Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

2 Կարդացեք ճիշտ մտայնությամբ

2 Կարդացեք ճիշտ մտայնությամբ

Ի՞նչը կօգնի հասկանալու Աստվածաշունչը

2 Կարդացեք ճիշտ մտայնությամբ

Երբևէ բացասական բաներ լսե՞լ եք մի անձնավորության մասին, որին չեք տեսել։ Թերևս կհամաձայնվեք, որ երբ հանդիպել եք այդ անհատին, ապա արդեն ունեցած կարծիքի պատճառով դժվարացել եք տեսնել նրա դրական հատկությունները։ Նույնը կարելի է ասել Աստվածաշնչի վերաբերյալ։

ՊՈՂՈՍ առաքյալը գրեց, թե ինչ կլինի արդյունքը, եթե ճիշտ մտայնությամբ չկարդանք Աստվածաշունչը։ Իր օրերում ապրող որոշ հրեաների վերաբերյալ նա ասաց. «Վկայում եմ նրանց, որ Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն, բայց ոչ ճշգրիտ գիտության համաձայն» (Հռոմեացիներ 10։2

Առաջին դարի որոշ հրեաներ չէին ընդունում, որ Հիսուսն է Մեսիան, թեև Եբրայերեն Գրություններում հստակ գրված էր այդ ճշմարտության մասին։ Կանխագուշակված մանրամասնությունները մատնացույց էին անում Հիսուս նազովրեցուն։ Այդուհանդերձ, շատ հրեաներ չկարողացան հասկանալ Աստծու Խոսքը, քանի որ կանխակալ կարծիք ունեին։

Ի՞նչ ենք սովորում այս ամենից։ Շատ կարևոր է կարդալ Աստվածաշունչը ճիշտ մտայնությամբ։ Մենք չենք հասկանա Աստծու Խոսքը, եթե կանխակալ կարծիք ունենք կամ այլ կերպ ենք տրամադրված այնտեղ գրված ճշմարտությունների հանդեպ։

Օրինակ՝ Հյուսիսային Կարոլինա նահանգի (ԱՄՆ) կրոնական դասընթացներն անցկացնող պրոֆեսորներից մեկը այն կարծիքին է, թե Աստվածաշնչում «մարդկանց մտքերն են գրված, այն գրել են տարբեր մարդիկ, և նրանցից ոչ մեկը ճիշտ առաջնորդություն չի տալիս, թե ինչպես մենք պետք է ապրենք»։ Եթե անհատը կարդում է Աստվածաշունչը՝ հավատալով, որ գրքում «մարդկանց մտքերն են գրված», ապա նա հակված կլինի անտեսելու առաջնորդությունն ու սկզբունքները, որոնք ներդաշնակ չեն իր տեսակետին։

Երբ կարդում ենք Աստվածաշունչը, հասկանում ենք, որ պետք է ժրաջանորեն ուսումնասիրել այդ գիրքը։ Պողոսի օրերում ապրող բերիացիների առնչությամբ այնտեղ գրված է. «Մեծ հոժարամտությամբ ընդունեցին խոսքը և ամեն օր ուշադիր քննում էին Գրությունները, թե արդյոք այդ բաներն այդպես էին» (Գործեր 17։11)։ Բերիացիների նման՝ մենք էլ պետք է ճիշտ մտայնությամբ ընթերցենք Աստծու Խոսքը՝ առանց կանխակալ կարծիք և քննադատական վերաբերմունք ունենալու։ Ընթերցելիս մեր նպատակը պետք է լինի Հեղինակի մտքերը հասկանալը։