաճելի մարդ լինելն է։

18. Մի երիտասարդ քրիստոնյա որոշեց ինչպե՞ս օգտագործել իր կյանքը, և նա ի՞նչ հասկացավ։

18 Սենգ Յինը, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում, ի վերջո, այս բանը հասկացավ։ Նա պատմում է. «Ամբողջ ուժերս բժշկությանը, արվեստին և դասավանդմանը նվիրելու փոխարեն՝ որոշեցի ապրել այնպես, ինչպես որ խոստացել էի Աստծուն. ապրել իմ նվիրման համաձայն։ Այժմ ծառայում եմ մի վայրում, որտեղ ուսուցիչների մեծ կարիք կա, և օգնում եմ մարդկանց գտնելու հավիտենական կյանքի տանող ճանապարհը։ Ինձ թվում էր՝ լիաժամ ծառայությունն այնքան էլ հետաքրքիր չի լինի։ Սակայն այսօր կյանքս շատ ավելի հետաքրքիր է. ես ջանում եմ բարելավել իմ հատկությունները և տարբեր ազգերի մարդկանց ուսուցանելու կարողությունը։ Համոզված եմ, որ մարդու կյանքն իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե նրա նպատակը համընկնի Եհովայի նպատակին»։

19. Ինչպե՞ս կարող ենք իրական նպատակ ունենալ կյանքում։

19 Լինելով քրիստոնյաներ՝ մենք ունենք կյանք փրկող գիտելիքներ և փրկության հույս (Հովհաննես 17։3)։ Եկեք, ուրեմն, «Աստծու անարժան բարությունը ընդունելով՝ չկորցնենք դրա նպատակը» (2 Կորնթացիներ 6։1)։ Եկեք կյանքի մեր թանկարժեք օրերն ու տարիներն օգտագործենք ի փառս Եհովայի։ Եկեք տարածենք այն գիտելիքները, որ բերում են իսկական երջանկություն և առաջնորդում են հավիտենական կյանքի։ Այսպես վարվելով՝ մենք կզգանք Հիսուսի խոսքերի ճշմարտացիությունը. «Ավելի շատ երջանկություն կա տալու, քան թե ստանալու մեջ» (Գործեր 20։35)։ Այո՛, մեր կյանքն իրական նպատակ կունենա։

[ծանոթագրություն]

^ պարբ. 1 Որոշ անուններ փոխված են։

Կարո՞ղ ես բացատրել

• Ո՞րն է մեր կյանքի ամենամեծ նպատակը։

• Նյութական բաները կյանքում առաջին տեղում դնելն ինչո՞ւ է անիմաստ։

• Ի՞նչ է Աստծու խոստացած «իսկական կյանքը»։

• Ինչպե՞ս կարող ենք մեր կյանքը Աստծու նպատակին ներդաշնակ օգտագործել։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[նկար 18–րդ էջի վրա]

Քրիստոնյաները պետք է ճիշտ զոհողություններ անեն