Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Լռելու ժամանակ»

«Լռելու ժամանակ»

«Լռելու ժամանակ»

«ԼՌԵԼԸ հաճախ մարդուն ավելի օգուտ է բերում, քան խոսելը»։ Այս հին ասացվածքը ծնունդ է առել Արևելքից։ Դարձվածների և առակների մի բառարանում եբրայերեն նմանատիպ մի ասացվածք կա. «Եթե խոսքը մեկ սիկղ արժե, ապա լռությունը՝ երկու» (Brewer’s Dictionary of Phrase and Fable)։ Իսկ իմաստուն Սողոմոն թագավորը գրել է. «Ամեն բանի ժամանակ կայ եւ ժամանակ՝ երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան .... լռելու ժամանակ, եւ խօսելու ժամանակ» (Ժող. 3։1, 7

Իսկ ե՞րբ է լռելու ժամանակը և ե՞րբ է խոսելու ժամանակը։ Աստվածաշնչում ավելի քան հարյուր անգամ գրի են առնվել «լուռ» և «լռություն» բառերը։ Յուրաքանչյուր դեպքում համատեքստը ցույց է տալիս, որ գերադասելի է լուռ մնալ առնվազն երեք պատճառներով. ուրիշների հանդեպ հարգանք դրսևորելու, խոհեմություն ու խորաթափանցություն ցուցաբերելու և խորհրդածելու։ Եկեք մեկ առ մեկ քննենք այս պատճառները։

Հարգանք

Հարգանք դրսևորելու կերպերից մեկը լռելն է։ Այս առնչությամբ Ամբակում մարգարեն գրել է. «Տէրը իր սուրբ տաճարումն է, լռիր նորա առաջին, ով բոլոր երկիր» (Ամբ. 2։20)։ Աստվածաշնչային մեկ ուրիշ համարում նշվում է, որ ճշմարիտ երկրպագուները պետք է «հուսան և սպասեն լռությունով Տիրոջ փրկությանը» (Ողբ. 3։26)։ Իսկ սաղմոսերգուն ասել է. «Համբերիր Տիրոջը [«լռություն պահպանիր Եհովայի առաջ», ՆԱ] եւ սպասիր նորան. մի բարկանար այն մարդի ճանապարհը յաջողուելիս» (Սաղ. 37։7

Անշուշտ, մենք կարող ենք փառաբանել Եհովային անգամ առանց խոսքերի։ Մի՞թե չենք զմայլվում, երբ տեսնում ենք Նրա գեղեցիկ ստեղծագործությունները։ Երբեմն բառեր չենք գտնում մեր հիացմունքն արտահայտելու համար։ Իրականում, Արարչի մեծամեծ գործերի մասին լուռ խորհրդածելով՝ մենք փառաբանում ենք նրան մեր սրտում։ Սաղմոսերգու Դավթի երգերից մեկը այսպես է սկսվում. «Ով Աստուած, քեզ սպասում է հանգստութիւնով օրհնաբանութիւն Սիօնի մէջ եւ քեզ ուխտ են հատուցանում» (Սաղ. 65։1

Մենք հարգանք ենք դրսևորում Եհովայի հանդեպ նաև այն ժամանակ, երբ ուշադրություն ենք դարձնում նրա Խոսքին։ Օրինակ՝ երբ Մովսես մարգարեն վերջին անգամ դիմում էր Իսրայել ազգին, հետևյալ հորդորը տվեց ժողովրդին. «Լուռ կաց.... լսիր քո Եհովայ Աստուծոյ ձայնին»։ Նույնիսկ երեխաները պետք է ուշադիր լսեին, երբ իսրայելացիները հավաքվում էին Աստծու Օրենքը կարդալու։ «Ժողովիր ժողովուրդը,— ասաց Մովսեսը,— մարդիկը եւ կանայքը, եւ տղերքը.... որ լսեն, եւ որ սովորեն» (Բ Օրին. 27։9, 10; 31։11, 12

Ուստի շատ կարևոր է ուշադրություն դարձնել այն հրահանգներին, որոնք ստանում ենք ժողովի հանդիպումների և համաժողովների ժամանակ։ Իսկ եթե չլսենք բեմից հնչող ելույթները և անտեղի զրուցենք մեր հավատակցի հետ, ապա անհարգալից վերաբերմունք դրսևորած կլինենք Աստծու Խոսքի և նրա կազմակերպության հանդեպ։ Ուրեմն քրիստոնեական հանդիպումների ժամանակ հարկավոր է լռություն պահպանել և լսել ծրագիրը։

Հարգանք ենք դրսևորում նաև այն ժամանակ, երբ ուշադրությամբ լսում ենք մեր զրուցակցին։ Այս հարցում մեզ լավ օրինակ է թողել Հոբ նահապետը։ Իրեն մեղադրող մարդկանց նա ասաց. «Դուք սովորեցրէք ինձ եւ ես կ’լռեմ»։ Հոբը պատրաստ էր լսելու նրանց։ Իսկ երբ եկավ խոսելու ժամանակը, նա ասաց. «Լռեցէք ինձ մօտ, որ խօսեմ ես» (Յոբ 6։24; 13։13

Խոհեմություն և խորաթափանցություն

Աստվածաշնչում գրված է. «Շրթունքները զսպողը խելացի է», «խոհեմ մարդը կ’լռէ» (Առակ. 10։19; 11։12)։ Տեսնենք, թե ինչպես է Հիսուսը խոհեմություն և խորաթափանցություն դրսևորել։ Նա գերադասեց «լուռ մնալ», քանզի հասկանում էր, որ իր հանդեպ թշնամաբար տրամադրված մարդկանց հետ խոսելն անօգուտ է (Մատթ. 26։63)։ Ավելի ուշ, երբ Հիսուսին տարան Պիղատոսի առաջ դատելու, նա «ոչ մի պատասխան չտվեց», այլ խոհեմաբար թույլ տվեց, որ փաստերը խոսեն իր փոխարեն (Մատթ. 27։11–14

Մենք նույնպես իմաստնորեն վարված կլինենք, եթե զսպենք մեր շրթունքները, հատկապես երբ վրդովված ենք։ «Երկայնամիտ մարդը շատ խոհեմ է,— գրված է Առակաց 14։29–ում,— բայց կարճամիտը յիմարութիւն է հանում»։ Եթե լարված իրավիճակում չմտածված պատասխան տանք, գուցե ասենք մի բան, որի համար հետո զղջանք։ Հնարավոր է՝ հիմար մարդու տպավորություն թողնենք, որն էլ կխաթարի մեր մտքի խաղաղությունը։

Մենք խորաթափանցություն ցուցաբերած կլինենք, եթե ուշադիր լինենք, թե ինչ ենք խոսում։ Երբ ծառայության ժամանակ մեզ ծաղրում են, ճիշտ կլինի լռել։ Բացի այդ, խելամիտ չի լինի արձագանքել այն անվայել կատակներին կամ գռեհիկ բառերին, որ կարող են անել մեր դասընկերները կամ աշխատակիցները։ Հակառակ դեպքում՝ կստացվի, որ հավանություն ենք տալիս նրանց ասածներին (Եփես. 5։3)։ Լավ կլինի ընդօրինակել սաղմոսերգուին, որն ասաց. «Իմ բերանին սանձ դնեմ՝ դեռ քանի որ ամբարիշտն իմ առաջին է» (Սաղ. 39։1

«Խոհեմ մարդուն» միշտ վստահում են (Առակ. 11։12)։ Խոհեմ քրիստոնյան գաղտնիքներ չի հայտնում։ Այս առումով հատկապես պետք է զգուշություն դրսևորեն քրիստոնյա երեցները, որպեսզի ժողովի անդամները միշտ վստահեն նրանց։

Ինչ խոսք, երբեմն տեղին է լռել։ 19–րդ դարի անգլիացի գրող Սիդնի Սմիթը իր ժամանակակիցներից մեկի մասին գրել է. «Զրույցի ընթացքում նա երբեմն նախընտրում է լռել։ Ես հաճույքով եմ շփվում նրա հետ»։ Այո՛, երկու ընկերներն էլ պետք է խոսելու հնարավորություն ունենան։ Ուստի լավ զրուցակիցը նա է, ով կարողանում է լսել։

«Շատախօսութեան մէջ յանցանք պակաս չի լինիլ, բայց շրթունքները զսպողը խելացի է»,— ասել է Սողոմոնը (Առակ. 10։19)։ Որքան քիչ խոսենք, այնքան ավելի քիչ անխոհեմ բաներ կասենք։ Աստվածաշնչում ասվում է, որ «յիմարն էլ լռելով իմաստուն կ’համարուի, եւ իր շրթունքը խփողը՝ հանճարեղ» (Առակ. 17։28)։ Ուստի սաղմոսերգուի նման՝ մենք էլ կարող ենք խնդրել Եհովային. «Տէր, պահապան դիր իմ բերանին, իմ շրթունքների դուռը պահպանիր» (Սաղ. 141։3

Խորհրդածություն

Արդար մարդու մասին Աստվածաշունչն ասում է, որ նա «ցերեկ ու գիշեր [Աստծու] օրէնքի վերայ է մտածում» (Սաղ. 1։2)։ Իսկ ի՞նչ է անհրաժեշտ խորհրդածելու համար։

Աբրահամ նահապետի որդին՝ Իսահակը, «իրիկուայ դէմ դաշտն էր դուրս եկել մտածելու» (Ծննդ. 24։63)։ Խորհրդածելու համար նա հարմար ժամանակ ու հանգիստ վայր էր ընտրել։ Դավիթ թագավորն էլ գիշերվա լռության մեջ էր խորհրդածում (Սաղ. 63։6)։ Իսկ կատարյալ մարդ Հիսուսը խորհրդածելու համար առանձնանում էր ու գնում լեռներ, ամայի տեղեր և մեկուսի այլ վայրեր (Մատթ. 14։23; Ղուկ. 4։42; 5։16

Չի կարելի հերքել այն փաստը, որ լռությունը բարերար ազդեցություն կարող է թողնել։ Լռության մեջ հեշտ է կենտրոնանալ և ինքնաքննություն կատարել՝ բարելավումներ անելու նպատակով։ Ինչ խոսք, դրա համար մեզնից խոնարհություն և համեստություն է պահանջվում։ Լռությունը նպաստում է նաև մտքի խաղաղությանը։ Ավելին, հանգիստ պայմաններում խորհրդածելով՝ մենք ավելի շատ կգնահատենք այն, ինչ կարևոր է մեր կյանքում։

Թեև լռելը կարևոր է, բայց կա նաև «խօսելու ժամանակ» (Ժող. 3։7)։ Այսօր ճշմարիտ քրիստոնյաները «ամբողջ բնակեցված երկրով մեկ» անդադար քարոզում են Աստծու Թագավորության բարի լուրը (Մատթ. 24։14)։ Արդյունքում Եհովայի երկրպագուների թիվն ավելանում է, ու նրանց միջև ուրախ «աղմուկ» է տիրում (Միք. 2։12)։ Ուստի եկեք ամեն ջանք թափենք, որ լինենք այն մարդկանց թվում, ովքեր եռանդորեն հռչակում են Թագավորության բարի լուրը և պատմում Աստծու հիանալի գործերի մասին։ Եվ այսպես՝ եկեք չմոռանանք, որ երբեմն պետք է պարզապես լռել։

[նկար 3–րդ էջի վրա]

Քրիստոնեական հանդիպումների ժամանակ մենք պետք է լսենք ու սովորենք

[նկար 4–րդ էջի վրա]

Երբ ծառայության ժամանակ մեզ վիրավորում են, գերադասելի է լռել

[նկար 5–րդ էջի վրա]

Հանգիստ պայմաններում հեշտ է խորհրդածել