Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ պետք է հետևենք Քրիստոսին

Ինչո՞ւ պետք է հետևենք Քրիստոսին

Ինչո՞ւ պետք է հետևենք Քրիստոսին

«Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա.... ու շարունակ ինձ հետևի» (ՂՈՒԿ. 9։23

1, 2. Ինչո՞ւ է կարևոր իմանալ Քրիստոսին հետևելու պատճառները։

ՄԻԱՅՆ պատկերացրե՛ք, թե ինչ հաճույք է ստանում Եհովան՝ իր բազմաթիվ երկրպագուների մեջ տեսնելով ձե՛զ, ճշմարտությա՛մբ հետաքրքրվողներ և երիտասարդնե՛ր։ Քանի որ դուք ուսումնասիրում եք Աստվածաշունչը, կանոնավորաբար հաճախում եք քրիստոնեական հանդիպումներին և շարունակում եք կենսատու գիտելիքներ ստանալ ճշմարտության մասին, պետք է սրտանց ընդունեք Հիսուսի հետևյալ կոչը. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, ամեն օր վերցնի իր տանջանքի ցիցը ու շարունակ ինձ հետևի» (Ղուկ. 9։23)։ Փաստորեն, Հիսուսն ասում է, որ անձն ուրանալու և իրեն հետևելու համար ցանկություն է անհրաժեշտ։ Ուստի կարևոր է, որ քննենք, թե Քրիստոսին հետևելու ինչ պատճառներ կան (Մատթ. 16։13–16

2 Իսկ ի՞նչ կարելի է ասել նրանց մասին, ովքեր արդեն գնում են Հիսուս Քրիստոսի հետքերով։ Մեզ այսպիսի հորդոր է տրվում. «Շարունակեք ավելի լիարժեք կերպով դա անել» (1 Թեսաղ. 4։1, 2)։ Անկախ նրանից՝ տասնամյակներ առաջ ենք միացել ճշմարիտ երկրպագությանը, թե վերջերս, մտածելով Քրիստոսին հետևելու պատճառների մասին, կկարողանանք կիրառել Պողոսի վերոհիշյալ հորդորը և օրեցօր ավելի լիարժեք կերպով կհետևենք Նրան։ Այժմ կքննենք հինգ պատճառ, թե ինչու պետք է հետևենք Քրիստոսին։

Եհովային ավելի մոտենալու համար

3. Ո՞ր երկու միջոցներով կարող ենք ճանաչել Եհովային։

3 Պողոսը, երբ «կանգնած էր Արեոպագոսի մեջտեղում», դիմելով աթենացիներին, ասաց. «[Աստված] հաստատեց մարդկանց բնակության նշանակված ժամանակներն ու որոշված սահմանները, որպեսզի փնտրեն Աստծուն, այո, միգուցե նույնիսկ խարխափելով գտնեն նրան, թեպետ իրականում նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ» (Գործ. 17։22, 26, 27)։ Անշուշտ, մենք կարող ենք փնտրել Աստծուն և ճանաչել նրան։ Օրինակ՝ արարչագործությունը շատ բան է հայտնում Աստծու հատկությունների ու կարողության վերաբերյալ։ Եթե գնահատանքով խորհրդածենք նրա ստեղծագործությունների շուրջ, բազմաթիվ բաներ կսովորենք Արարչի մասին (Հռոմ. 1։20)։ Բացի դրանից, Եհովան իր մասին պատմում է Աստվածաշնչում՝ իր գրավոր Խոսքում (2 Տիմոթ. 3։16, 17)։ Որքան շատ «քննենք [նրա] ամեն գործերը» և «միտք առնենք [նրա] արածները», այնքան լավ կճանաչենք նրան (Սաղ. 77։12

4. Քրիստոսին հետևելով՝ ինչպե՞ս կարող ենք ավելի մոտենալ Եհովային։

4 Եհովային ավելի լավ ճանաչելու հիանալի միջոց է Քրիստոսին հետևելը։ Հիշենք, թե ինչ փառք ուներ Հիսուսն իր Հոր մոտ «նախքան աշխարհի լինելը» (Հովհ. 17։5)։ Նա «Աստծու ստեղծագործության սկիզբն» է (Հայտն. 3։14)։ Լինելով «ողջ ստեղծագործության մեջ անդրանիկը»՝ նա անթիվ–անհամար տարիներ ապրել է իր Հոր կողքին։ Մինչև երկիր գալը նա ժամանակն անտեղի չի անցկացրել. եղել է Աստծու մտերիմ ընկերը՝ ուրախությամբ համագործակցելով Ամենակարողի հետ։ Ոչ ոք երբեք այդքան մտերիմ չի եղել որևէ մեկի հետ, որքան Հիսուսն իր Հոր հետ։ Աստծու Որդին ոչ միայն ուշադրություն է դարձրել իր Հոր գործելակերպին, հատկություններին ու զգացմունքներին, այլև ըմբռնել և յուրացրել է այդ ամենը։ Արդյունքում այս հնազանդ Որդին այնքան է նմանվել Հորը, որ Աստվածաշունչը նրան կոչում է «անտեսանելի Աստծու պատկեր» (Կող. 1։15)։ Սերտորեն հետևելով Քրիստոսին՝ մենք ավելի կմոտենանք Եհովային։

Եհովային լիարժեքորեն ընդօրինակելու համար

5. Ի՞նչը մեզ կօգնի ավելի լիարժեք կերպով ընդօրինակելու Եհովային և ինչո՞ւ։

5 Մենք Աստծու «պատկերովը եւ [նրա] նմանութեան պէս» ենք ստեղծված, ուստի կարող ենք արտացոլել նրա գլխավոր հատկությունները (Ծննդ. 1։26)։ Պողոս առաքյալը բոլոր քրիստոնյաներին հորդորեց «ընդօրինակել Աստծուն, ինչպես սիրելի զավակներ» (Եփես. 5։1)։ Մեր երկնային Հորն ընդօրինակելու հարցում մեզ կօգնի Քրիստոսին հետևելը։ Ինչո՞ւ։ Քանի որ Հիսուսը լավագույն կերպով է արտացոլել Աստծու մտածելակերպը, զգացմունքները, էությունը։ Ոչ ոք չէր կարող Եհովայի մասին ավելի լավ սովորեցնել։ Հիսուսը ոչ միայն ճանաչեցրեց Աստծու անունը, այլև ցույց տվեց, թե ով է կանգնած այդ անվան հետևում (կարդա՛ Մատթեոս 11։27)։ Նա դա արեց խոսքով ու գործով։

6. Հիսուսի սովորեցրածը ի՞նչ է բացահայտում Եհովայի մասին։

6 Հիսուսը ցույց տվեց, թե Աստված ինչ ակնկալիքներ ունի իր երկրպագուներից և ինչ է զգում նրանց հանդեպ (Մատթ. 22։36–40; Ղուկ. 12։6, 7; 15։4–7)։ Օրինակ՝ մեջբերելով Տասը պատվիրաններից մեկը՝ «շնութիւն մի անիր», Հիսուսն ասաց. «Յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում» (Ելից 20։14; Մատթ. 5։27, 28)։ Այս խոսքերով նա բացատրեց, թե ինչ է տեսնում Եհովան մարդու սրտում նախքան այդ արարքը գործելը։ Հիշատակելով Օրենքից մեկ ուրիշ հատված, որը փարիսեցիների կողմից այսպես էր մեկնաբանվում՝ «սիրի՛ր մերձավորիդ և ատի՛ր թշնամուդ»՝ Հիսուսը բացահայտեց Եհովայի մտածելակերպը՝ ասելով. «Շարունակե՛ք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար» (Մատթ. 5։43, 44; Ելից 23։4; Ղեւտ. 19։18)։ Եթե խորությամբ հասկանանք Աստծու մտածելակերպը, զգացմունքները, և այն, թե ինչ է նա մեզնից ակնկալում, կկարողանանք լիովին ընդօրինակել նրան։

7, 8. Հիսուսի օրինակից ի՞նչ ենք սովորում Եհովայի մասին։

7 Հիսուսը նաև իր օրինակով ցույց տվեց, թե ինչպիսին է իր Հայրը։ Ավետարաններում կարդում ենք, որ Հիսուսը գթում էր կարիքավորներին ու կարեկցում վշտահարներին։ Մի անգամ նա նույնիսկ վրդովվեց՝ տեսնելով, որ աշակերտները երեխաներին արգելում են իրեն մոտենալ։ Եհովան նույն բանն է զգում (Մարկ. 1։40–42; 10։13, 14; Հովհ. 11։32–35)։ Խորհենք, թե ինչպես են Հիսուսի գործերը բացահայտում Աստծու գլխավոր հատկությունները։ Նրա կատարած հրաշքները վկայում են այն ահռելի զորության մասին, որը ստացել էր Աստծուց։ Սակայն նա երբեք չօգտագործեց իր զորությունը անձնական շահի կամ ուրիշներին վնասելու համար (Ղուկ. 4։1–4)։ Այն, որ նա ագահ առևտրականներին վռնդեց տաճարից, ցույց է տալիս, որ նա արդար է (Մարկ. 11։15–17; Հովհ. 2։13–16)։ Հիսուսի սովորեցրած բաներն ու շնորհալի խոսքերը վկայում են, որ իր իմաստությամբ նա «Սողոմոնից էլ մեծ» է (Մատթ. 12։42)։ Իսկ Հիսուսի սիրո մասին ասվում է, որ «ոչ ոք սրանից ավելի մեծ սեր չունի», քանի որ նա իր հոգին տվեց ուրիշների համար (Հովհ. 15։13

8 Աստծու Որդին այնպես ընդօրինակեց Եհովային, որ կարող էր վստահաբար ասել. «Ով որ ինձ տեսավ, Հորը տեսավ» (կարդա՛ Հովհաննես 14։9–11)։ Փաստորեն, հետևելով Քրիստոսին՝ մենք ընդօրինակում ենք Եհովային։

Հիսուսը Եհովայի Օծյալն է

9. Ե՞րբ և ինչպե՞ս Հիսուսը դարձավ Աստծու Օծյալը։

9 Քննենք, թե ինչ տեղի ունեցավ մ.թ. 29 թ.–ին, երբ 30–ամյա Հիսուսը եկավ Հովհաննես Մկրտչի մոտ։ «Մկրտվելուց հետո Հիսուսը անմիջապես դուրս եկավ ջրից, և ահա երկինքը բացվեց, ու նա տեսավ Աստծու ոգին, աղավնու նման, նրա վրա իջնելիս»։ Այդ ժամանակ նա դարձավ Քրիստոս, կամ՝ Մեսիա, և այդ ժամանակ Եհովան անձամբ հայտնեց, որ Հիսուսը իր Օծյալն է՝ ասելով. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ» (Մատթ. 3։13–17)։ Սա հիմք է տալիս, որ մենք հետևենք Քրիստոսին։

10, 11. ա) Հիսուսի առնչությամբ ի՞նչ կերպերով է գործածվում «Քրիստոս» տիտղոսը։ բ) Ինչո՞ւ պետք է անպատճառ հետևենք Քրիստոսին։

10 Աստվածաշնչում «Քրիստոս» տիտղոսը Հիսուսի առնչությամբ գործածվում է տարբեր կերպերով։ Օրինակ՝ իր Հորն ուղղված աղոթքում առաջին անգամ Հիսուսն ինքը այս տիտղոսը դրեց իր անունից հետո՝ ասելով. «Սա՛ է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն, և Հիսուս Քրիստոսին, որին դու ուղարկեցիր» (Հովհ. 17։3)։ Երբ տիտղոսը դրվում է անունից հետո, ներկայացվում է այն անհատը, ով ուղարկվել է Աստծու կողմից և դարձել է նրա Օծյալը։ Երբ տիտղոսը դրվում է անունից առաջ՝ «Քրիստոս Հիսուս», շեշտվում է նրա ունեցած դիրքը (2 Կորնթ. 4։5)։ Երբ այս տիտղոսը գործածվում է որոշիչ հոդով՝ «Քրիստոսը», նույնպես ընդգծվում է Հիսուսի՝ որպես Մեսիայի ունեցած դերը (Հովհ. 7։31

11 Անկախ այն բանից, թե «Քրիստոս» տիտղոսը Հիսուսի առնչությամբ ինչպես է գործածվում, այն ընդգծում է մի կարևոր ճշմարտություն. չնայած որ Աստծու Որդին ծնվել է որպես մարդ և ճանաչեցրել է իր Հոր անունը, նա չի եղել սովորական մարդ կամ լոկ մարգարե։ Նա Եհովայի Օծյալն է։ Ուստի մենք պետք է անպայման հետևենք նրան։

Հիսուսը փրկության տանող միակ ճանապարհն է

12. Հիսուսն ի՞նչ ասաց Թովմասին, որը կարևոր է նաև մեզ համար։

12 Մեսիային շարունակ հետևելու կարևոր պատճառ գտնում ենք նաև մեկ այլ արձանագրությունում։ Իր մահից ընդամենը մի քանի ժամ առաջ Հիսուսն ասաց, որ գնում է երկինք և տեղ է պատրաստելու իր առաքյալների համար։ Այս առնչությամբ Թովմասը հարց բարձրացրեց, որին Հիսուսը պատասխանեց՝ ասելով. «Ե՛ս եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ իմ միջոցով» (Հովհ. 14։1–6)։ Ճիշտ է, նրա խոստումը վերաբերում էր իր առաքյալներին, սակայն այդ խոսքերը կարևոր են նաև նրանց համար, ովքեր երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեն (Հայտն. 7։9, 10; 21։1–4)։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։

13. Ի՞նչ իմաստով է Հիսուսը «ճանապարհը»։

13 Հիսուս Քրիստոսը նաև «ճանապարհն» է։ Այսինքն՝ նա միակն է, ում միջոցով կարող ենք մոտենալ Աստծուն։ Սա մասնավորապես վերաբերում է աղոթքին. մենք գիտենք, որ միայն Հիսուսի միջոցով աղոթելու դեպքում կարող ենք համոզված լինել, որ Հայրը կտա մեզ այն ամենը, ինչ որ խնդրենք Նրա կամքի համաձայն (Հովհ. 15։16)։ Հիսուսը «ճանապարհն» է նաև մեկ այլ իմաստով։ Մեղքի պատճառով մենք օտարացել ենք Աստծուց (Ես. 59։2)։ Սակայն Հիսուսը «իր կյանքը որպես փրկանք տվեց շատերի փոխարեն» (Մատթ. 20։28)։ Այդ մասին Աստվածաշնչում կարդում ենք. «Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից» (1 Հովհ. 1։7)։ Այդպիսով Որդին Աստծու հետ հաշտվելու ուղի բացեց (Հռոմ. 5։8–10)։ Հիսուսի հանդեպ հավատ ցուցաբերելու և նրան հնազանդվելու շնորհիվ է, որ կարող ենք լավ փոխհարաբերություններ ունենալ Աստծու հետ (Հովհ. 3։36

14. Ի՞նչ առումով է Հիսուսը «ճշմարտությունը»։

14 Հիսուսը «ճշմարտությունն» է ոչ միայն այն պատճառով, որ խոսեց ճշմարտության մասին և ապրեց դրա համաձայն, այլև որ Մեսիայի վերաբերյալ գրված բոլոր մարգարեությունները կատարվեցին նրա վրա։ Այս առնչությամբ Պողոս առաքյալը գրեց. «Անկախ նրանից, թե ինչքան են Աստծու խոստումները՝ նրա միջոցով դրանք «այո» եղան» (2 Կորնթ. 1։20)։ Նա իրականացրեց այն, ինչ Մովսիսական օրենքում միայն «գալիք բարիքների ստվերն» էր (Եբր. 10։1; Կող. 2։17)։ Հիսուսի շուրջ են պտտվում բոլոր մարգարեությունները։ Դրանք լույս են սփռում Եհովայի նպատակի մեջ ունեցած նրա կարևոր դերի վրա (Հայտն. 19։10)։ Ուստի եթե ուզում ենք օգուտներ քաղել այն ամենից, ինչ Աստված նախատեսել է մեզ համար, պետք է հետևենք Մեսիային։

15. Ի՞նչ իմաստով է Հիսուսը «կյանքը»։

15 Հիսուսը կոչվում է «կյանքը», որովհետև իր արյամբ գնել է մարդկությանը, և հավիտենական կյանքի պարգևը Աստված տալիս է «մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռոմ. 6։23)։ Հիսուսը նաև «կյանքն» է նրանց համար, ովքեր մահացել են (Հովհ. 5։28, 29)։ Նա՝ որպես Քահանայապետ, Հազարամյա Իշխանության ընթացքում իր երկրային հպատակներին մեկընդմիշտ ազատագրելու է մեղքից ու մահից (Եբր. 9։11, 12, 28

16. Հիսուսին հետևելու ի՞նչ պատճառ ունենք։

16 Թովմասին տված Հիսուսի պատասխանը մեծ նշանակություն ունի նաև մեզ համար։ Հիսուսը ճանապարհն է, ճշմարտությունը և կյանքը։ Նա է միակ անձնավորությունը, ում Աստված ուղարկեց աշխարհ, որպեսզի նրա միջոցով փրկի այն (Հովհ. 3։17)։ Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ նրա միջոցով։ Աստվածաշնչում հստակ ասվում է. «Ուրիշ որևէ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա՛ մեկ ուրիշ անուն՝ մարդկանց մեջ տրված, որով մենք կարողանանք փրկվել» (Գործ. 4։12)։ Անկախ նրանից, թե ինչին ենք հավատացել անցյալում՝ իմաստնորեն կվարվենք, եթե հավատանք Հիսուսին և հետևենք նրան։ Դա մեզ կառաջնորդի հավիտենական կյանքի (Հովհ. 20։31

Քրիստոսին լսելու պատվեր ենք ստացել

17. Ինչո՞ւ է Աստծու Որդուն լսելը կարևոր։

17 Պետրոսը, Հովհաննեսն ու Հակոբոսը ականատես եղան Հիսուսի այլակերպությանը։ Այդ ժամանակ նրանք երկնքից մի ձայն լսեցին. «Սա՛ է իմ Որդին, որին ես ընտրել եմ։ Նրա՛ն լսեք» (Ղուկ. 9։28, 29, 35)։ Ուստի մենք էլ պետք է հնազանդվենք Մեսիային լսելու պատվերին (կարդա՛ Գործեր 3։22, 23

18. Ինչպե՞ս կարող ենք լսել Հիսուս Քրիստոսին։

18 Հիսուսին լսել նշանակում է «աչքերը հառել» նրան և «խորությամբ մտածել» նրա օրինակի շուրջ (Եբր. 12։2, 3)։ Ուստի կարող ենք «սովորականից առավել ուշադրություն դարձնել այն ամենին», ինչ կարդում ենք նրա մասին Աստվածաշնչում, «հավատարիմ և իմաստուն ծառայի» տված գրականության մեջ և ինչ լսում ենք քրիստոնեական հանդիպումների ընթացքում (Եբր. 2։1; Մատթ. 24։45)։ Եկեք փափագենք լսել մեր Հովվին՝ Հիսուսին, ու հետևել նրան (Հովհ. 10։27

19. Ի՞նչը կօգնի մեզ շարունակ հետևելու Հիսուսին։

19 Իսկ հնարավո՞ր է, որ մենք, չնայած դժվարություններին, շարունակ հետևենք Քրիստոսին։ Այո՛, եթե «ամո՛ւր բռնենք առողջ խոսքերի օրինակը»՝ «հավատով ու սիրով» կիրառելով այն ամենը, ինչ «Քրիստոս Հիսուսում է» (2 Տիմոթ. 1։13

Ի՞նչ սովորեցիր

• Ինչպե՞ս է Քրիստոսին հետևելը մեզ ավելի մոտեցնում Եհովային։

• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ հետևելով Հիսուսին՝ ընդօրինակում ենք Եհովային։

• Ի՞նչ առումներով է Հիսուսը «ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»։

• Ինչո՞ւ պետք է լսենք Եհովայի Օծյալին։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[նկար 29–րդ էջի վրա]

Այն, ինչ սովորեցնում էր Հիսուսը, արտացոլում էր Եհովայի վեհ մտածելակերպը

[նկար 30–րդ էջի վրա]

Մենք պետք է հավատարմորեն հետևենք Եհովայի Օծյալին

[նկար 32–րդ էջի վրա]

Եհովան հայտնապես ասաց. «Սա՛ է իմ Որդին.... Նրա՛ն լսեք»