Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը

Ինչո՞ւ է մի կին, որը կորցրել էր կրոնի հանդեպ իր հավատը, այժմ իր ժամանակի մեծ մասը տրամադրում՝ ուրիշներին Աստծու մասին սովորեցնելու համար։ Ի՞նչը օգնեց մի տղամարդու, որը բռնի սպորտաձևի սիրահար էր, դառնալու խաղաղասեր։ Ինչպե՞ս հարբեցող, թմրամոլ և կռվասեր մի տղամարդ ուժ գտավ իր մեջ՝ փոխելու իր ապրելակերպը։ Տեսնենք, թե ինչ են պատմում նրանք։

ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ԱՆՈՒՆԸ՝ ՊԵՆԵԼՈՊԵ ՏՈՊԼԻՉԵՍԿՈՒ

ՏԱՐԻՔԸ՝ 40

ԵՐԿԻՐԸ՝ ԱՎՍՏՐԱԼԻԱ

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐՈՆԻՑ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԿԻՆ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես ծնվել եմ Սիդնեյում (Ավստրալիա), բայց երբ երկու տարեկան էի, մեր ընտանիքը տեղափոխվեց Նոր Գվինեա։ Մոտավորապես երկու տարի ապրեցինք Ռաբաուլում, այնուհետև ութ տարի՝ Բուգենվիլում։ Այդ ժամանակ Նոր Գվինեայում հեռուստացույց չկար, ուստի ես ու եղբայրս մեր մանկությունը անցկացրել ենք դրսում. սիրում էինք գնալ լողալու, բնության գրկում հանգստանալու։

Երբ տասը տարեկան էի, սկսեցի հետաքրքրվել կրոնով։ Մայրս կաթոլիկ էր։ Նա առաջարկեց ինձ մեր տարածքի միանձնուհիներից մեկի հետ հաճախել աստվածաշնչային դասընթացների։ Տասը տարեկանում ես նույնպես մկրտվեցի ու դարձա կաթոլիկ։

Երբ վերադարձանք Ավստրալիա, ես արդեն դեռահաս էի։ Ժամանակի ընթացքում սկսեցի կասկածել, թե արդյոք իմ կրոնը ճշմարտությունն է սովորեցնում։ Դպրոցական տարիներին հին աշխարհի պատմություն էի ուսումնասիրում և հորս հետ երկար զրուցում, թե ինչպես է առաջ եկել կրոնը։ Կարծում էինք, թե Աստվածաշնչում գրի առնված պատմությունները լեգենդներ են։ Ի վերջո, թողեցի իմ կրոնը։

Երբ 16 տարեկան էի, ծնողներս բաժանվեցին։ Մորս համար դժվար ժամանակներ սկսվեցին, այդ պատճառով ես տեղափոխվեցի հորս մոտ. նա ապրում էր իր նշանածի հետ։ Եղբայրս մնաց մորս մոտ։ Նրանք տեղափոխվեցին մեկ ուրիշ նահանգ։ Այս ընթացքում շատ մենակ էի ինձ զգում։ Երկու տարի հետո միայն վերականգնեցի իմ հարաբերությունները մորս հետ։ Որոշեցի թողնել դպրոցը և աշխատել։ Երիտասարդ տարիներս վատնեցի՝ ապրելով անբարո կյանքով. տրվեցի խմիչքին, թմրադեղերին և զվարճություններին։

25 տարեկանում սկսեցի նորից մտածել հոգևոր բաների մասին։ Այդ ընթացքում նոր աշխատանք գտա։ Այնտեղ ծանոթացա Լինա անունով մի հիանալի աղջկա հետ։ Նա միշտ բարյացակամ էր իր գործատիրոջ հանդեպ՝ չնայած վերջինիս կոպիտ վերաբերմունքին։ Մի օր երբ հարցրի, թե ինչու նույն ձևով չի պատասխանում իր գործատիրոջը, նա բացատրեց, որ Աստվածաշունչ է ուսումնասիրում Եհովայի վկաների օգնությամբ և փորձում է աստվածաշնչային սկզբունքները կիրառել իր կյանքում։ Լինան առաջարկեց ուսումնասիրել Սուրբ գիրքը։ Ինձ թվաց, թե նա առաջարկում է ընդամենը մեկ ժամում իմանալ այն ամենը, ինչ ինքը գիտի։ Այդ օրը երեք ժամ զրուցեցինք. զարմացել էի, որ յուրաքանչյուր հարցի պատասխան նա տալիս էր Աստվածաշնչից։

Հիշում եմ, որ այդ օրը տուն վերադառնալիս շատ էի բարկացել Աստծու վրա, որ իր մասին ճշմարտությունը ինձ ավելի շուտ չէր հայտնել։ Ես գիտեի, որ Վկաները բարոյապես մաքուր կյանքով են ապրում և կարծում էի, թե արդեն ուշ է, որ հրաժարվեմ իմ վատ սովորություններից։ Բացի այդ, մտածում էի, որ երբեք չեմ կարողանա տնից տուն գնալ և քարոզել։ Ամեն դեպքում որոշեցի շարունակել ուսումնասիրությունս՝ Վկաների ուսմունքների մեջ որևէ սխալ բան գտնելու նպատակով։ Այդպես հանգիստ խղճով կխզեի իմ կապերը նրանց հետ։ Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ ոչ մի սխալ չեմ կարող գտնել։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Որքան շատ բան էի սովորում Աստվածաշնչի բարոյական չափանիշների մասին, այնքան խիղճս ավելի էր տանջում ինձ։ Այդ պատճառով դադարեցի թմրադեղեր օգտագործելուց։ Սակայն երբ տեղափոխվեցի մեկ ուրիշ երկիր, նորից տրվեցի խմիչքին ու զվարճություններին։ Հաճախ որոշում էի, որ ապրելու եմ Աստվածաշնչի սկզբունքների համաձայն, բայց որոշ ժամանակ հետո զգում էի, որ էլ ուժ չունեմ, և կրկին վերադառնում էի իմ հին սովորություններին։ Ամաչելով աղոթում էի Եհովային, բայց մեղավորության զգացումը շարունակում էր տանջել ինձ։

Այն, թե ինչպես է Եհովան վերաբերվել Դավիթ թագավորին, երբ վերջինս շնություն էր գործել Բերսաբեի հետ, շատ մխիթարական էր ինձ համար։ Դավիթը, առանց իր արարքը արդարացնելու, խոնարհաբար ընդունեց իր սխալը (Բ Թագաւորաց 12։1–13)։ Ուստի ամեն անգամ, երբ ջանքերս ձախողվում էին, մտածում էի այդ պատմության շուրջ ու ինձ համար ավելի հեշտ էր լինում ասել Եհովային, որ զղջում եմ։ Որոշեցի աղոթել ոչ թե փորձության մեջ ընկնելուց հետո, այլ նախքան փորձությունը, և մեծ տարբերություն զգացի։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Ես վատ բնավորություն եմ ունեցել։ Եփեսացիներ 4։29–31 համարները օգնեցին ինձ ձերբազատվելու «դառնությունից, բարկությունից և զայրույթից»։ Սովորեցի ինքնատիրապետում զարգացնել, ինչպես նաև հսկել լեզուս։ Դեռ ավելին, Հիսուսի տված խորհրդի շնորհիվ, այն է՝ «ձեր «այո»–ն այո լինի», դարձա ավելի վճռական անձնավորություն (Մատթեոս 5։37

Մայրս, որը սկզբում հակառակվում էր Եհովայի վկաներին, հետագայում ասաց, որ հպարտանում է ինձնով։ Մի անգամ նա նույնիսկ ասաց. «Ես գիտեմ, որ դու այսպիսի անձնավորություն դարձել ես ոչ թե քո ստացած դաստիարակության, այլ Եհովայի մասին գիտելիքներ ձեռք բերելու շնորհիվ»։ Այդ խոսքերն ինձ անչափ ուրախացրին։

Այժմ ապրում եմ իմաստալից կյանքով։ Վերջին ինը տարիների ընթացքում ես ու ամուսինս ծառայում ենք որպես լիաժամ քարոզիչներ և սովորեցնում ենք մարդկանց Աստվածաշնչի մասին։ Պատկերացնո՞ւմ եք՝ ես գնում եմ տնից տուն քարոզելու։ Իմ կարծիքով՝ դա ամենավարձահատույց գործն է աշխարհում։

ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ԱՆՈՒՆԸ՝ ԴԵՆԻՍ ԲՈՒՍԻԳԻՆ

ՏԱՐԻՔԸ՝ 30

ԵՐԿԻՐԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆ

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՐԱՏԵԻՍՏ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես ծնվել եմ Պերմ քաղաքում։ Մեծացել եմ Ֆուրմանովում, որտեղ բնակչությունը մոտ 40 000 է (Իվանովոյի մարզ, Ռուսաստան)։ Ֆուրմանովը գեղեցիկ քաղաք է՝ լի բազմաթիվ ծառերով, որոնք աշնանը դեղին ու կարմիր են դառնում։ Մեծացել եմ շատ համեստ ընտանիքում։ Ծնողներիս և եղբորս հետ ապրում էինք երկու սենյականոց բնակարանում։ Ասեմ նաև, որ 1980–ականներին և 1990–ականներին քաղաքում հանցագործությունների թիվը բարձր էր։

Յոթ տարեկանում սկսեցի կարատեով զբաղվել։ Ես շատ էի սիրում այդ սպորտաձևը, կյանքս պտտվում էր միայն դրա շուրջ։ Ժամանակիս մեծ մասն անցկացնում էի մարզասրահում։ Ընկերներս նույնպես սպորտսմեններ էին։ 15 տարեկանում կարմիր գոտի ստացա, իսկ մեկ տարի անց՝ շագանակագույն գոտի։ Նաև ընդգրկված էի կարատեի թիմի մեջ, որը մրցում էր Ռուսաստանի և Եվրասիայի առաջնություններում։ Ինձ հրաշալի ապագա էր սպասում, սակայն երբ 17 տարեկան էի, իմ կյանքում շրջադարձային փոփոխություն եղավ։

Ես ու ընկերներս հանցագործություն արեցինք և ձերբակալվեցինք։ Երկու տարով դատապարտվեցի ազատազրկման։ Ինչ խոսք, բանտային կյանքը դժվար էր։ Առաջին անգամ Աստվածաշունչ գիրքը այնտեղ տեսա։ Սկսեցի կարդալ «Ծննդոց», «Սաղմոսներ» գրքերը և Նոր Կտակարանը։ Անգամ անգիր էի սովորել «Հայր մեր»–ը և ամեն գիշեր քնելուց առաջ ասում էի այդ աղոթքը՝ մտածելով, որ դա ինչ–որ ձևով կօգնի ինձ։

2000 թ.–ին դուրս եկա բանտից։ Կյանքս դատարկ էր ու անիմաստ։ Սկսեցի թմրանյութեր օգտագործել։ Այս ընթացքում մայրս մահացավ։ Նա ինձ համար ամենաթանկ անձնավորությունն էր, ես շատ ծանր տարա նրա կորուստը։ Մի օր, սակայն, որոշեցի թողնել թմրանյութերը և նորից սպորտով զբաղվել։ Տեղափոխվեցի Իվանովո քաղաք։ Այնտեղ նպարեղենի խանութում գործի անցա։ Գործատիրոջ օգնականը Եհովայի վկա էր։ Մի անգամ նա աստվածաշնչային ճշմարտությունների մասին խոսեց ինձ հետ, այնուհետև հոգ տարավ, որ մեկ ուրիշ Վկայի օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրեմ։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ ես իմացա, թե ինչ նպատակ ունի Եհովան երկրի առնչությամբ։ Իմ մեջ սուրբգրային չափանիշներին ներդաշնակ ապրելու ցանկություն առաջացավ։ Շատ էի ուզում վայելել դրախտային կյանքը։ Միշտ մտածել եմ միայն իմ մասին։ Սակայն հասկացա, որ պետք է մտածեմ նաև ուրիշների մասին ու զարգացնեմ լավ հատկություններ՝ բարություն, սեր, խաղաղություն։

Երբ սկսեցի մտածել այն ամենի մասին, թե ինչ է Եհովան արել է ինձ համար, օրինակ՝ իր Որդուն է զոհաբերել իմ մեղքերի համար, մղվեցի փոփոխություններ անելու իմ կյանքում։ Սաղմոս 11։5 (ԱԱ) համարից իմացա, որ Եհովան ատում է բռնությունը։ Ուստի դադարեցի հեռուստացույցով այնպիսի ծրագրեր դիտելուց, որոնք բռնություն և ատելություն են ցուցադրում։ Մեծ դժվարությամբ թողեցի նաև կարատեն։ 1 Կորնթացիներ 15։33 համարը օգնեց ինձ հասկանալու, որ ընկերները մեծ ազդեցություն են թողնում մարդու վրա։ Հենց այն, որ ես հայտնվել էի բանտում, հաստատում էր այդ համարի ճշմարտացիությունը։ Այդ պատճառով էլ որոշեցի ընկերություն չանել նրանց հետ, ում կյանքը կենտրոնացած է բռնի սպորտաձևերի վրա։

ԻՆՉ ՕԳՈՒՏՆԵՐ ԵՄ ՍՏԱՑԵԼ։ Եհովայի վկաների և Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ դարձա ազնիվ անձնավորություն։ Օրինակ՝ Եբրայեցիներ 13։5–ից սովորեցի, որ պետք է բավարարվել ունեցածով և պայքարել փողասիրության հակումի դեմ։ Այս սկզբունքը օգնեց ինձ, որ չստեմ ու գողություն չանեմ։

Ես միշտ թանկ եմ համարել ընկերներիս։ Սակայն շատ եմ տեսել, թե ինչպես են նրանք փոխվում ագահության կամ մարդավախության պատճառով։ Ճիշտ է, Եհովայի վկաները կատարյալ չեն, բայց նրանք հարգում են Աստծու չափանիշները և ջանում են կիրառել այդ սկզբունքները մարդկանց հետ շփվելիս։ Այսօր ես Եհովայի վկա շատ ընկերներ ունեմ։

Պատկերացնում եմ, թե ինչպիսին կլիներ կյանքս, եթե չիմանայի Աստվածաշնչի ճշմարտությունը։ Հավանաբար նորից բանտում կհայտնվեի կամ էլ շատերին ցավ ու տառապանք կպատճառեի։ Այժմ ես երջանիկ եմ, ունեմ հիանալի կին և երկու տղա։ Մենք սիրով օգնում ենք մարդկանց իմանալու ճշմարտությունն Աստծու մասին։

ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ԱՆՈՒՆԸ՝ ԽՈՍԵ ԿԱՌԼՈՍ

ՏԱՐԻՔԸ՝ 31

ԵՐԿԻՐԸ՝ ԲՐԱԶԻԼԻԱ

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՌՎԱՐԱՐ

ԻՄ ԱՆՑՅԱԼԸ։ Ես մեծացել եմ Սան Պաուլուի Ամերիկանա թաղամասում, որը շատ կեղտոտ և խարխլված էր։ Մենք չունեինք մաքուր ջուր և սանիտարական պայմաններ։ Մեր թաղամասը հայտնի էր բռնությամբ և հանցագործությամբ։

Ես նույնպես բռնի և ագրեսիվ եմ եղել։ Միշտ ներքաշվել եմ փողոցային կռիվների մեջ։ Հարևանությամբ ապրողները վախենում էին ինձնից։ Արտաքին տեսքս և մարդկանց հանդեպ վերաբերմունքս այնպիսի տպավորություն էին թողնում, որ ես շատ վտանգավոր մարդ եմ։ Բացի այդ, ալկոհոլ էի օգտագործում, երբեմն այնքան շատ էի խմում, որ գիտակցությունս կորցնում էի։ Եղբայրներիս նման՝ ես էլ էի թմրանյութեր օգտագործում։ Ցավոք, եղբայրներիցս մեկը թմրանյութի բարձր դոզայից մահացավ։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Երբ հանդիպեցի Եհովայի վկաներին, նրանք Աստվածաշնչից ցույց տվեցին, որ երկիրը շուտով դրախտ է դառնալու (Ղուկաս 23։42, 43; Հայտնություն 21։3, 4)։ Նաև իմացա, որ մահացածները անգիտակից վիճակում են, և որ Աստված չի պատժում վատ մարդկանց կրակե դժոխքում (Ժողովող 9։5, 6)։ Այս ամենը իմանալով՝ մեծ թեթևացում ապրեցի։ Այն, ինչ սովորեցի Աստծու մասին, մղեց ինձ փոփոխություններ մտցնելու իմ կյանքում։ Սակայն պետք է ասեմ, որ հեշտ չէր հրաժարվել թմրանյութերից, խմիչքից, կռվելուց, հայհոյելուց։

Ինձ շատ քաջալերեցին Պողոս առաքյալի խոսքերը՝ արձանագրված 1 Կորնթացիներ 6։9–11-ում։ Այս համարները ցույց են տալիս, որ առաջին դարի որոշ քրիստոնյաներ մի ժամանակ ինձ նման վատ սովորություններ են ունեցել։ Սակայն համարում գրված է. «Մինչդեռ ձեզանից ոմանք հենց այդպիսին էին։ Բայց դուք լվացվեցիք, բայց դուք սրբացվեցիք, բայց դուք արդար հայտարարվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու ոգով»։ Հասկացա, որ կարող եմ անհրաժեշտ փոփոխություններն անել՝ Աստծուն հաճեցնելու համար։

Երբ սկսեցի ընկերակցել Եհովայի վկաների հետ, համոզվեցի, որ նրանք են ճշմարիտ քրիստոնյաները։ Նրանք գիտեին իմ անցյալը, բայց ջերմորեն ընդունեցին ինձ։

ԻՆՉՊԵՍ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՓՈԽԵՑ ԻՄ ԿՅԱՆՔԸ։ Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ ես չմահացա։ Դեռ ավելին, օգնեցի նաև եղբայրներիցս մեկին ընդունելու աստվածաշնչյան ճշմարտությունը և թողնելու թմրանյութերը։ Մյուս բարեկամներիս էլ քաջալերեցի Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Անչափ երախտապարտ եմ, որ կյանքս նվիրել եմ Աստծուն, որը հոգ է տանում իմ մասին։

[Մեջբերում 24–րդ էջի վրա]

«Որոշեցի աղոթել ոչ թե փորձության մեջ ընկնելուց հետո, այլ նախքան փորձությունը, և մեծ տարբերություն զգացի»