Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ճշմարիտ կրոնը սովորեցնում է ապրել բարոյական բարձր չափանիշներով

Ճշմարիտ կրոնը սովորեցնում է ապրել բարոյական բարձր չափանիշներով

ՃՇՄԱՐԻՏ կրոնը սովորեցնում է, թե ինչպիսի մտածելակերպ և վարք պետք է ունենալ։ Այն օգնում է մեզ ամեն ջանք թափել անելու այն, ինչ ճիշտ է, որպեսզի լավ անձնավորություն դառնանք։ Իսկ ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ ճշմարիտ կրոնը այդպիսի բաներ է սովորեցնում։

Ուշադրություն դարձնենք, թե ինչ գրեց Պողոսը Կորնթոսում ապրող (Հունաստան) առաջին դարի քրիստոնյաներին։ Այդ հին քաղաքի բնակիչները անբարո ապրելակերպ ունեին։ Ուստի առաքյալը գրեց. «Ոչ պոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները, ոչ իգացողները, ոչ արուագէտները, ոչ գողերը, ոչ ագահները, ոչ արբեցողները, ոչ նախատողները, եւ ոչ յափշտակողները Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ»։ Այնուհետև Պողոսը ավելացրեց. «Եւ մի քանիներդ այսպէսներ էիք, բայց լուացուեցաք՝ բայց սրբուեցաք՝ բայց արդարացաք Տէր Յիսուսի անունովը եւ մեր Աստուծոյ Հոգովը» (1 Կորնթացիներ 6։9–11, ԱԹ)։ Այո՛, ճիշտ կրոնի շնորհիվ նախկինում անբարո վարք ունեցող մարդիկ մաքրվել էին ու դարձել էին Աստծու ծառաներ։

Սակայն Աստվածաշունչը նախազգուշացնում է. «Կգա ժամանակ, երբ մարդիկ ականջ չեն դնի առողջ վարդապետությանը, այլ իրենց սեփական ցանկություններին համապատասխանող և իրենց հաճոյացնող բաների մասին խոսող ուսուցիչներ կփնտրեն» (2 Տիմոթեոս 4։3, ԱՆԹ)։

Ի՞նչ է սովորեցնում այն կրոնը, որին ծանոթ ես։ Արդյոք այդ կրոնի անդամները ապրո՞ւմ են բարձր բարոյական չափանիշներով, թե՞ ոտնահարում են Աստծու Խոսքը՝ սովորեցնելով մարդկանց միայն նրանց «հաճոյացնող բաներ»։

Որպեսզի իմանաս, թե այս կամ այն կրոնը «լավ պտուղ» տալիս է, թե ոչ, պատասխանիր ներքոհիշյալ հարցերին։

ԹԵՄԱ։ Ամուսնություն։

ԻՆՉ է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Բոլորդ էլ պահեցե՛ք ամուսնությունը և սո՛ւրբ պահեցեք ամուսնական կապը, որովհետև Աստված դատապարտում է շնացողներին և պոռնկություն անողներին» (Եբրայեցիներ 13։4, ԱՆԹ)։

ՀԱՐՑ։ Այդ կրոնը իր անդամներից պահանջո՞ւմ է, որ միասին ապրող տղամարդն ու կինը օրինականորեն գրանցված լինեն։

ԹԵՄԱ։ Ամուսնալուծություն։

ԻՆՉ է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ Երբ Հիսուսին հարցրին, թե արդյոք հիմնավոր պատճառ կա ամուսնալուծվելու համար, նա պատասխանեց. «Ով իր կնոջն արձակում է, եւ դա պոռնկութեան պատճառով չէ, եւ ուրիշին է առնում, շնանում է» (Մատթեոս 19։9, էԹ)։

ՀԱՐՑ։ Արդյոք այդ կրոնը հարգո՞ւմ է Հիսուսին և թույլ տալի՞ս է ամուսնալուծվել միայն անբարոյության դեպքում և վերամուսնանալ։

ԹԵՄԱ։ Բարոյական չափանիշներ։

ԻՆՉ է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Փախէք պոռնկութիւնիցը. ամեն մեղք որ մարդ գործէ, իր մարմնիցը դուրս է. բայց պոռնըկութիւն անողն, իր մարմնի մէջ է մեղանչում» (1 Կորնթացիներ 6։18, ԱԹ)։

«Էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով։ Նոյնպէս եւ արուները, թողնելով էգի հանդէպ բնական կարիքները, իրենց ցանկութիւններով բորբոքուեցին միմեանց հանդէպ. արուները արուների հետ խայտառակութիւն էին գործում եւ փոխարէնը իրենք իրենց անձերի մէջ ընդունում էին իրենց մոլորութեան հատուցումը» (Հռոմեացիներ 1։26, 27, էԹ)։

ՀԱՐՑ։ Արդյոք այդ կրոնը սովորեցնո՞ւմ է, որ թե՛ չամուսնացած տղամարդու և կնոջ միջև, թե՛ միևնույն սեռի պատկանող անհատների միջև սեռական հարաբերությունը մեղք է։

ԹԵՄԱ։ Այդ կրոնի անդամները համարձակորեն պաշտպանում են Աստվածաշնչի չափանիշները։

ԻՆՉ է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։ «Չ’խառնուիլ, որ եթէ մէկը, որ եղբայր է անուանուած, լինի պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ յափշտակող, այնպիսիին հետ հաց էլ չ’ուտել» (1 Կորնթացիներ 5։11, ԱԹ)։ Իսկ ի՞նչ է պատահում նրանց, ովքեր պնդում են, թե քրիստոնյա են, սակայն չզղջացող մեղավորներ են։ «Վերացրէ՛ք չարը ձեր միջից» (1 Կորնթացիներ 5։13, էԹ)։

ՀԱՐՑ։ Այդ կրոնը հեռացնո՞ւմ է իր շարքերից այն անհատներին, ովքեր չեն զղջում և շարունակում են ոտնահարել Աստվածաշնչի չափանիշները։

Ո՞ր կրոնն է հետևում Աստվածաշնչի բարձր բարոյական չափանիշներին