Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ են որոշ աղոթքներ մնում անպատասխան

Ինչո՞ւ են որոշ աղոթքներ մնում անպատասխան

Մեր ընթերցողները հարցնում են

Ինչո՞ւ են որոշ աղոթքներ մնում անպատասխան

Աստված հասանելի է բոլոր մարդկանց։ Ինչպես որ սիրող հայրն է ուրախանում, երբ իր երեխաներն անկաշկանդ խոսում են իր հետ, այնպես էլ Եհովա Աստված է սիրով լսում մեզ, երբ աղոթում ենք։ Սակայն ինչպես իմաստուն հայրը, Աստված նույնպես հիմնավոր պատճառներ ունի, երբ չի պատասխանում որոշ աղոթքների։ Իսկ պատճառները անհա՞յտ են, թե՞ Աստվածաշունչը հայտնում է՝ ինչու նա չի պատասխանում որոշ աղոթքների։

Հովհաննես առաքյալը բացատրում է. «Սա է այն վստահությունը, որ ունենք նրա հանդեպ, որ ի՛նչ էլ որ խնդրում ենք նրա կամքի համաձայն, լսում է մեզ» (1 Հովհաննես 5։14)։ Մեր խնդրանքները պետք է ներդաշնակ լինեն Աստծու կամքին։ Ոմանք աղոթում են այնպիսի բաների համար, որոնք բոլորովին էլ չեն համապատասխանում Նրա կամքին, օրինակ՝ աղոթում են լոտոյի տոմսը կամ խաղարկությունը շահելու համար։ Մյուսներն էլ աղոթում են սխալ մղումներով։ Հակոբոս աշակերտը զգուշացնում է. «Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև սխալ նպատակով եք խնդրում, որ այն ձեր մարմնական հաճույքների ցանկությունների վրա վատնեք» (Հակոբոս 4։3

Պատկերացնենք, որ երկու ֆուտբոլային թիմեր աղոթում են հաղթելու համար։ Խելամիտ չի լինի ակնկալել, որ Աստված կպատասխանի այդ աղոթքներին։ Նույնը կարելի է ասել այն դեպքում, երբ պատերազմող կողմերը աղոթում են Աստծուն հաղթանակի համար։

Նրանք, ովքեր չեն հետևում Աստծու օրենքներին, չեն կարող ակնկալել, որ Նա կպատասխանի իրենց աղոթքներին։ Եհովան մի անգամ կեղծավոր երկրպագուներին ասաց. «Երբոր աղօթքը շատացնում էք, ես չեմ լսում. ձեր ձեռքերը լիքն են արիւնով» (Եսայիա 1։15)։ Աստվածաշունչն ասում է. «Ով որ մերժէ իր ականջը օրէնք լսելուց, նորա աղօթքն անգամ գարշելի է» (Առակաց 28։9

Սակայն Եհովան միշտ լսում է իր ծառաների անկեղծ խնդրանքները, որովհետև վերջիններս իրենց լավագույնն են անում նրա կամքը կատարելու համար։ Արդյոք նշանակո՞ւմ է, որ Աստված կատարում է նրանց բոլոր խնդրանքները։ Ո՛չ։ Քննենք մի քանի դեպքեր Աստվածաշնչից։

Մովսեսը առանձնահատուկ մտերիմ փոխհարաբերություններ ուներ Աստծու հետ, սակայն որպեսզի Եհովան լսեր նրան, վերջինս նույնպես պետք է «[Աստծու] կամքի համաձայն» խնդրեր։ Հակառակ Աստծու կամքին՝ Մովսեսը աղաչեց, որ նա թույլ տա իրեն մտնելու Քանանի երկիր. «Աղաչում եմ՝ թող անցնեմ, եւ Յորդանանի այն կողմի բարի երկիրը տեսնեմ»։ Բայց նախկինում կատարած իր մեղքի պատճառով Եհովան ասել էր, որ Մովսեսը չի մտնելու այդ երկիրը։ Ուստի նրան ընդառաջելու փոխարեն՝ Եհովան ասաց. «Հերիք է քեզ. այլ եւս այդ բանը ինձ չ’ասես» (Բ Օրինաց 3։25, 26; 32։51

Իսկ Պողոս առաքյալը խնդրեց, որ Աստված ազատի իրեն մի «փշից», որն ուներ իր մարմնի մեջ (2 Կորնթացիներ 12։7)։ «Փուշ» ասելով՝ նա հավանաբար նկատի ուներ տեսողության հետ կապված իր խնդիրը կամ հակառակորդների և «կեղծ եղբայրների» կողմից եկած մշտական հալածանքը (2 Կորնթացիներ 11։26; Գաղատացիներ 4։14, 15)։ Առաքյալը գրում է. «Ես երեք անգամ աղաչեցի Տիրոջը, որ այն հեռացվի ինձանից»։ Սակայն Աստված գիտեր, որ եթե Պողոսը շարունակի քարոզել, չնայած խնդիրներին, դրանով Իր զորությունը ակնհայտ կլինի, և Պողոսը ցույց կտա, որ վստահում է Աստծուն։ Ուստի Պողոսի խնդրանքը կատարելու փոխարեն՝ Աստված նրան ասաց. «Իմ զորությունը թուլության մեջ է կատարյալ դառնում» (2 Կորնթացիներ 12։8, 9

Այո՛, Աստված մեզնից ավելի լավ գիտի, թե որ խնդրանքներին դրական պատասխան տալը կծառայի մեր օգտին։ Եհովան միշտ պատասխանում է մեր այն աղոթքներին, որոնք նպաստում են մեր բարօրությանը և եթե ներդաշնակ են իր սիրառատ նպատակներին, որոնք արձանագրված են Աստվածաշնչում։