Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Օգնեք ձեր երեխաներին հաղթահարելու դժվարությունները

Օգնեք ձեր երեխաներին հաղթահարելու դժվարությունները

Օգնեք ձեր երեխաներին հաղթահարելու դժվարությունները

ՄԵՐ երեխաները ճնշումների են ենթարկվում Սատանայի աշխարհի կողմից։ Բացի այդ, նրանք պայքարում են «երիտասարդական ցանկությունների» դեմ (2 Տիմոթ. 2։22; 1 Հովհ. 5։19)։ Ավելին, քանի որ նրանք ձգտում են «հիշել իրենց Ստեղծողին», ծաղրուծանակի են ենթարկվում այն մարդկանց կողմից, ովքեր դեմ են նրանց հավատալիքներին (Ժող. 12։1)։ Վինսենտ * անունով մի եղբայր, հիշելով իր պատանեկան տարիներն, ասում է. «Ինձ անընդհատ նեղում էին, սպառնում, ուզում էին կռվել ինձ հետ, քանի որ Եհովայի վկա էի։ Հաճախ ինձ այնքան էին ճնշում, որ նույնիսկ չէի ուզում դպրոց գնալ»։

Մեր երեխաների մեջ նաև ուժեղ ցանկություն կա նմանվելու իրենց հասակակիցներին։ Քեթլին անունով մի երիտասարդ քույր ասում է. «Հեշտ չէ, երբ քեզ տարօրինակի տեղ են դնում»։ Իսկ Ալեն անունով մի պատանի եղբայր խոստովանում է. «Երբ համադասարանցիներս հրավիրում էին ինձ հանգստի, ես շատ էի ուզում գնալ»։ Որոշ երիտասարդներ մեծ ցանկություն ունեն մասնակցելու սպորտային միջոցառումների, ինչը կարող է նրանց հեշտությամբ գցել չար ընկերակցության ծուղակը։ «Ես սիրում եմ սպորտը»,— ասում է Տանյա անունով 19–ամյա մի քույր։ «Մարզիչները միշտ խրախուսում էին ինձ խաղալ թիմում։ Ինձ համար շատ դժվար էր հրաժարվելը»։

Ծնողնե՛ր, ինչպե՞ս կարող եք օգնել ձեր երեխաներին հաղթահարելու իրենց դժվարությունները։ Նախ հարկավոր է խրատել նրանց (Առակ. 22։6; Եփես. 6։4)։ Բացի այդ, աստվածավախ ծնողները պետք է իրենց զավակների սրտում Եհովային հնազանդվելու փափագ առաջացնեն (Առակ. 6։20–23)։ Դրա շնորհիվ երեխաները կկարողանան դիմակայել աշխարհի ոգուն, նույնիսկ երբ ծնողներն իրենց կողքին չեն։

Ծնողները բազում պարտականություններ ունեն։ Նրանք ապրուստի միջոցներ են վաստակում, հոգ են տանում տնեցիների մասին, մասնակցում են ժողովի գործունեությանը և այլն։ Դա այդքան էլ հեշտ չէ, հատկապես միայնակ ծնողների կամ կրոնապես բաժանված ընտանիքում ապրող քրիստոնյաների համար։ Այնուհանդերձ, Եհովան պատվիրում է ծնողներին ժամանակ հատկացնել երեխաներին, կրթել և օգնություն ցույց տալ նրանց։ Քանի որ երեխաներն ամեն օր բախվում են հասակակիցների ճնշմանը, տարբեր գայթակղությունների ու վատ վերաբերմունքի, հարկավոր է օգնել նրանց։ Ինչպե՞ս։

Ամուր փոխհարաբերություններ Եհովայի հետ

Եհովան պետք է իրական լինի երեխաների համար։ Ուստի օգնիր նրանց «տեսնելու» անտեսանելի Աստծուն (Եբր. 11։27)։ Վինսենտը, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում, պատմում է, թե ինչպես են ծնողները օգնել նրան ամուր փոխհարաբերություններ զարգացնելու Եհովայի հետ։ Նա ասում է. «Հայրս ու մայրս բացատրեցին, որ աղոթելն անչափ կարևոր է։ Հիշում եմ՝ երբ դեռ շատ փոքր էի, քնելուց առաջ միշտ աղոթում էի Եհովային։ Նա ինձ համար իրական անձնավորություն էր»։ Իսկ դու աղոթո՞ւմ ես երեխաներիդ հետ միասին։ Երբեմն գուցե առաջարկես, որ նրա՛նք աղոթեն։ Այդպես կկարողանաս լսել, թե ինչի մասին են նրանք խնդրում Աստծուն։ Դու նաև կտեսնես՝ արդյոք նրանք անգիր արած բառե՞ր են կրկնում, թե՞ անկեղծորեն արտահայտում են իրենց զգացմունքները։ Նրանց աղոթքներից կերևա նաև այն, թե որքանով են նրանք առաջադիմել հոգևորապես։

Եհովայի հետ մտերմանալու հաջորդ կարևոր պայմանը Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունն է։ Քեթլինն ասում է. «Աստվածաշունչը սկզբից մինչև վերջ կարդալով՝ շատ օգուտներ քաղեցի։ Եհովան ինձ համար իրական դարձավ։ Ուստի երբ մարդիկ ինձ հակառակվում էին, վստահ էի, որ Աստված կողքիս է»։ Ունե՞ն արդյոք ձեր երեխաները Աստվածաշնչի ընթերցանության իրենց ծրագիրը (Սաղ. 1։1–3; 77։12

Գաղտնիք չէ, որ ամեն մի երեխա յուրովի է արձագանքում ծնողական առաջնորդությանը։ Բացի դրանից, երեխաների հոգևոր աճը կարող է կախված լինել տարիքից։ Այդուհանդերձ, առանց ծնողների օգնության՝ երեխաների համար դժվար կլինի մտերմանալ Եհովայի հետ։ Ուստի հարկավոր է երեխաների սրտում արմատավորել Աստծու խոսքերը, որպեսզի նրանք առաջնորդվեն դրանցով, ուր էլ որ լինեն (Բ Օրին. 6։6–9)։ Ձեր երեխան պետք է հավատա, որ Եհովան իրական անձնավորություն է և հոգ է տանում նրա մասին։

Իմաստալից հաղորդակցություն

Երեխաներին օգնելու հարցում մեծ դեր է խաղում նաև հաղորդակցությունը։ Լավ հաղորդակցվելու համար ծնողները պետք է հարցեր ուղղեն երեխաներին և համբերատարորեն լսեն, նույնիսկ եթե համամիտ չեն նրանց հետ։ Աննան, որը երկու որդիների մայր է, ասում է. «Ես հարցեր եմ տալիս այնքան ժամանակ, մինչև որ հասկանամ, թե ինչ են նրանք մտածում կամ ինչով են զբաղվում»։ Իսկ դուք պատրա՞ստ եք միշտ լսելու ձեր զավակներին։ Տանյան ասում է. «Հայրս և մայրս միշտ լսում էին ինձ և հիշում էին մեր զրույցների թեման։ Նրանք գիտեին իմ համադասարանցիների անունները, հարցնում էին նրանց մասին, անդրադառնում մեր զրույցներին»։ Այո՛, լավ հաղորդակցության հիմքում ընկած է լսելու և հիշելու կարողությունը։

Շատ ընտանիքներ հաղորդակցվելու հիանալի առիթներ են ունենում ճաշելու ժամանակ։ Վինսենտն ասում է. «Մեր ընտանիքում միասին հաց ուտելը կարևոր էր։ Հնարավորության սահմաններում ձգտում էինք միասին սեղան նստել։ Մեր տանը ընդունված չէր ճաշի ժամանակ կարդալը, հեռուստացույց դիտելը կամ ռադիո լսելը։ Թեև հիմնականում չէինք զրուցում ինչ–որ լուրջ բաների մասին, բայց այդ շփումն օգնում էր ինձ հաղթահարելու այն ճնշումն ու անհանգստությունը, որոնց բախվում էի դպրոցում։ Քանի որ իմ ու ծնողներիս միջև հաղորդակցության դուռը միշտ բաց էր, ես կարողանում էի ազատորեն խոսել նաև լուրջ հարցերի շուրջ»։

Հաճա՞խ եք ճաշում ընտանիքով։ Թերևս անհրաժեշտ լինի որոշակի փոփոխություններ անել, որպեսզի կարողանաք ավելի շատ ժամանակ տրամադրել ձեր երեխաներին ու հաղորդակցվել նրանց հետ։

Բեմականացումների կարևորությունը

Ընտանեկան երկրպագության երեկոները երեխաների հետ հաղորդակցվելու և նրանց օգնելու հիանալի առիթներ են։ Ալենն ասում է. «Ծնողներս ընտանեկան ուսումնասիրության ժամանակ մղում էին մեզ արտահայտվելու։ Նրանք այնպիսի հարցեր էին քննարկում, որոնք անհանգստացնում էին մեզ»։ Ալենի մայրն ասում է. «Ուսումնասիրությունների ժամանակ նաև բեմականացումներ էինք անում։ Դրանց շնորհիվ մեր զավակները սովորում էին համոզիչ փաստարկներ բերել, պաշտպանել իրենց հավատը և համարձակորեն դիմագրավել դժվարություններին»։

Հասակակիցների ճնշմանը բախվելիս երեխաները չպետք է սահմանափակվեն «ոչ» ասելով ու հեռանալով։ Նրանք պետք է կարողանան բացատրել, թե ինչու չեն անում այս կամ այն բանը։ Երեխաները պետք է իմանան՝ ինչպես վարվել, երբ նրանց ծաղրում են հավատի համար։ Եթե նրանք չկարողանան պաշտպանել իրենց համոզմունքները, ապա նրանց համար գուցե դժվար լինի մնալ ճշմարտության մեջ։ Այս հարցում շատ օգտակար կարող են լինել բեմականացումները։

 18–րդ էջի շրջանակում տրվում են մի քանի իրադրություններ, որոնք կարելի է բեմականացնել ընտանեկան երկրպագության ժամանակ։ Ձգտեք, որ այդ բեմականացումները համապատասխանեն իրականությանը։ Քննարկեք նաև Աստծու վաղեմի ծառաների օրինակները և ցույց տվեք դրանց գործնական արժեքը։ Այս ամենը կնախապատրաստի ձեր երեխաներին դիմագրավելու տարբեր դժվարություններ՝ լինի դպրոցում, թե այլուր։

Ընտանիքդ ապահով հանգրվա՞ն է

Ձեր տունը նմա՞ն է ապահով հանգրվանի, որտեղ երեխաները ուրախությամբ են վերադառնում դասերից հետո։ Եթե այո, ապա նման միջավայրն անշուշտ կօգնի նրանց հաղթահարելու իրենց առօրյա խնդիրները։ Մի քույր, որն այժմ ծառայում է Բեթելում, ասում է. «Ինձ համար ամենակարևոր բաներից մեկը մեր ընտանիքի հանգիստ ու խաղաղ մթնոլորտն էր։ Ինչ խնդիրներ էլ ծագեին դպրոցում, վստահ էի, որ տուն հասնելուն պես անհանգստություններս կանհետանան»։ Իսկ ինչպիսի՞ն է ձեր ընտանիքը։ Տիրո՞ւմ է արդյոք այնտեղ «սեր, ուրախություն և խաղաղություն», թե՞ նման է այն ընտանիքներին, որտեղ «զայրույթի պոռթկումները, վեճերն ու բաժանումները» սովորական երևույթ են դարձել (Գաղ. 5։19–23)։ Եթե հաճախ է խաթարվում ձեր ընտանիքի խաղաղությունը, ապա քայլեր ձեռնարկեք այն վերականգնելու համար, որպեսզի երեխաները իրենց ապահով ու պաշտպանված զգան։

Երեխաների համար շատ կարևոր է նաև կերտիչ շփում ունենալը։ Ուստի կարող եք ժողովի մի քանի հասուն քրիստոնյաների հրավիրել ձեր ընտանիքի հետ հանգիստն անցկացնելու։ Գուցե ճաշի կանչեք շրջագայող վերակացուին կամ այլ լիաժամ ծառայողների։ Ճանաչո՞ւմ եք միսիոներների կամ բեթելցիների, ում հետ ձեր երեխան կարող է ընկերություն անել՝ նրանց հետ կապ պահելով նամակների, էլեկտրոնային փոստի կամ հեռախոսի միջոցով։ Այդպիսի շփումը կօգնի նրան հոգևոր նպատակներ դնելու։ Հիշիր, թե ինչ դրական ազդեցություն թողեց Պողոս առաքյալը երիտասարդ Տիմոթեոսի վրա (2 Տիմոթ. 1։13; 3։10)։ Նրանց սերտ շփումն օգնեց Տիմոթեոսին ձգտելու հոգևոր նպատակների (1 Կորնթ. 4։17

Գովեք ձեր երեխաներին

Եհովան շատ է ուրախանում, երբ տեսնում է, թե ինչպես են երիտասարդները պահում իր սկզբունքները՝ չնայած Սատանայի աշխարհից եկող ճնշումներին (Սաղ. 147։11; Առակ. 27։11)։ Անկասկած, դուք նույնպես ուրախանում եք՝ տեսնելով, թե ինչպես են նրանք իմաստուն ընթացք ընտրում (Առակ. 10։1)։ Ուստի գովեստի խոսքեր մի խնայեք։ Հետևեք Եհովայի օրինակին։ Հիսուսի մկրտության ժամանակ նա ասաց. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանել եմ» (Մարկ. 1։11)։ Հոր խոսքերը զորացրին Հիսուսին և պատրաստեցին նրան ապագա փորձություններին։ Ձեր երեխաները նույնպես թող իմանան, որ սիրում եք իրենց և գիտեք, թե ինչ դժվարություններ են դիմագրավում։

Ինչ խոսք, դուք չեք կարող ամբողջությամբ պաշտպանել երեխաներին վատ վերաբերմունքից, ճնշումներից և ծաղրանքից։ Այդուհանդերձ, կարող եք մեծ օգնություն ցույց տալ նրանց։ Ինչպե՞ս։ Օգնելով երեխաներին մտերիմ փոխհարաբերություններ զարգացնելու Եհովայի հետ։ Ստեղծեք այնպիսի մթնոլորտ, որը կնպաստի հաճելի հաղորդակցությանը։ Գործնական դարձրեք ընտանեկան երկրպագությունը։ Թող ձեր տունը ապահով հանգրվան լինի։ Այդպես վարվելով՝ կօգնեք ձեր երեխաներին հաղթահարելու բազմաթիվ դժվարություններ։

[Ծանոթագրություն]

^ պարբ. 2 Որոշ անուններ փոխված են։

[Շրջանակ/​Նկար 18–րդ էջի վրա]

 ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄՆԵՐ

[Նկար 18–րդ էջի վրա]

Այստեղ ներկայացված են մի քանի իրավիճակներ, որոնց բախվում են երեխաները։ Ընտանեկան երկրպագության ժամանակ կարող եք բեմականացնել դրանցից մի քանիսը։

▸ Մարզիչը առաջարկում է ձեր աղջկան խաղալ թիմում։

▸ Դասընկերները ձեր որդուն ծխախոտ են առաջարկում։

▸ Տղաները սպառնում են ձեր որդուն, որպեսզի նա այլևս չքարոզի։

▸ Տնետուն ծառայության ժամանակ ձեր դուստրը հանդիպում է համադասարանցուն։

▸ Ամբողջ դասարանի առաջ ձեր աղջկան հարցնում են, թե ինչու պատիվ չի տալիս դրոշին։

▸ Ձեր որդին անընդհատ ծաղրանքի է ենթարկվում հավատի համար։

[Նկար 17–րդ էջի վրա]

Ձեր երեխան ունի՞ Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր

[Նկար 19–րդ էջի վրա]

Հանգստի գնալիս հրավիրո՞ւմ եք հասուն քրիստոնյաների