Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եհովային նվիրված լինելը մեծ պատիվ է

Եհովային նվիրված լինելը մեծ պատիվ է

Եհովային նվիրված լինելը մեծ պատիվ է

«[Մենք] Եհովային ենք պատկանում» (ՀՌՈՄ. 14։8

1, 2. ա) Ի՞նչ առանձնաշնորհում ունենք մենք։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննարկելու։

ԵՀՈՎԱՆ իսրայելացիներին ասաց. «Դուք ինձ համար սեպհական ժողովուրդ կ’լինիք ամեն ազգերից» (Ելից 19։5)։ Ինչպիսի՜ պատիվ էր դա նրանց համար։ Իսկ այսօր Եհովային պատկանելու առանձնաշնորհում ունեն ճշմարիտ քրիստոնյաները (1 Պետ. 2։9; Հայտն. 7։9, 14, 15)։ Դա նրանց հարատև օրհնություններ է բերում։

2 Ինչ խոսք, Եհովային նվիրված լինելը իր հետ պատասխանատվություն է բերում։ Ուստի ոմանք գուցե այսպիսի հարցեր տան. «Կկարողանա՞մ անել այն, ինչ Եհովան պահանջում է ինձնից։ Իսկ եթե մե՞ղք գործեմ ու կորցնե՞մ Եհովայի բարեհաճությունը։ Եհովային նվիրված լինելը չի՞ սահմանափակի ազատությունս»։ Այս հարցերն արժե պարզաբանել։ Իսկ մինչ այդ, խոսենք հետևյալ հարցի շուրջ. «Ի՞նչ օգուտներ են ստանում Եհովային նվիրված անհատները»։

Եհովային նվիրված լինելը տանում է երջանկության

3. Ի՞նչ օգուտներ ստացավ Ռախաբը՝ որոշելով ծառայել Եհովային։

3 Ի՞նչ օգուտներ է բերում Եհովային նվիրված լինելը։ Քննենք պոռնիկ Ռախաբի օրինակը։ Նա մեծացել էր հին Երիքով քաղաքում, որտեղ բոլորը երկրպագում էին Քանանի աստվածներին։ Ռախաբն, անկասկած, մանկուց մասնակցում էր այդ կեղծ պաշտամունքին։ Այդուհանդերձ, լսելով, թե Եհովան ինչ հաղթանակներ է պարգևել Իսրայելին՝ համոզվել էր, որ նա է ճշմարիտ Աստվածը։ Ուստի իր կյանքը ռիսկի ենթարկելով՝ նա պաշտպանեց Աստծու ծառաներին ու խնդրեց, որ օգնեն իրեն։ Աստվածաշունչն ասում է. «Չէ՞ որ պոռնիկ Ռախաբն էլ գործերով արդար հայտարարվեց, երբ հյուրասիրությամբ ընդունեց պատգամաբերներին և ուրիշ ճանապարհով ուղարկեց նրանց» (Հակ. 2։25)։ Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ օգուտներ ստացավ Ռախաբը՝ միանալով իսրայելացիներին, ովքեր մաքուր երկրպագություն էին մատուցում և ովքեր կրթվում էին Օրենքով, որը սովորեցնում էր սեր ու արդարություն դրսևորել։ Ռախաբն, անկասկած, երջանիկ էր, որ թողել էր իր նախկին ապրելակերպն ու միացել Աստծու ժողովրդին։ Նա ամուսնացավ մի իսրայելացու հետ ու ծնեց Բոոսին, որը դարձավ Աստծու հայտնի ծառաներից մեկը (Յեսու 6։25; Հռութ 2։4–12; Մատթ. 1։5, 6

4. Ի՞նչ օգուտներ ստացավ Հռութը՝ որոշելով ծառայել Եհովային։

4 Ուշադրություն դարձնենք նաև մովաբացի Հռութի օրինակին։ Հնարավոր է՝ դեռ մանկուց նա երկրպագում էր Քամովսին և Մովաբի այլ աստվածներին։ Սակայն ժամանակի ընթացքում ճանաչեց ճշմարիտ Աստծուն՝ Եհովային։ Հետագայում ամուսնացավ մի իսրայելացու հետ, որը պանդուխտ էր Մովաբի երկրում (կարդա՛ Հռութ 1։1–6)։ Ավելի ուշ իր սկեսրոջ՝ Նոեմիի ու նրա մյուս հարսի՝ Որփայի հետ Հռութը բռնեց Բեթլեհեմի ճանապարհը։ Նոեմին պնդում էր, որ հարսները վերադառնան իրենց հայրենի տուն, քանի որ նրանց համար հեշտ չէր լինի բնակություն հաստատել Իսրայելում։ Որփան որոշեց «դառնալ իր ժողովրդին և իր աստվածներին», իսկ Հռութը՝ ոչ։ Նա հավատ դրսևորեց և հստակ ցույց տվեց, թե ում է ցանկանում պատկանել։ Նա ասաց Նոեմիին. «Ինձ մի ստիպիր որ քեզ թողեմ, եւ քեզանից ետ դառնամ. որովհետեւ ուր որ գնաս գնալու եմ, եւ ուր որ մնաս՝ մնալու եմ. քո ժողովուրդն իմ ժողովուրդն է, եւ քո Աստուածն իմ Աստուածն է» (Հռութ 1։15, 16)։ Այո՛, Հռութը որոշեց ծառայել Եհովային։ Նա շատ օգուտներ քաղեց Աստծու Օրենքից, որը պահանջում էր հոգ տանել այրիների, աղքատների ու պանդուխտների մասին։ Եհովայի թևերի տակ նա ապահովություն և երջանկություն գտավ։

5. Ի՞նչ են զգում այն մարդիկ, ովքեր երկար տարիներ ծառայել են Եհովային։

5 Ճանաչո՞ւմ ես նրանց, ովքեր երկար տարիներ հավատարմորեն ծառայում են Եհովային։ Հարցրու, թե ինչ օգուտներ են ստացել նրանք։ Դու կտեսնես, որ թեև բոլորն էլ դժվարություններ են ունեցել, սակայն միշտ երջանիկ են եղել։ Ինչո՞ւ։ Որովհետև «երջանիկ է ա՛յն ժողովուրդը, որի Աստվածը Եհովան է» (Սաղ. 144։15

Եհովայի պահանջները մեր ուժերից վեր չեն

6. Ինչո՞ւ չպետք է մտածենք, թե մեզ չի հաջողվի կատարել Եհովայի կամքը։

6 Թերևս վախենում ես նվիրվել Աստծուն, քանի որ կարծում ես, թե քեզ չի հաջողվի կատարել նրա կամքը։ Հնարավոր է՝ մտածում ես, թե դժվար է լինել Եհովայի վկա, ապրել Աստծու օրենքներով ու խոսել նրա անունից։ Սակայն մի շտապիր նման եզրակացություններ անել։ Հիշիր Մովսեսին։ Եհովան պատվիրեց նրան հայտնել իր կամքը իսրայելացիներին և փարավոնին։ Սակայն Մովսեսն ասաց, որ չի կարող կատարել այդ առաջադրանքը։ Բայց մի՞թե Եհովայի առաջադրանքը վեր էր նրա ուժերից։ Իհարկե ոչ։ Աստված նրան նույնիսկ «սովորեցրեց, թե ինչ է պետք անել» (կարդա՛ Ելից 3։11; 4։1, 10, 13–15)։ Ընդունելով Եհովայի օգնությունը՝ Մովսեսը կատարեց նրա կամքը և մեծ ուրախություն ապրեց։ Նմանապես այսօր։ Եհովայի պահանջները մեր ուժերից վեր չեն։ Նա հասկանում է, որ անկատար ենք, և ցանկանում է օգնել մեզ (Սաղ. 103։14)։ Աստծուն ծառայելը ոչ թե ծանրաբեռնում է մեզ, այլ թարմություն է պատճառում, քանի որ այդպես ուրախացնում ենք նրա սիրտը և օգնում ենք ուրիշներին։ Հիսուսն ասաց. «Ինձ մոտ եկեք.... և ես կթարմացնեմ ձեզ։ Իմ լուծը ձեզ վրա վերցրեք և ինձանից սովորեք, քանզի ես հեզ եմ և սրտով խոնարհ, և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար» (Մատթ. 11։28, 29

7. Ինչո՞ւ կարող ես վստահ լինել, որ Եհովան կօգնի քեզ կատարելու իր կամքը։

7 Քանի դեռ ապավինում ես Եհովային, նա կշարունակի քաջալերել քեզ։ Հիշիր Երեմիային, որը չէր կարողանում խոսել համարձակությամբ։ Երբ Եհովան նրան մարգարե նշանակեց, նա ասաց. «Ով Տէր Եհովայ, ահա ես խօսել չ’գիտեմ, որովհետեւ ես մանուկ եմ» (Երեմ. 1։6; 20։9)։ Սակայն Աստված միշտ քաջալերում էր նրան, ինչի շնորհիվ նա կարողացավ 40 տարի շարունակ հռչակել մի պատգամ, որը մարդիկ լսել անգամ չէին ուզում։ Եհովան վստահեցնում էր Երեմիային. «Ես քեզ հետ եմ որ քեզ փրկեմ եւ քեզ ազատեմ» (Երեմ. 1։8, 19; 15։20

8. Ինչի՞ց կերևա, որ ապավինում ենք Եհովային։

8 Ինչպես որ Եհովան օգնեց Մովսեսին ու Երեմիային, այնպես էլ կարող է օգնել մեզ։ Հարկավոր է ընդամենը ապավինել Աստծուն։ Աստվածաշունչն ասում է. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակ. 3։5, 6)։ Մենք ցույց կտանք մեր վստահությունը Եհովայի հանդեպ, եթե ընդունենք այն օգնությունը, որը նա տալիս է իր Խոսքի և ժողովի միջոցով։ Եթե թույլ տանք, որ Աստված օրեցօր ուղղի մեր քայլերը, ապա ոչինչ չի խանգարի մեզ հավատարիմ մնալու նրան։

Եհովան հոգ է տանում իր յուրաքանչյուր ծառայի մասին

9, 10. Ինչպիսի՞ պաշտպանության մասին է խոսվում 91–րդ Սաղմոսում։

9 Ոմանք վարանում են նվիրվել Աստծուն, քանի որ վախենում են, որ մեղք կգործեն ու կկորցնեն նրա բարեհաճությունը։ Սակայն Եհովան տարբեր կերպերով պաշտպանում է մեզ, որպեսզի չկորցնենք նրա հետ ունեցած մեր թանկագին փոխհարաբերությունները։ Այդ պաշտպանության մասին կարող ենք կարդալ 91–րդ Սաղմոսում։

10 Այն սկսվում է հետևյալ խոսքերով. «Բարձրեալի ծածկոցի տակ բնակողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Ես կ’ասեմ Տիրոջը. իմ ապաւէն եւ իմ ամրոց, իմ Աստուած, որին ես յուսացած եմ։ Որովհետեւ նա կ’փրկէ քեզ որսողի [«թռչնորսի», ՆԱ] որոգայթիցը» (Սաղ. 91։1–3)։ Ուշադրություն դարձրու, որ Աստված խոստանում է պաշտպանել նրանց, ովքեր ապավինում են իրեն (կարդա՛ Սաղմոս 91։9, 14)։ Ինչպիսի՞ պաշտպանության մասին է խոսքը։ Եհովան իր վաղեմի ծառաներից ոմանց պաշտպանել է՝ փրկելով նրանց կյանքը։ Երբեմն Աստված դա արել է, որպեսզի պահի դեպի Մեսիան տանող շառավիղը։ Բազմաթիվ այլ դեպքերում, սակայն, Եհովան թույլ է տվել, որ Սատանան դաժան հալածանքների ենթարկի աստվածավախ մարդկանց։ Հավատի համար նրանց բանտ են նետել, տանջանքների են ենթարկել և նույնիսկ սպանել են (Եբր. 11։34–39)։ Բայց այդ անհատները կարողացել են պահել իրենց անարատությունը, քանի որ Եհովան պաշտպանել է նրանց հոգևորապես։ Հենց այդպիսի պաշտպանություն է խոստանում Եհովան։

11. Ի՞նչ է «Բարձրյալի ծածկոցը», և ո՞ւմ է Աստված պաշտպանում այնտեղ։

11 «Բարձրյալի ծածկոցը» այլաբանական արտահայտություն է, որը վերաբերում է հոգևոր պաշտպանությանը։ Աստծու այդ «ծածկոցի» տակ բնակվողները պաշտպանված են այն ամենից, ինչը կարող է թուլացնել նրանց հավատն ու սերը Եհովայի հանդեպ (Սաղ. 15։1, 2; 121։5)։ Ուշագրավ է, որ բնագիր տեքստում «ծածկոց» բառի փոխարեն գործածվում է «գաղտնի վայր» արտահայտությունը։ Իսկ ինչո՞ւ է այդ վայրը գաղտնի։ Որովհետև անհավատները չեն տեսնում այն։ Այդտեղ Եհովան պաշտպանում է բոլոր նրանց, ովքեր կարծես ասում են. «Իմ Աստված, որին ես հուսացած եմ»։ Եթե մնանք այդ «ապաստարանում», ապա պատճառ չենք ունենա անհանգստանալու, որ կկորցնենք Աստծու հավանությունը՝ ընկնելով Սատանայի՝ «թռչնորսի» ծուղակը։

12. Ի՞նչը կարող է վտանգել Աստծու հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։

12 Ի՞նչը կարող է վտանգել մեր թանկագին փոխհարաբերությունները Աստծու հետ։ Սաղմոսերգուն նշում է մի քանի վտանգներ, որոնցից են «ժանտախտը, որ խաւարումը շուռ է գալիս» և «հարուածը, որը սատկեցնում է կէս օրումը» (Սաղ. 91։5, 6)։ «Թռչնորսը» շատերին ծուղակն է գցում՝ դրդելով անկախության ոգի զարգացնել (2 Կորնթ. 11։3)։ Մյուսներին «որսում» է ագահության, հպարտության կամ նյութապաշտության միջոցով։ Ոմանց մոլորեցնում է ազգայնականության, էվոլյուցիայի տեսության, կեղծ կրոնի և փիլիսոփայական տարբեր գաղափարների միջոցով (Կող. 2։8)։ Բազմաթիվ մարդկանց էլ գցում է սեռական անբարոյության ծուղակը։ Այս ամենը նման է «ժանտախտի», որը միլիոնավոր մարդկանց սրտից խլել է Աստծու հանդեպ սերը (կարդա՛ Սաղմոս 91։7–10; Մատթ. 24։12

Չկորցնենք մեր սերը Աստծու հանդեպ

13. Ինչպե՞ս է Եհովան պաշտպանում մեզ հոգևոր վնասներից։

13 Ինչպե՞ս է Եհովան իր ժողովրդին պաշտպանում հոգևոր վտանգներից։ Սաղմոս 91։11–ում կարդում ենք. «Իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներումը» (Սաղ. 91։11)։ Հրեշտակները առաջնորդում և պաշտպանում են մեզ, որպեսզի քարոզենք բարի լուրը (Հայտն. 14։6)։ Եհովան մեզ օգնում է նաև երեցների միջոցով։ Այդ եղբայրները, ամուր բռնելով ճշմարտության խոսքը, օգնում են մեզ չշեղվելու կեղծ ուսմունքների պատճառով։ Նրանք անհատական օգնություն են ցույց տալիս այն մարդկանց, ովքեր պայքարում են աշխարհային մտածելակերպի դեմ (Տիտոս 1։9; 1 Պետ. 5։2)։ Այս ամենից բացի, մենք հոգևոր սնունդ ենք ստանում «հավատարիմ և իմաստուն ծառայից»։ Դրա շնորհիվ չենք տարվում էվոլյուցիայի տեսությամբ, կարողանում ենք պայքարել անմաքուր ցանկությունների, նյութապաշտական և փառասիրական ձգտումների ու մի շարք այլ վնասակար բաների դեմ (Մատթ. 24։45)։ Իսկ ի՞նչն է քեզ օգնել դիմակայելու այս վտանգներին։

14. Ինչպե՞ս կարող ենք ստանալ Եհովայի պաշտպանությունը։

14 Ի՞նչ պետք է անենք «Բարձրյալի ծածկոցի» տակ մնալու համար։ Օրինակ՝ ֆիզիկապես չվնասվելու համար պետք է միշտ զգույշ լինենք, որպեսզի խուսափենք վթարներից, չվարակվենք որևէ հիվանդությամբ կամ չընկնենք ոճրագործների ձեռքը։ Նույնը պետք է անենք նաև հոգևոր վնասվածքներ չստանալու համար։ Իսկ ի՞նչը կօգնի մեզ։ Հարկավոր է միշտ հետևել Եհովայի առաջնորդությանը, որը ստանում ենք աստվածաշնչյան հրատարակությունների, ինչպես նաև ժողովների ու համաժողովների միջոցով։ Բացի այդ, մեզ օգնում են երեցները։ Անգնահատելի է նաև հավատակիցների օգնությունը։ Շփվելով մեր քույրերի և եղբայրների հետ, տեսնելով նրանց հիանալի հատկությունները՝ մեծ օգուտներ ենք քաղում և իմաստություն ենք ձեռք բերում (Առակ. 13։20; կարդա՛ 1 Պետրոս 4։10

15. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան ի զորու է պաշտպանելու մեզ։

15 Մենք համոզված ենք, որ Եհովան ի զորու է պաշտպանելու մեզ այն ամենից, ինչի հետևանքով կարող ենք կորցնել նրա հավանությունը (Հռոմ. 8։38, 39)։ Նա արդեն իսկ պաշտպանել է իր ժողովրդին կրոնական և քաղաքական իշխանություն ունեցող հզոր թշնամիներից, որոնց նպատակն էր ոչ թե բնաջինջ անել մեզ, այլ հեռացնել մեր սուրբ Աստծուց։ Եհովան կատարել է Եսայիա 54։17–ում տված իր խոստումը. «Բոլոր քեզ դէմ շինած գործիքը պիտի չ’յաջողուի»։

Իրական ազատություն. ո՞ւմ կողմից

16. Ինչո՞ւ աշխարհը չի կարող իրական ազատություն տալ։

16 Աստծուն նվիրված լինելը մեզ չի զրկում ազատությունից։ Իրականում, աշխարհն է, որ խլում է մեր ազատությունը։ Եհովայից օտարացած այս աշխարհի աստվածը դաժան անձնավորություն է, որը ստրկության մեջ է պահում մարդկանց (Հովհ. 14։30)։ Սատանայի ստեղծած այս հասարակարգը մարդկանց զրկում է ազատությունից՝ ճնշելով տնտեսապես (համեմատի՛ր Հայտնություն 13։16, 17)։ Մարդիկ ստրկության մեջ են ընկնում նաև «մեղքի խաբելու զորության» պատճառով (Հովհ. 8։34; Եբր. 3։13)։ Ուստի եթե անհավատները ազատություն են խոստանում՝ խրախուսելով խախտել Եհովայի չափանիշները, պետք չէ նրանց լսել։ Քանի որ նրանց ականջ դնողները շատ արագ հայտնվում են մեղքի ու ապականության կապանքներում (Հռոմ. 1։24–32

17. Ինչի՞ց է Եհովան ազատում։

17 Եհովան կազատի մեզ ցանկացած վնասից, եթե վստահենք նրան։ Օրինակ՝ լուրջ հիվանդությունից ազատվելու համար անհատն իր կյանքը վստահում է փորձառու վիրաբույժին։ Բոլորս ունենք այդպիսի մի «հիվանդություն»՝ ժառանգած մեղքը։ Մենք կարող ենք ձերբազատվել դրանից և ապրել հավիտյան, եթե վստահենք Եհովային ու հավատ ընծայենք Հիսուս Քրիստոսի զոհաբերությանը (Հովհ. 3։36)։ Մեր վստահությունը կաճի վիրաբույժի հանդեպ, եթե համոզվենք, որ նա լավ մասնագետ է։ Նմանապես եթե միշտ գիտելիքներ ձեռք բերենք Եհովայի մասին, մեր վստահությունը կավելանա նրա հանդեպ։ Ուստի հարկավոր է կանոնավորաբար ուսումնասիրել Աստծու Խոսքը։ Արդյունքում կաճի Եհովայի նկատմամբ մեր սերը, և մենք չենք վախենա նրան նվիրվելուց (1 Հովհ. 4։18

18. Ի՞նչ ենք ձեռք բերում՝ նվիրվելով Եհովային։

18 Եհովան բոլոր մարդկանց ընտրության հնարավորություն է տվել։ Նրա Խոսքում կարդում ենք. «Կեանքը ընտրիր որ ապրես՝ դու եւ քո սերունդը. որ քո Եհովայ Աստուծուն սիրես» (Բ Օրին. 30։19, 20)։ Նա ցանկանում է, որ ցույց տանք մեր սերը՝ որոշելով ծառայել իրեն։ Եհովային նվիրվելով՝ մենք չենք կորցնում մեր ազատությունը։ Ավելին, երջանկություն ենք ձեռք բերում։

19. Ինչի՞ շնորհիվ կարող ենք պատկանել Աստծուն։

19 Քանի որ մեղավոր ենք, արժանի չենք պատկանելու Եհովային։ Դա հնարավոր է միայն Աստծու «անարժան բարության» շնորհիվ (2 Տիմոթ. 1։9)։ Պողոսը գրեց. «Եթե մենք ապրում ենք, Եհովայի համար ենք ապրում, և եթե մահանում ենք, Եհովայի համար ենք մահանում։ Հետևաբար թե՛ ապրենք, թե՛ մահանանք, Եհովային ենք պատկանում» (Հռոմ. 14։8)։ Կարող ենք վստահ լինել, որ եթե որոշենք նվիրվել Աստծուն, երբեք չենք ափսոսա։

Ինչպե՞ս կպատասխանես

• Աստծուն նվիրված լինելն ի՞նչ օգուտներ է բերում։

• Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ ի զորու ենք կատարելու Եհովայի կամքը։

• Ինչպե՞ս է Եհովան պաշտպանում իր ծառաներին։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[Նկարներ 8–րդ էջի վրա]

Ի՞նչ օգուտներ են ստացել նրանք, ովքեր երկար տարիներ նվիրված են եղել Եհովային

[Նկար 10–րդ էջի վրա]

Ի՞նչ միջոցներով է Եհովան պաշտպանում