Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Ինչպե՞ս մի կին, որը զբաղվում էր ադամանդի մաքսանենգությամբ, նաև գողություն էր անում աշխատավայրից, դարձավ ազնիվ աշխատող։ Ի՞նչն օգնեց մի կնոջ, որը երկու անգամ ինքնասպանության փորձ էր արել, գտնելու կյանքի նպատակը։ Ինչպե՞ս հարբեցող ու թմրամոլ տղամարդը ուժ գտավ իր մեջ՝ թողնելու վատ սովորությունները։ Տեսնենք, թե ինչ են պատմում նրանք։

ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ԱՆՈՒՆԸ՝ ՄԱՐԳԱՐԵՏ ԴԸ ԲԵՐՆ

ՏԱՐԻՔԸ՝ 45

ԵՐԿԻՐԸ՝ ԲՈՏՍՎԱՆԱ

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՔՍԱՆԵՆԳ ԵՎ ԳՈՂ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Հայրս գերմանացի է, սակայն ունի Հարավարևմտյան Աֆրիկայի (այժմ՝ Նամիբիա) քաղաքացիություն։ Իսկ մայրս ծնունդով Բոտսվանայից է՝ մանգոլոգա ցեղից։ Ես ծնվել եմ Գոբաբիս քաղաքում (Նամիբիա)։

1970–ականներին Հարավային Աֆրիկայի կառավարությունը Նամիբիան իր հսկողության տակ առավ և ռասայական խտրականության խիստ օրենքներ սահմանեց։ Այդ պատճառով ծնողներս բաժանվեցին։ Մայրս իմ, եղբայրներիս և քույրերիս հետ տեղափոխվեց Գանցի (Բոտսվանա)։

1979–ին տեղափոխվեցի Լոբացե (Բոտսվանա) և մինչև դպրոցն ավարտելը մնացի խնամակալների տանը։ Այնուհետև գործավարի աշխատանք գտա ավտովերանորոգման արհեստանոցում։ Ես այն կարծիքին էի, որ Աստված մարդկանց մասին հոգ չի տանում, և որ յուրաքանչյուրը պետք է անի ինչ կարող է՝ ճիշտ թե սխալ, իր և ընտանիքի կարիքները բավարարելու համար։

Քանի որ աշխատավայրում ինձ մեծ պատասխանատվություն էին վստահել, առիթից օգտվելով՝ պահեստամասեր էի գողանում։ Իսկ երբ գիշերով գնացքը անցնում էր քաղաքի միջով, ես ու ընկերներս գնացք էինք բարձրանում և գողանում մեր ձեռքի տակ ընկած ամեն բան։ Ես նաև զբաղվում էի ադամանդի, ոսկու և բրոնզի մաքսանենգությամբ։ Թմրանյութեր էի օգտագործում։ Շատ սիրեկաններ ունեի։

1993 թ.–ին գողության ժամանակ բռնվեցի և զրկվեցի աշխատանքից։ Ընկերներս լքեցին ինձ՝ վախենալով, որ իրենք էլ կբռնվեն։ Ես շատ վիրավորված էի նրանցից և որոշեցի այլևս ոչ մեկին չվստահել։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ 1994 թ.–ին հանդիպեցի Թիմին ու Վիրջինիային, որոնք Եհովայի վկա միսիոներներ էին։ Նրանք գալիս էին իմ աշխատավայր և ընդմիջման ժամանակ զրուցում էին ինձ հետ Աստվածաշնչից։ Հետագայում երբ զգացի, որ կարող եմ վստահել նրանց, հրավիրեցի իմ տուն։ Նրանք ինձ հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցին։

Շուտով հասկացա, որ եթե ուզում եմ արժանանալ Աստծու հաճությանը, պետք է փոփոխություններ մտցնեմ իմ ապրելակերպի մեջ։ Օրինակ՝ 1 Կորնթացիներ 6։9, 10 համարներից իմացա, որ «ո՛չ պոռնիկները.... ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ հարբեցողները, ո՛չ չարախոսները, ո՛չ էլ շորթողները Աստծու թագավորությունը չեն ժառանգելու»։ Նպատակ դրեցի աստիճանաբար ձերբազատվել իմ վատ սովորություններից։ Այլևս գողություն չէի անում, չէի ընկերակցում բանդայի անդամների հետ, որոնց հետ մեծացել էի։ Այս ամենից հետո Եհովայի օգնությամբ նաև խզեցի իմ բոլոր կապերը սիրեկաններիս հետ։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Շատ ջանքեր եմ թափում, որ չկորցնեմ ինքնատիրապետումս ու երեխաներիս վրա չբղավեմ, երբ նրանք ինչ–որ բան սխալ են անում (Եփեսացիներ 4։31)։ Փորձում եմ խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։ Այդպես վարվելով՝ հաջողությունների եմ հասնում և ավելի եմ մտերմանում ընտանիքիս հետ։

Հին ընկերներս և նույնիսկ հարևաններս արդեն վստահում են ինձ։ Ես դարձել եմ ազնիվ, վստահելի ու բարեխիղճ աշխատող։ Հիմա շատ ժամանակ եմ տրամադրում մարդկանց Աստվածաշնչի մասին սովորեցնելու համար։ Առակաց 10։22–ի խոսքերը շատ հոգեհարազատ են ինձ։ Այնտեղ գրված է. «Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում, եւ չարչարուիլը մի բան չէ աւելացնում նորա վերայ»։

ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ԱՆՈՒՆԸ՝ ԳԼՈՐԻԱ էԼԻԶԱՌԱՌԱՍ ԴԵ ՉՈՊԵՌԵՆԱ

ՏԱՐԻՔԸ՝ 37

ԵՐԿԻՐԸ՝ ՄԵՔՍԻԿԱ

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓՈՐՁԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Մեծացել եմ Մեխիկոյի հարուստ թաղամասերից մեկում՝ Նաուկալպանում։ Դեռ պատանեկությունից ըմբոստ եմ եղել, նաև սիրել եմ ընկերներիս հետ զվարճանալ ու անել այն, ինչ ուզում եմ։ Երբ 12 տարեկան էի, սկսեցի ծխել, 14–ում՝ խմել, իսկ 16–ում՝ թմրադեղեր օգտագործել։ Մի քանի տարի հետո հեռացա տնից։ Ընկերներիցս շատերին ընտանիքներում դաժանորեն էին վերաբերվում։ Իմ կյանքն էլ դատարկ էր, լավ ապագայի ոչ մի հույս չունեի։ Այդ պատճառով երկու անգամ փորձել եմ ինքնասպան լինել։

Երբ 19 տարեկան էի, դարձա մանեկենուհի։ Քաղաքական գործիչները և շոու բիզնեսի ներկայացուցիչները ինձ վճարում էին հասարակական միջոցառումներին իրենց ընկերակցելու համար։ Ի վերջո, ամուսնացա և երեխաներ ունեցա։ Մեր ընտանիքում բոլոր որոշումները ես էի կայացնում։ Շարունակում էի ծխել, խմել, մի խոսքով՝ կյանքս քաոս էր։ Գռեհիկ բառեր էի օգտագործում և սիրում էի անբարո բովանդակությամբ պատմություններ պատմել։ Շատ վատ բնավորություն ունեի։

Ընկերներս նույն կյանքով էին ապրում։ Նրանց կարծիքով՝ ես ամեն ինչ ունեի, սակայն կյանքս դատարկ էր ու անիմաստ։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ 1998–ին սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Աստծու Խոսքից սովորեցի, որ կյանքն իմաստ ունի։ Ես իմացա նաև, որ Եհովա Աստված երկիրը դարձնելու է դրախտ, հարություն է տալու մահացածներին։ Սիրտս հուզմունքով լցվեց, երբ հասկացա, որ ես էլ լավ ապագայի հույս կարող եմ ունենալ։

Նաև իմացա, որ Աստծուն սիրել նշանակում է հնազանդվել նրան (1 Հովհաննես 5։3)։ Սկզբում ինձ համար այդպես վարվելը դժվար էր, որովհետև երբեք հաշվի չեմ առել ուրիշների կարծիքը։ Այնուամենայնիվ, հասկացա, որ չեմ կարող ինքնուրույն ուղղել քայլերս (Երեմիա 10։23)։ Աղոթեցի Եհովային առաջնորդության համար։ Խնդրեցի, որ նա օգնի ինձ, որ կյանքս ներդաշնակեցնեմ նրա չափանիշներին և դաստիարակեմ երեխաներիս այնպես, որ իմ անցած ճանապարհով չգնան։

Փոփոխություններ անելն ինձ համար շատ դժվար էր, սակայն փորձեցի հետևել Եփեսացիներ 4։22–24-ի խոսքերին. «Ձեր վրայից պետք է հանեք այն հին անձնավորությունը, որը համապատասխան է ձեր նախկին ապրելակերպին.... և հագնեք նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ և նվիրվածությամբ»։ Ինձ համար նոր անձնավորություն հագնել նշանակում էր թողնել բոլոր վատ սովորությունները և նոր բառապաշարով խոսել։ Գրեթե երեք տարի անցավ, մինչև կարողացա համապատասխանել Եհովայի վկա լինելու չափանիշներին։

Բացի այդ, որպես կին և մայր՝ սկսեցի լուրջ վերաբերվել իմ պարտականություններին։ Այս հարցում ինձ օգնեց 1 Պետրոս 3։1, 2 համարը. «Դո՛ւք, կանա՛յք, հպատակվե՛ք ձեր ամուսիններին, որպեսզի եթե ոմանք չհնազանդվեն խոսքին, առանց խոսքի շահվեն իրենց կանանց վարքով՝ իրենց աչքերով տեսնելով ձեր մաքուր վարքն ու խորը հարգանքը»։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Անչափ երախտապարտ եմ Եհովային, որ այժմ գիտեմ՝ կյանքն իմաստ ունի։ Հիմա լավ անձնավորություն եմ և կարողանում եմ երեխաներիս ճիշտ դաստիարակել։ Թեև սիրտս ինձ ժամանակ առ ժամանակ դատապարտում է, բայց համոզված եմ, որ Եհովան հասկանում է ինձ (1 Հովհաննես 3։19, 20)։ Անկասկած, Աստվածաշնչի չափանիշներով ապրելը պաշտպանություն է և ներքին խաղաղություն է բերում։

ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ԱՆՈՒՆԸ՝ ՋԱԼՍՈՆ ԿՈՌԵԱ ԴԵ ՕԼԻՎԵՌԱ

ՏԱՐԻՔԸ՝ 33

ԵՐԿԻՐԸ՝ ԲՐԱԶԻԼԻԱ

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՐԲԵՑՈՂ ԵՎ ԹՄՐԱՄՈԼ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ծնվել եմ Բաժեում, որը մոտ 100 000 բնակչություն ունեցող քաղաք է Բրազիլիայում՝ Ուրուգվայի սահմանագծի մոտ։ Հողագործությունն ու անասնապահությունը արդյունաբերության հիմնական ճյուղերն էին։ Մեծացել եմ աղքատ շրջանում, որտեղ շատ բանդաներ կային, և երիտասարդները չարաշահում էին ալկոհոլը ու թմրանյութեր էին օգտագործում։

Դպրոցն ավարտելուց հետո սկսեցի խմել, մարիխուանա ծխել և լսել հեվի մետալ։ Տեսնելով աշխարհում տիրող քաոսն ու տառապանքը՝ մտածում էի, թե Աստված գոյություն չունի։

Ես կիթառիստ էի և երգեր էի գրում։ Ինձ հաճախ ոգեշնչում էր Աստվածաշնչի «Հայտնություն» գիրքը։ Իմ խումբն այդքան էլ մեծ հաջողություններ չուներ, այդ պատճառով ավելի ու ավելի էի տրվում թմրանյութերին։ Ինձ չէր անհանգստացնում այն, որ կմեռնեմ բարձր դոզայից։ Շատ երգիչներ, որոնց ես երկրպագում էի, հենց այդպես էին մահացել։

Թմրանյութեր գնելու համար փող էի վերցնում տատիկիցս։ Երբ նա հարցնում էր, թե ինչի վրա եմ ծախսելու գումարը, նրան խաբում էի։ Հետո սկսեցի զբաղվել ոգեհարցությամբ, տարվեցի նաև սև մագիայով՝ մտածելով, որ այն կօգնի ինձ ավելի լավ երգեր գրելու։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Երբ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել և հաճախել Եհովայի վկաների հանդիպումներին, աստիճանաբար փոխվեցի։ Իմ մեջ ապրելու և երջանիկ լինելու ցանկություն առաջացավ։ Որոշեցի կտրել մազերս, որ երկարացրել էի՝ ի նշան դժգոհության ու ըմբոստության։ Այնուհետև թողեցի ծխելը, թմրանյութեր օգտագործելը և խմելը։ Հասկացա նաև, որ չպետք է հեվի մետալ լսեմ։

Առաջին անգամ, երբ մասնակցեցի հանդիպմանը, նկատեցի պատին փակցված աստվածաշնչային մի համար՝ Առակաց 3։5, 6 «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները»։ Այդ խոսքի շուրջ խորհրդածելով՝ հասկացա, որ Եհովան կօգնի ինձ փոխելու կյանքս, եթե թույլ տամ, որ նա առաջնորդի ինձ։

Այդուհանդերձ, կյանքս արմատապես փոխելը չափազանց դժվար էր, կարծես սեփական ձեռքս պետք է կտրեի (Մատթեոս 18։8, 9)։ Ես չկարողացա աստիճանաբար փոփոխություններ անել։ Իմ պարագայում այդ միջոցը չօգնեց։ Ուստի կտրուկ հրաժարվեցի վատ սովորություններից։ Նաև սկսեցի խուսափել այն մարդկանցից, որոնք կարող էին ինձ ներքաշել իմ հին և ապականված ապրելակերպի մեջ։

Ես չէի կենտրոնանում ձախողություններիս վրա, այլ ամեն օր ուրախանում էի փոքրիկ հաջողություններով։ Հասկանում էի, որ Եհովայի առաջ ֆիզիկապես, բարոյապես և հոգևորապես մաքուր լինելը մեծ պատիվ է։ Աղոթում էի Եհովային, որ օգնի ինձ հետ չնայել, այլ միշտ առաջ գնալ։ Երբեմն, սակայն, նորից տրվում էի վատ սովորություններիս։ Բայց այդ ընթացքում չդադարեցրի Աստվածաշնչի ուսումնասիրությունը։

Երբ իմացա, որ Աստված հոգ է տանում մեզնից յուրաքանչյուրի մասին, որ նա կործանելու է կեղծ կրոնը, և որ այսօր նա առաջնորդում է համաշխարհային քարոզչական գործը, կյանքս փոխվեց (Մատթեոս 7։21–23; 24։14; 1 Պետրոս 5։6, 7)։ Ի վերջո, որոշեցի կյանքս նվիրել Աստծուն։ Ուզում էի երախտագիտությունս հայտնել այն ամենի համար, ինչ արել էր ինձ համար Եհովան։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Այժմ կյանքս այլ հունով է ընթանում (Ժողովող 12։13)։ Այլևս բեռ չեմ ընտանիքիս համար, ընդհակառակը՝ օգնում եմ նրանց։ Տատիկս, ընտանիքիս անդամներից մի քանիսը և նախկին ընկերներիցս մեկը, որն իմ խմբի երաժիշտներից էր, ծառայում են Եհովային։

Այսօր ես ու կինս մեր ժամանակի մեծ մասն օգտագործում ենք Աստվածաշնչի մասին մարդկանց սովորեցնելու համար։ Եհովան ինձ առատապես օրհնել է, քանի որ սովորել եմ «Տիրոջն ապավինել իմ բոլոր սրտով»։

[Մեջբերում 29–րդ էջի վրա]

«Իմ մեջ ապրելու և երջանիկ լինելու ցանկություն առաջացավ»