Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նա մնաց նվիրված

Նա մնաց նվիրված

Ընդօրինակեք նրանց հավատը

Նա մնաց նվիրված

ՊԵՏՐՈՍԸ անհանգիստ էր։ Նա ուշադիր նայում էր Կափառնայումի ժողովարանում հավաքված մարդկանց, որոնք եկել էին Հիսուսին լսելու։ Կափառնայումը իր հարազատ քաղաքն էր. այստեղ էին ապրում իր ընկերները, հարազատները և այստեղ՝ Գալիլեայի ծովի ափին էր իր գործընկերների հետ ձուկ բռնում։ Անկասկած, Պետրոսը ցանկանում էր, որ այս մարդիկ Հիսուսին լսեն այնպիսի ոգևորությամբ, ինչպես ինքը լսեց, երբ առաջին անգամ տեսավ Մեծ ուսուցչին ու նրանից իմացավ Աստծու Թագավորության մասին։ Բայց Պետրոսը կանխազգում էր, որ նման բան չի լինի։

Շատերը չշարունակեցին լսել Հիսուսին։ Ոմանք բարձրաձայն փնթփնթացին՝ հակառակվելով նրա ասածներին։ Սակայն Հիսուսի աշակերտներից ոմանց արձագանքը ավելի շատ անհանգստացրեց Պետրոսին։ Նրանց դեմքին չկար այն ուրախությունն ու ոգևորությունը, որ սովորաբար լինում է, երբ մարդը մի նոր ճշմարտություն է բացահայտում։ Այդ աշակերտները տխուր էին, նույնիսկ դառնացած։ Ոմանք անգամ ասացին, թե Հիսուսի խոսքերը ցնցող են։ Ուստի չցանկացան այլևս լսել նրան, հեռացան ժողովարանից ու դադարեցին Հիսուսին հետևելուց։

Պետրոսը և մյուս առաքյալները դժվար կացության մեջ էին հայտնվել։ Ճիշտ է, թեև Պետրոսը լիովին չէր հասկանում Հիսուսի ասածների իմաստը, սակայն գիտակցում էր, որ եթե դրանք բառացի ընկալի, ապա գուցե վիրավորվի։ Անշուշտ, սա ո՛չ առաջին և ո՛չ վերջին անգամն էր, որ Տիրոջ հանդեպ իր նվիրվածությունը փորձվում էր։ Ի՞նչ դիրք էր բռնելու Պետրոսը։ Եկեք տեսնենք, թե ինչպես նրա հավատն օգնեց հաղթահարելու հերթական փորձությունը և պահելու իր նվիրվածությունը։

Նվիրված մնաց, թեև մյուսները երես դարձրին

Հիսուսի խոսքերը հաճախ էին զարմացնում Պետրոսին։ Այս անգամ իր Տերը նորից ասաց և արեց բաներ, որոնք անակնկալի բերեցին մարդկանց։ Մի օր առաջ նա հրաշքով կերակրել էր հազարավոր մարդկանց, որից հետո վերջիններս փորձել էին նրան թագավոր դարձնել։ Սակայն ի զարմանս բոլորի՝ նա պատվիրել իր աշակերտներին նավ նստել և գնալ Կափառնայում, իսկ ինքը հեռացել էր։ Գիշերը, երբ աշակերտները դեռ տեղ չէին հասել, Հիսուսը, Գալիլեայի փոթորկոտ ծովի վրայով քայլելով, հասել էր նրանց։ Աշակերտները ապշահար էին եղել։ Այդ դեպքից Պետրոսը հավատի կարևոր դաս էր սովորել *։

Առավոտյան աշակերտները տեսան, որ այդ նույն բազմությունը հետևել է իրենց և եկել է ծովի մյուս կողմը։ Սակայն, ակներևաբար, այդ մարդիկ չէին եկել իրենց հոգևոր քաղցը բավարարելու համար։ Նրանք ցանկանում էին, որ Հիսուսը նորից հրաշքով կերակրի իրենց։ Այդ պատճառով Աստծու Որդին հանդիմանեց այդ մարդկանց, քանի որ կենտրոնացել էին նյութական բաների վրա։ Հիսուսը շարունակեց նրանց սովորեցնել Կափառնայումի ժողովարանում։ Այս անգամ էլ, սակայն, Մեծ ուսուցիչը չարդարացրեց հավաքվածների սպասելիքները։ Նա փորձում էր հայտնել այդ մարդկանց շատ կարևոր, բայցև դժվարըմբռնելի ճշմարտություն։

Հիսուսը ցանկանում էր, որ մարդիկ իր մեջ տեսնեն ոչ թե մեկին, ով կարող է բավարարել իրենց ֆիզիկական կարիքները, այլ հասկանային, որ ինքն Աստծու կողմից տրված հոգևոր հացն է, ում կյանքն ու մահը մարդկության առջև հավիտենական ապագա ունենալու դուռ կբացի։ Ուստի Հիսուսն իրեն համեմատեց մանանայի հետ, այն հացի, որ Մովսեսի ժամանակ Աստված տվեց երկնքից։ Ոմանց դուր չեկան այդ խոսքերը, սակայն նա շարունակեց իր բերած պատկերավոր օրինակը՝ ասելով, որ կյանք ստանալու համար պետք է ուտեն իր մարմինը ու խմեն իր արյունը։ Հակառակությունն ավելի ուժեղացավ։ Ոմանք ասացին. «Այս խոսքերը ցնցող են, ո՞վ կարող է դրանք լսել»։ Հիսուսի աշակերտներից շատերն էլ որոշեցին այլևս չհետևել նրան * (Հովհաննես 6։48–60, 66

Հավանաբար Հիսուսի խոսքերը շփոթեցրել էին նաև Պետրոսին։ Նա դեռ չէր հասկանում, թե Աստծու կամքը կատարելու համար ինչու պետք է Հիսուսը մեռնի։ Կհետևե՞ր նա այն աշակերտներին, ովքեր երես դարձրին Հիսուսից։ Ո՛չ, Պետրոսը չհեռացավ։ Մի կարևոր բան հետ էր պահում նրան այդ քայլից...

Հիսուսը նայեց իր առաքյալներին ու հարցրեց. «Մի՞թե դուք էլ եք ուզում գնալ» (Հովհաննես 6։67)։ Այդ հարցը նա ուղղեց 12–ին, սակայն, ինչպես որ հաճախ էր լինում, խոսեց Պետրոսը։ Հավանաբար նա տարիքով բոլորից մեծ էր և շատ էր սիրում արտահայտել իր մտքերը։ Հազվադեպ էր պատահում, որ լռում էր ու չէր հայտնում իր կարծիքը։ Այս անգամ նրա սրտում հետևյալ գեղեցիկ ու հիշարժան խոսքերն էին. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք։ Դո՛ւ ունես հավիտենական կյանքի խոսքերը» (Հովհաննես 6։68

Որքա՜ն ազդեցիկ են այս խոսքերը։ Հիսուսի հանդեպ ունեցած հավատը օգնել էր նրան իր մեջ զարգացնելու մի անզուգական հատկություն՝ նվիրվածություն։ Նա գիտակցում էր, որ Հիսուսից բացի, չկա ուրիշ Փրկիչ. նա էր, որ փրկության հույս էր տալիս՝ Աստծու Թագավորության մասին սովորեցնելով։ Ու թեև ուսուցչի խոսքերը երբեմն շփոթեցնում էին Պետրոսին, սակայն նա գիտակցում էր, որ չի կարող շահել Աստծու հավանությունը և ունենալ հավիտենական կյանքի հույսը, եթե ուրիշի մոտ գնա։

Իսկ դու գիտակցո՞ւմ ես դա։ Ցավոք, շատերն են պնդում, թե սիրում են Հիսուսին, սակայն չեն պահում իրենց նվիրվածությունը։ Հիսուսին անկեղծորեն նվիրված մնալու համար անհրաժեշտ է, որ նրա խոսքերին վերաբերվենք այնպես, ինչպես Պետրոսը վերաբերվեց։ Պետք է հասկանանք դրանց իմաստը, ապրենք դրանց համաձայն, նույնիսկ եթե որոշ բաներ էլ զարմացնում են մեզ՝ չարդարացնելով մեր սպասելիքները։ Միայն նվիրված մնալով կարող ենք ունենալ հավիտենական կյանքի հույսը, որ Հիսուսը տալիս է մեզ։

Նվիրված մնաց, երբ հանդիմանվեց

Այդ լարված օրերից կարճ ժամանակ անց Հիսուսը իր առաքյալների ու մի քանի աշակերտների հետ ճանապարհ ընկավ դեպի հյուսիս։ Նրանց առջևում Հերմոն սարն էր։ Ավետյաց երկրի հյուսիսում գտնվող այս լեռան ձյունապատ գագաթը երբեմն պարզ երևում էր նույնիսկ շատ հեռվից՝ Գալիլեա ծովի կապույտ ջրերի մոտից։ Խումբը որքան բարձրանում էր դեպի Փիլիպպոսի Կեսարիա և մոտենում էր գյուղերին, այնքան սարն ավելի բարձր էր երևում *։ Այստեղից կարելի էր տեսնել դեպի հարավ ընկած Ավետյաց երկրի մեծ մասը։ Ու այս հիասքանչ վայրում՝ սարի լանջին, Հիսուսը մի կարևոր հարց ուղղեց իր հետևորդներին։

Նա ասաց. «Ժողովուրդն ի՞նչ է ասում իմ մասին՝ ո՞վ եմ ես»։ Պատկերացրու, թե ինչպես էր Պետրոսը նայում Հիսուսի աչքերին, որոնցում նա նորից տեսնում էր իր Տիրոջ բարությունն ու անսահման իմաստությունը։ Հիսուսն ուզում էր իմանալ, թե իր մասին ինչ կարծիք էին կազմել մարդիկ՝ տեսնելով իր արածները ու լսելով իր խոսքերը։ Աշակերտները պատասխանեցին նրան՝ թվարկելով այն կարծիքները, որոնք տարածված էին ժողովրդի մեջ։ Բայց Հիսուսը ուզում էր իմանալ նաև, թե ինչ կարծիք ունեն իր ամենամտերիմ հետևորդները, արդյո՞ք նրանք մյուսների նման են մտածում։ Ուստի հարցրեց նրանց. «Իսկ դո՞ւք ինչ եք ասում՝ ո՞վ եմ ես» (Ղուկաս 9։18–22

Պետրոսը կրկին շտապեց պատասխանել։ Նա պարզ ու վստահ ասաց այն, ինչ կար ոչ միայն իր, այլև աշակերտներից շատերի սրտում. «Դու Քրիստո՛սն ես՝ կենդանի Աստծու Որդին»։ Կարո՞ղ ես պատկերացնել Հիսուսի ջերմ ժպիտը, որ փայլեց նրա դեմքին՝ ի նշան հավանության։ Հիսուսը գովեց Պետրոսին ու ասաց, որ ոչ թե մարդը, այլ Եհովա Աստվածն է հայտնում այս կարևոր ճշմարտությունը անկեղծ հավատ ունեցողներին։ Պետրոսը կարողացել էր հասկանալ բացահայտված ճշմարտություններից մեծագույնը. նա գիտեր, թե ով է երկար սպասված Մեսիան՝ Քրիստոսը (Մատթեոս 16։16, 17

Հիսուսը շարունակեց իր խոսքը՝ բացատրելով վաղուց ասված մի մարգարեություն, համաձայն որի՝ Քրիստոսը կոչվում է քար, որին շինողները անարգեցին (Սաղմոս 118։22; Ղուկաս 20։17)։ Նա ասաց, որ Եհովան մի ժողով կհիմնի այդ քարի, կամ՝ ժայռի վրա. հենց նրան էր, որ քիչ առաջ Պետրոսն անվանել էր Աստծու Որդի *։ Այնուհետև Հիսուսը շատ կարևոր առանձնաշնորհում տվեց նրան։ Սակայն դա չէր նշանակում, որ Պետրոսը, ինչպես մտածում են ոմանք, մյուս առաքյալների համեմատ՝ որոշ առավելություններ էր ունենալու։ Նա պարզապես որոշ պատասխանատվություններ պետք է կրեր ժողովում։ Հիսուսը նրան տվեց «երկնքի թագավորության բանալիները» (Մատթեոս 16։19)։ Դա նշանակում էր, որ Պետրոսը պետք է Աստծու Թագավորություն մտնելու հույսը հաղորդեր մարդկանց երեք խմբերի՝ հրեաներին, սամարացիներին և ոչ հրեաներին։

Այդուհանդերձ, ավելի ուշ Հիսուսն ասաց, որ ում շատ է վստահվում, նրանից շատ էլ պահանջվում է (Ղուկաս 12։48)։ Հիսուսը շարունակեց բացատրել Մեսիայի մասին կարևոր ճշմարտություններ։ Նա ասաց, որ ինքը Երուսաղեմում պետք է չարչարանքներ կրի ու սպանվի։ Այդ խոսքերն անհանգստացրին Պետրոսին։ Նա Հիսուսին մի կողմ տարավ ու ասաց. «Բարի՛ եղիր քո հանդեպ, Տե՛ր, այդ բանը քեզ հետ չի՛ պատահի» (Մատթեոս 16։21, 22

Ինչ խոսք, Պետրոսը լավ մղումներով ասաց այս խոսքերը, սակայն ուսուցչի արձագանքը անակնկալի բերեց նրան։ Հիսուսը շրջվեց, նայեց մյուսներին, որոնք հավանաբար նույն բանն էին մտածում, և ասաց. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛։ Դու գայթակղության քա՛ր ես ինձ համար, որովհետև դու ոչ թե Աստծու մտքերն ես խորհում, այլ մարդկանց» (Մատթեոս 16։23; Մարկոս 8։32, 33)։ Նրա խոսքերից բոլորս մի կարևոր բան ենք հասկանում. շատ հեշտ է հարցերին նայել մարդկանց տեսանկյունից։ Ուստի եթե զգույշ չլինենք, ապա գուցե մենք էլ, ունենալով լավ նպատակներ, թերևս դառնանք Սատանայի՛ կողմնակից և ոչ թե Աստծու։

Ինչպե՞ս արձագանքեց Պետրոսը։ Նա հասկանում էր, որ Հիսուսը իրեն չէր կոչում Բանսարկու Սատանա։ Ի վերջո Հիսուսը Սատանային ասաց՝ հեռացի՛ր, իսկ Պետրոսին ասած խոսքերը, եթե բառացի թարգմանվեն բնագրից, հնչում են այսպես՝ հետևս անցիր (Մատթեոս 4։10)։ Հիսուսը չէր ուզում ասել, որ այլևս չի շփվի Պետրոսի հետ, նրա, ում մեջ շատ լավ հատկություններ էր տեսել։ Նրա խոսքերը ցույց էին տալիս, որ Պետրոսը պետք է ոչ թե իր Տիրոջը դեմ կանգներ՝ դառնալով գայթակղության քար, այլ հետևն անցներ՝ աջակցեր նրան որպես հետևորդ։

Արդյոք Պետրոսը բարկացա՞վ, սկսեց վիճե՞լ նրա հետ, կամ հեռացա՞վ։ Ո՛չ։ Նա խոնարհությամբ ընդունեց հանդիմանությունը և այդպիսով կրկին ցույց տվեց, որ նվիրված է իր ուսուցչին։ Ինչ խոսք, բոլոր նրանք, ովքեր հետևում են Աստծու Որդուն, երբեմն խրատ ու հանդիմանություն են ստանում։ Սակայն միայն այն դեպքում նրանք կկարողանան շարունակ մոտենալ Հիսուս Քրիստոսին և նրա Հորը՝ Եհովա Աստծուն, եթե խոնարհությամբ ընդունեն և դաս քաղեն դրանցից (Առակաց 4։13

Նրա նվիրվածությունը վարձատրվեց

Շուտով Հիսուսի խոսքերը կրկին ապշեցրին իր հետևորդներին։ Նա ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այստեղ կանգնածների մեջ կան ոմանք, ովքեր մահ չեն ճաշակի, մինչև որ նախ չտեսնեն մարդու Որդուն իր թագավորությամբ գալիս» (Մատթեոս 16։28)։ Անկասկած, այս խոսքերը շարժեցին Պետրոսի հետաքրքրությունը։ Ի՞նչ էին դրանք նշանակում։ Գուցե Պետրոսը մտածում էր, որ այն խիստ հանդիմանությունից հետո, որ նա ստացավ քիչ առաջ, իրեն չի տրվի այս առանձնաշնորհումը։

Սակայն մոտ մի շաբաթ անց Հիսուսը Հակոբոսի, Հովհաննեսի ու Պետրոսի հետ բարձրացավ մի լեռ։ Այդ լեռը ակներևաբար Հերմոն սարն էր, որը գտնվում էր ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Հավանաբար գիշեր էր, քանի որ առաքյալների քունը տանում էր։ Բայց շատ չանցած՝ նրանց քունը փախավ։ Բանն այն է, որ մինչ Հիսուսը աղոթում էր, մի զարմանալի բան տեղի ունեցավ (Մատթեոս 17։1; Ղուկաս 9։28, 29, 32

Նրանց աչքի առաջ Հիսուսը սկսեց այլակերպվել։ Նրա դեմքը սկսեց լուսավորվել ու արևի պես փայլել, իսկ շորերը սպիտակափայլ դարձան։ Հետո երևացին երկու մարդիկ, որոնք Հիսուսի մոտ էին կանգնել. մեկը Մովսեսն էր, իսկ մյուսը՝ Եղիան։ Նրանք սկսեցին խոսել «նրա հեռանալու մասին, որը պետք է կատարվեր Երուսաղեմում». ակներևաբար նրանք խոսում էին Հիսուսի մահվան ու հարության մասին։ Պարզ էր, որ Պետրոսը սխալվում էր, երբ մտածում էր, որ նման բան չի պատահի Հիսուսին (Ղուկաս 9։30, 31

Պետրոսի մտքով անցավ, որ ինչ–որ բանով պետք է մասնակցի այս զարմանահրաշ տեսիլքին։ Երբ Մովսեսն ու Եղիան հեռանում էին Հիսուսից, նա ասաց. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ մնանք, և թույլ տուր երեք վրան կանգնեցնենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մյուսն էլ՝ Եղիայի»։ Դե իհարկե, Եհովայի այս երկու ծառաներին, որոնք մահացել էին շատ վաղուց, նա տեսիլքով էր տեսնում, և նրանք, բնականաբար, վրանի կարիք չունեին։ Պետրոսը չէր հասկանում, թե ինչ է ասում։ Բայցևայնպես, մի՞թե չես հիանում այս սրտաբաց մարդու խանդավառությամբ (Ղուկաս 9։33

Այդ գիշեր երեք առաքյալները մեկ այլ առանձնաշնորհում էլ ունեցան։ Մի ամպ հայտնվեց ու ծածկեց նրանց։ Ամպի միջից մի ձայն լսվեց. Եհովայի ձայնն էր։ Նա ասաց. «Սա՛ է իմ Որդին, որին ես ընտրել եմ։ Նրա՛ն լսեք»։ Հետո տեսիլքը վերացավ ու նրանք լեռան վրա Հիսուսի հետ մենակ մնացին (Ղուկաս 9։34–36

Այս տեսիլքը, իրոք որ, պարգև էր Պետրոսի համար։ Մի քանի տասնամյակ անց առաքյալը գրեց, որ պատիվ է ունեցել լինելու «նրա մեծափառության ականատեսը»։ Նա տեսել էր երկնային թագավոր Հիսուսին՝ փառքով պարուրված։ Այլակերպության տեսիլքը հաստատեց, որ Աստծու Խոսքի մարգարեությունները անպայման կկատարվեն։ Այն ամրացրեց Պետրոսի հավատը, որպեսզի նա պատրաստ լինի հաղթահարելու այն բոլոր փորձությունները, որ դեռ ունենալու էր (2 Պետրոս 1։16–19)։ Այս տեսիլքը պարգև է նաև մեզ համար։ Այն կարող է ամրացնել մեր հավատը, եթե Պետրոսի նման նվիրված մնանք Տիրոջը, ում Եհովան նշանակել է առաջնորդ։ Մենք էլ պետք է սովորենք Հիսուսից, ընդունենք նրա խրատն ու հանդիմանությունը և ամեն օր խոնարհությամբ հետևենք նրան։

[Ծանոթագրություններ]

^ պարբ. 7 Տե՛ս «Ընդօրինակեք նրանց հավատը. պայքար վախի և կասկածների դեմ» հոդվածը «Դիտարանի» 2009 թ. հոկտեմբերի 1–ի համարում։

^ պարբ. 9 Հիսուսի հանդեպ այս մարդկանց վերաբերմունքը լիովին փոխվել էր. ընդամենը մեկ օր առաջ էին նրանք Հիսուսին կոչել Աստծու մարգարե։ Սա ցույց է տալիս, թե որքան անհաստատ էին նրանք (Հովհաննես 6։14

^ պարբ. 15 Գալիլեայի ծովափից նրանք քայլեցին մոտ 48 կմ, և ծովի մակարդակից մոտ 210 մետր բարձրությունից հասան մինչև մոտ 350 մետր բարձրության վրա գտնվող գյուղեր, որտեղից բնության գեղեցիկ տեսարան էր բացվում նրանց առաջ։

^ պարբ. 18 Տե՛ս  «Ո՞վ է ժայռը» շրջանակը, էջ 28։

[Շրջանակ/​Նկար 28–րդ էջի վրա]

 Ո՞վ է ժայռը

«Ես ասում եմ քեզ. դու Պետրոս ես, և ես այս ժայռի վրա կկառուցեմ իմ ժողովը» (Մատթեոս 16։18)։ Շատերը հաճախ սխալ են հասկանում Հիսուսի այս խոսքերը, որ նա ասաց Պետրոս առաքյալին։ Նրանց կարծիքով՝ Պետրոսն էր լինելու քրիստոնեական ժողովի հիմքը։ Կաթոլիկ եկեղեցին սովորեցնում է, որ այս խոսքերն ասելով՝ Հիսուսը Պետրոսին իրավունք տվեց իշխելու մյուս առաքյալների վրա՝ դարձնելով նրան առաջին պապը։ Այդ պատճառով Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի գմբեթի ներսի կողմում լատիներեն տառերով, որոնք մարդու հասակից ավելի մեծ են, գրված են Հիսուսի վերոհիշյալ խոսքերը։

Բայց մի՞թե Հիսուսն ուզում էր ասել, որ Պետրոսն է այն ժայռը, որի վրա կառուցելու է իր ժողովը։ Ո՛չ։ Քննենք երեք պատճառներ, թե ինչու կարող ենք այդպես մտածել։ Առաջին՝ մնացած առաքյալները ներկա էին այն ժամանակ, երբ Հիսուսն ասաց այդ խոսքերը, և նրանք ուսուցչի խոսքերը այդպես չհասկացան։ Եթե նա իսկապես Պետրոսին մյուսների վրա իշխելու իրավունք տար, ապա ինչո՞ւ պիտի նրանք հետո շարունակ վիճեին, թե ով է իրենցից մեծը (Մարկոս 9։33–35; Ղուկաս 22։24–26)։ Երկրորդ՝ Պողոս առաքյալը ավելի ուշ ցույց տվեց, որ ժայռը ոչ թե Պետրոսն էր, այլ Հիսուս Քրիստոսը (1 Կորնթացիներ 3։11; 10։4)։ Երրորդ՝ տասնամյակներ անց Պետրոսը ցույց տվեց, որ չի մտածում, թե ժայռը ինքն է։ Նա գրեց, որ Հիսուսն է Աստծու կողմից ընտրված այն «հիմքի անկյունաքարը», որի մասին դեռևս մարգարեացվել էր դարեր առաջ (1 Պետրոս 2։4–8

Չնայած այս փաստերին՝ ոմանք շարունակում են պնդել, թե քանի որ Պետրոս անունը նշանակում է ժայռ, ապա ըստ Հիսուսի խոսքերի՝ նա էր ժայռը։ Իրականում, սակայն, Պետրոս անունը հոմանիշ չէ այն ժայռին, որի մասին խոսվում է միևնույն համարում։ Պետրոս անունը նշանակում է ժայռի կտոր, որը հունարենում արական սեռի գոյական է, իսկ Հիսուսի ասած «ժայռ» բառը իգական սեռի գոյական է։ Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է հասկանալ այդ խոսքերը։ Նա Պետրոսին ասում էր. «Դու, որին ես անվանեցի Պետրոս, կամ՝ Ժայռ, հասկացար, թե ով է «ժայռը»՝ Քրիստոսը, որը լինելու է քրիստոնեական ժողովի հիմքը»։ Այո՛, մեծ առանձնաշնորհում էր Պետրոսի համար բացահայտել այս կարևոր ճշմարտությունը։

[Նկար 24–րդ և 25–րդ էջի վրա]

Պետրոսը նվիրված մնաց, նույնիսկ երբ հանդիմանություն ստացավ

[Նկար 26–րդ էջի վրա]

Իր նվիրվածության համար Պետրոսը առանձնաշնորհում ունեցավ տեսնելու այլակերպությունը